ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Հ.Ծ. Թեքեյան Մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղը եզակի եւ գնահատելի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին եւ 28-ին իր սրահում բացել է ճանաչված նկարիչ Սիմոն Սամսոնյանի տարբեր ժանրեր ներառող կտավների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացվել են մի քանի տասնամյակների նրա ստեղծագործությունները, որոնք ընդգրկում են, ինչպես արվեստագետներն են բնութագրելՙ նրա «ջերմ գույներով աբստրակտ», «կուբիստական իմպրեսիոնիզմի» եւ «աբստրակտ էքսպրեսիոնիզմի» հարող նկարները: Սիմոն Սամսոնյանը ծնվել է 1912-ին Սամսունում, Թուրքիա: Մեծ եղեռնի օրերին կորցրել է հարազատներին, ապրել Իզմիրի որբանոցում, որտեղից փոխադրվել է նախ Կոստանդնուպոլիս, ապա Հունաստանՙ 1923-ին, իսկ այնուհետեւ Կահիրե (Եգիպտոս)ՙ 1927-ին: Սովորել է Գալուստյան ազգային վարժարանում: Գեղանկարչության հետեւել է տեղի «Լեոնարդո դա Վինչի» իտալական վարժարանում, որն ավարտել է գերազանցությամբ 1936-ին: 1935-67 թվերին մշտապես մասնակցել է «Կահիրեի սալոն» արվեստից միության ամենամյա ցուցահանդեսներին եւ արժանացել 3 ոսկե մեդալների: 1950-ին շրջագայել է Եվրոպայում եւ վերադարձել արվեստաբանական նորացած գիտելիքներով: 1968-ին տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ մինչեւ իր կյանքի վերջը (2003 թ.) ապրել եւ ստեղծագործել Նյու Յորքում: Նրա կտավները («Աբստրակտ գործՙ 2 երեխաներով», «Մայրական գուրգուրանք», «Եգիպտուհին», «Թախիծ», «Ծովափին» եւ այլն) ցուցադրված են Երեւանի ազգային պատկերասրահում, Կահիրեի արդի արվեստի թանգարանում, Ֆրանսիայի Հայկական թանգարանում, Հանտինգթոնի (Նյու Յորք) արվեստի թանգարանում, Վիեննայի Մխիթարյան հայրերի հավաքածոյում եւ աշխարհի այլ երկրների ցուցասրահներում: |