ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ Մայքլ ԳԱԼՈՎԻՉ, Նկարիչ, Ավստրալիա Գեղեցկության, տխրության, գերազանցության, պաղպաղակի եւ այլնի մասին... Ա. մաս «Ջոն Գրեհեմ Տուրսի» հետ իմՙ Հայաստան եւ Վրաստան կատարած այցելությունը 13 օրից մեկ օրով երկարացվել էր: Նպատակը մեկ այլ գեղեցիկ հանդիպման, տեղեկատվություն հավաքելու կամ ուղղակի հանգստանալու եւ երկու շաբաթվա ընթացքում տեսածի վիթխարիությունը մարսելու հնարավորություն ստեղծելն էր: Կարծում էի, թե գիտեմՙ ինչ եմ տեսնելու Հայաստանում ու Վրաստանում. շատ եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, հնավայրեր, հետաքրքրական բնապատկերներ, Արարատը, հին որմնանկարներ ու ձեռագրեր, աշխարհի լավագույն խաչքարերը: Այդ ամենն, իհարկե, կար, գումարածՙ առօրյա անակնկալներն ու անսպասելի գեղեցիկ պահերը, հրապուրիչ վրացական ու հայկական երգերը, միշտ հաճելի, երբեմն էլՙ դիտարժան միջավայրում սոված ճամփորդներին սպասող տոնախմբությունները: Էքսկուրսիան վարպետորեն անցկացնում էր հենց Ջոն Գրեհեմը, որը անկեղծության, հաճելիության եւ անսպառ համբերության հետ զուգորդում էր իրՙ տեղացու (հատկապեսՙ Վրաստանի մասին) գիտելիքները: Նա նաեւ այն հազվագյուտ զբոսավարներից էր, որը իրոք հասկացել էր պաղպաղակի կարեւորությունը, վերականգնող ուժը, որ այն վերացնում է հոգնածությունն ու մռայլությունըՙ դրանք փոխարինելով հաճելիի ու գոյության թեթեւության զգացողության հետ: Սերոտոնինի մակարդակը միշտ բարձր էր: Ամենաբարդ որոշումն էրՙ ճաշից հետո սո՞ւրճ, թե՞ պաղպաղակ: Շրջագայությունը գրեթե մշտապես ուղեկցվում էր հիշարժան պահերով: Պատկերներն ու անունները հետագայում, որպես կանոն, աղոտ էին դառնում, բայց զգացմունքային ազդեցությունն ու հիշողությունները պահպանվում էին, եւ շրջագայության ավարտից հետո բոլորս զգում էինք վերջիններիս շունչը: Որոշ պահեր պարզապես անհնար էր լինում մոռանալ: Նախՙ անհավատալի գեղեցիկ հայ օպերային երգիչների զույգը մեզ համար երգեց Հաղպատի վանական համալիրում եւ այնպիսի տպավորություն էրՙ կարծես մեր գլխավերեւում երկինքը ցած էր գալիս: Գառնիում էլ ժողովրդական երգեր երգեցին: Մեզ ասացին, որ հնում այդ երգերը կատարում էին եզներով վար անելիս: Մատուցումն այնքան գերազանց էր, որ հետաքրքրական էր դառնումՙ ինչպիսի՞ն են նրանց սիրային երգերը, եթե առօրյա աշխատանքային երգերն այսքան կատարյալ են: Մեկ այլ հայՙ բացառիկ գինեգործ Ավագ Հարությունյանը, գինեգործության մասին պատմում էր որպես վերերկրյա հոգեւոր մի վարժանքի, գործնականորեն սրբազան էզոթերիկ մի ծիսակարգի: Նրա մատուցումը կախարդող էր, եւ բոլորս նրա ներկայությամբ զգում էինք, որ նպատակը ոչ թե հաճախորդին գրավելն ու իր ապրանքը վաճառելն է, այլ կրթելն ու գինու օգտագործման փիլիսոփայությունը բացատրելը: Հայաստանը հիասքանչ մարդկանց երկիր է: Անցյալի հսկայական տառապանքը եւ ներկայի շարունակվող պայքարը չեն զրկել հայերին հումորի զգացումից: Այնուամենայնիվ, երբ խոսում ենք ուրախությունից եւ հաճույքից, չենք կարող չնշել այն տխրությունը, որ զգացինք Ցեղասպանության թանգարանում: Հավանաբար, այդ երկու զգացողությունները պետք է զուգակցված լինեին, ինչպես որդու ապագան գիտակցող Աստվածամորՙ մշտապես տխրության երանգ պարունակող գեղեցիկ դեմքը ուղղափառ եկեղեցու սրբանկարներում: Եթե ինչ-որ տեղ, որեւէ մեկը կասկածի նշույլ անգամ ունի Հայոց ցեղասպանության եւ 1.500.000 կորած կյանքերի մասին, ապա պետք է այցելի այսՙ տխրությամբ լի վայրը, ուր թանգարանի ներկայացուցիչները փորձում են զգացմունքայնությունից մաքրել իրենց հարազատ ժողովրդի հանդեպ իրականացրած աներեւակայելի չարագործությունների մասին պատմությունները: Որպես հակակշիռՙ մտաբերում եմ Վիլյամ Սարոյանին. գրող, որի հումորը բոլոր ժամանակներում ոգեշնչող է: Նույնիսկ անընդհատ դժբախտությունների ֆոնին հայերը կատակելու կատարյալ ունակություն ունեն: Հայաստանն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Հայերն իրենց համարում են ամենահին ժողովուրդներից մեկը: Պատմեմ իմ սիրած հայկական կատակներից երկուսը: Երբ Նոյյան տապանն իջնում է Արարատի գագաթին եւ տեղացիները տեսնում են, թե ինչպես են կենդանիներն ու Նոյի ընտանիքը դուրս գալիս տապանից, եզրակացնում են, որ կրկեսից հյուրախաղերի են եկել: Մեկ այլ կատակ էլ այն մասին է, թե ինչպես են հայերն ու վրացիները որոշում միավորել երկու պետություններն ու մեկ ուժ դառնալ: Մտածում են անուն, որը հարմար կլինի երկուսին էլ: Այդ անունն է Ջորջո Արմանի: Ինձ համար շատ կարեւոր էր Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելությունը: Մինչ այդ Փարաջանովի արվեստի մասին իմ պատկերացումները սահմանափակվում էին միջնադարի բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի մասին պատմող «Նռան գույնը» ֆիլմով: Առնվազն 25 տարի առաջ այն երեք անգամ դիտել էի ավստրալական Էս Բի Էս հեռուստաալիքով, հեղինակի գեղագիտական եւ կինեմատոգրաֆիական վարպետության բարձր մակարդակի դրսեւորումն է: Իր տեսակի մեջ լինելով լավագույնըՙ այն մերժում էր որեւէ դասակարգում, եւ չնայած լսելի են Պազոլինիի եւ անգամ Էյզենշտեյնի ձայները, Փարաջանովի ֆիլմը համաշխարհային կինոյի եզակի նմուշ է եւ շարունակում է մնալ այդպիսին գրեթե 50 տարի անց: Ֆիլմը ստեղծողիՙ Սերգեյ Փարաջանովի մասին ոչինչ չգիտեի եւ այժմ բացը լրացնելու հիանալի հնարավորություն ունեի: Թանգարանի ուղեվարը շատ բան պատմեց այդ մարդու մասին, ով կարծես կովկասյան Հեմինգուեյն էր, ամենաբարձր անհատականության տեր անձնավորություն: Ծնված լինելով եւ մեծանալով Թբիլիսիումՙ հայ ընտանիքում եւ աշխատելով Ուկրաինայումՙ նա մահացավ եւ թաղվեց Երեւանում, որը արվեստագետը համարում էր իր ակունքը, չնայած պատկանում էր սահմաններ չճանաչող արվեստի աշխարհին: Փարաջանովի երկու ազատազրկումները, առաջինըՙ 4 տարի 11 օրով, երկրորդըՙ 8 ամսով, մեծ վնաս հասցրին հանճարի ֆիզիկական առողջությանը, բայց երբեք չկարողացան պարփակել նրա գեղարվեստական եւ մարդկային ազատությունը: Մեծն Փարաջանովը ծնվեց ազատ, վայելեց կյանքը եւ մահացավ ազատ ոգով: Թանգարանում առկա էին նրա գծագրերն ու գեղանկարչական աշխատանքները, բայց կարելի էր առանձնացնել արտասովոր կոլաժներն ու անսամբլյաժներըՙ հաճախ պատրաստված ամենաանհավանական նյութերից, օրինակՙ ձկան թեփուկներից: Որոշ կոլաժներ իսկական գոհարներ են: Կային նաեւ աջակցություն հայտնող եւ ներողություն խնդրող նամակներ աշխարհահռչակ արվեստագետներից եւ անձանցից, ինչպիսիք են Պազոլինին, Ֆելինին, Լիլյա Բրիկը եւ Արագոնը, ինչպես նաեւ տարբեր համաշխարհային ֆիլմերի փառատոներիՙ իր ֆիլմերը պատկերող պաստառներ: Դրանցից մեկում պատկերված է Փարաջանովըՙ դադայիստական գլխարկով եւ ֆրանսերեն գրված երկու նախադասություն. - Ինչու՞ ես ֆիլմեր նկարում, Փարաջա՛նով: - Որպեսզի սրբացնեմ Տարկովսկու գերեզմանը: Ինձ համար այս այցը նշանակում էր հարգանքի տուրք մատուցել այս մարդուն, նրա ստեղծագործ, անսանձ եւ ազատ ոգուն: Դա նաեւ վկայությունն էր այն բանի, որ իր գործի համար արվեստագետը կարիք չունի վեհ հռչակագրերի, բարձրակարգ եւ ժամանակակից միջոցների: Բավական է միայն ստեղծագործ, մշտապես բացահայտող եւ սեփական սահմանները ընդլայնող ոգին... Վերջըը` հաջորդ համարում Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ |