«ՀԱՅԸ ՄԻՇՏ ԻՐ ԼՈՒՅՍԸ ՍՐՈՎ Է ԲԵՐԵԼ». ԱՐԱՐԱՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Կուրթան գյուղ, Լոռու մարզ Նոյեմբերի 18-ին, երբ Երեւանի պետական համալսարանի ՈՒԳԸ «Բարբառագիտական ակումբի» հերթական գիտարշավի ընթացքում գտնվում էինք Լոռու մարզի Կուրթան գյուղումՙ տեղի բարբառն ուսումնասիրելու, ժամանակի ընթացքում եղած տեղաշարժերն արձանագրելու եւ հոդվածների տեսքով ամրագրելու հայագիտության դեռեւս թափուր էջերում, նախապես գիտեինք, որ մեզ դիմավորողն ու օգնողն արվեստագետ է լինելու... Միայն հետո պիտի իմանայինք, որ այդ արվեստ ու արվեստագետ ասվածն ուղիղ, դասական իմաստ էր կրում: Այդ մարդը Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, քանդակագործ Արարատ Նալբանդյանն էր: Միջին տարիքի տղամարդ էր, դեմքը, որի վրա տարիները դաջել էին իրենց հետքերը, պարուրված էր մի տեսակ միստիկ մեղմությամբ ու թախիծով, որն էլ ավելի էին խտացնում երբեմնի սեւ մազերի մեջ ճերմակ ալիքները: Երբ իջանք մեքենայից, հենց տան ճակատից մեզ իր օրհնությունը տվեց Հիսուս Քրիստոսի «Օրհնի՛ր, Քրիստոս» անվամբ մեծադիր փայտե հարթաքանդակը, որն Արարատն արել էր տարիներ առաջ, որպես սրբազան ողջույնՙ իր տուն այցելողներին ու անցորդներին: Այնուհետեւ, երբ մտանք ներսՙ մյուս աշխատանքները տեսնելու, ճանապարհին նայելով վաղեմության մամուռներով պատված պատերով տան բարձր պատշգամբի ծանրությունն իրենց ուսերին պահող սյուների վրա արված քանդակները, հասկացանք, որ լուրջ ու տաղանդավոր մարդու հետ գործ ունենք, եւ այն, ինչ դեռ չէինք տեսել, ակնկալում էինք տեսնել ընդարձակ ու լուսավոր սրահներում... բայց, ցավոք, անակնկալի էինք գալու: Վարպետ Արարատի աշխատանքները պաշարել էին երկու, յուրաքանչյուրը մոտ 20 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակներ, որոնց գծուծ պատուհանները մեծ դժգոհությամբ ընդամենը լույսի մի քանի շողեր էին ողորմում սենյակին: Ցավալի էր տեսնել այդ ամենը, ոչ մեկս չէինք ուզում հավատալ մեր աչքերին. մի՞թե կարելի է արվեստին այսպես վերաբերվել, այն էլ բարձրորակ արվեստին: Սկսեցինք հարցեր տալ վարպետին ու հասկանալՙ ինչո՞ւ են իր ստեղծագործությունները գտնվում այս պայմաններում, ո՞րն է պատճառը: «Ես շփվել եմ շատերի հետ, տարածքումՙ գյուղերում, հարակից քաղաքներում, մարզպետարանում ճանաչում են ինձ, հին մարզպետն ինձ շատ լավ էր ճանաչում, բայց երբեւէ փորձ չի արել օգնելու: Մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչը, ում խնդրել էինք, որ իմ տվյալները տա, մի անգամ ասաց, որ իմ մասին շատ է լսել, բայց եթե լսել էր, եթե գնահատում էր, թող գոնե մի անգամ գար, տեսներ: Երկու մետր տեղ է, բայց... ամեն բան նույնն է: Երեւանում էլ ոչ ոք չգիտի իմ մասին: Մի անգամ համայնքապետարանի հետ ցուցահանդես էինք կազմակերպել, խնդրեցինք, որ հեռուստաընկերություններից գան, ինչ խոսք, եկան, բայց հետո տեսա, որ տեսանյութն այնպես էին մոնտաժել, որ համարյա ոչինչ չէր երեւում, հասկանալի չէր: Մասնավոր առաջարկ է եղելՙ քանդակներս Երեւան տեղափոխելու, բայց, նախՙ շատ ծանր են, չեմ կարող տանել-բերել, հետո էլ, այսքանից հետո, մի տեսակ անվստահություն կա»- պատմեց Արարատը: «Ինձ բարերար է հարկավոր, որ թանգարան կառուցիՙ ես աշխատեմ,- շարունակեց վարպետը: Պարտքի տակ մնացող մարդ չեմ, կաշխատեմ ու ընթացքում բոլոր ներդրումները հետ կվերադարձնեմ: Ես չեմ սիրում պարտք մնալ: Այդպիսով տուրիզմն էլ կզարգանա, գյուղի համար էլ լավ կլինի: Օրինակՙ ձեր այցն ինձ համար նոր ցատկ է լինելու, դա նոր էներգիա, ուժ է տալու ինձ, ես զգում եմ, որ իզուր չեմ անում այս ամենը եւ, այնուամենայնիվ, գնահատողներ կան»: Երբ նրան հարցրիՙ արդյո՞ք երբեւէ որեւէ բան կարող է խանգարել նրան ու ստիպել, որ այլեւեւս չստեղծագործի, մեղմ ժպիտով պատասխանեց. «Ո՛չ, ոչ մի դեպքում, այս ամենն ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել, չնայած դժվարությունները շատ են, բայց ես միշտ աշխատելու եմ: Ես ուժ ունեմ, ինչ ուզում է լինի, ես հասնելու եմ ուզածիս: Մենակ եմ ապրում, ինչ-որ տեղ դա էլ է օգնում: Ինքս ինձ հետ եմ, իմ ներսի հետ, դա մեծ ճնշում է, որը, լավ իմաստով, արտահայտվում է արվեստի մեջ»: Արարատ Նալբանդյանն իրոք միստիկ մարդ է, իսկական արվեստի ու մշակույթի մարդ: Երբ մոտեցանք իր «Քրիստոսի հարությունը» փայտաքանդակին, հարցրեց ինձ. «Համաշխարհային արվետսի մեջ երբեւէ լսե՞լ եք Քրիստոսի հարության թեմայով արված ստեղծագործության մասին, համբարձման թեմայով շատ կան, բայց հարության թեմայով մեկն է, այն մեկը, որի առաջ հիմա կանգանծ ենք մենք: Ուշադիր նայեք ու գնահատեք, կամՙ թող արվեստաբան գա, եւ քննի գործս, ես սնապարծ մարդ չեմ, բայց վստահ եմ, որ գնահատականն անթերի կլինի: Բայց այս արվեստը գնահատելու փոխարեն, Հայաստանի մշակութային կառույցներն անուշադրության են մատնել ինձ, բայց ոչինչ, ես չեմ վախենում դրանից: Տարիներ շարունակ ես անուշադրության կողմից պաշարված եմ եղել, միշտ հաջողությամբ պաշտպանվել եմ, ուղղակի, տարիների ընթացքում, վաղ թե ուշՙ ինձ օգնություն է հարկավորՙ ուշադրության մակարդակով. ես կարող եմ համաշխարհային արվեստասերներին բերել Հայաստան»: Իրավամբ, զարմանալի է, ավելի ճիշտ արտասվելու էՙ տեսնել նման արվեստագետին նման պայմաններում: Ավելի զարմանալին ու խենթացնողն այն է, որ ժամանակին այս համեստ պայմաններում ապրող մարդն առաջարկ է ստացել տասնյակ հազար դոլարներով վաճառել իր քանդակները, ավելինՙ տեղափոխվել արտերկիր, բայց չի համաձայնել: Ինչո՞ւ: Ահա՛ նրա պատասխանը. «Եթե որեւէ մեկը վաճառեմ, ամեն ինչ կվերականգնեմ, բայց չեմ կարողանում, ձեռքս չի գնում, ախր հոգի եմ դրել, կյանք եմ դրել դրանց մեջ, ես իմ արարածն ինչպե՞ս վաճառեմ: Մի անգամ էլ առաջարկ է եղելՙ արտերկիր տեղափոխվելու, բայց չեմ համաձայնել. ես շահի հետեւից ընկած ո՛չ Երեւան կգնամ, ո՛չ արտասահման: Եթե դուրս գնամ, այնտեղ չեմ կարող աշխատել, իմ պատերն ինձ ուժ են տալիս, մեր բնությունն ինձ տաղանդ ու զորություն է տալիս, ո՞ւր գնամ: Եւ որքան էլ պնդեն, որ հարկավոր է դուրս գալ աշխարհ, ես կմնամ այստեղ, ավելինՙ աշխարհ դուրս գալու փոխարեն, աշխարհն այստեղ կբերեմ, հենց մեր գյուղ, հենց այս ցեխոտ ճանապարհներով: Գիտեմՙ դժվար կլինի, բայց ի՞նչն է հեշտ, քանդակներս էլ են դժվար եղել, բայց արել եմ եւ անելու եմ»: Պատասխանը, իրոք, ե՛ւ հուզիչ է, ե՛ւ մտահոգիչ. ինչո՞ւ է այս մարդն այս վիճակում, ցավալի է նկատելը, բայց արվեստին ու մշակույթին նվիրված լինելու, սկզբունքային լինելու պատճառով. չնայածՙ դեռ հարց է, պատճառո՞վ, թե՞ համար: Խոսելով իր ստեղծագործելու մղումների ու առաջադրված պրոբլեմների մասին, վարպետ Արարատն անկեղծացավ. «Ես վատ բաները շատ դժվար եմ տանում, ուզում եմ անընդհատ բարություն տարածել, չարն ու վատն այնքան շատ եմ տեսել իմ կյանքում, որ իմ գործերով ուզում եմ հաղթել դրանց, բարիացնել մարդկանց, կամ այնպես անել, որ գոնե մի պահ փոխվենք: Իմ մեջ այս ամենն այնքան հիմնավոր է նստած, որ ես ապրում եմ դրանով, ու սկսել եմ վատի՛ց էլ, լավի՛ց էլ էներգիա ստանալ: Հենց դրանց շնորհիվ է, որ կարողացել եմ անել այս ամենը, ես ինքնուս եմ, այդ ամենն արել եմ նաեւ հոգեւոր ուժի միջոցով, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Առա՛ջ էլ, հիմա՛ էլ, փորձում եմ ստեղծել գեղեցիկի զգացողություն, կյանքի ճանաչողություն, հոգեբանություն, փիլիսոփայություն. նաեւ քառյակներ եմ գրում. ես այս աշխարհի մարդ եմ: Ուղղակի իմ հանդեպ անտարբեր են, իսկ անտարբերությունն աշխարհի ամենավատ բանն է, որ կործանում է ամեն ինչ»: Վերջում վարպետ Արարատը մեզ պատմեց իր առաջին քանդակիՙ «Ազատության» մասին. «Այս քանդական արել եմ դպրոցական տարիներինՙ տասնչորս տարեկան հասակում. անունն ազատություն եմ դրել, տեսեք, մի ձեռքում սուր է վեր պահված, մյուսումՙ լույս, սրանում ես լուջ իմաստ եմ ընդգծում: Սուրն ու լույսը հենց այնպես չեն ընտրված, հայը միշտ իր լույսը սրով է բերել»: Ահա, այսպիսի հայրենասիրություն, փիլիսոփայություն ու աշխարհայցք: Հենց այս նոտայի վրա էլ բաժանվեցինք վարպետից...Մենքենան շաժվեց, մենք գնացինքՙ միայնակ թողնելով նրան իր տան ու այնտեղ բանտարկված քանդակների հետ: Ամբողջ ճանապարհին մտածում էիՙ ինչու՞, մի՞թե հնարավոր չէ օգնել այս մարդուն, ինչո՞ւ Հայաստանի մշակութային կյանքի պատասխանուտուները չեն անում այս ամենը, դժվա՞ր է, թե՞ անցակալի, բայց ի՞նչ դժվարի ու անցանկալիի մասին է խոսքը, երբ գրեթե զրոյական պայմաններում Արարատ Նալբանդյանի նման մարդը ցանկության դեպքում դժվարը հեշտ է դարձել: Լուսանկարները` Անահիտ Խեչոյան |