RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-13 22:18:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՂԲԱՏԱՎԱՆՔԻ Ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Արա ԶԱՐՅԱՆ, Վերականգնող ճարտ.ՙ Միրանո-Վենետիկ

Հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարների ուսումնասիրության, պահպանման, վերականգնման ու դրանց հանրայնացման նպատակին հետամուտ լինելով, վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը եւ որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն , այս տարի կազմակերպել են Հաղբատի վանական համալիրի Ս. Նշան եկեղեցում պահպանված հայ միջնադարյան գեղարվեստի նշանակալից որմնանկարների մի մասի մաքրման, ամրակայման, պահպանական վերականգնման աշխատանքներ: Անցյալ տարի այցելել ու ուսումնասիրել ենք եկեղեցու ներքին պատերին պահպանված որմնանկարների շարքը եւ նախագիծ-առաջարկ ներկայացրել ՀՀ Մշակույթի նախարարություն, որի գիտամեթոդական խորհրդի դրական արձագանքից հետո, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Գուգարաց թեմի առաջնորդարանի ու Հաղբատի վանական հաստատության համաձայնությունը ստանալով, այս տարի ամռանը, Ս. Նշան եկեղեցում շին. հրապարակ ենք կազմակերպել ու սկսել հարավային պատին պահպանված որմնանկարների մաքրման ու ամրակայման աշխատանքները:

Խորհրդային գիտական շրջաններում լավ հայտնի եւ անցյալ դարի ութանասունական թվականներին մասամբ վերականգնված որմնանկարները այսօր մեզ են հասել շատ վատ վիճակումՙ կեղտոտ, փոշոտ, անխնա ու հատվածաբար անտեսանելի, մթության ու խավարի մեջ: Մեր նպատակն է եղել դրանց մաքրումը, սվաղների ամրակայումը ու ի հայտ եկած տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա, որմնանկարների պահպանական վերականգնումը այնպես, որ դրանք հնարավորինս վերադառնան նախկին հմայնքին այն հատվածներում, որտեղ պահպանվել ու այսքան տարի համբերատար սպասել են իրենց վերահայտնաբերմանը: Որմնանկարների մասին առաջին լուրջ ուսումնասիրությունը արվել է Լիդիա Դուռնովոյի կողմից, երբ անցյալ դարի հիսունական թվականներին իրականացվել են դրանց ընդօրինակները, որոնք այսօր ցուցադրված են ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում: Գոհունակությամբ կարող ենք ակնարկել, որ այսօր մեզ հասած եւ 70 տարի առաջ արված ընդօրինակների միջեւ ոչ մի էական տարբերություն չենք նկատել, ուստի հաստատենք, որ անցյալում իրականացված աշխատանքը արվել է մեծ խնամքով եւ մասնագիտորեն:

Որմնանկարների առկայությունը Հաղբատավանքի Ս. Նշան եկեղեցում վերագրվում է մայր խորանի, ինչպես նաեւ հս. եւ հրվ. պատերին պահպանված պատկերագրություններին, որոնց ստեղծման ժամանակաշրջանը վերագրվում է Ժ-ԺԳ դդ-ին: Միջամտության առաջին փուլը նախատեսում էր Ս. Նշան եկեղեցու հարավային պատին առկա որմնանկարների շարքի մաքրումն ու պահպանական վերականգնումը: Եկեղեցու նկարչական հարդարանքը ավարտված է եղել, երբ ԺԲ դարում երկրաշարժի հետեւանքով փլվում է Ս. Նշան եկեղեցու հարավային պատի կենտրոնական հատվածը անվերադարձ ավերելով որմնանկարված պատի կենտրոնական ընդարձակ մասը: Վերակառուցման ժամանակ, պահպանված լուսամուտի տակ բացել են եւս մեկըՙ շատ ավելի լայն ու ընդարձակ լուսամուտ: Այս հատվածի պատի փորագիր արձանագրության քարերերից մեկը վերաշարել են գլուխն ի վայրՙ խախտելով տեքստի իմաստը: Հնարավոր է, որ վերանորոգությունից հետո լրացրել ու ավելացրել են նաեւ որմնանկարների որոշ հատվածներ: Մեր կողմից կատարված աշխատանքների ժամանակ փաստագրել ենք որմնանկարների նկարչականՙ իրար վրա նստեցված երեք շերտ:

Ս. Նշան եկեղեցու հարավային պատի ընդարձակ մակերեսը տասը մետր բարձրությամբ ամբողջովին որմնանկարված է եղել: Պատկերագրությունը բաղկացած է եղել երեք հարկերիցՙ ռեգիստրներից, որոնք իրարից առանձնանում են նախշազարդ հաստՙ բուսական թեմաներով հարդարված ժապավեններով: Նկարչական ժապավեններ արված են նաեւ հարավային պատի ուղղահայաց հատվածներում, պատի անկյունների մոտ: Առաջինՙ ստորին հարկում, ձախ անկյունում, Սեդու Արծրունու եւ աջինՙ նրա որդի Խութլուբուղայի պատկերագրություններն են: Երկրորդ հարկաբաժնի աջ կողմում Հոգեգալստի տեսարանի պատկերագրությունն է: Երրորդՙ ամենավերին հարկաբաժնի աջ մասում Քրիստոսի Համբարձման տեսարանն է, իսկ ձախումՙ Դժոխքի կործանման պատկերագրությունը: Որմնանկարի մակերեսը մաքրելուց հետո, այն ամրացրել ենք պաշտպանիչ հեղուկով, որի վրա իրականացվել է մասնակի նկարչական լրացում բնական գունափոշիների օգտագործմամբ:

Աշխատանքների ավարտին, տախտակամածը հավաքելուց առաջ, որոշեցինք լուսավորություն անցկացնել այնպես, որ մաքրված ու վերականգնված որմնանկարները ավելի լավ երեւան եկեղեցու հատակից: Հարավային պատի մեծ լուսամուտին շարժական վարագույր տեղադրվեց այնպես, որ որմնանկարներին նայելուց այն հնարավոր է ծածկել այնպես, որ հանդիպակաց լույսը չխանգարի դիտումը:

Հարավային պատի որմնանկարների շարքի վրա աշխատանքները ավարտելուց հետո, մայր խորանի հատվածում արել ենք փորձնական մի քանի փոքր հատվածների մաքրում ու վերականգնումՙ խոստանալով մյուս տարի վերադառնալ եւ ավարտին հասցնել աշխատանքները, որոնք մինչեւ հիմա արվել են անձնական նվիրատվության, Գուգարաց թեմի առաջնորդարանի, Հաղբատի վանահոր ու վանքի աշխատողների համագործակցությամբ ու հոգածությամբ:

Դեկտեմբեր, 2018

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ