RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-12-27 21:54:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ «ԿԱՐՄԻՐ» ԵՐԳԻԾԱՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանում լույս է տեսել երեք երգիծաթերթՙ «Շեշտ» (1923), «Զուռնա» (1924) եւ «Կարմիր մոծակ» (1926-1927) հատկանշական անվանումներով: Այս երեք պարբերականների մանրամասն քննությանն է նվիրված վերջերս լույս տեսած մի ոչ մեծ հատորՙ «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» աշխատությունը: Հեղինակներըՙ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներ Համո Սուքիասյանը եւ Նարինե Երանոսյանը , վերհանել են հայ մամուլի պատմության մէջ գրեթե բաց մնացած մի թեմա: Պատմաբանասիրական բնույթի այս բովանդակալից հետազոտությունը հանգամանորեն ներկայացնում է վերոնշյալ երգիծաթերթերի հիմնադրումն ու հիմնադիրներին, կայացումը եւ գրաքննության պատճառով հրատարակության դադարեցումը:

Կարող է արտառոց թվալ, որ խորհրդային իրականության մէջ անգամ Ստալինի ժամանակ եղել են երգիծանքի դրսեւորումներ, թեկուզեւՙ կարճաժամկետ: Ըստ ներկայացվող աշխատության հեղինակների. «Երգիծական մամուլի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, երբ խորհրդային հանրապետությունները ռազմական կոմունիզմից անցում կատարեցին դէպի նոր տնտեսական քաղաքականություն (ՆԷՊ): Վերջինին հատուկ հասարակական-քաղաքական բնույթի մի շարք գործոններ, ինչպիսիք էինՙ մասնավոր ձեռներեցության, կոոպերացիայի, հասարակական ակտիվ խմբերի ու գործունյա անհատների աշխուժացումը, որոշիչ դեր ունեցան նաեւ մասնավոր պարբերականների (այդ թվումՙ երգիծական ուղղվածության) ստեղծման հարցում»:

Համո Սուքիասյանը եւ Նարինե Երանոսյանը հետազոտվող նիւթը ներկայացնում են քննվող ժամանակաշրջանի եւ թեմայի լայն համատեքստումՙ տալով մի կողմից հայ երգիծական մամուլիՙ մինչ 1920-ականներն առկա պատկերը, մյուս կողմիցՙ խորհրդային իրականության պայմաններում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալները: Նրանք ըստ արժանվույն են գնահատել այդ մամուլի նվիրյալ հրատարակիչների հիրավի գերմարդկային ջանքերը, որոնք, պետական աջակցության բացակայության պայմաններում, իշխանությունների քաղաքական եւ գաղափարախոսական վերահսկողության ներքո կարողացել են կյանքի կոչել երգիծաթերթեր, թեկուզեւՙ սակաւաթիւ համարներով: Բ. գլխում ներկայացված են այդ երեք երգիծաթերթերի հիմնադիրներըՙ Վահան Թոթովենցը եւ Էդուարդ Խոճիկը (որոնց համատեղ լուսանկարով էլ բացվում է գիրքը): Անդրադառնալով խորհրդահայ երգիծական մամուլի ռահվիրայինՙ հեղինակները կարեւոր ծառայություն են մատուցել թոթովենցագիտությանը: Որպես գրքի հավելված նրանք հրատարակել են Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերած Թոթովենցի ինքնագիր երկու ինքնակենսագրականները, որոնցից առաջինի եւ այլ արխիվային փաստաթղթերի համադրմամբ վերջնականապես ճշտել են գրողի ծննդյան թվականըՙ 1893:

Հեղինակները մեր գրականության մէջ առաջին անգամ ընդարձակորեն անդրադարձել են մեր մշակոյթի գրեթե մոռացված, սակայն որոշակի ներդրում կատարած չարքաշ մշակներից մեկինՙ Էդուարդ Խոճիկին (1900-1961): Հավելվածում տեղ է գտել նաեւ Խոճիկիՙ անտիպ մնացած ինքնակենսագրությունը, որից պարզվում է, որ սույն համեստ գործիչն իր նպաստն է բերել ոչ միայն հայ երգիծական մամուլին: Բավական է հիշել, որ նա մասնակցել է Կոմիտասի անվան լարային քառյակի կազմավորմանը («1932 թվին կվարտետը պիտի քայքայվեր, սակայն ես կարողացա այն պահպանել եւ կոչել տալ մեր Կոմիտասի անունով», վկայել է նա): Խոճիկը կարեւոր դեր է խաղացել Հայաստանի թանգարաններն ու արխիվները հասրտացնելու գործումՙ հայթայթելով հազարավոր փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ, վավերագրեր, կերպարվեստի հայ, ռուս եւ եվրոպացի վարպետների գործերՙ արժանանալով Հովսեփ Օրբելիի եւ Դերենիկ Դեմիրճյանի բարձր գնահատականին: Մեր կողմից ավելացնենք, որ բեմարվեստի հանդեպ հակում ունեցած Խոճիկը 1928 թվականին առաջին եւ վերջին անգամ երկրորդ սպայի դերով նկարահանվել է կինոյումՙ Պատվական Բարխուդարյանի «Տասնվեցերորդը» ֆիլմում:

Արխիվային նյութերի, ժամանակի մամուլի եւ թեմային առնչվող պատմագիտական ու բանասիրական նոր եւ նորագոյն գրականության հիման վրա հաջորդ երեք գլուխներում ներկայացված է երեք երգիծաթերթերի ստեղծման, ընթացքի ու դադարեցման պատմությունը: Տպավորիչ է այս երգիծաթերթերին աշխատակցած մտավորականների անուններըՙ Արամայիս Երզնկյան , Դերենիկ Դեմիրճյան , Գուրգեն Մահարի , Լեռ Կամսար , անգամՙ Հրաչյա Աճառյան , որը երգիծանքի է ենթարկել... իր իսկ հեղինակած կոթողային «Հայերենի արմատական բառարանը»: Եվ եթե «Շեշտը» զուրկ է եղել երգիծանկարներից, ապա «Զուռնայում» ու «Կարմիր մոծակում» ծաղրանկարչի իր տաղանդով փայլել է Միքայել Արուտչյանը : Երեք թերթերում էլ որպես երգիծանքի թիրախներ նշված են եղել նախՙ խորհրդային պետության արտաքին թշնամիները (առաջին հերթինՙ Հայ հեղափոխական դաշնակցությունը), այնուհետեւՙ հին կացութաձեւի մնացորդները (առաջին հերթինՙ եկեղեցին): Երգիծանքը չէր կարող շրջանցել, սակայն, նորաստեղծ հանրությանը հուզող սոցիալական խնդիրները, ինչպես, օրինակ, 1920-1930-ականներին պետական-կուսակցական կառավարման համակարգում առկա թղթաբանությունը եւ պաշտոնական դիրքի չարաշահումը, ինչպես նաեւ կենցաղային տարբեր հարցերը (դիցուք, 1924 թվականին Էջմիածին քաղաքում ատամնաբույժի չգոյությունը): Նման խնդիրներիՙ այս կամ այն սրությամբ արծարծումն էլ, ցավոք, նպաստել է երգիծաթերթերի փակմանը, չնայած հեղինակները չեն բացառել, որ այդ հարցում դեր խաղացած կարող էին լինել նաեւ նյութական անբավարար միջոցները:

Անգամ եթե խորհրդահայ երգիծաթերթերի նպատակը եղել է «Խորհրդային Հայաստանի իրականության բացասական կողմերի խարազանելը.... ամրապես կանգնած լինելով խորհրդային դիրքորոշման վրա», սույն աշխատությունը ցույց է տալիս, որ դա եւս չի երկարացրել քննվող պարբերականների կյանքը: ՆԷՊ-ի համեմատական ազատ ժամանակահատվածն աստիճանաբար տեղի է տվել խորհրդային գրաքննության ուժգնացող մամլիչի առջեւ, որի համար անթույլատրելի էր անգամ «կարմիր» երգիծանքը: Ուստիեւ պատահական չէ, որ նման պայմաններում խորհրդահայ մամուլի հաջորդ երգիծական օրգանըՙ «Ոզնին» , լույս է տեսել միայն տասնամյակներ անց, Ստալինի մահից յետոյ:

Համո Սուքիասեանի եւ Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» հատորն ավելի շահեկան են դարձնում երգիծաթերթերի որոշ էջերի գունավոր վերատպությունները եւ հրատարակիչների լուսանկարները: Աշխատությունը հանձնարարելի է ոչ միայն բանասերներին եւ պատմաբաններին, այլեւ ընթերցող լայն հանրությանը, որը բազմաթիվ հետաքրքրական իրողություններ կարող է բացահայտել 1920-ականների խորհրդահայ իրականության վերաբերյալ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ