«ՄԻ՛ ՏՐՏՄԻՐ, ԾԵՐՈ՛ՒԿ...» Հարցազրույցըՙ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ Հարցազրույց Լեռ Կամսարի թոռնուհու հետ - Տիկի՛ն Վանուհի, բացի Լեռ Կամսարի թոռնուհին լինելուց, Դուք նաեւ նրա գրական ժառանգորդն եք, պարբերաբար հրարատարկում եք նրա անտիպները. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել դրանով: - Շատ տարողունակ հարց եք տալիս: Երկու բառով չի ասվի: Արամ պապիս գիտեի եւ սիրում էի ծնված օրվանից, բայց ա՛յ, Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում, երբ նա նոր էր մահացել: Դպրոց գնալու ճանապարհին Լենինի հրապարակի կրպակում հանկարծ տեսա նրա «Մարդը տանու շորերով» գիրքը: Զարմացա ու արմացա, քանի որ գիտեի, որ գիրքը արգելանքի տակ էր, որը եւ դարձել էր նրա մահվան պատճառը: Պարզվեց որ կրպակներին եւ գրադարաններին բաժանելուց հետո են գլխի ընկել, որ պետք է կանխել գրքի հետագա տարածումը: Բնականաբար գնեցի գիրքը, որ տանեցիներին ուրախացնեմ եւ, բնականաբար, որոշեցի ինքս կարդալ, որ տեսնեմ ինչ վտանգավոր բան կար գրքում, որ վախեցրել էր կառավարությանը: Հիասթափությունս եւ ապշանքս մեծ էր: Գիտե՞ք, Ամերիկան, Անգլիան կամ մի ուրիշ երկիր էլի նեղանալ կարող էր, բայց ա՜խր Սովետը հեչ խռովելու տեղ չուներ (Գլավլիտը հավեսով էր աշխատել): Կարդացի, կարդացի ուշադիր եւ զգացի, որ հոգումս բան չչխկաց: Այդ տարիքում տարված էի պատմահայրենասիրական գրականությամբ եւ ֆելիետոնի ժանրը առանձնապես չհուզեց ինձ: - Հետաքրքրական է, իսկ երկրորդ հանդիպումը ե՞րբ էր: - Երկրորդ հանդիպումս արդեն հիասթափեցնող էր: Երբ պապս մահացավ, ես ականատեսն էի մի շատ տարօրինակ եւ ցավալի իրողության: Տանեցիները թողել էին նոր հոգին ավանդածի սնարը եւ մտած հարեւան սենյակՙ ինչ-որ գզրոցներ էին դատարկում: Քիչ հետո դուրս եկան մի հնամաշ սեւ գույնի ճամպրուկով եւ հանձնեցին բարեկամներից մեկին, որը շուտափույթ անհետացավ: Միայն դրանից հետո լուր տվեցին բոլորին, որ Լեռ Կամսարը վախճանվեց: Արցունքների միջից հետաքրքրվեցի մորիցս, թե դա ինչ էր: - Դա մեր հարստությունն է, մեր գանձերը,- խորհրդավոր ասաց նա: «Տես է՜, ինչ խորն է վանեցիների հոգին, մտածեցի, ապրում են թշվառության մեջՙ ունենալով մի ամբողջ ճամպրուկ ոսկի: Երեւի Վանից են բերել»: Թաղումից հետո սկսվեց գանձերի իմ որոնումը: Ճամպրուկը գտա Շուշան մորաքրոջս տանը: Պարանով կապված էր եւ կնքված: Պատռեցի կնիքը, մի կերպ փոքրիկ արանք բացեցի եւ ձեռքս սլլացրի ճամպրուկի մեջ ու սկսեցի շոշափել: Չէ, սա ոչ ոսկի է, ոչ էլ զարդեղեն: Ուրեմն թղթադրամներ են` անցավ մտքովս: Բայց պետք էր տեսնել ու համոզվել: Մի կերպ ձեռքս ընկածը դուրս հանեցի նեղ արանքից: Սառը ջուր լցվեց գլխիս` ընդամենը գրված թղթի պատառիկներ էին: Ահավոր հիասթափվածՙ ուզեցի նորից հետ ճխտել դրանք, որ չբռնվեմ: Մեկ էլ մտքովս անցավ` կարդամ, գուցե գրված է Վանում թողած մեր հարստության տեղը: Հազիվ կարդում եմ ձեռագիրըՙ «Պրոլետարիատը մի կեղտոտ քուրջ է, որի ծալքերում բնակռած Լենինի եւ Ստալինի նման պարազիտներ ծծում են իր իսկ արյունը: Դե գնա՛, պրոլետարիատ, ու ողջ կյանքումդ մարմինդ քորի...» : Ո՜վ սարսափ, սա ի՞նչ է: Երեւի պատկերացնում եք, թե ինչ կարող էր զգալ Լենին պապիի ազնիվ հոկտեմբերիկ սանիկը: Մի մոռացեք, որ դեռեւս 1965 թիվն էր: Դողալով շրջում եմ թերթիկըՙ «Հոկտեմբերյան հեղափոխության» հեղինակ Լենինը իսկապես որ աղվես է եղել, համաշխարհային աղվես, եթե կարելի է այսպես ասել: «Եվ իսկապես: Ռուս ժողովուրդը, որ այդ հեղափոխությունը կատարեց` խոմ չվերցրե՞ց Լենինի գրած հիսունհինգ հատորները կարդաց, համոզվեց սոցիալիզմի անհրաժեշտությանը ու նոր զենք վերցրեց: Ո՛չ: Լենինը ուղղակի խաբեց բանվորին ու գյուղացուն: Խոստացավ վերջ տալ պատերազմին` դրանով զինվորին խաբեց, ասաց հողը գյուղացուն` դրանով էլ գյուղացուն խաբեց: Հետագայում ո՛չ զինվորը խաղաղություն ստացավ, ո՛չ գյուղացին` հող: Զինվորը կանչվեց երկարատեւ եղբայրասպան պատերազմի, իսկ գյուղացուն ոչ միայն հող չտվեց, այլեւ ունեցածն էլ ձեռքից խլեց եւ կոլխոզ քշեց ձրի աշխատելու : Ահա՛ քեզ «հոկտեմբերի» տված բարիքը : Ասացե՛ք, որ շունշանորդի աղվեսն այսպես անողորմ խաբեց իր զոհին: Ուրեմն, ասենք . - Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհային...պոչ» : Վա՜յ, Լեռ Կամսար, վա՜յ, էս ի՞նչ ես գրել Լենին պապիիս մասին` հուզվեցի ես: Եվ հլա հոժա՞ր չես, որ 20 տարով բանտարկել ու աքսորել են քեզ` շնորհակալություն պետք է հայտնես, որ չեն գնդակահարել: Նայեցի կրծքիս կպցրած Վոլոդյա Ուլյանովի ոսկե գանգուրներին: Եւ մեջս զարթնեց Պավլիկ Մորոզովի ախտանիշը (ճիշտ կլիներ գրելՙ աղտանիշը): Գոհություն Աստծո, որ խեղճ Արամ պապս կենդանի չէր: Թե չէ կբղավեի` այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաեւ..., եւ կփռեի նրա ուրացող դիակը... Լեռ Կամսարի նկատմամբ ատելությունս ավելի խորացավ, երբ հայրս մեր նոր ստացած բնակարանի առաջին «կահույքը»ՙ «Օպտիմա» գրամեքենան գնեց եւ չգիտես ինչու տեղավորեց հենց իմ ննջասենյակում: Սկսվեց տարտարոսի իմ տանջանջները: Մինչեւ ուշ գիշեր չը՛խկ, հա չը՛խկ: Հայրս իր հոր ձեռագրերը տպում էր 7 օրինակով եւ թաքցնում տարբեր տեղերում: Աչքը վախեցած էր, մտածում էրՙ բռնագրավելուց հետո, գոնե մի օրինակը փրկվի: Լեռ Կամսարի բանտարկվելուց հետո հայրս թողել էր դպրոցը, որպեսզի մոր հետ կարողանար պահել քրոջը եւ եղբորը: Հետեւաբար, ունենալով 4-րդ դասարանի կրթությունՙ նա բնականաբար պետք է հարցներ ամեն բառի ուղղագրությունը: Ուղղագրություն հարցնելը գլուխը քարը` ես պետք է իմանայի բոլոր երկրների վարչապետների, քաղաքական գործիչների անունները, Սովետ Միության կոմկուսի բոլոր ժամանակների քարտուղարների անունները: Պետք է յուրացրած լինեի ոչ միայն Աստվածաշունչը եւ հունական դիցաբանությունը, այլեւ համաշխարհային փիլիսոփայությունը մարքսիզմ-լենինիզմի հետ միասին: Էլ չերկարացնեմՙ գրել էր ամեն ինչի եւ բոլորի մասին: Ուղղակի խենթանալիք էր: Տարեց-տարի սպասում էի, երբ կվերջանա այս զուլումը, երբ հանկարծ մի օր հայրս հայտարարեց. - Փոխանակ անօգուտ թափառելու` տար պապիդ գրվածքները եւ փորձիր տպագրել մամուլում: - Եթե արժեքավոր լինեին, ինձ չէին սպասի` վաղուց արդեն հրատարակած կլինեին,- նետեցի ես: Հայրս սփրթնեց իմ անպատկառ պատասխանից, եւ եթե չասեի դրությունը փրկող նախադասությունը, երեւի թե կաթվածահար լիներ: - Լավ, լավ , նյութեր տուր, «Ավանգարդը» ճամփիս է, կտամ, կանցնեմ: Վերցնելով նյութերըՙ որոշեցի սրբագրել ու նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելուց բավականին սխալներ արած կլիներ: Մեկ սխալ, երկու, երեք, տասներեք` մեկ էլ հանկարծ նկատեցի, որ այլեւս վրիպակները ինձ չեն հետաքրքրում. միտքս մեկեն բռնեց տողի պոչը եւ գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց... ու ընկավ Լեռ Կամսարի աշխարհը: Երեւի նույն զգացողությունը ունեցա` ինչ որ Կոլոմբոսը Ամերիկան գտնելիս: Արդեն գանգատուփումս ունեի համալսարանական պարտադիր եւ ցանկալի գրականության մաղուցքը: Արդեն թացը չորից մի փոքր զանազանել գիտեի, բայց սա հայտնություն էր: Անվախ մտածողություն, անբռնազբոս խոսք, անկաշկանդ գրելաձեւ առանց լեզվական խրթին սեթեւանքների` պարզապես մի զվարճալի զրուցակից, որ քեզ ամեն տեսակի կապանքներից ազատում է խնդմնդալով եւ դարձնում ազնիվ, շիտակ, մարդկային, անվախ, արդարամիտ եւ խելացի: Ահա այսպես ես գտա իմ Լեռ Կամսարին ու դարձա ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ... Լեռ Կամսարն աստիճանաբար պոկեց ինձ գորշ ամբոխից եւ դարձրեց ինքնուրույն մտածող անկախ մի անհատ: Եվ ես որոշեցի գտածս գանձերը մեկիկ-մեկիկ բաժանել մարդկանց: - Ձեզ մոտ գտնվող անտիպների ո՞ր մասն եք մինչ այսօր հասցրել տպագրել. կա՞ն անտիպներ, որոնք Ձեզ մոտ չեն գտնվում: - Տասից ավելի գրքեր արդեն հրատարակվել են, բայց Կամսարի անտիպ ձեռագրերը ջրհորի պես են, որքան սպառում եսՙ այնքան շատանում են: Ամեն անգամ, երբ նայում եմ, թե որքա՜ն աշխատանք կա դեռ անելու, թուքս ցամաքում է, վախենում եմ կենդանությանս չհասցնեմ: Լավ է, արդեն կամսարասերների խումբ է ձեւավորվել, որը կարծում եմ, կշարունակի այդ նվիրական գործը: Վանի, ցարական Հայաստանի, Առաջին հանրապետության ժամանակահատվածում մամուլում լույս տեսած Կամսարի գործերը եւս պետք է համարել անտիպ եւ աստիճանաբար հավաքել եւ գիրք դարձնել: ՊԱԿ-ի արխիվում էլ (եթե պահպանել են) պետք է լինեն բռնագրավված անտիպ նյութեր: Գրականության թանգարանում եւս կան անտիպ էջեր: Կարող է հայտնաբերվել նաեւ ուրիշ անհատների արխիվներում: - Խորհրդային իշխանությունները, մոտավոր, ի՞նչ քանակի թղթեր են առգրավել Կամսարից - Այդ հարցին մի փոքր ընդհանրական պատասխանեմ: Երգիծաբանի արխիվը երեք անգամ ոչնչացել է: Առաջին անգամ իր ձեռագրերը կորցրել է 1915-ի գաղթի ճանապարին: Այնուհետեւ, 1935-ի ձերբակալման ժամանակ Չեկան է բռնագրավել:Երրորդ մեծ կորուստը հասցրել է 1946-ի երեւանյան ջրհեղեղը: Քանի որ, վախենալով բռնագրավումից, գրողը գրականությունը թաքցնում էր հողում հորած կճուճների մեջՙ հեղեղը անդառնալի կորուստ է հասցրել ձեռագրերին: Դրանք հիմնականում 1940-45թթ.-երի գործերն էին (գուցե ավելի շատ, հստակ չեմ կարող ասել): - Երկերի հրատարկման ժամանակ պետական պատճաշ օժանդակություն ստացե՞լ եք: - Նկատի ունեք անկախության շրջանը, չէ՞, որովհետեւ ես սկսել եմ Կամսարի գրքերն անարգել տպագրել միայն այդ ժամանակ: Առաջին գիրքըՙ «Կարմիր օրերը», 2000-ին հենց պետպատվերով եմ կյանքի կոչել: Այնուհետեւ պետական հովանավորությամբ 2008-ին լույս տեսավ «Խաղք ու խատառակ աշխարհը», իսկ 2013-ինՙ «Թատերախաղերը»: Ես անցած տարի էլ էի դիմելՙ վկայակոչելով հոբելյանական 130-ամյակը, բայց մշնախն ասաց, որ դա այնքան էլ հոբելյանական տարեթիվ չէ: Սակայն, կամսարասերերն իրենք իրենց համար հոբելյան հռչակեցին եւ անակնկալ մատուցեցին գրասեր հասարակայնությանը: Կարինե Մարտիրոսյանն իր միջոցներով տպագրեց իր մենագրությունը Կամսարի մասին: Արմեն Քեշիշյանը, Հայկ Խեմչյանը, Գեւորգ Մշեցին իրենց միջոցներով ընթերցողներին նվիրեցին «Միայնակը», այնուհետեւ աննախադեպ դեպքՙ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը ռուսերեն թարգմանեց եւ իր միջոցներով տպագրեց «Բանտիս օրագիրը»: Եւ վերջապես հոբելյանական ծաղկեպսակը բոլորեց «Ծերուկների մանկապարտեզը», որն իմ եւ խմբագիր Քրիստինե Հովհաննիսյանի չարչարանքների պտուղն է: - Հայ ընթերցողը երբեւէ իր սեղանին կունենա՞ Լեռ Կամսարի երկերի լիակատար ժողովածուն: - Ինչ խոսք, փառահեղ կլիներՙ մնաց գտնվի մի սրտացավ բարերար: Հույսս չեմ կորցնումՙ ամեն ինչ դեռ առջեւում է: Ազգովին միայն հասել ենք Լեռան լանջին: Մինչեւ գագաթին հասնելը դեռ շատ ճանապարհ կա: Կամսարը դեռ կիսով չափ է հասանելի, դեռ բավականաչափ անտիպներ կան: Ամբողջը հրատարակվելիսՙ նոր կերեւա նրա սեգ բարձրությունը: - Նախատեսո՞ւմ եք որեւէ ժամանակ նրա տուն-թանգարանը բացել Երեւանում: - Դա չիրականացող երազանքների շարքից է: Գրողը որպեսզի տուն-թանգարան ունենա, նախ պետք է ապրելու տուն ունեցած լիներ: 1915-ին թուրքերը խլեցին երգիծաբանի հայրական տունը: 1935-ին էլ բոլշեւիկները վռնդեցին Լուկաշինի նվիրած տնից եւ գցեցին Կամսարին ցախանոց: Ցախանոցն էլ քանդվել է սովետի ժամանակ: Ավերակների վրա ի՜նչ թանգարանի մասին կարող է խոսք լինել... - Այսքան ժամանակ Մշակայութի նախարարությունը կամ գրողների միությունը Կամսարին նվիրված հուշ-միջոցառում կազմակերպե՞լ է: - Գրողների միությունը նշել է Լեռ Կամսարի 100-ամյակը, առանց որեւէ մեկի դիմելուն: Արել է գրքի երկու շնորհանդես: Այնպես չէ, որ առաջվա պես անտեսում են երգիծաբանին: Ուղղակի սովետի ժամանակվա վերաբերմունքը հիշելովՙ մի տեսակ սիրտս չի հոժարում այդ կառույցից բան խնդրել: Համ էլ Կամսարը միջոցառումներից խուսափող մարդ էր, եսՙ նույպես: - Առաջիկայում Դուք ի՞նչ ծրագրեր ունեք` Լեռ Կամսարի հետ կապված. նոր գրքի սպասե՞նք: - Ես դադար եմ վերցրել: Ինչպես ասացի վերեւում, փորձելու եմ գիրք գրել, որպեսզի հետագայում սերունդներն օգտվեն իմ հիշողություններից: Բավականաչափ հատորներ արդեն կան գրատներում: Թող Կամսար փնտրողները գնեն եւ կարդան: Եթե վաճառքից գումար գոյանաՙ անշուշտ նոր գիրք կծնվի: - Կամսարը դպրոցական կամ բուհական ծրագրերում ներառվա՞ծ է: - Որպեսզի ունենանք ազատ մտածող, կամային, ազնիվ, անկաշառ, ոչ ստրկամիտ սերունդՙ Լեռ Կամսարն անպայմանորեն պետք է ներառվի դպրոցական եւ բուհական ծրագրերում: Շատ եմ փափագում, բայց չգիտեմ ինչպե՞ս է կարելի դրան հասնել: - Եթե հիմա Ձեր պապը լսեր Ձեզ, ի՞նչ կասեիք նրան: - Ի՞նչ կասեի... Աստված իմ, Աստված իմ, ի՜նչ կասեի... Թերեւս կասեի. «Մի տրտմիր, ծերո՛ւկ, ցանածդ բարի եւ ազնիվ սերմերը դեռ վերընձյուղվելու են... Կգա ժամանակ, որ անշուշտ կբազմես Հայոց Պառնասի քո արժանի տեղում: Լավ կլիներ, որ այդ ժամանակը համընկներ իմ ժամանկի հետ...: |