«ԳԱՅԱՆԵՆ ՇԱՄԱՆՈՒՀԻ Է, ՈՐ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՐ ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇԽԱՐՀԸ...» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Գայանե Խաչատրյանի մահվան 10-ամյակի առթիվ Նրան շատերը համարում են մեծագույնը հայ նկարչուհիներից: Թիֆլիսում ծնված եւ ողջ կյանքում այնտեղ ստեղծագործած այս մի տաղանդին վրացիները չսեփականացրին (անգամ Վիքիպեդիայում նրա կենսագրությունը չկա վրացերենով). անուն-ազգանունը «չափազանց» հայկական է, նկարների ստորագրությունն էլՙ մեսրոպատառ, եթե անգամ իր նկարներում հայկական բնորոշ ոչինչ չկա... Տարիներ առաջ մի վրացի արվեստաբանուհու հետ զրուցելիս հարցրի իր կարծիքը Գայանե Խաչատրյանի մասին: Նա փոքր-ինչ քամահրանքով ասաց, որ բնավ չի հավանում նկարչուհու գործերը: Վրաստանի նկարիչների շարքում դասվող, սակայն հայանուն արվեստագետին հռչակ եւ ըստ արժանվույն գնահատական տալը հաստատ կստվերեր վրացի նկարիչներին... Իսկ Հայաստանը եւ հայերը վաղ են գնահատել Գայանե Խաչատրյանին եւ ամեն կերպ նպաստել են նրա առաջխաղացմանը: Տակավին քսանամյա Գայանեին մեծապես օգնել ու աջակցել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, իսկ ծանոթությունը Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային է եղել նկարչուհու կյանքում: Արտասովոր տաղանդի տեր երկու խենթավուն թիֆլիսահայերը հարազատ հոգիներ էին: «Գայանեն շամանուհի է, որ ստեղծում է իր կախարդության զարմանալի աշխարհը», ասել է Փարաջանովը : Հենց նրա նախաձեռնությամբ էլ 1967-ին Երեւանում բացվել է Գայանեի առաջին ոչ պաշտոնական ցուցահանդեսը, որին էլ հետեւել են արդեն պաշտոնական ցուցահանդեսներ Մոսկվայում եւ Թբիլիսիում: Ի դեպ, ԽՍՀՄ-ից դուրս Գայանե Խաչատրյանի գործերը ցուցադրվել են առավելապես Կյուլպենկյան հիմնարկության շնորհիվ, որը կազմակերպել է նրա անհատական եւ խմբային ցուցահանդեսները Լիսաբոնում, Բեյրութում եւ Ֆրանսիայի քաղաքներում: Առհասարակ, հայերը անտարբեր չեն մնացել իրենց մեծատաղանդ հայրենակցուհու հանդեպ: Գայանե Խաչատրյանի մասին «Հայֆիլմ» կինոստուդիայում երկու ֆիլմ է նկարահանվել. տակավին 29-ամյա նկարչուհու մասին ճանաչված կինոբեմադրիչ Յուրի Երզնկյանը ստեղծել է «Գայանե» վավերագրությունը (1971, Մարտիրոս Սարյանի նախաբանով), հայ վավերագրական կինոյի վարպետ Ռուբեն Գեւորգյանցը 1978-ին էկրանավորել է նրա մասին «Երկնագույն քամի, նշի բույրը», իսկ 2006-ին Լեւոն Գրիգորյանը ՙ «Եսՙ թիֆլիսցի Գայանեն» փաստագրական ֆիլմերը... Նրան ճանաչում ու սիրում էին, սակայն նա դուրս էր խորհրդային պաշտոնական արվեստից: Պատահական չէ, որ Գայանեին քաջալերողները մեծ մասամբ եղել են խորհրդային իրականության խորթ զավակները: Փարաջանովն իր բարեկամներից շատերին էր տանում, ծանոթացնում Գայանե Խաչատրյանի հետ ու նաեւ նրա՛ շնորհիվ նկարչուհուն ճանաչել ու բարձր են գնահատել Մարկ Շագալը, Անդրեյ Տարկովսկին, Ֆեդերիկո Ֆելինին, Տոնինո Գուեռան, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Լյուբիմովը, Էլդար Ռյազանովը, Ֆրանսուա Սագանը, Իվ Սեն Լորանը, Բելլա Ախմադուլինան, Օթար Իոսելիանին, Գիա Կանչելին, Ալլա Դեմիդովան, Եվգենի Պրիմակովը, Միխայիլ Թումանիշվիլին... Նրանց շատերի մասնավոր հավաքածուներում տեղ են գտել Խաչատրյանի աշխատանքները... Ինչպես Թիֆլիսում ծնված մեկ այլ մեծ Խաչատրյանՙ Արամը, Գայանե Խաչատրյանը եւս արմատներով գողթնեցի էրՙ Ագուլիսից, որին անվանակոչել էին ի պատիվ մեծ մոր, որի բարեպաշտությունը պատվել է ողջ Գողթնը: Մասնագիտական փայլուն կրթություն ստանալովՙ Գայանեն ողջ կյանքում ապրել է անդուլ ստեղծագործությամբ: Նա ուրիշ հետաքրքրություններ գրեթե չի ունեցել: Իր նկարների համար ստացած չնչին վճարները նկարչուհին հաճախ բաժանել է կարիքավոր ընտանիքներինՙ շարունակելով ապրել ավելի քան ասկետական կենցաղով, քնելով հատակինՙ այդ պայմաններում արարելով իր գունագեղ, վառվռուն, երեւակայական աշխարհները, ագուլիսյան եւ թիֆլիսյան կոլորիտով ծփուն փողոցային դիմակահանդեսները, խորհրդավորության մշուշով պատված, միաժամանակՙ պարզ եւ հասարակ կերպարներն ու կերպարանքները... Արվեստաբանները Գայանե Խաչատրյանի նկարչությունը դասում են նկարչության մեջ հազվադեպ դրսեւորում ստացած «մոգական ռեալիզմի» ուղղությանը, որի սակավաթիվ ներկայացուցիչներն են բելգիացի Ռընե Մագրիտը, մեքսիկուհի Ֆրիդա Կալոն, ֆրանս-հրեա Մարկ Շագալը եւ անգլիացի Փիթեր Դոյգը... Փարաջանովի բարեկամ, մոսկվացի կինովավերագրող Վասիլի Քաթանյանը կինոբեմադրիչին նվիրած իր հուշերում գրել է. «Երեկ չէ առաջին օրը նա մեզ տարավ նկարչուհի Գայանե Խաչատրյանիՙ իր հովանավորյալի մոտ: Մենք նրան հանդիպեցինք փողոցում, նա դատարկ տոպրակով գնում էր դատարկ խանութ: Սերյոժային տեսնելովՙ ամիջապես հետ դարձավ ու մեզ տարավ իր աղքատիկ սենյակ-արվեստանոցը ու ցույց տվեց այն նկարները, որոնք ասաց Սերգեյը: Մենք տեսանք ցնցող նկարչություն, որից չէինք կարողանում կտրվել: Առհասարակ, Գայանե Խաչատրյանին միայն վերջերս են պաշտոնապես ճանաչել, բայց Սերյոժան նրան վաղուց էր հայտնաբերել: Նկարչուհին պնդում էր, որ «եթե չլիներ Սերգեյ Իոսիֆովիչը, ես ոչինչ չէի կարողանա անել, նա ինձ օգնում է, ես նրան շատ եմ լսում»: Սերյոժան ծանրախոհ նստած էր: Այսօր Գայանեի նկարները հազարներ արժեն, կախված են թանգարաններում, բայց դա նրան չի հուզում: Նա մի քիչ այս աշխարհից չէ եւ նման է Նովելլա Մատվեեւային: Խոսում է բաս ձայնով, սիրում է սաղմոսներ երգել, բայց գործն, ավաղ, չի հասել երգեցողության» (Վասիլի Քաթանյան, «Հպում կուռքերին», Մոսկվա, 1997, էջ 227, ռուսերեն): Գայանե Խաչատրյանին նույն կերպ է հիշել նաեւ ռուս գրող Վլադիմիր Մոշչենկոն . «Նա այս աշխարհից չէր: Ապրում էր աղքատ, բայց չէր գանգատվում: Ասում ենՙ Տարկովսկին Գայանեին բանաստեղծություններ է նվիրել: Պետք է գտնել դրանք: Նա ինքը պոեզիա էր: Նրա նկարները դյութում են: «Գինու շղարշ»: «Փիղՙ ծիրանագույն աղեղ»: «Նարնջի օրվա երթը»: «Առավոտ. մանուշակի շրշյունը»: «Երեկոյան. կապույտ ընկույզի տավիղային գիշերը» (Վլադիմիր Մոշչենկո, «Ձայներն անհետանում են, երաժշտությունը մնում է», Մոսկվա, 2015, էջ 112, ռուսերեն): 2009-ին Վենետիկի միջազգային բիենալեում հայկական տաղավարը հունիսին ներկայացավ միմիայն Գայանե Խաչատրյանի 15 աշխատանքներով: Նկարչուհին, ցավոք, մեկ ամիս առաջ արդեն հեռացել էր կյանքից... Ապրիլի 14-ին, Թբիլիսիի ուռուցքաբանության հիվանդանոցում մոսկվացի կուրատոր եւ հավաքորդ Վալերի Խանուկաեւի հետ ունեցած զրույցում նկարչուհին ասել էր. «Ես միշտ ցանկացել եմ ցույց տալ իմ աշխարհը, մոգական ռեալիզմի աշխարհը, բայց հիվանդություններն ու նյարդերը սպառել են իմ ուժը, իմ առողջությունը: Շուտով Վենետիկի բիենալեն է, գիտեմ, որ երբ ցուցադրեն իմ կտավներն ու գծանկարները, դրանք մեծ հաջողություն կունենան, այն չարժանացած հաջողությունը, որն ինձ բաժին հասավ իմ մահից առաջ, բայց այդ բոլորն ինձ համար միեւնույնն է, քանի որ ես իմ նկարները չեմ համարում գլուխգործոցներ»... Տաս տարի առաջ Վենետիկի բիենալեում տարբեր ազգերի այցելուների հիացական հայացքների ներքո դիտում էի Գայանեի մոգական կտավներն ու հիշում էի դրանից մի քանի տարի առաջ իմ միակ հանդիպումը նրա հետ Երեւանում, Ժամանակակից արվեստի թանգարանի մուտքի առջեւ: Բռնել էի այնքան հրաշալի կտավներ վրձնած նրա ձեռքերը եւ ասում էի, որ մենք Հայաստանում մշտապես սպասում ենք իրեն ու ակնկալում ենք իր մշտական վերադարձը, ինչը, ցավոք, տեղի չունեցավ... Վերոհիշյալ Վալերի Խանուկաեւը նկարչուհու համաձայնությամբ եւ նրա անձնական առաջնորդությամբ 2008 թվականին հիմնել եւ նախագահում է «Գայանե Խաչատրյան» միջազգային հիմնադրամը, որը զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ, ստեղծելով արխիվ եւ ուսումնասիրելով նկարչուհու ժառանգությունը: Ի դեպ, Խանուկաեւի նախաձեռնությամբ ավստրիացի բալետմայստեր Միխայիլ Ֆիխտենբաումը Մոսկվայում բեմադրել է մեկ գործողությամբ «Գայանե» բալետըՙ նվիրված նկարչուհու կյանքին... Անշուշտ, երախտապարտ ենք հայ նկարչուհու ժառանգությանը տեր կանգնած ոչ հայ հավաքորդ-կուրատորին, սակայն նաեւ ափսոսում ենք, որ Փարաջանովի մտերմուհին վերջինիս պես չունեցավ Երեւանում սեփական թանգարանը... ...Թբիլիսիի Խոջիվանքի հայ մտավորականության գերեզմանատանՙ ստալինիզմի տարիներին բարբարոս ոչնչացումից զերծ մնացած հատվածում, հայտնվել է մի նոր, համեստ տապանաքար: Տաս տարի է, ինչ հայ մեծ նկարչուհին հանգչում է մեր մեծերիՙ Րաֆֆու, Սունդուկյանի, Թումանյանի շիրիմների հարեւանությամբ: Եվ ինչպես իր կտավների ստորագրությունը, տապանաքարը նաեւ հայատառ է: Ցավոք, եզակի երեւույթՙ հայկական հետքերը հետեւողականորեն ջնջող մերօրյա Վրաստանի իրականության համար... |