«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՙ ԱՐՏԻՍՏԸ ԵՎ ՀԱՅԸ» Անի ՓԱՇԱՅԱՆ Մայիսի 23-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, բանասեր, գրող, կինոգետ Արծվի Բախչինյանը հետաքրքրական եւ ազդեցիկ մի երեկո նվիրեց Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին, որը կրում էր «Շառլ Ազնավուրՙ արտիստը եւ հայը» խորագիրը: Նա ընտրել էր դասախոսության ձեւըՙ ժամանակ առ ժամանակ էկրանին ցուցադրելով լուսանկարներ, համերգային կատարումներ եւ հատվածներ ֆիլմերից, որոնցում խաղացել էր Ազնավուրը: Աննկատ թռավ ժամանակը, որովհետեւ բանախոսը բազմաթիվ նորագյուտ փաստերով եւ դրանց մեկնություններով էր տանում իր խոսքը: Մեծ արվեստագետի մանկությունը եւ պատանեկությունը ուշագրավ կողմեր ունեն: 1935 թվականի հայ եւ ֆրանսիական մամուլի արձագանքն այդ իրողության մասին շատ խոսուն է. փաստորեն, պատանի Շառլի մասնակցությամբ մի բեմադրությունից հետո, ինչպես նշեց Բախչինյանը, հոդվածագիրը մարգարեացել էրՙ փայլուն ապագա կանխազգալով նրա համար: Պակաս հետաքրքրական չէր իմանալ, որ Ազնավուրյանների եւ Բաղդասարյանների (Ազնավուրի մոր հայրական ազգանունն է) գերդաստանում ինչպիսի շնորհալի եւ ճանաչված մարդիկ են եղել: Հավուր պատշաճի ներկայացվեց Ազնավուրի անձնական կյանքը, թե ինչպես է մեծ հայորդին հոգ տարել, որ ավագ զավակներըՙ Սեդան եւ Պատրիկը, հաճախեն հայկական դպրոց եւ հայերեն սովորեն: Ուշագրավ անցումներով բանախոսը կանգ առավ այն դժվարությունների վրա, որոնք հաղթահարելը մեծ խիզախություն էր պահանջում: Սակայն 1959-ին «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցած համերգից հետո կարելի է ասել, որ Ազնավուրը նվաճեց Փարիզը: Նա հասարակության աչքում այլեւս ցածրահասակ ու անբարետես չէր: Սկսվեց նրա դարաշրջանը, այլեւս նրան համեմատում էին անգամ Նապոլեոնի հետ, կնքում առասպելական մակդիրներով: Ներկայացվեցին կարեւոր անուններ ու մանրամասներՙ կապված մեծ արվեստագետի կյանքի տարբեր փուլերի հետ: Առանձնապես հանգամանալից էին «Ազնավուրը եւ հայկական հետքերը» ու «Ազնավուրը եւ կինոն» բաժինները: Ճիշտ է, նա հարցազրույցներում բազմիցս նշել է, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, բայց երբեք չի մոռացել իր հայկական արմատները: Ե՛վ իր, ե՛ւ ծնողների տանը պատերին մշտապես առկա են հայկական երաժշտական նվագարաններ, որոնք երեւացին լուսանկարներում: Պատահական չէ, որ դստեր հետ նա կատարել է հենց Սայաթ-Նովայի «Աշխարումս իմն դուն իս» երգը, որի տեսագրությունը հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել: Եվ որքան մեծ էր նրա թե՛ նյութական, թե՛ հոգեւոր օգնության նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Մեր հայրենակիցը փայլել է ոչ միայն բեմի վրա, այլեւ կինոյում: Նա գլխավոր եւ երկրորդական դերեր է խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել «Կրակե՛ք դաշնակահարի վրա»-ն, իսկ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում նա կերտեց Սարոյան ազգանունով հայի կերպար: Դասախոսության ընթացքում բերված ուշագրավ փաստերի մեջ առանձնացավ Ազնավուրյաններիՙ 1947 թվականին Խորհրդային Հայաստան հայրենադարձվելու ցանկությունը, որն ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել: Ինչպես նշեց բանախոսը, «կարելի է ենթադրել, որ այդ դեպքում Ազնավուրը որպես Ազնավուր չէր կայանա»: Մեկ երեկոյի ընթացքում Արծվի Բախչինյանին հաջողվեց համապարփակ ներկայացնել մեծն Ազնավուր արվեստագետին եւ հայորդուն: Հանդիսականների մեծ մասը դասախոսության վերջում չկարողացավ զսպել հուզմունքըՙ ի տես Ազնավուրի հետ վերջին հրաժեշտի կադրերի եւ լսելով հատվածներ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի փայլուն դամբանականից... |