ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ Ա. Բ. Բուլղարական «Բալկանիստիչեն ֆորում» գիտական հանդեսի այս տարվա առաջին համարում ընդգրկվել է նաեւ բուլղար հետազոտող Մարիանա Պիսկովայի «Արշավիր Շահխաթունու մի ֆիլմըՙ Հայաստանի մասին, ստեղծված Ֆրանսիայում, նկարահանված Բուլղարիայում 1928 թվականին» հոդվածը (էջ 111-134): Հեղինակը մանրամասն ներկայացրել է ֆրանսաբնակ դերասան Արշավիր (Աշո) Շահխաթունու (1895-1957) «Անդրանիկ» գեղարվեստական կինոնկարը, նկարահանված 1928-ին, Փարիզի «Արմենա-ֆիլմ» կինոստուդիայում: Հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի մասին պատմող այս արկածային կինոնկարը որոշակի կարեւորություն ունի նաեւ Բուլղարիայի կինոյի պատմության համարՙ նկարահանված լինելով նաեւ այդ երկրում, բուլղար դերասանների մասնակցությամբ: Պիսկովայիՙ Շահխաթունու վերաբերյալ ուսումնասիրությանն աջակցում է Եվրոպական միության «Գիտելիքի փոխանակությունը եւ ակադեմիական մշակույթները հումանիտար գիտություններում. Եվրոպա եւ Սեւ ծովի տարածաշրջան, 18-րդ դարի վերջ, 21 դար» նախաձեռնությունը, որը հովանավորում է Եվրոպական հանձնաժողովը: Մարիանա Պիսկովան Բլագոեւգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» հարավ-հյուսիսային համալսարանի իրավա-պատմական բաժնի պատմության ամբիոնի դոցենտ է: Բուլղարիայից բացի Պիսկովան Շահխաթունու վերաբերյալ պրպտումներ է կատարել նաեւ Հայաստանի ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Ի դեպ, այս տարվա «Բըլգարսկա էտնոլոգիա» հանդեսի առաջին համարում (էջ 245-246) լույս է տեսել նաեւ Պիսկովայի «Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը. թանգարանում արխիվային լավ պրակտիկա» փոքր հոդվածը: |