RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 886, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ, երբ ԿԳ եւ Մշակույթի նախարարությունները դեռեւս «մեկ օֆիս» չէին դարձել, եկեղեցու երդվյալ թշնամի Արայիկ Հարությունյանն ու մշակույթն իր մեջ կրող Լիլիթ Մակունցը հայտարարում էին, որ «իրենց շնորհիվ» սահմանամերձ գյուղերի երեխաները կարող են տարին մեկ անգամ այցելել երեւանյան թատրոններ, թանգարաններ եւ մշակույթի այլ օջախներ: Դե, ինչ խոսք, ողջունելի հայտարարություն էր, բայց դեռ այն ժամանակ էլ հասկանալի էր, որ վերոհիշյալ երկուսի եփած ճաշի մեջ անպայման «մազ ենք գտնելու»:

Օրեր առաջ հանրությունը ինձնից առաջ գտավ այդ «մազը». իմացանք, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի դպրոցի աշակերտները, ցանկանալով օգտվել վերոհիշյալ հնարավորությունից, ժամանել են Երեւան եւ ցանկացել տեսնել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու Մաշտոցի անվան մատենադարանը: Բայց արի ու տես, որ մայրաքաղաքը շատ տհաճ ոճով է ողջունել սահմանամերձ գյուղի երեխաներին: Երկու վայրում էլ երեխաները թյուրիմացության մեջ են ընկել, որովհետեւ իրենց պատասխանել են, թե մուտքի տոմսերի ժամկետներն անց են: Մատենադարանում խնդիրն արագ լուծվել է, եւ երեխաները կարողացել են ներս մտնել, բայց, ա՚յ, Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցներով Թումանյանը հաստատ չէր հպարտանա: Երեխաներն ստիպված նոր տոմսեր են գնել:

Նախՙ տոմսերի մասով: Ըստ որոշմանՙ դրանց ժամկետները եղել մինչեւ հունիսի 20-ը, թանգարանում ու մատենադարանում հայտնել են, որ ժամկետը մայիսի 20-նն է եղել, բայց մի մեծ բայց կա, տոմսերը երեխաներին բաժանվել են մայիսի 20-ից հետո: Չմանրամասնեմ, սա վերը հիշատակածս «մազն» էր: Միանշանակ այստեղ շունը տիրոջը չի ճանաչել, եւ նախարարություններում իրենց բնորոշ անփութությամբ ամեն ինչ խառնել են իրար, բայց մեդալիոնը հակառակ երես էլ ունի:

Միանշանակ պարզ է, որ խնդիրը այստեղ մի քանի հարյուր դրամը չէ, որը երեխաները վճարել են տոմսերի համար, խնդիրը վերաբերմունքն է: Փոխանակ ուրախ լինելու, որ երեխաները թանգարան են եկել, դռնե՞ր ենք փակում նրանց առաջ:

Ո՞վ է Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցներին ասել, որ հայ երեխան չի կարող մտնել մի մարդու թանգարան, որը այդքան շատ էր կապված երեխաների հետ: Հոխորտանք կամ սպառնալիք չթվա, բայց դուք քանի՞ գլուխ ունեք, տիկնայք եւ պարոնայք: Չե՞ք կարծում, որ նման պահվածքով բոլոր չափերն անցնում եք: Ենթադրենք երեխաները հենց այնպես էին եկել, առանց որեւէ նախարարության թվացյալ տոմսի, եկել են սահմանամերձ գյուղից, մոտներն էլ գումար չկաՙ թանգարանին վճարելու, պետք է արգելե՞ք նրանց մուտքը մշակույթի օջախ, հնարավոր չէ՞ր բացառություն անել, դուք ովքեր եք, որ արգելեք սահմանպահ երեխայի, որեւէ երեխայի մուտքը որեւէ մշակութային օջախ: Եթե երեխան սահմանամերձ գյուղից հասել է մայրաքաղաք եւ ցանկանում է ներս մտնել, նույնիսկ առանց տոմսի, ոչ ոք իրավունք չունի նրան արգելելու, ավելինՙ ինչ-որ տեղ պետք է ուրախանանք, որ մշակույթը ձգում է մեր փոքրիկներին: Ասենք, դուքՙ տեղի աշխատակիցներդ, ձեր երեխաներին տոմսերո՞վ եք ներս թողնում: Չհամարձակվեք ասելՙ այո, որովհետեւ դա այդպես չէ, ո՛չ միայն ձեր երեխաները, այլեւ ձեր ողջ շրջապատնՙ իրենց երեխաներով են կարողանում առանց տոմսի մուտք գործել, եւ դա բնավ դատապարտելի չէ. երեխան պետք է առնչվի մշակույթի հետ անարգել:

Թումանյանի տուն-թանգարանն ամեն օր խոսում է մշակույթի, Թումանյանի մասին: Լավ, գոնե գիտե՞նՙ Թումանյանը երեխաների հանդեպ ի՞նչ վերաբերմունք ուներ, գիտե՞ն ինչ հույսեր էր կապում նրանց հետ: Իմանալով այդքանը, հեչ խղճի խայթ չե՞ն զգում, որ արգելել են այդ երեխաներին ներս մտնել թանգարան, երեխաներ, որոնցից ոմանք գուցե կյանքում առաջին անգամ էին Երեւանում լինում:

Ամեն օր Հայաստանում խոսում են «մշակութային հեղափոխություն» կոչվածի մասին: Ըստ ամենայնի, դա այդպես էլ կարգախոս մնաց, իսկ եթե այն տեղի է ունեցել, Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցների պահվածքը «մշակութային հակահեղափոխություն» է, ամենադասական ձեւով:

Պատկերացնու՞մ եք այդ երեխաներն ինչ կոտրված են վերադարձել գյուղ չե՞ք վախենում, որ նրանց մոտ մի պահ հարց առաջանաՙ բա ո՞ւմ համար ենք պահում սահմանը: Չեք վախենում, որովհետեւ լավ գիտենք, որ նրանք հող ու ջրի մարդիկ են, իսկական հայրենասերներ, որոնք առանց ճառ ու քարոզի ժառանգում, կրում ու կտակում են հայրենիքը: Դուք չեք վախենում, որովհետեւ լավ գիտեք, որ նրանց մոտ այդ հարցը երբեք չի առաջանա, նրանք են մեր հայրենիքը: Այդ երեխաներն են մեր ապագան: Եւ այդ երեխաներըՙ թանգարանների դռներն իրենց առաջ փակող աշխատակիցների երեխաներից հաստատ վատը չեն, պակաս չեն, դեռեւս ավելին...

Նրանք սահմանամերձ գյուղի բնակիչներ են, ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի կրողները, նրանք են իրենց կրծքին վերցնում դեպի Երեւան եկող թշնամու հարվածը, սա ի՞նչ անաղուհաց վերաբերմունք է:

Ամո՛թ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ