ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻՈՆ ՍԵՄԻՆԱՐՈՒՄ Ա. Բ. Հուլիսի 8-ից 12-ը Փարիզից 30 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեց-լա-վիլ բնակավայրում «Ամիգովիլ» ընկերակցության նախաձեռնությամբ երկրորդ անգամ տեղի ունեցավ երաժշտություն ուսանող 10-15 տարեկան երեխաների իմպրովիզացիայի սեմինար, որը վարել են երգեհոնահար Նիկոլաս Ժաքենը եւ ֆրանսահայ կլավեսինահարուհի Սոնյա Տոնապետյանը : Վերջինիս շնորհիվ սեմինարի ինը մասնակիցներն առնչվել են նաեւ հայ մշակույթին: Տոնապետյանը իմպրովիզացիաներ է կատարել Կոմիտասի «Սուրբ, սուրբ» ստեղծագործության թեմաներով եւ երեխաների հետ ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը (Ժան Շամպընուայի թարգմանությամբ), ինչպես նաեւ միասին կատարել են իմպրովիզացիա քոչարիի ոճով: Լիոնում եւ Փարիզի կոնսերվատորիաներում դաշնամուր, կլավեսին եւ երաժշտական մանկավարժության ուսանելուց հետո Սոնյա Տոնապետյանն իր կարիերան սկսել է որպես մենակատար եւ նվագախմբի հետ կատարողՙ միեւնույն ժամանակ դասավանդելով: Ներկայումս նա դասավանդում է Վիլեբոն-սյուր-Իվետի եւ Փարիզի 17-րդ շրջանի կոնսերվատորիաներում: Կատարել է տարբեր տիպի երաժշտություն, 2005-ին ստեղծել է «Ազատագրված կլավեսին» հայեցակարգըՙ ներկայացնելով աշխարհի ժողովուրդների պարեղանակների իր մեկնաբանությունները: Իր առաջին ձայնասկավառակըՙ բուգի-վուգի երաժշտություն կլավեսինով, թողարկվել է 2010-ին: Իր համերգներում Սոնյա Տոնապետյանը մշտապես տեղ է տալիս հայ երաժշտությանը: |