«ԹԱՏՐՈՆԻ ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Դեյվիդ Հեդիսոն (1927-2019) Հուլիսի 18-ին, Լոս Անջելեսում գտնվող իր տանը 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան թատրոնի, կինոյի եւ հեռատեսիլի հայազգի վետերան դերասան Դեյվիդ (Ալ) Հեդիսոնը: Նրա կինոյի եւ հեռատեսիլի ֆիլմագրությունը կազմում է 94 անուն... «Ես ծնյալ Ալբերտ Դեյվիդ Հեդիսոն եմ: Պապս, մինչեւ իմ ծնվելը, ձեւափոխել է այդ անունը Հեդիցյան ազգանունից»,- պատմել է դերասանը: Նրա արմատները Շապին-Գարահիսարից եւ Խարբերդից են: Հեդիսոնի մեծ հորՙ Հարություն Հեդիցյանի երեք որդիները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել են ամերիկյան բանակում: Կրտսերիՙ գոհարավաճառ Արա (Ալբերտ) Հեդիսոնի (1895-1977) ու Ռոզ Պողոսյանի (երկուսն էլՙ ՀԲԸՄ ակտիվիստներ) ընտանիքում էլ 1927-ի մայիսի 20-ին, Փրովիդենսում աշխարհ է եկել ապագա դերասան Դեյվիդ Հեդիսոնը: Մանկուց զբաղվել է սպորտով: Դեռ հինգ տարեկանում որոշել է դառնալ դերասան եւ ոչ «կովբոյ կամ բեյսբոլիստ կամ նման մի բան: Ես ցանկանում էի հենց դերասան դառնալ, իսկ ընտանիքիս թվում էր, թե ինձ հետ մի բան կարգին չէ»,- հետագայում խոստովանել է Հեդիսոնը: Նա նշել է, որ իր դերասանական տաղանդը ժառանգել է տատիցՙ պոլսեցի Սերմա Բոյաջյան-Հեդիցյանից, որը խուսափելով մի թուրք պաշտոնյայի լպիրշ սիրահետումներիցՙ մեկնել է Փարիզ եւ այնտեղ աչքի ընկել հայկական թատերական ներկայացումներում... Երեք տարի ծննդավայրի Բրաուն համալսարան քոլեջում սովորելուց հետո 16-ամյա Դեյվիդը թողել է ծնողական հանգստավետ բնակարանը եւ մեկնել Նյու Յորք, թատերարվեստ է ուսանել տեղի «Նեյբրհուդ» թատրոնումՙ աշակերտելով դերասանուհի Յութա Հագենին: Միաժամանակ, գոյությունը պահպանելու համար, Դեյվիդը ստիպված է եղել ծառայել «Ուոլդորֆ» հյուրանոցում, արծաթե պնակներ փայլեցնել, լինել ռադիոյի խոսնակ, մինչեւ իսկՙ արյան դոնոր: 1956 թ. «Ֆենիքս» թատրոնում Բելյաեւի դերով հանդես է եկել անգլիացի ականավոր դերասան Մայք Ռեդգրեյվի բեմադրած Տուրգենեւի «Մի ամիս գյուղում» վեպի բեմադրության մեջ: Այս դերակատարման համար մրցանակ է շահելՙ առաջինը ճանաչվելով 200 դերասանների մեջ: Շուտով Լիլյան Հելմանի «Աշնանային այգիներ» պիեսում հանդես է եկել հռչակավոր Ֆրեդերիք Մարչի կողքին, որը բարձր է գնահատել կրտսեր խաղընկերոջ արտիստական կարողություններըՙ նրան անվանելով «թատրոնի ամենապայծառ մարդկանցից մեկը»: Այս դերակատարումն էլ նշանավորվել է «Բարթեր» թատերական մրցանակով: Բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, բաց սրճագույն աչքերով, գեղադեմ Դեյվիդ Հեդիսոնը կինո է մուտք գործել 1957-ինՙ «Թշնամին ներքեւում է» ժապավենով: Պայմանագիր կնքելով «Քսաներորդ դար Ֆոքս» կինոընկերության հետՙ էկրանին երեւացել է Կուրտ Նյումենի «Ճանճը» (1958), Ջեյմիի (Ջորջ Շերմանի «Ռոբին Հուդի որդին», 1959), Էդ Մալոունի (Իրվին Ալենի «Կորուսյալ աշխարհ», 1960), Դեյվիդ Չեթֆիլդի (Ռաուլ Ուալշի «Ծովայիններ, առա՛ջ», 1961), Փիլիպպոսի (Սեսիլ Բ. դե Միլի «Երբեւէ պատմված ամենամեծ պատմությունը», 1965) եւ այլ դերերով: Սկզբնապես հանդես է եկել Ալ Հեդիսոն անվամբ: Հետագայում, երբ նա արդեն գրվել է Դեյվիդ անունով, մի զվարճալի դեպք է տեղի ունեցել: Մի տիկին նրան նամակով հարցրել է, թե Դեյվիդն արդյոք Ալ Հեդիսոնի ազգականը չէ՞ՙ միաժամանակ հարկ համարելով նշել, որ թեեւ Դեյվիդ Հեդիսոնը լավ է նայվում, սակայն Ալ Հեդիսոնն ավելի լավ դերասան է... Դեյվիդ Հեդիսոնը նկարահանվել է նաեւ Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոֆիլմերումՙ Գայ Համիլթոնի «Ապրիր, եւ թող մեռնեն» (1973), Էնդրյու Վ. Մքլագենի «Զավթում Հյուսիսային ծովում» (1980) եւ այլն: Հեդիսոնի մարմնավորած հերոսներին կարող ենք հանդիպել նաեւ մի շարք ամերիկյան եւ անգլիական հեռուստաֆիլմերում (Բոբ Սթիվենսի «Հինգ մատ», «Ուղեւորություն ծովի խորքը», «Էսթելը, Ռութը եւ Ջենիֆերը», «Ջենի Դոլանի սերերը», «Թագուհու արկածները» եւ այլն): Բազմաթիվ դերեր է կատարել նաեւ հեռուստաշարքերում եւ թատրոնում (Թենեսի Ուիլյամսի «Ամառ եւ ծուխ», Նիլ Սայմոնի «Երկրորդ գլուխ» եւ այլն): 1991-1996 թթ. նա եղել է «Ուրիշ աշխարհ» հեռուստաթերթոնի դերակատար: Թատրոնում նրա վերջին դերակատարումներն էինՙ Լոս Անջելեսում ներկայացված «Հասմիկի բույրը» (2006), «Քեռի Վանյա» Օ2008), «Բալի այգին» (2009) եւ «Ամուսնական խաղ» (2016) թատերախաղերում: Դեյվիդ Հեդիսոնը զբաղվել է տարբեր մարզաձեւերով (ձիարշավ, լող, դահուկ, թենիս), սիրել է հավաքել հին ձեռագրեր: Դերասանն անմասն չի մնացել ամերիկահայ կյանքից: Նա եղել է ՀԲԸՄ անդամ, 1980-ին մասնակցել է «Լու Գրանտ» հեռուստածրագրի «Ուշադրության կենտրոնում հայերն են» մասում: Դերասանը որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել կինոաստղ Գարի Քուփերի դստերՙ դերասանուհի Մարիա Քուփերի հետ: Սակայն Դեյվիդ Հեդիսոնն ի վերջո ամուսնացել է Բրիջեթ Ֆելիսիթի Մորիի հետ եւ ունեցել երկու դուստր: Նրա երկրորդ դուստրըՙ Սիրենա Ռոզը, ծնված 1974-ին, մկրտվել է հայկական եկեղեցումՙ Սիրանույշ անվամբ (կնքահայրը եղել է հայազգի դերասան Մայք Քանըրզը): Իսկ ավագ դուստրըՙ Ալեքսանդրա Մերի Հեդիսոնը (ծնված 1969-ին), գնացել է հոր ճանապարհով, նկարահանվել մի շարք ֆիլմերում, սակայն ավելի հայտնի է որպես հոլիվուդյան նշանավոր կինոդերասանուհի Ջոդի Ֆոսթերի հետ կնքած իր ամուսնությամբ... |