«ԱՐՓԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ Հ.Ծ. «Արփա» միջազգային 22-րդ կինոփառատոնը նախատեսված է այս տարի անցկացնել նոյեմբերի 8-10-ը հոլիվուդյան վետերաններին պատկանող «Legion Post 43» թատրոնում: Տասնչորս տարի շարունակ կինոփառատոնը անց է կացվել Հոլիվուդի եգիպտական թատրոնում, բայց ներկայիս «Netflix-ը» այն գնել է եւ վերանորոգում է: «Legion Post 43» թատրոնը, որը հոլիվուդյան լեգենդներ դարձած Համֆրի Բոգարդի, Չարլտոն Հեստոնի, Կլարք Գեյբլի եւ Շիրլի Թեմպլի նման աստղերի շնորհքն է վայելել, հիմնովին վերանորոգված կինոթատրոն եւ միջոցառումներ անցկացնելու վայր է դարձել, եւ կինոփառատոնի կազմակերպիչ հանձնախումբը խոստացել է ամեն ջանք գործադրել, որ փառատոնը պահպանի իր հեղինակությունը: Նոր սարքավորումներով եւ ձայնային ժամանակակից համակարգով հագեցած 1929-ին կառուցված պատմական այդ շենքում այս տարի եւս ցուցադրվելու են լավագույն կարճամետրաժ, լիամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր: Դրանցից մեկը, որը բացման օրն է ցուցադրվելու «Sand and Fire» (Ավազ եւ կրակ) խորագրով մարոկկոցի ռեժիսոր Սուհեյլ Բեն Բարկայի ֆիլմն է, որ 17-րդ դարում տեղի ունեցած էպիկական պատմություն էՙ ներկայացված միջազգային համբավ վայելող աստղաբույլի կողմից: «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվությունը նշում է, որ ֆիլմարտադրողի տատիկը հայկական ծագում ունի եւ ֆիլմում հնչելու է «Դլե Յամանի» երաժշտությունը: |