RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-12 20:52:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 522, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԲԱԼԵՏԻ ՈՉ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորից կռիվ է ընկել: Այս անգամ, ինչպես բալետի արտիստներն են ասում, ընտանեկան վեճ է, բայց ստիպված են հանրային հնչեղություն տալ, որովհետեւ իրենց բողոքները տեղ չեն հասնում: Թատրոնի բալետային կազմըՙ ղեկավարներից մինչեւ շարքային պարողներ, դժգոհում են խմբի ղեկավար ու գլխավոր փորձավար Արմեն Գրիգորյանից: Պատմում են, որ նա աջուձախ վիրավորում է բոլորին, կոպիտ վարվելաձեւ դրսեւորում, անհանդուրժող ու անբարյացակամ է, մեծ ու փոքր չի ճանաչում. օրինակՙ փորձի ժամանակ կարող է ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի ձեռքից բարձրախոսը խլել ու ասելՙ սա իմ թատրոնն է, արեք այնպես, ինչպես ես եմ ասում:

Բանն այն է, որ այսօրվա բալետի արտիստներից շատերին դեռ պարարվեստի ուսումնարանում Արմեն Գրիգորյանն է բալետի առաջին էլեմենտներըՙ ուղիղ կանգնել սովորեցրել, ու 30-35 տարեկան պարողները նրա համար դեռ այն ժամանակվա երեխաներն են: Եկեք ընդունենք, որ վաստակ ու ավանդ ունեցող շատ վարպետներ անգամ տասնամյակներ անց նույնկերպ են վերաբերվում իրենց սաներին: Երջանկահիշատակ Սոս Սարգսյանը, որքան էլ սիրեր ու գնահատեր իր թատրոնի արտիստներին, նրանք մինչեւ վերջ էլ իր համար մնացին 17-18 տարեկան երեխաներ: Այդպիսին էր նաեւ Ալբերտ Մկրտչյանը, այդպիսին էր Վանուշ Խանամիրյանը, այդպիսին էր Սուրեն Գյանջումյանը: Այդպիսն ենք մենքՙ բոլորս, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս: Արվեստի, հանդիսատեսի նկատմամբ բարձր պատասխանատվությունը Վարպետներին հաճախ է ստիպում ծայրահեղ վարքագիծ դրսեւորել: Նրանց համոզմունքն էՙ որակը, ճաշակը, գեղագիտությունը քրտնաջան, անդուլ աշխատանքի, կարգուկանոնի ու բարեխղճության գրավականն են: Այդ սկզբունքը նրանք որդեգրել են ի սկզբանե ու անգամ հարազատ զավակին չեն խնայի հանուն այդ սկզբունքի պահպանման:

Պատմում են, որ Արմեն Գրիգորյանը չափազանց խիստ ու պահանջկոտ է եղել նաեւ հարազատ որդու նկատմամբ, որը բալետի հայտնի աստղ է դարձել: Ոմանք բախտ են ունեցել տեսնելու, թե փորձերի ժամանակ ինչ անզիջում ու խիստ էր հարազատ որդու նկատմամբ Նորայր Մեհրաբյանը: Սխալի համար նա մեկ ուրիշ արտիստի պարզապես դիտողություն էր անում, իսկ երբ որդինՙ Արսենն էր սխալվում, Վարպետը բարկությունից ուղղակի պայթում էր: Իրենց հայրերի խստության ու պահանջկոտության շնորհիվ է, որ Արսեն Մեհրաբյանն ու Արման Գրիգորյանը նվաճել են աշխարհի հեղինակավոր բեմերը: Նրանք 2006-ին ստեղծել են եվրոպական «Հզոր զգացմունքներ» պարային շրջիկ խումբը, որտեղ ներգրավված են իրենց նման եւս 3 հայ պարողներ, որոնք ունեցել են Արմեն Գրիգորյանի նման խիստ, պահանջկոտ ու կարգապահ ուսուցիչներ: Բալետի աշխարհում Արմեն Գրիգորյանին լավ են ճանաչում, գիտեն, որ նա բարդ ու դժվար խառնվածք ունի, ժամանակի ընթացքում շատերը չեն կարողացել հանդուրժել նրա կամայական վարքագիծը, ինչի պատճառով տարաձայնություններ են առաջացել:

Հերթականն օպերային թատրոնում է ու հասել է կուլմիանցիային. բալետի խումբը բազմաթիվ նամակներ է գրել տնօրեն Կարինե Կիրակոսյանին ու գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանինՙ պահանջելով լուծել խնդիրը, աշխատանքից հեռացնել Արմեն Գրիգորյանին, իրենք հրաժարվում են աշխատել նրա հետ: Ի պատասխան նամակներիՙ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը հորդորել են մի քիչ էլ սպասել, ժամանակ տալ, որպեսզի Արմեն Գրիգորյանը վերանայի իր պահվածքը: Նրան աշխատանքից հեռացնելու պահանջը թատրոնի տնօրենությունը չի կատարելՙ պատճառաբանելով, թե դրա համար ոչ մի հիմնավորում չկա: Միջանձնային անբարյացակամ հարաբերությունները հիմնավոր պատճառ չեն: Սակայն բալետի արտիստները չեն ընկրկում, շարունակում են պայքարել: Ո՛չ Արմեն Գրիգորյանի ավանդն ու վաստակը, ո՛չ տարիքն ու կշիռը, ո՛չ հայ բեմարվեստի նկատմամբ նրա բարձր պատասխանատվությունն ու արտիստներ կրթելու հմտությունները դեր չեն խաղում: Նաեւ դեր չի խաղում, որ Արմեն Գրիգորյանը խստապահանջ է, չի հանդուրժում, երբ որեւէ մեկը փորձից ուշանում է, բոլորից կարգապահություն ու իրենց մասնագիտության նկատմամբ պատասխանատվություն է պահանջում:

Բալետն արվեստ է, դասական արվեստ, որ պահանջում է ամենօրյա, ամենժամյա տքնաջան աշխատանք, հետեւողականություն, ձգտում. մի փոքր թերացումՙ եւ ամեն ինչ հօդս կցնդի, ամբողջ խմբի մեջ թեկուզ մեկ հոգու անպարտաճանաչություն, եւ այդ օրվա փորձն ուղղակի կտապալվի: Բալետը թիմային մտածողություն, թիմային աշխատանք է պահանջում. հենց այդ պահանջն ու պատասխանատվությունն է բալետի արտիստների մեջ փորձում սերմանել Արմեն Գրիգորյանը: Իհարկե, նրա մեթոդները կոպիտ են, բայց տասնամյակների փորձը ցույց է տվել, որ արդյունավետ են: Նրա հավակնությունները միայն արվեստին են հանգում. նա իր կոպիտ վերաբերմունքով ձգտում է նուրբ բեմարվեստ, կատարյալ կերպարներ, անթերի պար կերտել, բայց երիտասարադ պարողներին դա դուր չի գալիս:

Ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վիլեն Գալստյանը դեռ մի քանի տարի առաջ մեր օպերային թատրոնի բալետի խմբի ղեկավարի դերում պատկերացրել է վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին: Բայց արի ու տես, որ Ռուսաստանից Արմեն Գրիգորյանին բերեցին ու նշանակեցին բալետի խմբի ղեկավար: Ռուբեն Մուրադյանը, Սերգեյ Սաֆարյանը, Սեւակ Ավետիսյանն Արմեն Գրիգորյանի դեմ ամենաակտիվ բողոքողներն են: Սեւակ Ավետիսյանը պատմեց, որ Արմեն Գրիգորյանն իրեն հորդորել է հրաժարվել «Սպարտակ» ներկայացման Սպարտակի դերից. պատճառաբանել է, թե նա Սպարտակի համար շատ նիհար է: Այս պատճառաբանությունը շատ է վրդովեցրել Սեւակին, ոչ միայն վրդովեցրել, նաեւ ինքանսիրությունն է վիրավորել: Իսկ միգուցե Արմեն Գրիգորյանը դարձյալ խոսել է արվեստի շահերի՞ց. անկախ այն բանից, թե արտիստը կապվում է իր դերի հետ, արտիստին այդ դերով են ճանաչում, չէ՞ որ գոյություն ունի բեմի, ներկայացման պահանջ, որն անզիջում է, հաճախՙ անողոք ու դաժան: Ժամանակին տվյալ դերի համար անփոխարինելի արտիստը տարբեր պատճառներով մի օր օտարվում է իր հարազատ դերից, որովհետւ բեմը պահանջում է նոր դեմքեր, սերնդափոխություն: Դերն ու կերպարը հավերժ չեն կարող ձուլված մնալ. դերը հավերժ է, դերակատարներըՙ ժամանակավոր: Արտիստները չպետք է դա ցավով ու հիվանդագին ընդունեն:

Հիմա եկել-հասել ենք մի կետի, երբ պատճառահետեւանքային կապերը, միջանձնային հարաբերությունները, արվեստի պահանջներն ու արվեստից դուրս պահանջները խճճվել են, «նոր» Հայաստանում լեգենդների լեգենդ լինելը հաշվի չի առնվում: Լեգենդ ես, թե ոչ լեգենդ, հանգիստ նստիր տեղդ. լեգենդ ես, թե ոչ լեգենդ, իրավունք չունես թեկուզ հանուն արվեստի դիմացինին թթու խոսք ասել, հիշեցնել, որ աչքի վերեւ հոնք կա:

Օպերային թատրոնի «ընտանեկան» հակամարտությանը տեղյակ է նաեւ մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը. փորձել է շտկել հարաբերությունները, բոլորին ընդհանուր հայտարարի բերել: Բայց բալետի խմբի արտիստները կարծում են, որ փոխնախարարն ի զորու չէ խնդիրը լուծել եւ իզուր է իրենցից ժամանակ խնդրել: Իրենք անդրդվելի են, չեն ուզում աշխատել Արմեն Գրիգորյան հետ եւ վե՛րջ: «Մեղադրյալից» ու ընդհանրապես օպերային թատրոնի ղեկավարությունից դեռ արձագանք չկա: Հուսանքՙ կլինի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ