ՏԵՐ ԼԻՆԵՆՔ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ամիսներ ի վեր գերմանական մեդիան հրապարակ է հանել գրական նոր անունՙ Կատերինա Փոլադյան , որի վերջին գերմաներեն վեպը, հայերեն բառացի թարգմանությամբՙ «Այստեղ են առյուծները» (Hier sind LՓwen) առիթ է տվել նրա մասին ոչ միայն գովեստի խոսքեր շռայլել, այլեւ ներկայացնել առաջիկա հոկտեմբերին կայանալիք գերմանական գրքի մրցանակին: Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի շրջանականերում (որ այս տարի կայանալու է հոկտեմբերի 18-20-ը). գերմանական գրաշուկայիՙ առեւտրային բորսաների միավորումը 2005- ից ի վեր ընտրում է տարվա գերմանալեզու լավագույն վեպը: Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի հրատարակչությունները տարվաՙ հոկտեմբերից սեպտեմբեր լույս տեսած իրենց արտադրանքըՙ առավելագույնը 2 հրատարակություն կարող են ներկայացնել ամենամյա դարձած այս մրցույթին: Մայնի Ֆրանկֆուրտի հայտնի «Ֆիշեր» (S. Fischer) հրատարակչությունը 2019- ին ներկայացրել է մեր հայրենակից Կատերինա Փոլադյանի 288 էջանոց վեպը: Գրքի գինըՙ 22 եվրո է: Փոլադյանի ինքնակենսագրական վեպը, որի գրական արժանիքների մասին չեն վարանում շեշտել գերմանացի հոդվածագիրները, Հայոց ցեղասպանության թեման է արծարծում. Վերապրող պապի հուշերի արձանագրություն- փաստագրություն չէ Փոլադյանի գրական երկը, հուշը ընձյուղվելՙ առօրյայից անբաժան որոնում է դարձել գրական այս երկում: Վեպի մասին յուրաքանչյուր գրախոսություն գերմանալեզու տարածքում 2019- ին վերաշրջանառեց մեր պատմության ամենաողբերգական ու հատուցման սպասող թեման: 2015, 16- ին, Բունդեսթագի բանաձեւին ընդառաջ գերմանալեզու ԶԼՄ -ները հաճախ էին անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային, բազմաթիվ արժեքավոր հոդվածներ ու գրքեր հրատարակվեցին, ինչի մասին ժամանակին իրազեկել ենք, բայց թեմայի վերարծարծումը անվերջանալի հրատապ ու պահանջված պետք է լինի այնքան ժամանակ, քանի Բունդեսթագի բանաձեւը դաշնային կառավարության համար պարտադիր բնույթ, օրենքի ուժ չունի: 1970- ականների վերջին Գերմանիա տեղափոխված ու այնտեղ ուսումնառած Փոլադյանը ծնվել 1971- ին Մոսկվայում: Նա երեք վեպի հեղինակ լինելուց բացի դերասանուհի է, իր մասնագիտական ունակությունները փորձում է կինոյում, գրական ստեղծագործությունների ընթերցմամբ ձայնագրություններ ունի: Ըստ գերմանական ԶԼՄ- ների տեղեկությունների, Ցեղասպանության մասին վեպը հեղինակի գրական երրորդ ստեղծագործությունն է, «ամենահաջողվածը, ուշադրության, ընթերցանության արժանի գրական ստեղծագործություն», ինչպես ընդգծում է գերմանական մամուլը Փոլադյանի վեպի մասին: Դեռ առիթ կլինի մեր թերթի էջերում անդրադառնալու գերմանալեզու այս վեպին, իսկ միջանկյալ մի առաջարկՙ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցող Հայաստանի տաղավարում միգուցե ճիշտ կլինի հանդիպում կազմակերպել Կատերինա Փոլադյանի հետ, հեղինակ, որի հաղթանակին գերմանացիների հետ սպասում ենք: |