ՀՈՒԶԱՄՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ «ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆԵՐ»-Ը Իրականությունն իր համար երազ դարձնելու նկարչի մեծ ցանկությունը անկասկած փոխանցվում է նաեւ նրանց, ովքեր կտավի գույնի շարժման լեզուն զգալ գիտեն, իսկ եթե կարդում են, կարելի է նաեւ ճամփորդել դրանց միջով: Յուրաքանչյուր կտավ, գունային հարմոնիայի ամեն երանգ երեւակայական աշխարհի դռներն է բացումՙ ընդամենը մտածողության ազատ վիճակ ստեղծելով, որից պիտի «օգտվել» պարզապես... Արամ Իսաբեկյանի «Իրականության երազներ» նկարաշարը վերջին երկու տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքն է, որ ներկայացնում է բոլորովին տարբեր նկարչություն, ինչը սովոր էինք տեսնել մինչ այդ նրա արվեստում: Դրանք հայտնի են արվեստասեր մարդկանցՙ որպես նկարչություն դասական ձեւի մեջ, ոճային բազմազանությամբ` նատյուրմորտների, դիմանկարների, բնանկարների կոմպոզիցիաների դրսեւորումներ: Անցումը նոր ուղղության թվում է կտրուկ շրջադարձ, ոչ միայն ֆիգուրատիվից անցում է դեպի աբստրակցիա, նաեւ, եւ հատկապեսՙ գունային նոր միջավայրի բացահայտումներ են: Աբստրակցիոնիզմին անցնելը սակայն պատահական չէՙ պայմանավորված մշտապես նորի որոնումներով հայտնի արվեստագետի ներքին վիճակով: Ըստ ամենայնի, նրա գեղարվեստական մտածողությունն ու արտահատչաձեւերը ստեղծագործական այս փուլում աբստրակցիայի մեջ են կենսունակ: Աշխատանքների վերջին շարքըՙ հիմնականում մեծածավալ կտավներ, զգայությունների եւ տրամադրությունների գունային հագեցած սիմֆոնիա է, ինչը զգալու հնարավորությունը տվեց Նկարիչների միության սրահում հրաշալի կազմակերպած էքսպոզիցիան: Նկարները, որ քանակային առումով բավական շատ են, ընդգրկելի են մեկ ընդհանուր հայացքի ծիրում. դրանք դիտվում են որպես մեկ ամբողջություն, միմյանց հաջորդում են բնականորեն, ինչպես առավոտը գիշերվան, լույսն ու մութը, արեւածագն ու արեւամուտը, ասել է թե կյանքի շարունակական պատմություն, որ սովորականից վերածվել է երազայինի: Նկարիչը կարծես ինքնախոստովանության շարք է ներկայացրել. նկարները պատմում են ոչ թե կյանքի արտաքին շարժի մասին, այլ հետեւում են մտքերի ու հույզերի ընթացքին: Ինքնին այսպիսի վիճակը թելադրում է դրսեւորման համապատասխան ընտրությունՙ ձեւից վերացարկվելու միջոց, իսկ հուզամտային այսպիսի հոսքի տեղավորումը կանոնիկ կաղապարների մեջ, պիտի որ անհամատեղելի լինի: Թեեւ հեղինակը այդքան էլ համաձայն չէ այս նոր աշխատանքները աբստրակցիոնիստական նկարչություն համարելուն, այդպես էլ ասաց ցուցահանդեսի բացման իր խոսքում, սակայն գունային այս տարածումները, պատկերների այսպիսի ծավալումներիՙ զգացողական դաշտ տեղափոխելը իրականության մի նոր աշխարհ ստեղծել է, որ սովորաբար արվեստագետների համար գուցե նաեւ փախուստի մի ձեւ է ամենօրյա հոգնեցնող ռեալություններից... Այս տարվա սեպտեմբերի 20-ը հիշարժան օր է Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտորի կյանքում, առհասարակ սեպտեմբերը այդպիսի ամիս է նրա համար: Ծնվել է սեպտեմբերի 26-ին, այս նույն օրը 25 տարի առաջ ստանձնեց ռեկտորի պարտականությունը, պատվախնդիր ու պատասխանատու ճանապարհ անցավՙ այն դժվար տարիներին, փլուզվող ժամանակներում պահպանելու քանդման եզրին գտնվող ուսումնական հաստատությունը, ապա եւ նվիրումի ու ջանքերի շնորհիվ այն դարձնելու ժամանակակից, առաջատար բուհ: Նշանավոր արվեստագետների զավակ լինելովՙ նա ժառանգաբար ստացել է նկարելու շնորհը, սակայն միաժամանակ բնությունից իր մեջ դրված է անհատական վերաբերմունք ու գնահատություն առհասարակ կյանքի դրական երեւույթների ու գեղեցկության նկատմամբ, եւ սա նույնպես շնորհ է...: Նա հաճախ է ասում, որ իր նկարչությունը իր կյանքի ուղղակի արտացոլանքն է. այս նոր ուղղության մեջ նկարչի կերպարի բացահայտումը հանրությանը կատարվեց դարձյալ սեպտեմբերին: Այս նույն օրը, մինչեւ ցուցահանդեսի բացումը նա արժանացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչմանը: Այս մասին ցուցահանդեսի մասնակիցներին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորանքի հետ ստեղծագործական երկար ու արգասաբեր ճանապարհ մաղթելով հեղինակին: Նմանապես Նկարիչների միության կողմից ջերմ շնորհավորանք հղեց ՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը: ...Գունային ազատությունը, որով հագեցած է այս նոր իրականությունը, տոնական վիճակներ էր ստեղծել սրահում, ակնհայտ բաց տարածություն, անկաշկանդ գեղեցկություն, որի յուրաքանչյուր անկյունում տրոփում է բնության սիրտը: Ես կարծում եմՙ նկարների այս նոր շարքը ձոն է բնությանը, երախտագիտության մի տուրք բնությանՙ մեզ շռայլած բարիքին, գեղեցկությանն ու վսեմ խորհրդին... Եվ հետաքրքրական է, որ այս ցուցահանդեսի բացումը կատարվեց հենց սեպտեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում բնապահպանական շարժում էր ընթանում, եւ նկարներն էլ ծնվել են բնության մեջ, բնության խորը զգացողությամբ ու ընկալումով: Բնության հետ Արամ Իսաբեկյանը մտերմացել է վաղուց, այդ կապը հասած է կատարյալ ներդաշնակության, որի շարժերին ու գույներին հետեւելով է, որ վրձինը փոխադրվեց աբստրակցիայի դաշտ. «Ի՞նչ են բնության շարժերը, տարերքն ու փոփոխությունների անվերջանալի հոսքը, եթե ոչՙ աբստրակցիա...»: Յուրաքանչյուր նոր պատկերի ետեւում մարդկային կյանքի ու հոգու շարժ է, լեցուն դրական լիցքերով, լավատեսության, բաց տրամադրությունների երփնագրեր... «Կանաչի երանգները»ՙ իր այգին է, տերեւներիՙ վերեւից հոսքով, «Կապույտ էքսպրեսիա», «Կապույտ խորություն», «Վաղ առավոտ. թարմություն»ՙ բերկրանք է, հանգստության կատարյալ զգացողությամբ, «Բարի լուր»ՙ մանկական ժպիտ է կարծես, «Մեր երկիրը»ՙ կենարար աղբյուր, մաքուր ջրերի հոսքով: Անսովոր հեքիաթային, երազային մի խաղ է «Այգիս ձմռանը» կտավը, ասես Սուրբ Ծննդյան օրվա մեղեդի հոսում է գույնից: «Ուխտավորներ», - այս նկարում ուրվագծված պատկերները սրբավայրեր են, խորը, մուգ կապույտ ջրերից բաժանվող կամ միացող գոթական տաճարների շարք, որոնց մոտենալ են փորձում հավատավորները, եւ զգացողությունը ոչ միայն անմիջական ու փոխանցելի, նաեւ իրական է: «Տրամադրությունների» շարքըՙ տարաբնույթ, ինչպես եւ սպասելի է, ցածր ու բարձր նոտաներով, օվկիանոսի տարերքն ամփոփած փոքրածավալ կտավներում... «Թագավորն ու Թագուհին»ՙ սեւին հանդիսավոր ոսկեզօծումներով: Եվ իհարկեՙ «Գարունն այգում» հրաշալի գործըՙ պոստիմպրեսիոնիստական ոճով, Վանգոգյան գունասփռումներով : Ահա ինչպիսին կարող է լինել բնության ուժը, ինչը նա զգացել է քաղաքային կյանքից հեռու, Աշտարակի իր տանը, իր այգուց ստացած ջերմությամբ: Այս այգին է, որ դարձել է իր նկարչության տարածական ներշնչանքի օբյեկտ: Սա բնությունը սիրողի հայացք չէ միայն, այլ ամենօրյա հոգ տանողի վերաբերմունք, խորքային ըմբռնում, վերապրում, իրեն բնության մի մասնիկը զգալու, նրա շարժի մասնակիցը դարձնելու, նրա օրինաչափությունների մեջ հավասարակշռություն եւ անդորր գտնողի սեր: Տարիներ առաջ ստեղծած «Իմ այգին» նկարաշարը վիզուալ պատկերումն է ծառերի, թփերի, ծաղկաբույսերի, լույսի ու ստվերի շարժի արտացոլանք, օդի թափանցիկություն, կանաչի առավոտվա թարմություն. մի տեսակ մեծարենցյան շունչ կա այստեղ, քնարականություն: «Իրականության երազները» այս այգու շարունակության խորքային տարբերակն է, որտեղ մակերեսըՙ պարզ տեսողականը տրանսֆորմացվել է հոգեւոր ճանաչողության, երբ նկարիչն ունի այլ փորձՙ բնության տարերքի ու շարժման էության զգացողության, դրան մերձենալու ու դրա մեջ թափանցելու վիճակների, երբ մտքերի հոսքը զուգահեռվել, ներդաշնակվել է բնության խորհրդին: Արամ Իսաբեկյանի արվեստը համարում են ինտելեկտուալ նկարչություն, եւ այս նոր ուղղության մեջ դա ավելի ակնհայտ է դրսեւորվում. ուշադիր հայացքը տեսնում է առօրեականությունից, պատկերից ու ձեւից վերացարկված նոր աշխարհ, մտաշխարհային շողարձակումներ, որ նրան թելադրել է բնության մեջ, հողին ու երկնքին մոտ, քաղաքային աղմուկից հեռու իր ներկա ապրելակերպի ճշմարտությունը: Սա ներհայեցողական վիճակ է, ինքնազրույց, կամ զրույց բնության հետ, մարդու աշխարհից մեկուսի գեղեցկություն, որ նկարիչն անվանել է իրականության երազներ... Նկար 2. Լուսանկարները' Մեսրոպ Մեսրոպյանի |