RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 20:41:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 459, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԵՐԿՈՒ ԲԱՌ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեռավոր Կանադայում իր մահկանացուն կնքեց քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, ավարտվեց արվեստագետի երկրային ուղին: Իր անվան կողքին ամեն տեսակ գերադրական մակդիրներըՙ բացառիկ, մեծատաղանդ եւ այլն, այսօր պարզապես ավելորդ են, որովհետեւ նա արվեստագետ էր կամոքն Աստծո, Աստծո տված ձիրքով ու տաղանդով: Երկրային կյանքի դուռը փակվեց իր ետեւից, արվեստագետի մահով իր ստեղծագործությունը ամբողջացավ, հասավ իր լրումին:

Այսօր իր անձն ու իր կերպարը հեռանում են դեպի անցյալ, դեպի իր ստեղծագործական կյանքի փայլուն սկիզբը, իր վերելքը, իր հրաշալի հայտնությունը, ինչպես ասում են, հայ արվեստի երկնակամարում, դեպի 1960-ական թվականները, երբ նա 1962-ին Պրահայի միջազգային ցուցահանդեսում շահեց իր առաջին պատվավոր մրցանակը:

1960-ական թվականները մեր ազգային գիտակցության արթնության եւ վերելքի տարիներն էին, մեր հոգեկան վերելքի, մեր ժողովրդի ստեղծագործական կարողության վերելքի տարիները: Մեր ազգային գիտակցությունը մտածումներ եւ գաղափարներ, մղումներ եւ բաղձանքներ, հղացումներ եւ մտադրություններ ուներ, որոնք իրականացում էին հայցում, որոնք պետք է մարմին ու առարկայական կերպար ստանային: Եվ մեր պատմության կամքով ասպարեզ մտավ մեծատաղանդ արվեստագետների մի խումբ,- այստեղ մակդիրն արդեն անհրաժեշտ է,- որին վիճակված էր այդ ամենը արվեստի լեզվով արտահայտելու, դարձնելու բարձր արվեստ, ձեւ ու մարմին տալու մեր ժողովրդի նվիրական մտածումներին ու գաղափարներին: Այդ արվեստագետներից մեկը, եւ առաջիններից մեկը, իհարկե, քանդակագործ Արտո Չաքմաքչյանն էր:

Իբրեւ արվեստագետ նրանք ծնվել էին սահմանափակ տարածության մեջ, ինչը,- հայտնի բան է,- զգուշավորություն, ահ եւ երկյուղ է ծնում: Բայց նրանք ռոմանտիկներ էին, մտածումի ու գաղափարի ըմբոստ մարտիկներ, ըմբոստՙ իրենց համոզմունքներով ու մտածումներով, գեղագիտական այլախոհությամբ եւ գեղարվեստական անհաշտությամբ: Նրանք համառ էին իրենց նպատակամղված ընթացքով, անզիջում եւ անկաշառ, ուստի եւ պետք է, այսպես թե այնպես, ինչպես ասում են, տեղ հասնեին: Եվ հասան, երբեմն նույնիսկ շատ թանկ վճարելով իրենց արվեստի դիմաց:

1962 թվականի սեպտեմբերին իտալական «Realta Sovetica» (Հռոմ) ամսագրում տպագրվում է Նատալի Ռակոյի «Արտո Չաքմաքչյանի արվեստը» խորագրով հոդվածը: Դա առիթ էր, որ սկսվի խաչակրաց արշավանք այլեւս ֆորմալիստ հռչակված երիտասարդ արվեստագետի դեմ: Սա երկար եւ տհաճ պատմություն է: Ցավալին այն է, որ այդ վերաբերմունքը տեւում է շատ երկար, ըստ իսՙ մինչեւ այսօր: Արտո Չաքմաքչյանըՙ միջազգային մեծ մրցանակներ, չեմ վարանում ասելուՙ միջազգային մեծ ճանաչում ունեցող քանդակագործը Երեւանում 1963-ին Ֆիզիկայի ինստիտուտի բակում դրված «Արուս»-ից («Հայկական սֆինքս») բացի այլ քանդակ չունի: Նախ խորհրդային ռեժիմն էր իր ամարդկային բոլշեւիկյան գաղափարախոսությամբ, հետոՙ նոր Հայաստանի տգետ ու հակամշակութային իշխանությունները եւ նրանց հետՙ ապիկարների, համբակների ու գորշ միջակությունների հարձակողական ոհմակը...:

1975-ից ի վեր Արտո Չաքմաքչյանը ապրում էր Կանադայում, բայց ճշմարիտ արվեստագետը որտեղ էլ որ ապրի, որտեղ էլ որ լինի նրա կեցությունը, միշտ հայրենիքում է, միայն եւ միայն հայրենիքում, որովհետեւ մարդ չի կարող հյուր լինել իր տանը: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Արտո Չաքմաքչյանը իր ողջ ստեղծագործությունըՙ քանդակները, գծանկարները, նկարչական բոլոր գործերը բաց նամակով, որ ժամանակին տպագրվել է մեր մամուլում, նվիրել է Հայաստանին: Թեեւ զանազան պատճառներով այդ հարուստ ժառանգությունը դեռեւս մնում է Կանադայում, դեռեւս Հայաստանում չէ, բայց ես համոզված եմ, ես հավատում եմ, որ մի օր այդ հարստությունը հասնելու է Հայաստան եւ մատչելի է լինելու մեր ժողովրդին:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունը հարուստ ու խորը արվեստ է: Նրա արվեստի շուրջ այսօր ստեղծվել է ծավալուն եւ բովանդակալից գրականություն, եւ հիմնականում օտար լեզուներով: Արտո Չաքմաքչյանի արվեստը անցել է շատ հետաքրքրական ճանապարհ, ունեցել է բարդ շրջաններ, ընթացք եւ զարգացում, նեոռոմանտիզմից դեպի հեգնական խորք եւ այնուհետ դեպի թափանցող քննական, վերլուծական մոտեցումՙ սատիրա, սարկազմ եւ գրոտեսկ... Եվ իր արվեստը այսօր, իր հրաժեշտի ժամին, կարիք չունի հավաստիացումների ու ջատագովության, մեծարանքի, գովաբանության ու բարձրագոչ խոսքերի:

Երբ մեծատաղանդ արվեստագետը երկար կյանք է ապրում եւ իրագործում է իր ստեղծագործական բոլոր կամ գրեթե բոլոր մտահղացումները, երբ իր արվեստը հասնում է մեծ ճանաչումի եւ գնահատության եւ երբ հասնում է անխուսափելի պահը եւ նա հեռանում է կյանքից, իր հեռացումից հետո ժամանակակիցների մեջ մնում է,- թող զարմանալի կամ արտառոց չթվա,- շնորհակալությամբ լեցուն հոգեկան խաղաղության եւ անդորրի, թող սրբապղծություն չթվաՙ նույնիսկ լուսավոր երջանկության զգացում:

Ախր մեր գրողների ու արվեստագետների մեծ մասի կյանքը եղել է շատ կարճ, նույնիսկ չափազանց կարճ ու ողբերգականՙ դաժան ու անբուժելի հիվանդություն, 1915-ինՙ թուրքական յաթաղան, 1937-ինՙ խորհրդային համակենտրոնացման ճամբարներ եւ գնդակահարություն, հետո էլՙ առեղծվածային ավտովթար կամ անհասկանալի, անբացատրելի ու անհեթեթ վրաերթ...

Արտո Չաքմաքչյանը ապրեց երկար կյանք ու ստեղծագործեց շատերի փոխարեն, նաեւՙ նրանց փոխարեն: Ես քանիցս առիթ եմ ունեցել խոսելու եւ գրելու Արտո Չաքմաքչյանի ու իր արվեստի մասին, ես գրել եմ հայաստանյան իր երկու մեծադիր պատկերագրքերի տեքստերը եւ այսօր խաղաղ սրտով եմ հրաժեշտի խոսք ասում սիրելի մարդուն եւ արվեստագետին: Ես հավատում եմՙ Արտո Չաքմաքչյանը վերադառնալու է հայրենի հող, իր ժառանգությունը հասնելու է Հայաստան...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ