ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՄԵՆ ԷԴԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ ԱՄՆ-ի հայկական շրջանակներում շատերը գիտեն Արմեն էդգարյանին որպես գրաֆիկական դիզայների: Նա համագործակցել է ինչպես Հայ եկեղեցու արեւելյան թեմի եւ Նյու Յորքի Սբ. Ներսես ճեմարանի, այնպես էլ Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության հետ: Նաեւ հրատարակչական ձեւավորման աշխատանքներովՙ ամերիկյան հեղինակավոր հաստատությունների (Wall Street Journal Custom Studios եւ Hearst Magazines) հետ: Հոկտեմբերի 5-ին ԹՄՄ-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի աջակցությամբ Լա Կանադայի (Կալիֆոռնիա) Ստեֆանի պատկերասրահում բացվել է նրա լուսանկարչական առաջին անհատական ցուցահանդեսը «Քաղաքային փոփոխություններ» ընդհանուր խորագրի ներքո: Էդգարյանը ծնվել է Իրանում, երկու տարի ապրել է Իսպանիայում եւ ԱՄՆ տեղափոխվել 22 տարեկանում: Իսպանիայում ծանոթացել է իրանցի ֆոտոլրագրող Բրուս Շահիդիի հետ, որ նրա առաջ բացել է լուսանկարչության աշխարհը: Հետագայում արդեն Բրուքլինի (Նյու Յորքի) Պրատ ինստիտուտում մասնագիտացել է լուսանկարչության եւ համակարգչային գրաֆիկայի ասպարեզներում (1996 թ.): Նկարչական դասընթացների թեեւ հետեւել է, բայց լուսանկարչությունը եղել է իր սրտին առավել մոտիկ: Այդ պատճառով էլ նա այդ արվեստը նախընտրում է անվանել «Լուսային նկարչություն»: Նյու Յորքում մասնակցել է մի քանի խմբակային ցուցահանդեսների: «Այս մեկը, անհատականըՙ ինձ համար նոր էջ է բացելու, հուսով եմ» նկատել է նա, բացատրելով, որ հիմնական պատճառը կամ մղիչ ուժը ցուցահանդեսը կազմակերպելու եղել է իր Լոս Անջելես տեղափոխվելը: «Այստեղ մարդիկ պատերի վրա պաստառներ են փակցնում, ներկով գրաֆիթիներ գրում, հետո մի մասը ջնջում, նոր ու խայտաբղետ բաներ ավելացնում, ինչը ինձ համար դառնում է հետաքրքրական, եւ անմիջապես «անմահացնում» եմ այդ տեսարանը ապարատի միջոցով»: Բայց նա չի սահմանափակվում լոկ լուսանկարելով տեսածը: Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով նա «մշակման» է ենթարկում նկարը, դարձնելով այն իսկական կտավՙ ավելացնելով թանաքային, կավճային, կամ ջրաներկային «շտրիխներ», որպեսզի ավելի ցայտուն դառնա լուսանկարի այս կամ այն հատվածը: «Դա էքսպրեսիոնիզմին, կամ աբստրակտ նկարչությանը մոտեցող արվեստ է դառնում, որի ստեղծմանը մասնակցում է խառը տեխնիկան», բացատրում է նա: Նրա նախասիրած լուսանկարիչը Աարոն Սիսկինդն է: Բայց նախասիրած արվեստագետների շարքում նա նշում է Քուրտ Շվիտերսին, Վասիլի Կանդինսկուն, Ֆրենսիս Բոթին, Մանաբու Մաբեյին եւ Արշիլ Գորկուն: Էդգարյանի արվեստում գերակշռում են լույսի, գույնի եւ դիզայնի յուրօրինակ փոփոխումները, որոնք էլ նրա «կտավները» դարձնում են եզակի: |