ԺԱՆ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ «ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ» ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ Հ.Ծ. Նոյեմբերի 9-ին Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) «Մեյեր ֆայն արտ» պատկերասրահում բացվեց համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչ Ժան Գազանճյանի «Արձագանքներ» ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցահանդեսը բաց է մնալու մինչեւ դեկտեմբերի 28-ը: Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի 80 կտավները, որոնք ստեղծվել են 1991-2019-ի ընթացքում: Ժան Գազանճյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան), որտեղ ապրել է երկու տասնամյակից մի փոքր ավելիՙ հարաբերվելով միջերկրականյան մշակույթների հետ: Ծնողները 1915-ի եղեռնից փախչելով հասել են Եթովպիա եւ 1933-ին հաստատվել Բեյրութում: Ժանը երրորդն է հինգ զավակներից: Ուսանողական տարիներին հաղորդակցվել է նաեւ ֆրանսիական եւ անգլիական մշակույթների հետ: 1962-ին Բեյրութի «Sursock» թանգարանը առաջին մրցանակ է շնորհել նրան գոբելենների մրցակցային ցուցահանդեսին իր ստեղծագործության համար: Տեխնիկական նոր միջոցների հետ ծանոթանալու եւ հմտանալու նպատակով նա հետեւել է դիզայնի դասընթացների եւ կիրառական արվեստների, փարիզյան «ENSAD» կրթօջախից ստացել մագիստրոսի գիտական աստիճան: Որպես նկարիչ հռչակվել է 1969 թվականին եւ Փարիզում անմիջապես ճանաչման է արժանացել: 1960-70-ականներին ծանոթություն է հաստատել Սալվադոր Դալիի, Լեոնարդո Կրեմոնինիի, Ֆրենսիս Բեյքոնի եւ Ալեքսանդր Կալդերի հետ, որոնց հետ շփումը ավելի է հաստատել իր հավատարմությունը արվեստին: Ցուցահանդեսներ է տվել եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում ու Կանադայում: Սան Դիեգոյի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի պատերը նույնպես զարդարված են Ժանի որմնանկարներով եւ կտավներով: Նկար 1. Ժան Գազանճյան |