RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



75-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2019-12-14 17:00:04 (GMT +04:00)

ԱԿՆԹԱՐԹՆԵՐ

Սկիզբը` նոյեմբերի 22 եւ 29 համարներում եւ վերջ

***

Վարպետը սիրում էր զրուցակցին հարցնելՙ «Իսկ դու բնիկ ո՞րտեղացի ես»:

Մի օր էլ ես պապիկիս հարցրի «որտեղացի լինելու» առնչությամբ. «Պապի ջան, դուՙ իմ պապս, գյումրեցի ես, տատիկս ղարաբաղցի, հայրս ծնվել է Թիֆլիսում, մայրիկս Կոստանդնուպոլսում, ես ծնվել եմ Երեւանում: Հիմա ասա ինձ, խնդրեմ, ես ո՞րտեղացի եմ»:

Պապիկս գոհ ժպտաց եւ իմ հարցին իր կողմից մի հարցում արեց. «Ավիկ ջան, եթե ձիու ախոռում ծիծեռնակը բույն դնի ու ձագուկ ունենա, ի՞նչ ես կարծում, այդ ձագուկը ձի՞ է, թե ծիծեռնակ»:

Երկար մտածելու հարկ չկար: Եվ ես իսկույն պատասխանեցի. «Իհարկե, ծիծեռնակ»:

«Ապրես, դե ուրեմն դու էլ, ինչպես ես, գյումրեցի ես...»:

Որքան հիշում եմ, մեր զրույցը 1954-1955 թվերին էր:

***

Ֆրունզիկ Մկրտչյանը նոր էր ընդունվել Սունդուկյան թատրոն: Շուտով ողջ խումբը մեկնում է Թբիլիսի հյուրախաղերի: Ժամանման օրը վրացի գործընկերները ճոխ սեղան են գցում: Եվ ինչպես ասում ենՙ «գինին հորդում էր գետի պես»: Վարդան Աճեմյանը նկատում է, որ Ֆրունզիկը չափից ավելի է ըմպում վրացական գինին, այն էլ վրացական նշանավոր պոզ-գավաթներից եւ քիչ անց հանդիմանալից դիմում է Ֆրունզիկին:

- Ֆրունզիկ, հերիք է խմես, երեկոյան ներկայացում կա:

- Բայց իմ դերը, Վարդան Նիկիտիչ, անխոսք է, միմանս է:

- Հենց վախենում եմ, որ խոսես:

***

Մի օր, մի շատ համեստ նկարիչ այսինչյանը, հրավիրում է վարպետ Սարյանին իր կտավների ցուցահանդեսի բացմանը: Սարյանը չի մերժում, գնում է: Եվ ահա դիտելով պատերից կախված նկարները, նույն ռեպլիկն է տալիս. «Այսպես էլ կարելի է»: Նույն տպավորությունն ամեն կտավից: Իսկ հեղինակն էլ անընդհատ հարցնում է. «Ինչպե՞ս է, ընկեր Սարյան»:

Հերթական հարցին Սարյանն այլեւս չհամբերելով ինքն է հարցնում. «Ահարոն, դու կյանքումդ կին սիրած կա՞ս»:

Ահարոնը կարկամած պատասխանում է. «Պատահել է, ընկեր Սարյան», ու թունդ կարմրում է:

- Պատահե՞լ է, այդպես էլ երեւում է քո նկարներից, - եզրափակում է իր կարծիքը Վարպետը:

***

Տատիկս ղարաբաղցի էր, Շուշիի ամենահայտնի տոհմերիցՙ Մուղդուսի Հովհաննես ապորՙ Մինայի ավագ զավակը: Բնավորությամբ ուժեղ կին էր, իր ողջ ամուսնական կյանքում ընտանիքի բոլոր հոգսերն իր վրա էր վերցրել: Բայց եւ ուներ իր երկրամասին բնորոշ համառություն:

Այս հանգամանքը հաճախ էր պապիկս օգտագործում, մեկ կատակում, մեկ բարկանում, մեկ ձեռ առնում:

Տատիկս էլ ասում էր նախատելով. «Իսկ դուք` գյումրեցիքդ, լոպպազ եք»:

- Լավ է լինել լոպպազ, քան համառ:

- Իսկ ինչո՞ւ:

- Քանի որ լոպպազից վտանգ չկա, իսկ համառը տնաքանդություն է:

- Մենքՙ ղարաբաղցիքս, եթե համառ ենք, ուրեմն հարկադրված ենք:

- Լավ, հարկադրված եք: Ուրեմն երկու ղարաբաղցի էշ նստած հանդիպում են նեղ կածանի պռնկին, իրար դեմ դիմաց: Մեկը մյուսին ասում էՙ

- Ճամփա տուր, երկրացի:

Էն մյուսըՙ

- Տը հենա դու ինձ ճամփա տուր:

- Չէ, իմ էշը պտի առաջինը անցնի:

- Էդ ինչի՞, իմ էշը ինչ ա, կաղ ա՞:

- Բա կաղ չի, ինչ ա՞:

- Կաղը դու ես:

- Ես եմ, հիմա դե տես, - ու քշում է իր էշը ուղիղ երկրացու էշի վրա:

Սա էլ ճիպոտը տալիս է էշի կողին ու ուղիղ դիմացինի վրա: Գլուխ գլխի:

Արդյունքում երկուսն էլ ընկնում են ձորը:

- Էդ չե՞ք, - բարի ծիծաղով եզրափակում է խոսքը Վարպետը:

***

Անվանի կինոբեմադրիչ Համո Բեկ-Նազարյանը, երբ առաջին անգամՙ 1937 թ. տեսնում է մորս «Հայֆիլմի» բակում, անմիջապես, առանց մի պահ խորհելու, ասում է հորս. «Վիգեն ջան, հենց հիմա կնոջդ պիտի նկարեմ, փորձալուսանկարներ անեմ մեր նոր «Անահիտ» ֆիլմի համար»:

Մայրս թեՙ

- Ախր ես պատրաստ չեմ, ես երբեք բեմ դուրս եկած չկամ:

- Ոչինչ, դա երկրորդական է:

Եվ շտապ-շտապ պավիլյոնում շուրջ տասը լուսանկար է անում, նախապես մորս հագցնելով պարսից թագուհու զգեստները: Հայոց թագուհի Անահիտի դերում արդեն հաստատված էր երիտասարդ Մետաքսյա Սիմոնյանը:

Եվ այդպես վառ լուսարձակներ, բեմադրիչի հրամանըՙ կադր, եւ 18-ամյա Բելլա Իսահակյանը իր առաջին հայտով պիտի ներկայանար կինոաշխարհին:

Այդ տարիներին հայկական բոլոր կինոնկարների ստեղծագործական կազմըՙ բեմադրիչից սկսած մինչեւ ֆիլմի գլխավոր հերոսները, պիտի հաստատվեին Մոսկվայիցՙ «Գոսկինոյի» խորհրդի կողմից:

Եվ հապճեպ Բեկ-Նազարյանը մորս փորձանկարներն ուղարկում է Մոսկվաՙ սպասելով նրանց վճռին: Շուտով Մոսկվայից կարճ հեռագիր է գալիս. «Это армянская Ната Вачнадзе. Утвердить» «Սա հայկական Նատո Վաչնաձեն է: Հաստատել»:

Այդպես էլ սկսվեց մորս մուտքը կինոյի կախարդական աշխարհ:

***

Թալինի շրջանի Իրինդ գյուղում, ուր հանդիպում է լինում Վարպետի հետ (1943 թ. օգոստոսին), մի երիտասարդ բավական «համարձակ» հարց է տալիս Վարպետին.

- Վարպետ ջա՛ն, դուք մեծ կյանք եք տեսել, խնդրում եմ շուտ ասեք, ո՞ր կինն է լավը, շեկը, թե՞ սեւը:

Վարպետը պատասխանում է.

- Շեկի փայլը, սեւի համը...

***

Դիլիջանում ենք, կոմպոզիտորների հանգստյան տանը, զբոսնում ենք կանաչ, բարձր սոճիներով հարուստ ճեմուղիով ճաշարանից պանսիոնատ, այնտեղից էլ ` դեպի Ղազարոս Սարյանի քոթեջը:

Երեք ընկերներովՙ Առնոն, Էդվարդը եւ Ղազարոսը: Երեք հին ընկերներ, հազար ու մի ճամփա անցած, թրծված եւ պայքարներում եւ անանց, անտեղի հարցականների բովում: Եթե հնարավոր լիներ նրանց բոլոր գլուխգործոցային երկերն ի մի բերել եւ հնչեցնել բեմից, ապա ուղիղ մեկ ամիս կպահանջվեր, որ նրանց համերգային ռեպերտուարը սպառվեր:

Գնում են երեք տաղանդավոր, հավատարիմ ու մաքուր ընկերներ: Եթե հնարավոր լիներ, բոլոր այն խանդավառ ու երջանկության պահերը ի մի բերել, որ զգացել է մեր ժողովուրդը այս եռյակի ստեղծած երաժշտական գոհարներից, հիրավի ցնծումի այս հանդեսը կտեւեր ինչպես հեքիաթներում են ասումՙ յոթ օր, յոթ գիշեր: Որքան մեր հայրենակիցների են իրենք երջանկացրել, իսկ իրենք բանից անտեղյակ քայլում են սարն ի վեր, մոտակա անտառի ստորոտներին լավ գիտակ մարդու հմտությամբՙ սինդրիկ, սիբեխ, երինջակ հավաքում: Երեքն էլ սիրահար էին մեր սարերի բույսերին, երեքի ձեռքին էլ բավական ստվար փունջ էր հավաքվել տեղի այնքան օգտակար բույսերից:

Քիչ էին խոսում եւ խոսակցության նյութը հիմնականում կապված էր իրենց քաղած խոտաբույսերի առավելությունների մասին: Շրջանցեցին լողավազանը եւ ճամփա բռնեցին դեպի Ղազարոսի եւ Էդվարդի քոթեջները:

- Հիմա Ռուզանը մեր քաղած սինդրիկն ու սիբեխը կլվանա եւ Մարուսյայի (հավաքարար) բերած օրվա հավկիթներից մի լավ ձվածեղ կպատրաստի, - առաջարկեց մոտակա ծրագիրը Ղազարոս Սարյանը:

Էդիկն էլ թեՙ

-Ես շատ լավ հոնի օղի ունեմ, երեկ իջեւանցի իմ ուսանողն է բերել:

Առնոն թեՙ

- Որ ըտենց ա, սպասեք մի հատ ծխեմ ու շարժվենք:

Երեքից ծխում էր միայն Առնոն, շապիկի գրպանից հանեց անբաժանելի «Մարլբորոն», մի կուշտ ծուխը ներս քաշեց ու կատակեց.

- Ասում են էս «Մարլբորոյի» թութունն աճեցնում են Վանի շրջակայքում, երեւի դրա համար է Ամերիկայի հայերի մեծ մասը «Մարլբորո» ծխում, իսկապես շատ լավն է, մերն է, մեր հող ու ջրինը:

Էդպես զրուցելով մոտեցանք ներքեւի ծառուղում գտնվող Ղազարոսի քոթեջին:

Ըստ երեւույթին, մեր ձայները լսելով շուտ պատշգամբ դուրս եկավ Ռուզանը եւ խզված ձայնով, արցունքները կուլ տալով, արտաբերեց.

- Պապա, դյադյա Էդիկ, հենց հիմա ռադիոյով հայտնեցին, որ Մոսկվայում վախճանվել է Արամ Խաչատրյանը:

Մի վայրկյանում իդիլլիան փոխվեց դառն իրականության:

1978 թվականի մայիսի մեկն էր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ