RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 482, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՎԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Ա. Բ.

Դեկտեմբերի 2-ից 4-ը Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ «Երաժշտությունը մշակույթի համատեքստում» վերտառությամբ միջազգային գիտաժողովըՙ նվիրված վրացի ականավոր երաժշտագետ, հանրային գործիչ, Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Գիվի Օրջոնիկիձեի ծննդյան 90 եւ մահվան 35-ամյակին: Ունիվերսալ հետաքրքրությունների տեր Օրջոնիկիձեն առաջինն էր վրացական երաժշտագիտության մեջ երաժշտությանն անդրադարձել գեղագիտական, սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութաբանական խնդիրների համատեքստում, հիմք դրել երաժշտության միջառարկայական ուսումնասիրության համար: Ի թիվս մի շարք արժեքավոր աշխատություններիՙ նա հանդես է եկել նաեւ Արամ Խաչատրյանի մասին ծավալուն հոդվածով:

Սա Գիվի Օրջոնիկիձեին նվիրված երկրորդ գիտաժողովն է, որին մասնակցել են երաժշտագետներ ութ երկրներից: Ինչպես առաջին գիտաժողովում, որ կայացել է 1999-ին, այս անգամ եւս Հայաստանը ներկայացրել է արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը , որը հանդես է եկել «Տիգրան Մանսուրյան. ռեքվիեմը որպես գաղափար եւ որպես ժանր» թեմայով զեկուցմամբ: Նա անդրադարձել է ռեքվիեմի ժանրին հայ նորագույն երաժշտության մեջՙ նախ եւ առաջ կենտրոնանալով Մանսուրյանի արվեստում լայն տարածում գտած սգո եւ մեմորիալ երաժշտության վրա: Այնուհետեւ երաժշտագետը քննել է կոմպոզիտորի կողմից լատիներեն տեքստի ընկալումը հայ երաժշտության ավանդույթների լույսի ներքո, ինչպես նաեւ ռեքվիեմին հատուկ ժանրային առանձնահատկությունների մեկնաբանման հարցերը:

«Հիացած եմ գիտաժողովի բարձր մակարդակով եւ Թբիլիսիի կոնսերվատորիայում իշխող մթնոլորտով,- ասում է Սվետլանա Սարգսյանը:- Երաժշտագետները, որոնց 30 տարի ճանաչում եմ, շարունակում են աշխատել իրենց թեմաներով, ունեն լայն հետաքրքություններ, որոնք ընդգրկում են ազգային եւ համաշխարհային խնդիրներ: Նրանք լայնորեն պրոպագանդում են իրենց ավանդական եւ ժամանակակից երաժշտությունը, Վարշավայի Լեհական գիտական հրատարակչությանը (PWN) տպագրել է նորագույն ոճով գրված վրաց կոմպոզիտորների նոտաները, իսկ Թբիլիսիի կոնսերվատորիայի ավանդական պոլիֆոնիային նվիրված միջազգային հետազոտական կենտրոնը, որը կազմակերպել էր տվյալ գիտաժողովը, վրաց պատրիարքի հովանու ներքո պատրաստում է բազմահատոր ազգային հոգեւոր երգեցողության հրատարակությունըՙ վրացերեն բնագրով եւ լատինատառ տառադարձությամբ, որը հնարավորություն է տալիս ողջ աշխարհում կատարել այն: Նույնը կատարում են նաեւ ժամանակակից երաժշտության հետ, մի բան, որը, ցավոք, մեզանում չի արվում. մենք այդպես էլ չունենք լուրջ եւ հետեւողական քաղաքականությունՙ մեր երաժշտությունը պրոպագանդելու: Ցանկալի կլիներ, որ կրկին ակտիվանան հայ-վրացական երաժշտական կապերը, մանավանդ որ Գիա Օրջոնիկիձեի բարեկամ, վերջերս կյանքից հեռացած Գիա Կանչելիի երաժշտությունը, որը կատարվեց գիտաժողովի ընթացքում, քաջ ծանոթ եւ սիրված է նաեւ Հայաստանում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ