ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ. «ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ» ՄԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը, հովանավորությամբ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության տպագրեց արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի «ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ» բանաստեղծությունների ժողովածուն : Բացառության կարգով այս ժողովածուն հրատարակվում է աբեղյանական ուղղագրությամբՙ բանաստեղծի տողերը հասարակության լայն շերտերի համար ավելի ընկալելի դարձնելու նպատակով: Գիրքը կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը , խմբագրմամբ բանասիրական գիտությունների թեկնածուՙ Քնարիկ Աբրահամյանի : Հայկական պոեզիայի հարուստ աշխարհում իր ուրույն տեղն ունի Վահան Թեքեյանի ստեղծագործական ժառանգությունը: Նա իր ստեղծագործություններում բացահայտեց իր ապրած ժամանակաշրջանը եւ բնութագրեց քաղաքական ու պատմական այն տեղաշարժերը, որոնց վկան է եղել: Թեքեյանը արեւմտահայ գրական սերուցքիՙ Մեծարենցի,Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի ժամանակակիցներից էր եւ արժանի հետեւորդը: Նա ստեղծեց մի գրականություն, որը հավետ խոսելու է գալիք սերունդների հետ, նրան մղելու է գնահատելու գեղեցիկը եւ արժեւորելու արդարությունը: Նա Հայոց եղեռնից պատահաբար փրկված այն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը եւ իր երկրում խոսեց հերոսության գաղափարների մասին: Բացի սոնետներից, նա նաեւ գրել է պատմվածքներ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին: Նա նաեւ ճանփորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է: Թեքեյանի երկերում քիչ չեն նաեւ հայ ժողովրդի պատմությունից եւ ավանդություներից քաղված զրույցների մշակումները: Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողները ծանոթացել են ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի արժեքավոր գործերին: Գրքի տպագրությունը նվիրված էր Վահան Թեքեյանի 140-ամյակին:Գրքի շնորհանդեսը յուրահատուկ էր, Ժողովածուն հրատարակելուց հետո այն հանձնվեց հանրապետության տարբեր դպրոցների, որպեսզի ուսումնական ծրագրից դուրս աշակերտները ճանաչեն եւ ուսումնասիրեն Թեքեյան գրողին: «Հայու հոգին» ժողովածուի ընթերցողին սեղանին դրվելուց քիչ ժամանակ անց մայրաքաղաքի մի շարք դպրոցներում աշակերտները կազմակերպեցին միջոցառումներՙ նվիրված Թեքեյանին: Դպրոցականները սփյուռքահայ գրողին իրենց լսարանին ներկայացնում էին յուրահատուկ ձեւերովՙ ապացուցելով, որ Թեքեյանի կյանքին եւ գործունեությանը կարելի է անդրադառնալ տարբեր մոտեցումներով: Մեծ գրողի 140- ամյակին նվիրված ցերեկույթներ էին կազմակերպել Մանկավարժական համալսարանի թիվ 57 հիմնական դպրոցը, բուհի հենակետային վարժարանը, Երեւանի Շիրակացու ճեմարանը, Երեւանի թիվ 100, Շահումյանի անվան թիվ 1, Յավրովի անվան թիվ 131, Ստեփանյանի անվան թիվ 135, Հայրապետյանի անվան թիվ 78, Բյուրատի անվան թիվ 125, Երեւանի թիվ 104 եւ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցները: Դպրոցականները Թեքեյանի ստեղծագործուիթյունները մեկնաբանեցին ամենատարբեր կերպ. հնչեցին Թեքեյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտական գործեր, աշակերտներն ասմունքեցին ամենահայտնի ստեղծագործությունները, լսարանին ներկայացրին գրողի կյանքի կարեւորագույն դրվագները, փորձեցին ժողովածուում տեղ գտած որոշ գործեր արեւմտահայերենից վերածել արեւելահայ աշխարհաբարի: Վահան Թեքեյանը հոգու բանաստեղծ է, որն իր ստեղծագործությունների եւ կատարած աշխատանքների շնորհիվ կարողացել է բացահայտել «Հայու հոգին»: |