RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019



ՔԱՆԴԱԿՆԵՐ

Տեղադրվել է` 2019-12-26 22:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԱՆԴԱՆԻ ԱՐԺԱՆԻ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ

Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուրույն ու հետաքրքրական մի աշխարհ է բովանդակում Երեւանի Կոմիտաս եւ Վաղարշյան փողոցների հատույթի անկյունային շենքի ներքնահարկի արվեստանոցը:

Արդեն շուրջ կես դար այստեղ է ստեղծագործում Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի պրոֆեսոր, վաստակաշատ քանդակագործ Տարիել Հակոբյանը:

Ճշմարիտ է` աշխատանոցը արտաքուստ, առաջին տպավորությամբ համեստ է, սակայն այն հարուստ է ներքին բովանդակությամբ` ինչպես կյանքում մեզ ոչ հաճախ հանդիպող այն մարդիկ, որոնք իրենց համեստ հագուկապի ներքո հոգու անբավ հարստություն ունեն, խորունկ մտքերի գանձարան եւ մեծ կուլտուրա...

Անվանի քանդակագործի արվեստանոցը, գոնե իմ սուբյեկտիվ ընկալմամբ, հենց այդպիսին է եւ ունի երեք հատկանշվող առանձնաշնորհ-բաղադրիչ: Առաջինը, իհարկե, շարվեշար դասավորված հարյուրյակի չափ քանդակները, մանրակերտներն ու էսքիզներն են, երկրորդը` մասնագիտական (եւ ոչ միայն...) հարուստ գրադարանը եւ երրորդը` աշխատանոցի հատակի... տախտակը: Այո՛, այո՛, առողջ ու հիանալի պահպանված դարավոր տախտակածածկը, որը մեր պատմական Սարիղամիշի անտառների նշանավոր շիմշատ ծառատեսակից է եւ այստեղ է բերվել քանդակագործի հայրենի Ալեքսանդրապոլի հնագույն այն շենքի բեմահարթակից, ուր 1912 թ.-ին առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հանրածանոթ պատմական դեմքերի, դասականների եւ ժամանակակիցների մի ամբողջ պատկերասրահ է այստեղ: Արվեստանոց այցելողի հայացքը ակնբախորեն փակչում է ականավոր գործիչների, մերօրյա ճանաչված մարդկանց բարձրարվեստ եւ ուշագրավ դիմաքանդակներին: Խորին պատկառանքով են դիտվում մեծ հումանիստ, հայ ժողովրդի իրական բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի, մեծահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի, Վեհափառ Վազգեն Առաջինի, հանճարեղ բանաստեղծ եւ գրականագետ Պարույր Սեւակի դիմաքանդակները: Ի դեպ, դժնդակ այն օրը` 1971 թ. հունիսի 17-ին, Տարիել Հակոբյանին է վստահվել հանել ավտովթարից զոհված սիրելի բանաստեղծի գիպսե դիմակը...

Բրոնզե դիմաքանդակների շարքը շարունակում են անվանի գիտնական Պարիս Հերունու, բանաստեղծներ Հրաչյա Հովհաննիսյանի եւ Ռազմիկ Դավոյանի, ֆրանսահայ նշանավոր պատմաբան եւ մաթեմատիկոս Արմեն-Կլոդ Մութաֆյանի, սփյուռքահայ գրող եւ բժիշկ, 90-ամյա Թորոս Թորանյանի դիմաքանդակները, որոնք արվեստագետը անմիջականորեն կերտել է բնորդներից:

Արվեստանոցի մի հատվածում էլ քանդակագործի շնորհալի որդին` Գուրգեն Հակոբյանն է ստեղծագործում: Երիտասարդ արվեստագետը առավելաբար նվիրվել է բժշկագիտության, գրականության, մշակույթի ականավոր գործիչների` Մխիթար Հերացի, Թումանյան, Կոմիտաս, Շոստակովիչ, Բաբաջանյան, Մանսուրյան... հուշամեդալները կերտելուն, նրբին ու ճաշակավոր ուրիշ շատ գործեր, որոնք ճանաչման եւ հատուկ մրցանակների են արժանացել:

Տարիել Հակոբյանը, արդարեւ, ստեղծագործական արգասավոր ուղի է անցել: Լայն եւ ընդգրկուն են նրա թեմաներն ու սյուժեները: Անցած ավելի քան հինգ տասնամյակներում արձանագործի կերտած հուշարձանները պատվանդան են բարձրացել Երեւանում, Գյումրիում, Արտաշատում եւ Հայաստանի այլ բնակավայրերում, Իրանի Փարդիզ, Ղազախստանի Ուստ-Կամենգորսկ, Ակտյուբինսկ, Ռուսաստանի Դաշնության Իրկուտս, Դոնի-Ռոստով, Կրասնոդար եւ այլ քաղաքներում: Զանազան ցուցահանդեսներում նրա քանդակարվեստային աշխատանքները պատեհություն են ունեցել դիտելու նախկին ԽՍՀ Միության, ԳԴՀ-ի եւ մի շարք այլ երկրների արվեստասերները:

Բնապարգեւ տաղանդ, ակտիվ խառնվածք ունեցող արվեստագետը մանկավարժական երկարամյա, շնորհակալ աշխատանքին զուգընթաց, այժմ էլ ստեղծագործում է երիտասարդական ավյունով: Քանդակագործին առանձնապես ներշնչել են բացառիկ ոգեղենությամբ օժտված, հայ մշակույթի, մեր պետականության եւ ժողովրդի ճակատագրում խորը հետքեր թողած երախտավորների կերպարները` Կոմիսաս, Եկմալյան, հայոց մեծագործ Արտավազդ եւ Տրդատ արքաներ, Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ եւ այլք, որոնց պատկերավորումներում առկա է հեղինակի իրատեսական եւ, միաժամանակ, ռոմանտիկ պաթոսով առլեցուն անհատական բացահայտումների` վերուստ ընծայված դրոշմը:

Տարիել Հակոբյանի վերջին երկու-երեք տարվա ստեղծագործական ոգորումների արգասիքը եղան ռուս գրականության դասական Ալեքսանդր Պուշկինի, 19-րդ դարի Ռուսաստանի պետական եւ ռազմական գործիչ, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Կոմս Լոռիս Մելիքովի կերպավորումները: Արձանագործը երկուսին էլ քանդակել է ձիու վրա` կենդանի, աշխույժ, դինամիկ կեցվածքով: Եթե գեներալ-ադյուտանտը պատմական հայրենիքի` Արեւմտյան Հայաստանի մի մասի ազատագրումից հետո բազմախոսուն հայացքը հառել է հայրենի հեռավոր հորիզոններին, ապա բանաստեղծը թիկնոցը հողմին հանձնած եւ նիզակը առաջ պարզած` սրընթաց արշավում է ռուս-թուրքական ռազմաճակատ` դեպի Կարին-Էրզրում...

...Հիրավի, հրաշալի էսքիզային մտահղացումներ, որոնք կանաչ լույսի, ասել է թե` կյանքի ուղեգիր ստանալու պարագայում, պատվանդան կբարձրանան եւ արժանավորապես կհամալրեն մեր երկրի հոյակապ մյուս «հեծյալների»` ձիարձանների շարքը:

Տասնամյակների գործով ու փորձով հմտացած քանդակագործը հոգու ու սրտի մի առանձնակի սիրով վերջերս կերտեց մեզ միայն զարմանք ու հիացմունք պատճառող բազմաբեղուն բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, մշակութաբան, հնագետ, փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտոր, Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչ ու ոգեշնչող, հետագայում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի հուշարձանը: Մեծն հայկազունի լուսավոր կերպարը խորապես է ոգեշնչել արվեստագետին: Բացառիկ մեծագործ ու բազմատաղանդ այր, որը վաղուց անտի կերտել է իր աննյութական պատվո պատվանդանը: Մնում է, որ մենք` երախտագետ սերունդներս, արժանավոր հայորդու արդեն իսկ կերտված կոթողը իրական-առարկայական պատվանդանի բարձրացնենք...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ