«ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՏԱՔ ԺՊԻՏԸ». ՈՐՈՇ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԱՐՄԱՆ ԿՈԹԻԿՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Երեք տարի առաջ մեր թատերասեր, կինոսիրող եւ գրասեր ընթերցող հանրության սեղանին դրվեց պատկերազարդ մի գիրք թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, բանաստեղծ, թարգմանիչ, հետազոտող Արման Կոթիկյանի մասին («Չմոռանաք ի՛մ անունն էլ տալ», Երեւան, 2017, 304 էջ): Ավելի քան հիսուն տարի առաջ կյանքից հեռացած, Վարդուհի Վարդերեսյանի բնորոշածՙ «հայ կինոյի տաք ժպիտ» արվեստագետ մտավորականի հիշատակն այսօր էլ ապրում էՙ շնորհիվ հատկապես իր ոչ մեծաթիվ կինոդերերի: Սակայն ինչպես վկայել է գիրքը կազմողըՙ դերասանի դուստր Սեդա Կոթիկյանը , «դժբախտաբար մեր ժողովուրդը չգիտի, չի ճանաչում իրական Արման Կոթիկյանին, «Տժվժիկն» առել-անցել են» (էջ 267): Այո, դժբախտաբար, սակայն տրամաբանական էՙ Կոթիկյանի թատերական դերակատարումները չեն նկարահանվել, ռադիոձայնագրությունները չեն հաղորդվում, իսկ բանաստեղծություններն ու մյուս գրվածքները կարող են հետաքրքրել միայն մասնագետների նեղ շրջանակի: Ինչեւէ, մեծապես շնորհակալ գործ է կատարել Սեդա Կոթիկյանըՙ ի մի բերելով ինչպես նմուշներ հոր գրություններից (այդ թվումՙ Տերյանից եւ Իսահակյանից կատարած հատուկենտ ֆրանսերեն թարգմանությունները), այնպես էլ նրա մասին իր կենդանության օրոք եւ մահից հետո հրատարակված հայերեն (հատուկենտՙ նաեւ ռուսերեն) հոդվածներն ու հուշագրություններ, նաեւ նրա մասին կարծիքներ (արտահայտվողներՙ Վահրամ Փափազյանը, Ավետիք Իսահակյանը, Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանը, Էդուարդ Խոճիկը, Ռուբեն Զարյանը, Գառնիկ Ստեփանյան եւ ուրիշներ): Երեւելի դերասանի ու գրողի հիշատակին «կանգնեցված» այս գրական հուշարձանը, անշուշտ, կնպաստի իր վաստակի ողջ ծանրությամբ չգնահատված, սակայն մնայուն արժեքներ ստեղծած այդ մեծատաղանդ, համեստ, շիտակ, քաղաքացիական որոշակի նկարագրով անձնավորության մարդկային եւ ստեղծագործական կերպարի նորովի ճանաչմանը: Հարկ չհամարելով ներկայացնել հատորում եղածը, այլ պարզապես հանձնարարելով մեր գրասեր-արվեստասերին անպայման խորամուխ լինել կոթիկյանական հմայիչ անհատականության վերաբերյալ գրքի էջերում, նկատենք, որ դերասանի անձնական թողոնից եւ տպագիր գրականությունից բացի նրա մասին այլեւայլ տեղեկություններ կարելի է գտնել ժամանակի մամուլում եւ արխիվային նյութերում (նրա անունը մեզ հաճախ է հանդիպել 1920-30-ական թվականների ֆրանսահայ «Յառաջ», «Երեւան», «Ապագայ» թերթերի էջերում): Ցանկալի կլիներ նաեւ տալ թատերական եւ կինոյի դերակատարումների ցանկըՙ ըստ թվականների: Սակայն սույն անդրադարձը գրելու առիթը ոչ թե գիրքը գրախոսելն է, այլ Կոթիկյանի ստեղծագործական դիմանկարին մի քանի հավելում կատարելը: Առաջին հերթին կկամենանք հիշատակել ներկայացված հատորում տեղ չգտած մի փոքր, բայց ուշագրավ իրողություն: Արման Կոթիկյանը Փարիզում ապրած տարիներին փոքր դերակատարումներով մասնակցել է երկու ֆրանսիական ֆիլմի: 1935-ին էկրան է բարձրացել «Պատե» կինոստուդիայում նկարահանված «Հայ գեղջուկ հարսանիքը» հայալեզու ֆիլմը (բեմադրիչՙ Ժան Լուբինյակ), որը ստեղծվել է առաջին հայերեն հնչուն կինոնկարիցՙ Համո Բեկնազարյանի «Պեպոյից» առաջ կամ նրա հետ միաժամանակ: Այստեղ ֆրանսահայ մի շարք դերասանների հետ մեկտեղ հարսանքավորի դերով հանդես է եկել նաեւ Արման Կոթիկյանը: Իսկ երկրորդը փոքր մի դեր էր ֆրանսիացի ականավոր կինոբեմադրիչ Ժյուլյեն Դյուվիվյեի «Գողգոթա» շարժանկարում, որն էկրան է բարձրացել դարձյալ 1935-ին: Այդ առթիվ Փարիզի «Կավռոշ» երգիծաթերթում խմբագիր Երվանդ Թոլայանն իրեն բնորոշ հումորով գրել է. «Ֆիլմի մը մէջ Քրիստոսի դերը կատարելու համար, Քրիստոսի նմանող մէկը կը փնտռուի: Առման Կոթիկեան դրած է իր թեկնածութիւնըՙ յայտնելով, որ քիչ մը մօրուքով ո՛չ միայն Քրիստոսի յար եւ նման պիտի ըլլայ, այլ ըստ ինքեան Քրիստոս մըն էՙ հայ թատերական կեանքին չարչարեալ եւ խաչեալ Քրիստոսը» («Կավռօշ», 9.09.1934): Սակայն Կոթիկյանին չի վստահվել Քրիստոսի դերը, այլ փոքրիկ մի դեր: Կինոնկարում Պոնտացի Պիղատոսի դերով հանդես է եկել երիտասարդ Ժան Գաբենը, դիմահարդարն էր հայ թատրոնի ականավոր դերասան Աշո Շահխաթունին, իսկ ֆիլմում դրվագային դերերով նկարահանվել են նաեւ Մաքս Մաքսուդյանը, Լեւոն Հարութը եւ Հյուգ դը Բագրատիդը: Ինչպես Կոթիկյանի, այնպես էլ այս երեքի անունները բացակայում են ֆիլմի ենթագրերում: Սակայն Կոթիկյանն ինքը եւս վկայել է իր մասնակցության մասին: «Ապագայ» թերթում նա հոդվածով արձագանքել է «Գողգոթա» ֆիլմի մասին «Յառաջ» օրաթերթի 1935-ի ապրիլի 24-ի համարում Հրանտ Ալյանաքի գրած հոդվածինՙ մասնավորապես նշելով. «Ֆիլմին մէջ մեր հայրենակից արուեստագէտներէն Պ. Բագրատունիի շուրջ Լ. Յարութի կողքին դուք կը տեսնէք իմ արուեստակից ընկերներէս Պ. Գմբէթեանը, որ բոլորովին գոյութիւն չունի հոն, իսկ գոյութիւն ունեցող մէկ ուրիշ դերասանը, զի՛սՙ դուք չէք ուզեր տեսնել...: Ձեր զիս չտեսնելը հեշտութեամբ կրնայի վերագրել դերիս աննշանութեան կամ ձեր աչքերու ֆիզիքական տկարութեան: Բայց նոյն աչքերով գոյութիւն չունեցող դերասան մը պայծառօրէն կարողանալ տեսնելնիդ թոյլ տուէք որ վերագրեմ յետ մնացած մտքերու (չըսելու համարՙ յետին)» (Արման Կոթիկեան, «Գողգոթա» ֆիլմին առթիւ եւ ընդհանրապէս (Պ.Հ.Ալեանաքին), «Ապագայ», Փարիզ, 4.05.1935): Ուշադիր դիտելով կինոնկարը youtube-ումՙ բազմաթիվ դեմքերի մեջ ջանում էինք գտնել Կոթիկյանին... Մեր ենթադրությամբՙ Քրիստոսի խաչելությանը հաջորդող տեսարանում ականջը հողին դրած եւ «երկիրը ցնցվում է» ասող հռոմեացի զինվորականի դերակատարը կարող է լինել Կոթիկյանը... Վերոհիշյալ Երվանդ Թոլայանը, որը 1936-ին Կոթիկյանի եւ այլոց հետ պիտի հայրենադարձվեր Խորհրդային Հայաստան (դառնալով ստալինյան անհատի պաշտամունքի զոհ), իր ընդարձակ հուշերում մի քանի անգամ հիշել է Արման Կոթիկյանի անունըՙ մասնավորապես գրելով հետեւյալը. «Կովկասէն Սեւումեանի կ ընկերանար բարակ ու խարտեաշ երիտասարդ մը, որ քայլը քայլին կը հետեւէր Սեւումեանին, անոր ստուերին պէս պտտելով ետեւէն-առջեւէն ու քովէն: Ո՛ւր Սեւումեանՙ հո՛ն այդ խարտեաշ բարակ երիտասարդը: Տրապիզոնցի էր, Կովկաս գտնուած, տեղահանութեան միջոցին լեռը ելածՙ ուրիշների հետ չջարդուելու համար յետոյ Կովկաս անցնելովՙ մասնակցած էր հիւսիսային Կովկասի մէջ Սեւումեանի ներկայացմանց: Հերոսի հովեր կ առնէր մեր ընկերներուն վրայՙ իբր «լեռը ելած մարդ» եւ իբր արդէն Կովկասի մէջ խաղացած փորձ դերասան: Արման Կոթիկեանն էր այդ խարտեաշ բարակ երիտասարդը, որ 1936-ի ֆրանսահայոց ներգաղթին Փարիզէն Երեւան եկաւ եւ Պետական թատրոնումն է այժմ» (Երուանդ Թօլայեան, Կավռօշ-Նամէ, աշխատասիրութեամբ Հենրիկ եւ Արծուի Բախչինեաններու, Ստանպուլ, 2019, էջ 494): Իսկ ահա Կոթիկյանի կողմից բարձր գնահատված ֆրանսաբնակ բեմադրիչ Աննա Բուդաղյանի մի հուշ-պատառիկը դերասանի մասին. «Յիշում եմ, երբ 1921ին Բագու Միք. Մանուէլեանին յանձնեցի կոյր վանականի դերը (Լեւոն Շանթի «Հին աստվածներում» - Ա. Բ.), շատ վիրաւորուեց.... Նոյն պատմութիւնը պատահեց 1924ին Փարիզում, Արման Կոթիկեանի հետ, որը շատ վիրաւորուել էր, որ կոյր վանականի դերն եմ տուել եւ ոչ Աբեղայի, որ Յարութին էի յանձնել: Շատ գանգատուել ու վիրաւորուել էր. նրան եւս երկար բարակ բացատրեցի, համոզեցի, եւ ի պատիւ իրեն պիտի ասեմ, որ շատ յաջող էր. ըստ իս, նրա ամենայաջող դերն էր, մինչեւ իր մեկնումը դէպի Հայաստան» (Աննա Բուդաղեան, Իրենց դերերուն մէջ անզուգական օտարազգի եւ հայ դերասանները, «Արեւելք-մարզաշխարհ», Հալեպ, 12.12.1959): Նշենք նաեւ, որ Արման Կոթիկյանի անունը հիշվում է նաեւ գրական-լեզվական վերլուծություններում: Այսպես, Գեւորգ Բրուտյանը խոսելով հայոց լեզվի հարստության եւ թարգմանական խնդիրների մասինՙ բերել է հետեւյալ օրինակը. Մոպասանը «Սիրելի բարեկամ» վեպի մի պարբերության մեջ froide (սառը) բառը գործածել է երկու անգամ, ռուս թարգմանիչը գործածել է միեւնույն բառը, մինչդեռ հայերենի թարգմանիչ Կոթիկյանըՙ թե՛ սառը, թե՛ պաղ բառերը (տես Գեւորգ Բրուտյան, Հայագիտություն եւ մետահայագիտություն, Երեւան 2004, էջ 299): Չնայած առկա հարուստ նյութին, «Չմոռանաք ի՛մ անուն էլ տալ» գիրքը չի սպառում Կոթիկյանի մասին եղած տեղեկությունները, իսկ նրա վաստակը սպասում է մասնագիտական առավել խոր արժեւորման: Լավ կլինի առաջիկայում հրատարակված տեսնել Կոթիկյանի գրական «հանդգնությունը»ՙ Հակոբ Պարոնյանի «Դրամօժիտ» անավարտ թատերախաղըՙ Կոթիկյանի գրած շարունակությամբ: Այն ներկայացվել է ռադիոյով, եւ, ժամանակակիցների վկայությամբ, այնքան հաջող է եղել, որ չի հասկացվել, թե որտե՛ղ է ավարտվել Պարոնյանը եւ որտե՛ղ սկսվել Կոթիկյանը... Նկար 2. Դրվագ «Գողգոթա» կինոնկարից (1935): Կադրում Արման Կոթիկյա՞նն է... |