ԴՐԵԶԴԵՆՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՆԱԻՐ ՅԱՆ Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին հայատյացության թիրախ դարձրած ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի «պինդ» թիկունքը ջարդվեց: Դրեզդենի Semper Opera Ball-իՙ այս տարվա բացման արարողությանը հատկապես հայերս անհամբերությամբ էինք սպասում: Ռուզան Մանթաշյանը երգեց Չայկովսկու «Եվգենի Օնեգինից» Տատյանայի դերերգը, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ նրա ելույթը կասկածի տակ էր: Կասկածի տակ էր միայն այն պատճառով, որ Էյվազովը հրաժարվել էր նրա հետ երգել, որովհետեւ երգչուհին հայ է, ավելինՙ հայտարարել էր, թե իբր Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանի հետ պայմանագիր չի կնքել: Այսինքնՙ Էյվազովը ոչ միայն իր, այլեւ մի ամբողջ թատրոնի անունից էր հայտարարություն արել, ու որ զարմանալի էՙ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարը պաշտպանել էր նրան: Ով էր սուտ, ով ճիշտՙ ապացուցվեց փետրվարի 7-ի համերգին, երբ Ռուզան Մանթաշյանը ձայնի եւ տեսքի ամբողջ շքեղությամբ բեմ դուրս եկավ ու փայլուն ելույթ ունեցավ: Իսկ անցած մեկ ամսվա ընթացքում ինչքա՜ն ջրեր հոսեցին, ի՜նչ պայքար մղվեցՙ հանուն արդարության հաղթանակի, հանուն Ռուզան Մանթաշյանի ելույթի: Էյվազովի հայտարարությանն առաջինն արձագանքած ու բողոքի ձայն բարձրացրած ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի պայքարը հաջողությամբ պսակվեց: Երգչուհին հետեւողական եղավ. նրան միացան երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն ու այլ ճանաչված դեմքեր: Միահամուռ պայքարն արդյունք տվեց: Semper Opera Ball-ի ղեկավարությունը ներողություն խնդրեց Ռուզան Մանթաշյանից ու վերականգնեց նրա ելույթի իրավունքը: Իր պայքարի պտուղները, բնական է, որ առաջինը վայելեց հենց Հասմիկ Պապյանը: «Ես 30 տարուց ավելի Եվրոպայում եմ ապրում, քաջատեղյակ եմ անդրկուլիսյան տարատեսակ անցուդարձերին: Եթե արդար ես, կարող ես հուսալ, որ արդարությունը կհաղթի: Ռուզան Մանթաշյանի ելույթը ամբողջ պարահանդեսի ամենահաջողված կատարումը կարելի է համարել. թե՛ ձայնը, թե՛ հագուստն ու զարդերը, անտարակույս, տարբերվում էին մյուսներից»,- Ռուզան Մանթաշյանի ելույթից հետո ասել է Հասմիկ Պապյանը: Մինչ այս սենսացիոն դիպվածըՙ նա չի ճանաչել Ռուզանին, նրա կենդանի կատարումները լսած չի եղել, բայց երեւույթն ինքնին անթույլատրելի ու դատապարտելի է եղել, ու երգչուհին վճռել է չլռել: Ի վերջո, նախադեպերը քիչ չեն եղել: «Միշտ չէ, որ ուժը եւ փողը որոշիչ կարող են լինել: Անթույլատրելի էր, որ մենք հերթական անգամ պարտված եւ գլխահակ հեռանայինքՙ ասպարեզը թողնելով իրենք իրենց «ամենակարող» հռչակած ամբարտավաններին: ...Նույնը կատարվեց Հենրիխ Մխիթարյանի եւ մեր շախմատիստուհու հետ, երբ թույլ չտվեցին նրանց Բաքու մեկնել: Եթե ժամանակին բողոքի ձայն բարձրացվեր, հնարավոր էր եւ հասնել այդ մրցաշարերի չեղարկմանը: Պետք է քաղաքակիրթ կերպով պայքարել, ու, ինչպես տեսանք, Ռուզան Մանթաշյանի հանդեպ անարդար վարվողներն իրենց սխալն ընդունեցին: Մենք մեր արարքով նունիսկ նրանց դեմքը փրկեցինք»,- հաղթանակն այսպես գնահատեց Հասմիկ Պապյանը: Եվրոպական ու դրեզդենյան երաժշտական հանրությունը, համերգի մասնակիցներն ու անգամ Յուսիֆ Էյվազովն իրենց այնպես են պահել, կարծես ոչինչ չի եղել: Նման դրսեւորումը Եվրոպային բնորոշ է: Կրակի վրա յուղ չեն լցնում, անցածն անցած է: Բնական է, նորից փորփրել եղածը չի կարելի. դա կվնասի նախ եւ առաջ մեր երգչուհուն: Կարեւորըՙ իրենց անպատժելի ու ամենակարող կարծողներն այսուհետեւ կիմանան, որ բիրտ, անօրինական ու խտրական քայլերի պատասխանը կարող է լինել կիրթ, ծանրակշիռ ու շատ դիպուկ: |