RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



ԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2020-02-20 19:46:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2074, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Երեւանցի պարող-պարուսույց Անդրանիկ Սարգսյանն մանկուց հանդես է եկել պիոներ-պալատների պարախմբերում: Մասնակցել է Մալթայում եւ Շոտլանդիայում կայացած պարի միջազգային փառատոներին եւ դարձել է դափնեկիր: Ուսանել է Պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում եւ Հյուսիսային համալսարանումՙ ստանալով մանկավարժ մեթոդիստի կրթություն: 23 տարի էՙ «Արաքս» պարային համույթի տնօրենն է եւ գեղարվեստական ղեկավարը: Այդ խմբում, ինչպես նաեւ «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում դասավանդում է դասական, հայկական ժողովրդական եւ մոդեռն պարեր, բեմադրում պարային համարներ: Միաժամանակ Պարարվեստի պետական քոլեջի դաստիարակչական գծով պատասխանատուն է...

- Անդրանիկ, դու մեր օպերայի եւ բալետի թատրոնի պարախմբի անդամ դարձար 27 տարեկանում, երբ ուրիշ պարողներ արդեն մտածում են բեմին հրաժեշտ տալու մասին...

- Մեր բալետում աշխատել եմ ութ տարի, պարել եմ Հանսՙ «Ժիզել»-ում, մեր բալետային ներկայացումներում եւ «Պողիկտոս» օպերայի խորեոգրաֆիկ տեսարաններում, ամենից շատ սիրել եմ «Լորկիանան», որը չնաշխարհիկ բեմադրություն է եւ որտեղ լիովին դրսեւորում էի իմ ներաշխարհը: Ինձ համար շրջադարձային եղավ, երբ «Սպարտակը» բեմադրելու համար մեր թատրոն հրավիրվեց Յուրի Գրիգորովիչը, այնտեղ թեեւ մասնակցել եմ միայն կորդեբալետում, սակայն այդ մեծ վարպետի հետ շփումներն ու նրանից քաղած դասերն անմոռանալի եղան: Ինձ համար չկան փոքր դերեր, որեւէ դեր պիտի մատուցվի բարոյական սկզբունքովՙ հաշվետու լինելով ինքդ քո առջեւ, հանրության առջեւ եւ ա՛յն հանրության, որը եկել է ներկայացում դիտելու:

- Ես քեզ հիշում եմ «Կռունկ» պարախմբից, հատկապես նրա «Քսաներորդ դարի մետամորֆոզները» ներկայացման մեջ, որտեղ նախահայր Ադամի դերում էիր...

- «Կռունկը» պատկանելիություն է, հիմք է, հիմնասյուն է, որի առջեւ նույնպես խոնարհվում եմ: Նրա հիմնադիր Ազատ Ղարիբյանն ինձ համար պարարվեստի Կոմիտասն է: Այնտեղ աշխատելը, այդ շնչով ուղղորդվելը յուրաքանչյուր կատարողի համար երազանք էր: Այդ հեքիաթային աշխարհին մաս կազմելու բախտն ունեցա, որի համար շնորհակալ եմ «Կռունկի» ղեկավար Նելլի Կարապետյանին, որը հավատարմորեն պահպանում էր Ղարիբյանի ավանդույթները: Մենք աշխատեցինք համույթում առանց մեզ խնայելու, համաձուլելով մեր ոգին ու մարմինըՙ նրա հիմնադրման օրվանից մինչեւ երբ դադարեց գոյությունը: Քո նշած ներկայացման առիթով ասեմ, որ Նելլին խիստ ընտրություն կատարեցՙ յուրաքանչյուր կերպարին համահունչ դերակատար գտնելով: Ինչպես իմ գիտական աշխատության մեջ եմ նշել, երաժշտականությունը պարարվեստի անքակտելի մասն է, այն պետք է յուրացնելՙ հոգեվիճակ ստեղծելու համար, այլապես բեմում ցուցադրածդ միմիայն ֆիզիկական աշխատանք կլինի: Ադամի կերպարը ստեղծելիս ես առաջնորդվում էի այդ սկզբունքով: Որքանով այն ստացվեցՙ թողնում եմ հանրության դատին:

- Որքան գիտեմՙ մեր պարողներից միայն դու ես ուսանել Փարիզի պարարվեստի ակադեմիայում...

- Վերապատրաստվել եմ մոդեռն պարի ասպարեզումՙ 2000-2002 թվականներին: Այդ ժամանակ նույնիսկ դժվար էր համակարգիչ ունենալ, սակայն ես կապվեցի այդ ակադեմիայի հետ, ուղարկեցի իմ ելույթի տեսանյութը եւ հրավիրվեցի Ֆրանսիա: Մեզ ուսուցանում էին մոդեռն, մնջախաղ եւ ջազային պարերՙ ամենը դասականի հիմքի վրա, իսկ դասավանդողները փայլուն մանկավարժներ էին աշխարհի տարբեր երկրներից, որոնք փոխվում էին տասնհինգ օրը մեկ: Դրսից եկածներս բնակվում էինք հենց ակադեմիայի շենքում, առավոտից մինչեւ ժամը վեցը պարապում էինք: Այդ տարիներին նաեւ դիտել եմ բազմաթիվ մոդեռն պարային բեմադրություններ: Այս ամենն ինձ, բնականաբար, հսկայական փորձ ու գիտելիք տվեց, որն այսօր փոխանցում եմ իմ սաներին:

- Վերջերս նորից դիտեցի «Տերպսիքորայի գերիները» վավերագրական կինոնկարը ռուս պարուսույց Լյուբով Սախարովայի մասին, որը հայտնի է որպես չափից ավելի խիստ, եթե չասենքՙ դաժան ուսուցիչ: Իսկ ինչպիսի՞ պարուսույց ես դու:

- Պահանջկոտ եւ խիստ: Պարասրահում կան չգրված օրենքներ, որոնց պետք է հետեւել: Հասարակության մեջ առհասարակ ձեւավորված է կարծիք, որ մենք շատ խիստ ենք, հաճախՙ կոպիտ, բայց պիտի խոնարհաբար ընդունել, որ ինչ որ անում է պարուսույց մանկավարժը, անում է ի բարօրություն երեխայի: Պահանջները կարող են ծնել տաղանդներ, երեխային բարձրացնել վերեւ, ինչն անհնար է առանց խստություն: Ինքս ունեմ երկու որդի, որոնք դասական պարարվեստով են զբաղվում. նրանց հանդեպ էլ չափազանց պահանջկոտ ու հետեւողական եմ: Ինչպես գիտակ մարդիկ են ասումՙ արվեստը եւ մանկավարժությունը երբեք ավարտ չեն ունենում, պետք է միշտ կատարել առավելագույնը, ինչն առանց խստության անհնար է: Խստությունն արժեքի ոտնահարում չէ, այն պահանջ է:

- Դու առաջինն ես մեր պարային մասնագիտական գրականության մեջ անդրադարձել ուսումնառության պսիխոտեխնիկային: Երկու տարի առաջ լույս տեսավ քո «Պարային շարժումների յուրացման իդեոմոտոր առանձնահատկությունները» աշխատությունը: Իդեոմոտոր տեսության մասին գիտեի սպորտի առնչությամբ. ինչպե՞ս քո մեջ առաջացավ թեման ուղղորդել դեպի պարարվեստը:

- Երկար տարիներ ինձ փորձեցի որպես կատարող եւ մանկավարժ, ու եկավ մի պահ, որ միտք հղացա ունենալ նաեւ գիտական աշխատությունՙ ինձնից հետո մի հետք թողնելու նպատակով: Երեք տարի աշխատեցի եւ ընթերցողի սեղանին եմ դրել այս ոչ մեծ գիրքը: Իրականում պարարվեստը պետք է ընկալել որպես գիտություն, որը գործ ունի մարդու հոգեվիճակի հետ: Ոմանց մոտ կա թյուր կարծիք, որ պարը միայն ոտքերն են գործի դնում, մինչդեռ ոտքերի աշխատանքը պետք է ղեկավարվի ուղեղով եւ սրտով: Իդեոմոտոր տեսությունը իմ մանկավարժական մեթոդիկայի մաս է կազմում, ես աշակերտներիս փորձերի ընթացքում հաճախ թելադրում եմ մտովի կառուցել շարժումը, հետո նոր կատարել: Աշխատությանս նյութը բավական խիտ է: Որքանով է այն ստացվելՙ դու ավելի լավ կարող ես ասել, քանի որ կարդացել ես...

- Դու պարարվեստը համարում ես գիտություն, իսկ ինչպե՞ս կբնորոշես ինքդ քեզ:

- Ես խոնարհ ծառան եմ բարձր արվեստի, դասական պարարվեստի: Պատասխանատու եւ պահանջկոտ եմ նախ եւ առաջ ինքս իմ հանդեպ. իմ առօրյան սկսվում է առավոտյան ժամը 5-ին, ամեն օր մարզում եմ ինչպես մարմինս, այնպես էլ միտքս ու հոգիսՙ ելնելով մասնագիտությանս հանդեպ ունեցած հարգանքից: Այս հոգեվիճակն ինձ ստիպեց ամեն օր արթնանալ որպես պատասխանատու քաղաքացի, եւ ոչ միայն բախտի գործոնն էր (շնորհակալ եմ Աստծունՙ ուղղորդելու համար), այլեւ աշխատասիրության, ինչի շնորհիվ դարձա այն, ինչ որ այսօր եմ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ