ՆՈՐԱ ՍԱՐԱՖՅԱՆ-ԹԱՇՃՅԱՆԸ ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖՅԱՆԻ ԱՐԽԻՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Փետրվարի 17-ին Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը հյուրընկալեց լիբանանահայ մանկավարժ Նորա Սարաֆյան-Թաշճյանին : Հանդիպման առիթը արեւմտահայ քնարերգության վերջին ներկայացուցիչներից, վաղամեռիկ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի գրական ժառանգությունն էր: Հեղինակի ստեղծագործական կյանքի ու արխիվի մասին շուրջ երկու ժամ ուսանողների հետ զրուցեց Նորա Սարաֆյան-Թաշճյանը: Համագործակցելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հետՙ կապ է հաստատվել բանաստեղծի ընտանեկան ժառանգորդ, արվեստաբան Սիլվիա Աճեմյանի (*) հետ, որի մոտ պահպանվել է Զարիֆյանի արխիվը: Այն համակարգվել եւ ուսումնասիրվել է մոտ կես տարի: Արխիվն այսօր ի մի է բերվել եւ հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Դասակարգված արխիվի շնորհիվ լույս է սփռվել գրողի անձնական ու ստեղծագործական կյանքին վերաբերող մի շարք հարցերի վրա: Բացահայտվել են Զարիֆյանի աշակերտ, ուսանող, զինվորական եւ բանաստեղծ կենսափուլերի վարքագծերն ու հատկանիշները: Նվազ տեղեկություններ չեն հաղորդվում նաեւ նրա ընտանիքի անդամների, նիստուկացի եւ կարգավիճակի մասին: Առաջին անգամ երեւան են գալիս բանաստեղծի եւ նրա ընտանիքի անդամների մի շարք կարեւոր, նաեւ փաստական մակագրություններ պարունակող լուսանկարներ: Հայտնի է դառնում, որ Զարիֆյանի ընտանիքի անդամները մշակութային տարբեր ոլորտներում ծավալել են բեղուն գործունեություն:(**) Հայաստան են փոխադրվել նաեւ Զարիֆյանի աշակերտական եւ ուսանողական փաստաթղթերը, որոնցում արտացոլվում են փայլուն աշակերտ եւ ուսանող Մատթեւոսի բացառիկ ընդունակությունները, բարոյական բարձր որակներ ունենալու փաստը: Ուսանողների հետ զրույցի ընթացքում բանախոսը հույս հայտնեց, որ ԳԱԹ-ին հանձնված արխիվը առաջիկայում վերստին կուսումնասիրվի եւ հրատարակության կպատրաստվի. «Մեծ հույս ունեմ, որ այդ նյութերը թանգարանում չեն մնալու միայն որպես թանգարանային նմուշներ, շատ ուրախալի կլինի, եթե դուք, սիրելի՛ ուսանողներ, առաջիկայում մի պատեհ առիթով սկսեք ուսումնասիրել դրանք, խորությամբ տիրապետեք այդ ամենին ու հրատարակության պատրաստեք»: Տեղումՙ էկրանին, Ն. Սարաֆյան-Թաշճյանն ուսանողներին ներկայացրեց արխիվի թվայնացված մի մաս ու բացատրեց իր կատարած աշխատանքի սկզբունքներն ու դրանցից ճիշտ, ավելի դյուրին օգտվելու միջոցները: Հանդիպման ավարտին Ն. Սարաֆյան-Թաշճյանը շնորհակալություն հայտնեց բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին, հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանին, դասախոսներ Լիլիթ Սեյրանյանին ու Մարինե Ղազարյանին: Հանդիպումն իր խոսքով եզրափակեց Արծրուն Ավագյանըՙ շնորհակալություն հայտնելով Ն. Սարաֆյան-Թաշճյանին կատարած հայրենանվեր աշխատանքի համար եւ ուսանողներին հորդորեց անպայման խորամուխ լինել գրականության ու մշակույթի մեջ. *) Սիլվիա Աճեմյանը Լիբանանում քաջ հայտնի արվեստաբան է, «Սուրսոք» թանգարանի պատասխանատուներից: Նա դուստրն է տաղանդավոր երգիծանկարիչ Տիրանի (Տիրան ԱՃեմյան), որի երգիծանկարների գերակշիռ մասը ժամանակին լույս է տեսել Լիբանանի ֆրանսիական եւ արաբական մամուլում: Ծ.Խ.: **) Մատթեոս Զարիֆյանի ընտանիքի ամենահայտնի անդամը նրա հարազատ քույրն էրՙ գրող, հրապարակախոս, գրական սալոնի հիմնադիր, ազատական եւ ազատախոհ հայացքներով հայտնի Սիրան Սեզան: Նա հիմնադրել ու երկար տարիներ խմբագրել է «Երիտասարդ հայուհի» ամսագիրը, որը հետագայում վերանվանվեց «Երիտասարդ հայ», որը հանդիսացավ 70-ական թվականների լիբանանահայ անկուսակցական, կամ կուսակցություններից խրտչած երիտասարդության խոսափողը: Ծ.Խ.: |