RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 19:46:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂ ԳՐՔԵՐԸ ՄԵՐ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Գեւորգ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 2-րդ կուրսի ուսանող

Կա ձեւավորված թյուր կարծիք, որ այսօրվա հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունը, չունի հետաքրքրություն գրքերի եւ ընթերցանության նկատմամբ: Դա ունի իր հիմնավորումները: Շատերի պնդմամբ, մեր օրերում գիրք կարդալը պակաս կարեւոր է դարձել համացանցի եւ վիրտուալ սոցիալական հարթակների առկայության պատճառով:

Սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ ընթերցանությունը այսօր արդիական չէ: Կա հասարակության մի զանգված, որը պարբերաբար օգտվում է գրախանութներից կամ գրադարաններից եւ իր առօրյայում հստակ տեղ է տրամադրում գիրք կարդալուն: Սակայն այլ հարց է, թե ո՞ր գրքերն են պահանջված մեր օրերում, կամ որո՞նք են գրավում երիտասարդներին:

Տարբեր ժամանակաշրջաններում, ժամանակի հոլովույթներին համընթաց, պահանջված եւ արդի են լինում տարբեր գրքեր: Քչերը կան, որոնք միշտ պահպանում են իրենց հետաքրքրականությունն ու գրավչությունըՙ անկախ ժամանակաշրջանից: Այդպիսի գրքերն անվանվում են դասականներ:

Պարզելու համար, թե ինչպիսի՞ գրքեր են այժմ հետաքրքրում մեր երիտասարդությանը եւ որո՞նք են ժամանակի ամենից պահանջված եւ լավ վաճառք ունեցող գրքերը, զրուցեցինք հայաստանյան խոշոր գրախանութներից մեկի վաճառողի հետ:

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ներկա ժամանակների բեսթսելերներն ենՙ Շառլ Ազնավուրի «Շառլ Ազնավուր. Կյանքից կառչած», Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին», Աբբա Պրեւոյի «Մանոն Լեսկո», Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներ», Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» եւ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գրքերը: Մեծ պահանջարկ ունեցող գրքերի թվին է պատկանում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Սակայն բացի գեղարվեստական գրականությունից, երիտասարդությանը գրավում են նաեւ ֆինանսական մոտիվներ պարունակող գրքերը, որոնք խոսում են հարստանալու միջոցների եւ հաջողությունների հասնելու մասին: Նմանօրինակ բեսթսելերներից են Ջորջ Քլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը» եւ Ջոն Ռոքֆելերի «Ինչպես դարձա միլիարդատեր» գրքերը:

Հատկանշական է, որ այս գրքերից շատերի բարձր ընթերցելիությունը պայմանավորված է նաեւ լավ արված PR-ով, որին կանդրադառնամ:

Այդպիսիներից է բլոգեր եւ գրող Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որը մարդու ներաշխարհի մասին է: Գրքում, օգտագործելով իր կյանքի սեփական բազմաթիվ փորձությունները` հեղինակը ցույց է տալիս, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները հաճախ ավելի մեծ գաղափարներ են ծնում մարդու մեջ, քան մշտապես երջանիկ լինելը: Այս գրքին առաջին հերթին մեծ պահանջարկ բերեց նրա յուրօրինակ վերնագիրը, ինչը փաստում են այն ընթերցած բոլոր մարդիկ: Երկրորդըՙ լավ գովազդն էր սոցիալական մեդիայի միջոցով: Բացի այդ, գիրքը մեծ շնորհանդես ունեցավ Երեւանում:

Աբբա Պրեւոյի «Մանոն Լեսկո» գիրքը լայն ճանաչում ստացավ «Վերջին ուսուցիչը» հեռուստաշարքից հետո, որտեղ այն բազմիցս հիշատակվում էր: Սերիալում պատմվում էին նույն գրքի սյուժեից տարբեր հատվածներ, ինչն էլ հենց գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության շրջանում:

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը մեծ վաճառք ունեցավ «թավշյա հեղափոխությունից» հետո: Կարելի է ասել, որ դրանից ավելի արդյունավետ եւ ազդու PR չէր էլ կարող լինել: Գիրքը մինչ օրս շարունակում է ապահովել մեծ վաճառք:

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական «Շառլ Ազնավուր. Կյանքից կառչած» գիրքը, որը հայերեն թարգմանությամբ հրատարակվել է 2019 թվականին, բավականին կարճ ժամանակում առաջացրեց մեծ հետաքրքրություն եւ ունեցավ մեծ վաճառք, դասվելով բեսթսելերների շարքին: Սրա գլխավոր պատճառը միանշանակ հենց հեղինակիՙ մեծն շանսոնյեի անունն է: Սա Ազնավուրի թվով 9-րդ գիրքն է, նա անդրադառնում է ոչ միայն իր անցյալին, այլեւ մարդու համար կարեւորություն ունեցող շատ թեմաների: Այս գիրքը համարվում է կյանքի ուսուցողական ձեռնարկ:

Զրուցելով երիտասարդների հետՙ պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում են այնպիսի գրքեր, որոնք համարվում են լավ խորհրդատու եւ վերաբերում են կյանքին ու մարդկային գործոններին, մարդկային փոխհարաբերություններին, կենսական նշանակություն ունեցող հարցերին:

Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում արդիական է նաեւ համացանցի միջոցով գիրք ընթերցելը եւ վերջին ժամանակաշրջանում տարածում գտած աուդիո-գրքերը:

Սակայն զրուցելով ընթերցասեր երիտասարդների հետ` շատերի կողմից հնչեց այն կարծիքը, թե վերոնշյալ տարբերակները չեն կարողանում լիովին լրացնել ու փոխանցել գիրք ընթերցելու հաճույքը եւ օգտավետությունը:

Փոխարենը գրքերի նորաոճ կազմը, էջադրումները եւ ձեւավորումները է՛լ ավելի հաճելի ու հեշտ են դարձնում կարդալու գործընթացը: Սա իր հերթին եւս մարդկանց մոտ մեծացնում է գիրք գնելու ցանկությունը:

Անկախ այն բանիցՙ գիրքը համարվում է բեսթսելեր թե ոչ, պետք է գիտակցել, որ այն ունի մնայուն արժեք եւ միշտ պատրաստ է ծառայել մարդուն:

Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնըՙ «Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ` խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ