ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐՙ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ» Անի ՓԱՇԱՅԱՆ Նարինե Ավագյանը բանաստեղծ է, գրող, մանկավարժ: Բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, այդ թվումՙ առանձին գրքով լույս տեսած «Նուռը» պատմվածքի: Նրան շատերն են կարդում, բանաստեղծությունները տպագրվում են գրական մամուլում, տարբեր անթոլոգիաներում: Անդրադառնում է տարբեր թեմաներիՙ հայրենիք, սեր, բարեկամություն, եւ ճշմարտությունն է իր տողերի ուղեկիցը: Նա բաց աչքով է նայում կյանքին եւ երջանկությանը: Իմ այս հարցազրույցը կարեւոր եմ համարում նրանով, որ ավելի եմ բացում ստեղծագործողի ներաշխարհըՙ ընթերցողին ավելի մոտեցնելով գրողին...
- Ճիշտ է ասված, որ եթե ուզում ես ճանաչել բանաստեղծին, պիտի լինես նրա ծննդավայրում: Քոնը Գյումրին է: Քաղաք, որը սիրված է, որը խորհուրդներ ունի, ճակատագրական հարվածներ ունի իր հիշողության կեղեւում: Ինչպիսի՞ն է նա երեւացել քեզ: Ի՞նչ գույն ունի քո մանկության քաղաքը, որ արթնացնում է քոՙ պոետի հոգին: - Ամեն անգամ, երբ գծագրվում է ծննդավայրիս պատկերը, հոգիս թարմանում է: Գյումրին ինձ ծնունդ է տվել, մորս է նվիրել ինձ: Նրա հողից են կառչում արմատներս: Գուցե դա է պատճառը, որ հենց նրա երկնքի խորություններն են այնքան լավ արտացոլվում աչքերիս մեջ: Որքան էլ խավար լինի շուրջս, նրանից ժառանգած անկոտրում ոգին վիթխարի ուժ է տալիս, եւ աչքերիս առաջ բացվում են հիշողությունների դռները... Սկսում եմ բերկրանքից ճախրել միասին ապրած կյանքի երկինքներում: Գյումրին հավերժի գույնն է ինձ համար: - Հաճախ ես գրում մորդ մասին: Ո՞վ է նա մասնագիտությամբ: Կպատմե՞ս նրա մասին: - Մայրս երկու կրթություն ունի: Նախ ավարտել է Գյումրու պետական պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա ավելի հասուն տարիքում հեռակայել է Ռոստովի բարձրագույն դպրոցումՙ ստանալով ղեկավար խորհրդատուի որակավորումՙ կադրային գծով: Այժմ զինվորական թոշակառու է: Ինձ համար նա ամեն ինչ էՙ բարություն, ապավեն, խորհրդանիշ: Կյանքի տարբեր բնագավառներում դրսեւորած իմ վերաբերմունքը գալիս է այն օրերից, որոնք մորս աչքերով են ինձ ժպտում այսօր էլ... - Երեւան եւ Գյումրի. այսօր ինչպիսի՞ տեղ ունեն այս երկու քաղաքները քո ներաշխարհում: - Գյումրին ինձ համար անփոխարինելի արժեք է, նա անվերջ «հնչում» է երակներումս: Բայց այսօր ես Երեւանում եմ... Այն իմ գոյության անհրաժեշտ պայմանն է, ներշնչանք բազում գործերիս համար: Նրա փողոցներում այնպիսի բանաստեղծություններ են ծնվել, որոնց համար ես պարզապես երախտապարտ եմ քարերին ու փողոցներին, որոնք առել են ինձ իրենց գիրկն ու օրորել, մինչեւ թողել են երկունքի ցավերը... Ուր էլ գնում եմ, երրորդ օրն արդեն, կարոտում եմ Երեւանը, իմ անչափ սիրելի Սարյան փողոցը, այստեղի օդը, միջավայրը, առօրյան... - Ո՞վ է Նարինե Ավագյան բանաստեղծը: - Առաջին հերթինՙ հայ, ապա զավակ, մայր, կին, մանկավարժ: Բանաստեղծն ավելի հասուն տարիքում է ձեւավորվել իմ մեջ, եւ ես կարծում եմ, որ վերոհիշյալ որակներն են ծնել ինձ... - Քո առաջին բանաստեղծությունը, ո՞ր տարիքում ես այն գրել: Տպագրե՞լ ես... - Գրել եմ վաղ հասակից: Շատ լավ եմ հիշում իմ առաջին բանաստեղծության ծննդյան պատմությունը: Դպրոցում հայրենիքի մասին շարադրություն էր հանձնարարված, իսկ ես սիրում էի շարադրություններս կա՛մ սկսել, կա՛մ ավարտել չափածոյով: Եվ ահա, այնպես ստացվեց, որ ոչ թե վերցրի մեր դասականների գործերից, այլ ինքս գրեցի: Առաջին տողն եմ լավ հիշում. «Հայաստան իմՙ հպարտ ու վես»... Երրորդ դասարանում էի սովորում այդ ժամանակ: Ոչ, չեմ տպագրել: Մեր գրողները, նրանք, ում ես անընդհատ կարդում էի, ինձ համար վերերկրային ինչ-որ տիրույթում էին, իսկ ինձ այնտեղ չեմ պատկերացրել այդ տարիքից հետո էլ շատ երկար ժամանակ... Կարելի է ասելՙ մինչեւ հիմա: - Քեզ շատ են կարդում, եւ դու շատ ընթերցված ես: Ո՞վ է ընթերցողը քեզ համար: - Ես թատրոն շատ եմ սիրում, անչափ, բայց մի պահ պատկերացնենք թատրոնն առանց հանդիսատեսի: Ինչպիսի՞ն կլինի այն... Ինձ համար ընթերցողը նույնն է, ինչ թատրոնի համարՙ հանդիսատեսը: - Վերջերս դու ճանապարհորդեցիր, եղար եվրոպական մի շարք քաղաքներում: Ի՞նչ տպավորություններ ունես: Ցանկություն ունե՞ս թղթին տալ հուշերդ էսսեի կամ բանաստեղծության տեսքով: - Այո, ճանապարհորդել, նորը բացահայտել շատ եմ սիրում, իսկ վերջերս եղա Փարիզում, Լյուքսեմբուրգում, Ստրասբուրգում, Նանսիում, Վարշավայում: Պիտի ասեմ, որ բացահայտումներս ճարտարապետության տեսանկյունից գերազանցեցին սպասելիքներս: Չտեսնված կառույցներ, պատմությունՙ նրանց պատերի ներսում. մշակույթ, որ որոշակի կարծրատիպեր կոտրեց իմ ներսում... Հիացած եմ տեսածովս եւ ինքս ինձ երանի էի տալիս այդ պահերին, երբ աչքս շոյում էին նման գեղեցկություններ: Սակայն դա ինձ համար նման էր նրան, երբ արտակարգ խնամված գեղեցիկ կին եմ տեսնում, որ ասես քայլող մշակույթ լինի, բայց ընդամենըՙ այսքանը: Հիանում ես նրանով, ապա կարճ ժամանակ անց կարոտում մորդ, նրա պարզ սանրվածքը, ձեռքերը, հայացքը... Այսպես էր Եվրոպան ինձ համար: Դարձյալ համոզվեցի, որ կապրեմ միայն ի՛մ երկրում: Իհարկե, շատ գրառումներ ունեմ այդ օրերից: Երբ հրատարակվեն արձակ գործերս առանձին գրքով, նրա էջերում կերեւա նաեւ Եվրոպան: Զարմանալին այն էր, որ երբեւէ չերազելով տեսնել Փարիզը, այնուամենայնիվ, սիրեցի... - Աշխարհում անհաշվելի գրողներ կան: Եվ դու փայլուն տիրապետում ես անգլերենին: Ազատ կարող ես կարդալ Շեքսպիր եւ Շոու, Հեմինգուեյ եւ Սարոյան, Էլիոթ եւ Ֆոլկներ: Ըստ քեզ, ինչպիսի՞ն են նրանք բնագրով: - Որեւէ գրողի բնագրով ընթերցելն ավելի է մոտեցնում նրան. հասկանում ես տվյալ գրի նրբություններն ու առանձնահատկությունները: Սակայն պիտի ասեմ, որ մենք հայերենով բավականին հաջողված թարգմանություններ ունենք: Երբ համեմատում եմ, նկատում եմ, որ թարգմանիչը ոչ միայն ջանք ու եռանդ չի խնայել տվյալ հեղինակի խոսքը տեղ հասցնելու համար, այլ նաեւ «ընդգրկել» է բնագրի հոգին, որն ամենակարեւորն է այս դեպքում: Բայց պիտի ասեմ, որ այս երեւույթն ավելի շատ նկատելի է խորհրդային շրջանի թարգմանությունների մեջ, որտեղ կար որակ, նաեւՙ մտահոգություն եւ պատասխանատվություն թարգմանչական գործի նկատմամբ: Թող ինձ ներեն ժամանակակից թարգմանիչները. սա գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես մեծ բավականություն եմ ստանում այդ շրջանի թարգմանությունների ընթերցումից: Բնագրով եւս շատ եմ կարդում, թարգմանչական փորձեր էլ եմ արել, որոնք, կարծում եմ, որ տարիների ընթացքում կվերածվեն ժողովածուի: - Նարինե, երբ հետեւում եմ քո գրական գործունեությանը, չեմ կարող չնկատել առանձնահատուկ վերաբերմունք եւ բացառիկ հարգանք քո՛ սերնդակից գրողների հանդեպ: Այդօրինակ վարքագիծը, կարծում եմ, պիտի որ վարակիչ լինի շատերի համար: Ինձ հետաքրքրում է, թե ովքե՞ր են քեզ սիրելի եւ հարազատ իրենց գրով... - Այո, չեմ ժխտի, որ անտարբեր չեմ իմ ժամանակակիցների գրի հանդեպ: Նախ չեմ պատրաստվում արդի գրողին «լավ» կամ «վատ» որակել: Եթե գրում է, նշանակում էՙ դրա պահանջն ունի, հետեւաբար կունենա իր ընթերցողը: Ամեն նոր գրի ծանոթանալուց հետո անմիջապես զգում եմՙ ի՞մն է, թե՞ ոչ... Ամեն դեպքում շարունակում եմ մեծ հարգանքով վերաբերվել նրանց ստեղծածին: Եթե դիպչում է սրտիս, հետեւողականորեն կարդում եմ, ուրախանում ամեն հաջողությամբ եւ չեմ զլանում հիացմունքս արտահայտել... Էդուարդ Հարենց, Գագիկ Դավթյան, Հուսիկ Արա, Շանթ Մկրտչյան, Գագիկ Սարոյան, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Խաչիկյան, Վրեժ Սարուխանյան: Մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցում Ասատուր Փաշայանի հայագիտական գրքերը: Կին պոետներից կառանձնացնեմ Հռիփսիմէին: Ինձ շարունակում են հետաքրքրել Հովհաննես Գրիգորյանը, Ավագ Եփրեմյանը, Հրաչյա Սարուխանը, եւ այս շարքը երկար կլինի, եթե թվարկեմ բոլորին: - Վերջերս կարդացի քո բանաստեղծությունները ռուսերենՙ Արա Գեւորգյանի ձեռամբ: Ճիշտն ասած, ինձ զարմացրեց թարգմանչի հոգատար եւ ազնիվ վերաբերմունքը քո մտքերի եւ հույզերի, քո գրական տեքստի հանդեպ: Ի՞նչ կասես այս մասին: - Այո, լիովին համամիտ եմ քեզ հետ, սիրելի Անի: Մինչ այժմ էլ եղել էին թարգմանչական փորձեր, բայց ես ոչ մեկի թարգմանության մեջ չէի զգացել իմ բառի «երակը»: Արա Գեւորգյանը հենց «ի՛նձ» է թարգմանել, եւ այդ է պատճառը, որ շուտով, գուցե հենց այս տարի, լույս տեսնի իմ բանաստեղծությունների առանձին ժողովածունՙ ռուսերեն: Ուզում եմ, օգտվելով առիթիցՙ շնորհակալությունս հայտնելու վարպետին, որը նաեւ հայ դասականներին է հիանալի թարգմանումՙ այսպիսով կատարելով մեծ ու հայրենանվեր գործ: Նա նույնպես գյումրեցի է, որը մեծ հպարտությամբ եմ ասում: - Գաղտնիք չէ, որ գրողներն ունենում են վայրէջքի եւ վերելքի շրջաններ: Ինչպիսի՞ ժամանակահատված է այժմ քեզ համար, եւ էլ ի՞նչ է գրելու Նարինե Ավագյանը, բանաստեղծ, որին շատ սիրում է ընթերցողը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել թե՛ աշակերտների, թե՛ ընթերցասեր լայն շրջանների հետ: - Այո, այս վերելք եւ վայրէջք բառերի փոխարեն ինքս ինձ համար կասեիՙ լիքը եւ դատարկ շրջաններ: Լինում էՙ լցվում եմ այնքան, որ չի ստացվում պարպվել: Այնուհետեւ հաջորդում է մի շրջան, երբ ներսից էլի խմորումներ են, բայց դարձյալ չեմ գտնում համապատասխան արտահայտչամիջոցները: Գուցե հույզերս ու մտորումներս արցունքի կամ ծիծաղի տեսքով են ինձ լքում, բայց չեն վերածվում տողի... Այդպես էլ է լինում... Այս պահին ես կարծում եմ, որ բավականին բուռն շրջանից հետո դեռ դադարի մեջ եմ, բայց զգում եմ, որ նոր ալիք է լինելու, այն արդեն խաղում է իմ մեջ, եւ ուր որ է, իր հորձանքի մեջ կառնի ինձ: Եթե չանկեղծանայի, ընթերցողը չէր էլ զգա այս դադարը, քանի որ դեռ երեք չհրատարակված գրքերի նյութ ունեմ, որոնք պարբերաբար լույս են տեսնելուՙ պահելով իմՙ գրական ընթացքը: - Եվ այսպիսի մի հարց. եթե չստեղծեիր գրականություն, ի՞նչ կանեիր կամ ինչո՞վ կզբաղվեիր: Ունե՞ս հոբի կամ հոբիներ: - Սիրելի մասնագիտություն ունեի դեռ գրականությունից էլ առաջՙ մանկավարժությունն ինձ համար տարերք է, երեխանՙ անբացատրելի հրաշքՙ մի մեծ ու խորունկ աշխարհ: Նրան բացահայտելն ու գիտելիքներ հաղորդելն ինձ համար գերագույն հաճույք է: Նրանցից նաեւ սովորում եմ: Կարծում եմ, որ հատկապես հայ աշակերտի նկատմամբ տածած մեծ պատասխանատվությունն ու սերն էլ իրենց ներդրումն ունեն իմՙ որպես գրող, կայացման գործում: Սիրում եմ նաեւ փիլիսոփայությամբ զբաղվել: Հեռու չեմ խոհանոցային մշակույթից: Բայց իմ ամենամեծ հոբին Գիրքն է: - «Չլրացված տողերի լուսանցքներում» բանաստեղծական ժողովածուն թարմություն բերեց ժամանակակից մեր հայ պոեզիա, երջանկության խաչմերուկների եզրագծերով ինչ-ինչ նոր մտքեր հուշեց, որոնց մասին դեռ ոչ ոք չէր գրել... Դու ինքդ զգացի՞ր այդ ժողովածուի կենսավետ լիցքերը: - Այո, իհարկե... Այս ժողովածուն համարում եմ իմ գրական ընթացքի հիմնաքարը: Ինքս ինձ այստեղ ավելի շատ բացահայտեցի... Երբեմն ընթերցելիս որոշ գործեր կարծես նոր եմ «ճանաչում»: Հիմա ավելի ու ավելի պահանջկոտ եմ դարձել գրիս հանդեպ: Այս ժողովածուն, կարծում եմ, շատ ավելի ստացված է, քան նախորդները, եւ այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ սա իմ առաջին գիրքն է, որի խմբագիրը գրականագետ է: |