RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020



ՀԻՆԸ ՆՈՐԻ ՄԵՋ

Տեղադրվել է` 2020-03-14 19:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՌՈՒԶՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ

Արմանուշ ԿՈԶՄՈՅԱՆ, Իրանագետ

Գարունը եւ կյանքի զարթոնքը մարդկությանը շնորհված մեծագույն պարգեւներից են, որոնք հրճվանք են պատճառել մարդուն քարանձավից մինչեւ մեր օրերը: Կենդանին բնազդով եւ բջիջներով է զգում գարնան գալը, մարդը նաեւ գիտակցորեն է պաշտում այն:

Այդպիսի մի պայծառ տոն է Նոռուզըՙ (նոր օր) նոր տարին, որ շուտով տոնելու են մեր մերձավոր հարեւան պարսիկները: Նոռուզը տիեզերական օրինաչափություններից ծնված տոն է: Եթե մի սեղմ պատմական ակնարկով անդրադառնանք նոռուզի անցյալին, ապա պարզ կդառնա, որ նրա արմատները գնում են դեպի արիական-իրանական ժողովուրդների վաղնջական ժամանակները: Զրադաշտի օրոք նշվող բազմաթիվ տոներիՙ ամառային ցորենահավաքի, հոտի վերադարձի շարքում համաժողովրդական խանդավառությամբ է կատարվել երկու տոնՙ մեհրգան եւ նոռուզ, որ խորհրդանշել է մեռնող եւ կրկին հառնող բնությունը:

Աղյուսակի ձեւով մեզ հասած հնագույն վկայությունները խոսում են այն մասին, որ հզոր Աքեմենյանների օրոք գործող օրացույցը չնչին տարբերությամբ համընկնում էր բաբելականի հետ, սակայն ամիսների անունները զրադաշտական աստվածություններին էին ներկայացնումՙ Արամազդ, Միթրա եւն: Ե՛վ զրադաշտական ե՛ւ բաբելական օրացույցներով նոր տարին սկսվում է Մարտի այն գիշերը, երբ Արեգակը մերձենում է Խոյի համաստեղությանը եւ տեղի է ունենում գարնանային գիշերահավասարը:

Սկզբնական շրջանում նոռուզը տոնվել է որպես գարնան տոն եւ ուղեկցվել երգերով, որոնք կոչվում էին Բահարիե (գարնանային): Իսլամի ընդունումը չի խաթարել իրանական ժողովուրդների այդ հնագույն տոնի ծիսական կատարումը: Ավելին, գարնանային ներբողները հետագայում փայլ են տվել իսլամական իրանյան շահերի գիշերային խրախճանքներին եւ խանդավառել ժողովրդին աղմկոտ նոռուզյան ուրախություններում:

Ահավասիկ բահարիեի մի հատված Ռուդաքիի Դիվանից.

Նորից եկավ ուրախ գարունն իր գույներով հրաշագեղ,

Բուրեց անուշ ու հրճվանքով հագավ նորից զուգսն իր շքեղ,

Ով կքել էր ծերության տակ, պատանությամբ հպարտացավ,

Եվ աշխարհն այս հին ու ծերՙ ջահելության հանդես դարձավ:

Երկինքն իսկույն ոտքի հանեց ամպե գնդերն իր անհամար

Եվ զորապետ դարձավ քամին, իսկ որոտըՙ շեփորահար........

( Թարգմ. Վահագն Դավթյանի )

Հզոր սուլթան Մահմուդ Ղազնավիի արքունական պոետ Մանուչեհրին նոռուզյան զարթոնքի գույների ու երանգների խաղը համեմատում է հայկական դիպակի հետ:

Նոռուզը տոն է հավատի եւ ուրախության

Հագնում են դաշտերը դիպակ հայկական:

12-րդ դարի բանաստեղծ Շաթրանջին գրում է.

Արագիլն առաջինն է բերում մեզ նոռուզի բույրը,

Արագիլն է մեր թախծոտ հոգու գարնան լուրը....

Արեւելքի մեծ հեղինակություններից շատերն են անդրադարձել նոռուզին: Օմար Խայամին է վերագրվում արձակ մի ստեղծագործություն, որ կոչվում է «Նոռուզնամե»: Արաբ մատենագիր Մասուդին, մեծ մտածող Ալ Բիրունին, նույնիսկ 20-րդ դարի պարսից հայտնի արձակագիր Սադեղ Հեդայաթը, որ պարսից պատմա-ազգագրական նյութերի հավաքման ջատագովն էր, մեծարում էր նոռուզի խորհուրդը: Ըստ այդ տեղեկությունների, դիցաբանական արքա Քայումարսն է (այլ տարբերակովՙ Ջամշիդը) եղել տոնի ստեղծման առաջնեկը: Հավաքելով իր մոբեդներին այն օրը, երբ արեւը Խոյի համաստեղության ծիրն էր մտնում, Քայումարսը, որ Ֆիրդուսու Շահնամեում մարդկությանը բարիքներ շնորհած եւ առաջադիմության ուղին նշած առաջին մարդն էր, հրաման է տալիս սկսել ժամանակագրությունը:

Հետաքրքրական է նոռուզի էթիկետը: Այդ օրը պետք է ամեն ինչ մաքուր լինի, տունըՙ հավաք, հագուստներըՙ նոր: Նոռուզի բանաձեւը լավատեսական է. ով ուրախանում է նոռուզի օրը, նա ուրախանում է ողջ տարին: Հայտնի է, որ նույնիսկ արքաները այդ օրը բարեհաճ էին ժողովրդի նկատմամբ եւ ջանում էին առատ սեղաններ գցել: Այդ օրը չէր կարելի նեղություն պատճառել որեւէ մեկին: Ալ Բիրունինՙ դասակարգելով տոները, նոռուզը համարում է աշխարհիկ գործերի ուղեկից: Նոռուզյան տոնի բնապաշտական հենքը տեսնում ենք այն բուսական տարրերի ընտրությունից , որոնք հազարամյակներից մինչեւ մեր օրերն են հասել: Այդ են հաստատում ծիսական կոկիկ արարողությունները, ինչպես նաեւ տոնական կոմպոզիցիան: Այսօր նոռուզի սեղանը զարդարում է ծլարձակ գարին կամ ցորենը, որ նշանավորում է բնության արարող ուժը եւ կյանքի հաղթանակը: Գարին բարիք է, այդ է պատճառը, որ ժողովուրդը մինչեւ նոռուզի օրը հաճույքով հետեւում է նրա ծլարձակմանը եւ աճին:

Հնում նոռուզի տոնին ընդունված էր սեղանին դնել տարբեր ծառերի 7 ճյուղ, որոնք ուղեկցվում էինՙ «բազմապատկվում էր, բազմապատկվում է, բազմապատկվելու է» խոսքերով:

Հասկանալի է, որ իմաստուն նախնիների կողմից նոռուզի ընտրության օրը որպես ժողովրդական տոն պատահական չէր: Այն վերածնունդ եւ հառնող կյանք էր խորհրդանշում: Երբ պարսիկն այսօր սեղանին է դնում Ս տառով սկսվող 7 բուսական ծագման խորհրդանիշ (հաՖթ սին ), նա նաեւ մեծարում է երկրագործի աշխատանքի արդյունքը: Ինչպես ամեն երեւույթ, տոներն էլ են ենթարկվում դիալեկտիկայի օրենքներին, հարմարվում ժամանակին եւ տարափոխվում: Այսօր նոռուզյան տոնական սեղանի խորհրդանիշների կողքին դրվում է նաեւ Ղուրանը, ինչպես նաեւ հայելի, որ կրկնապատկում է այդ ամենը եւ կարծես հնագույն «բազմապատկվիր» հրամանի ժամանակակից արձագանքն է դառնում:

Այդ ամենով հանդերձ, նոռուզը իր հիմքում մնացել է անփոփոխ: Այսօր իսլամական Իրանում նոռուզի տոնը նույնքան սիրելի է ժողովրդին, որքան հազարավոր տարիներ առաջ: Այդ տոնը հեռավոր արձագանքն է քաղաքակիրթ ժողովրդի հնագույն նախասիրությունների, կանչն է նրա իմաստուն նախնիների:

Շնորհավորում ենք հեռու ու մոտիկ բարեկամ ժողովուրդների նոռուզ-նոր տարին, այն ժողովուրդների, որոնց համար սիրելի են անցյալից ժառանգած բնապաշտական տոները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ