RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 20:37:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 32925, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆՈՐ ՎԵՊԸ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լույս է տեսել Վահագն Գրիգորյանի նոր վեպը, որ խորագրված է «Պողոս-Պետրոս» (Երեւան, «Անտարես», 2019, 536 էջ): Հեղինակը այն գրել է երկար ժամանակ. վեպի ավարտին գրված էՙ 1993-2018, այսինքնՙ շուրջ քսանհինգ տարի: Սա նշանակում է, որ հեղինակը իր այս գործին առանձնակի եւ կարեւոր նշանակություն է տվել, բայց եւ նշանակում է, որ վեպը ծնվել է ստեղծագործական մեծ տվայտանքների գնով: Չմոռանանք, որ այս վեպի գրության ընթացքում Վահագն Գրիգորյանը գրել եւ հրապարակել է մի քանի վեպ, մեկ տասնյակից ավելի վիպակ եւ բազմաթիվ պատմվածքներ: «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ոստանի վերջին ճամփորդությունը», «Ազատ հայը», «Ժամանակի գետը» վեպերում, «Փակ սենյակ», «Թռչունի հոգին» եւ մյուս վիպակներում եւ իր տասնյակ պատմվածքներում գրողը հետամուտ է մեր ազգային գիտակցության էությունը հստակ տեսնելու, մեր ազգային հոգեբանության կերպափոխություններն ու ձեւափոխումները հասկանալու նպատակին: Ահա, ամենից առաջ այս առումով է, որ Վահագն Գրիգորյանի ստեղծագործությունները գեղարվեստական բարձր արժեք են ներկայացնում:

Իր այս նոր վեպում գրողը, թվում է, ամփոփում, ի մի է բերում այն ամենը, ինչ գեղարվեստական մեծ ուժով, ստեղծագործական ուրույն տեսողականությամբ եւ մեր կյանքի ու մեր իրականության փայլուն իմացությամբ պատկերել է իր նախորդ գործերում:

Այս վեպը, իմ ընկալումով, մեր այնքան երկար սպասված վեպն է, մեր գրականության երկար սպասված կարեւորագույն խոսքը:

Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը մեր ժողովրդի վերջին երկու հարյուր տարիների տվայտանքների, իր փնտրումների եւ որոնումների, անկումների եւ վերելքների, իր հոգեկան կառուցվածքի, իր հոգեկան էության գեղարվեստական պատկերումն է: Մեր գրականության մեջ առաջին անգամ փորձ է արվում ստեղծելու հայկական իրականության ավելի քան երկու հարյուր տարվա կյանքի գեղարվեստական համապատկերը: Վեպի բնույթը դժվար է հստակորեն զատորոշել. այն ե՛ւ պատմական, ե՛ւ, միեւնույն ժամանակ, արդիական վեպ է: Վեպի առաջին մասերում բազմաթիվ են պատմական իրողությունները, իրակություններն ու իրադարձությունները: Մանավանդ` պատմական է ժամանակը: Եվ այնուամենայնիվ այս վեպը պատմական վեպ չէ, պատմավեպ չէ: Պատմականը եւ վավերականը այս վեպում ժամանակն է եւ, եթե կարելի է այսպիսի բան ասել, պատմական են ժամանակի գույները, երանգները, ներքին ձայները, վերջապեսՙ ժամանակի ընթացքը:

Սկսենք վեպի խորագրից: Վեպիՙ առաջին հայացքից անսպասելի խորագիրը առնված է Հովհաննես Թումանյանի հայտնի լեգենդիցՙ «Պողո՛ս, գտա՜ր: - Չէ՜է՜: - Պետրո՛ս, գտա՜՜ր: - Չէ՜է՜»: Այս երկու անունը ներկա են վեպի ամբողջ հյուսվածքում եւ մանավանդ արձագանք են գտնում վեպի հիմնական իմաստակիր խորհրդանիշերից մեկիՙ Երեւանի Պողոս-Պետրոս եկեղեցու մշտական ներկայության մեջ: Եվ, վերջապես, ամենեւին ոչ պատահականորեն, վեպի հիմնական հերոսներից երկուսը Պողոս եւ Պետրոս անուններն են կրում: Պողոս-Պետրոսի թումանյանական հուզիչ պատմությունը, մանկությունից մեզ հայտնի հերոսների անունները վեպում ձեռք են բերում փիլիսոփայական եւ հոգեբանական խոր իմաստ եւ մեր այսօրվա իրականության առումովՙ խիստ արդիական բովանդակություն:

Վեպը ճանապարհորդություն է, ընթացք ժամանակի միջով, դարերի միջով, 18-րդ դարի առաջին տասնամյակներից մինչեւ մեր օրերը:

Վեպի ընթացքը բաղկացած է նախաբանից, հինգ կանգառից եւ վերջաբանից:

Վեպի նախաբանի ենթավերնագիրը բավական տխուր շեշտ ունի. այն խորագրված է «Ցավոք, ոչ լավատեսական» : Նախաբանը,- թող թույլ տրվի այս երկու բառը իրար կողքի դնել,- խիստ եւ դառն տեքստ է: Գրողի հանդիմանանքը իսկը տեղին է. մեր պատմագիտությունը, նրա հետքովՙ նաեւ մեր գրականությունը, վերջին երկու հարյուրամյակի մեր պատմության դրամատիկական եւ ճակատագրական հատվածներն ու իրողությունները կա՛մ շրջանցել են, կա՛մ անտեսել, եւ եթե նույնիսկ անդրադարձել են դրանց, ապա հարթելով սուր անկյունները, ձեւափոխելով շատ բան, իսկ վերջին տասնամյակների, այն էՙ խորհրդային շրջանի իրականությունը պարզապես գունազարդել են:

Վահագն Գրիգորյանը, թվում է, ընդգծում է հայ բանաստեղծի ձեւակերպած սկզբունքը.

Հոռետեսության համար չեմ ծնվել

Եվ դեմ եմ հիմար լավատեսության...

Վահագն Գրիգորյանի սկզբունքը իրատեսությունն է, ճիշտ տեսնել փաստերն ու իրողությունները, կարողանալ թափանցել արտաքին պատկերից այն կողմ եւ տեսնել մերկ ճշմարտության խորքը:

Վեպի ամեն մի մասը կարելի է համարել առանձին վեպՙ թեմայով եւ ինքնահատուկ սյուժետային գծով, դեպքերի եւ իրադարձությունների զարգացումով: Եվ, այնուամենայնիվ, հինգ մասը միավորված են, եւ վարպետորեն, մեկ ընդհանուր հյուսվածքի մեջ եւ գոյացնում են այս հոյակապ վեպը:

Վեպի առաջին մասը, առաջին կանգառը կոչվում է «Վարք Աբգարդպիր վարդապետի» : Այստեղ գլխավոր հերոսը Աբգարդպիր վարդապետ Մեսրոպյանն է, տարօրինակ անունով անհանգիստ այս հայը, հինավուրց տոհմի շառավիղը, որի կյանքի մեծագույն հոգսն ու մտահոգությունը Հայաստանն է, երկրի կախյալ վիճակն ու վտանգված կյանքը, եւ մանավանդ երկրի հետագա ճակատագիրը, ապագան: Աբգարդպիր վարդապետը 18-րդ դարի երկրորդ կեսի եւ 19-րդ դարի առաջին տասնամյակների հայ քաղաքական կյանքի եւ ժողովրդի իրական ապրելակերպի ժամանակակիցն է, ականատեսն ու անաչառ վկան:

Աբգարդպիր վարդապետը անհանգիստ մարդ է, նախ, իր արթուն մտքով: Թվում է` նա Ուիթմենի մատնանշած խորհող հայն է: Վարդապետը իրոք զննող ու քննող հայն է, ամեն ինչի խորքը թափանցելու ձգտող, իրերի եւ երեւույթների բուն էությունը հասկանալ ջանացող անձնավորություն:

Վիպասանն ու Աբգարդպիր վարդապետը ճամփա են ելնում 1722 թվականին, երբ Հայաստանի ազատագրության հոգսը, Հայաստանի ապագայի հարցը, ի վերջո, դառնում է օրվա խնդիր, երբ որոշ անհատների մեջ արթնանում է հայությանը իր ներկա վիճակից հանելու, ավելինՙ Հայաստանը ազատ եւ անկախ տեսնելու գաղափարը: Աբգարդպիր վարդապետը Հայաստանի ազատության գաղափարի կրողն է ու մարմնավորողը: Նա զգոն ու սթափ հետեւում է հայկական կյանքի բոլոր ելեւէջումներին, հրաշալի գիտի ոչ միայն հայոց անցյալը, հայոց պատմությունը, այլեւ իր ժամանակի քաղաքական կյանքի մանրումեծ բոլոր իրադարձությունները: Նրա թափանցող հայացքից չի վրիպում ոչ մի իրադարձություն, ոչ մի էական երեւույթ: Աբգարդպիր վարդապետը, թվում է, մշտապես կնճռոտ եւ բարդ հարցերի թնջուկի առջեւ է: Հայաստանի փրկության ու ապագայի ծրագրերըՙ Հովսեփ Էմին, Շահամիր Շահամիրյան, Մովսես Սարաֆյան, արքեպիսկոպոս Հովսեփ Արղության, «օտար խարույկներից ոգու կրակ» հայցող Իսրայել Օրի, սրանց կողքին` հայ եկեղեցու իրական դեմքն ու մանավանդ բռնած դիրքը, Դավիթ - Դանիել ամոթալի հակամարտությունը, հայրենասիրության հորինյալ, սուտ ու փծուն լեգենդըՙ Ներսես Աշտարակեցին, որ ստորագրում է «ռուսական ցարի հավատարիմ ծառա եւ սպասավոր», պարսկական տերության վարած քաղաքականությունը, հյուսիսի մեծ տերության, մեղմ ասած, անմաքուր ու անազնիվ վերաբերմունքը հայության հանդեպ, ու էլի հազարումի մանր ու մեծ հանգամանքները, խառնվում են Աբգարդպիր վարդապետի հոգում եւ գիտակցության մեջ: Պարսկական տերությունը նենգ է ու խորամանկ, հյուսիսի մեծ տերությունըՙ նվաճող, բռնատիրական, եւ նույնքան, եւ ավելի, նենգ, նույնքան, եւ ավելի, արյունարբու եւ խորամանկ, եւ մանավանդ մահմեդականությանն ու մահմեդականներին առանձնապես նվիրված:

Այն, ինչ տեսնում է Աբգարդպիր վարդապետը, վավերական իրականությունն է, ցավալի ու ողբերգական: Մենք, այսօր էլ, որքան բան չգիտենք մեր անցյալի մասին, ինչքան բան թաքցրել են մեզնից, ինչքան փաստ ու իրողություն են անտեսել, շրջանցել կամ կեղծել մեր վայ-պատմաբանները: Ճիշտ են ասել, որ անցյալը միշտ անկանխատեսելի է:

Մեզ որքա՜ն են օրորել 1827-ի հոկտեմբերի 1-ին Երեւանի ազատագրության վարդագույն հեքիաթներով: Բայց ահա ինչ է գրում պատմաբան եւ հնագետ, Մ. Լորիս-Մելիքովի եւ Բ. Շելկովնիկովի հատուկ գործերի հանձնակատար Ալեքսանդր Երիցյանը իր «Ամենայն Հայոց կաթողիկոսությունը եւ Կովկասի հայք XIX դարում» (Թիֆլիս, 1894) գրքում. «Երեւանի համար սարսափելի էր սեպտեմբերի 30-ի գիշերը, երբ 40 թնդանոթ մինչեւ լույս 1000 ռումբ ածին քաղաք եւ քանդեցին շատ շինություններ: Բնակիչները կոտորվում էին փլատակների տակ: Հոկտեմբերի 1-ին բացվեցին քաղաքի դռները, զորքը ներս մտավ եւ 2-3 ժամ թալանեց բնակչությանը, մինչեւ որ զորապետերը վերահաստատեցին կարգապահությունը»:

19-րդ դարում Ռուսաստանում առաջադեմ ռուս մարդիկ տեսնում եւ շատ լավ էին հասկանում ռուսական ինքնակալության իսկական էությունը:

Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը «Կովկասի գերին» (1821) պոեմում փառաբանում է Կովկասը նվաճող ռուս զորավարներ Կոտլյարեւսկուն եւ Երմոլովին.

Օ հերոս, քեզ եմ երգում հիմա ես,

Կոտլյարեւսկի, Կովկասի մտրակ -

Ուր սլացել ես դու փոթորկի պես

Ամեն ընթացքդՙ որպես սուր վարակ

Ցեղեր է ջնջել, դարձրել հրակեզ:

( Թարգմ. Գեղամ Սարյանի )

Ռուս բանաստեղծ եւ գրական գործիչ Պյոտր Վյազեմսկին 1822 թվականի սեպտեմբերի 27-ին գրած մի նամակում շատ դառն տողեր է գրել Պուշկինի մեծապետական դիրքորոշման մասին. «Ափսոսում եմ, որ Պուշկինը արյունոտել է իր պոեմի վերջին տողերը: Ի՜նչ մի հերոս է Կոտլյարեւսկին կամ Երմոլովը: Ի՜նչ լավ բան կա այստեղ, որ նա

...որպես սեւ վարակ

Ցեղեր է ջնջել, դարձրել հրակեզ:

Նման փառքից արյունդ է սառչում եւ մազերդ բիզ-բիզ են կանգնում: Եթե մենք ցեղեր լուսավորեինք, էլի փառաբանելու մի բան կլիներ: Պոեզիան դահիճների դաշնակիցը չէ: ...բանաստեղծի օրհնաբանությունը երբեք չպետք է լինի ջարդի փառաբանությունը»:

Եվ հետո, նույն պոեմում`

Կովկաս, խոնարհվիր ձյունապատ գլխով,

Հնազանդվիր, ահա Երմոլովն է գալիս...

Ռուսական Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար գեներալ Պյոտր Երմոլովն ու ռուսական զորքերի հրամանատար եւ Կովկասի փոխարքա Ալեքսանդր Բարյատինսկին Կովկասի ժողովուրդներին, ասենք, Շամիլին ու իր ցեղակիցներին ումի՞ց էին ազատագրում: Նրանք արյան մեջ թաղելով պարզապես նվաճում էին Կովկասը:

Այո, Ռուսաստանի վարած բոլոր պատերազմները, երբ ինքն է եղել նախահարձակը, եղել են ոչ թե ազատագրական, այլ զավթողական եւ նվաճողական:

Ա՛յս է եղել իրողությունը: Աբգարդպիր վարդապետը այս բոլորի ականատեսն ու վկան է, Կովկասի զարհուրելի պատմության իրատես ժամանակակիցը:

1957-ին նույն հայ բանաստեղծը Մոսկվայում հնարավոր նրբախոսությամբ եւ այլասացությամբ այդ զորքի մասին կգրի.

Հրաժարվում եմ օգնական զորքից,

Թե պիտի հետո նա չհեռանա

Իմ երկրի խորքից:

Վեպի կարեւորագույն թեմաներից մեկը հայ եկեղեցու իսկական, ճշմարտացի նկարագիրն է, հայ եկեղեցու բռնած եսամոլական, շահապաշտական դիրքը ժողովրդի կյանքի ու ճակատագրի հանդեպ:

Աբգարդպիր վարդապետը ի մոտո, ինչպես ասում են` ներսից գիտի հայ եկեղեցին եւ հայ բարձրաստիճան հոգեւորականության կյանքը: Այն, ինչ տեսնում է, ինչ գիտի Աբգարդպիր վարդապետը, ուղղակի հուսահատեցնող է: Հեղինակը իրավացի է. նոր «Ողբ» գրելը, իհարկե, իմաստ չունի: Ողբերգությունն այն է, որ Դավիթ - Դանիելի եւ Ներսես Աշտարակեցու օրերից մինչեւ մեր ժամանակը գրեթե ոչին չի փոխվել:

Վեպի այս առաջին մասը կարելի է համարել Աբգարդպիր վարդապետի խռովահույզ հոգու պատմությունը, իր ներքին տվայտանքների, տարակույսների, կասկածների, ահի ու տագնապների պատկերավոր պատմությունը, որ կարծես իր խոհերի ու ապրումերի վավերագրական արձանագրությունն է, մի հոյակապ ներքին մենախոսություն: Եվ այդ մենախոսության տողերի միջից աստիճանաբար գծագրվում-հստակվում է իր ժողովրդի կյանքն ու ճակատագիրը խորապես ապրող անձնավորության ողբերգական կերպարը:

Վեպի ընթացքում պարզ է դառնում, որ Աբգարդպիր վարդապետն ինքը իր նկարագրով, իր էությամբ Հայաստանի ազատագրության եւ ազատության գաղափարն է: Եվ 1831-ի գարնանը անհայտ անձինք սպանում են վարդապետին. «Նրան երկու օր անց գտնում են ձորի (Հրազդանի կիրճի.- Ե.Տ.-Խ.) թփուտներում, դաշույնը սիրտը խրված, կոկորդը կտրված: Վրայից ոչինչ չեն տարել, ոչ ոսկեզօծ խաչը, ոչ մատանին: Ո՞ւմ զոհն է նա, մնում է անհայտ»:

Այսպես անհայտ անձինք,- բայց մենք արդեն գիտենք, թե ովքեր,- սպանում են Հայաստանի ազատագրության ու ազատության իղձը, միտքը, գաղափարը:

Վեպի երկրորդ մասը կոչվում է «Հանուն բոլոր ճնշվածների ու հալածվածների» : Վեպի ընթացքի հետ հետզհետե հստակվում եւ հասկանալի են դառնում գրողի սարկազմն ու դառն հեգնանքը: Վեպի այս հատվածը ընդգրկում է 1913-ից մինչեւ 1920 թվականները ընկած ժամանակահատվածըՙ մեր ժողովրդի կյանքի թերեւս ամենաողբերգական ժամանակահատվածը: Վեպի այս մասը նույնպես փաստորեն ինքնին պատմական վեպի բնույթ ունիՙ ճշգրիտ պատմական հենքով, պատմական փաստաթղթերի, վավերական իրողությունների վերլուծություններով: Այն, ինչ պատկերված է վեպի այս հատվածում, ուղղակի սարսափելի է, եւ մեր ժողովրդի համար, արդեն ստույգ գիտենք, անդառնալիորեն ողբերգական է ու ճակատագրական:

Աբգարդպիր վարդապետին սպանում են, բայց իր տոհմը շարունակվում է, Հայաստանի ազատության գաղափարը չի մեռնում, շարունակում է ապրել: Վեպի այս հատվածում կենտրոնական անձը վարդապետի վաճառական եղբոր որդի Մկրտիչ Մեսրոպյանի որդի Մեսրոպ վարդապետ Մեսրոպյանն է: Սա, իր ողջ էությամբ, կարելի է ասել, Աբգարդպիր վարդապետի այլացումն է, նրա վերամարմնավորումը: Մեսրոպ վարդապետը ծնվել է 1862-ին: Պատահական չէ, որ հեղինակը անմիջապես մատնանշում է, որ դա Զեյթունի նշանավոր ապստամբության տարին է. հիմա Մեսրոպ վարդապետի մեջ է մարմնավորվել Աբգարդպիր վարդապետի ազատատենչ եւ խռովահույզ հոգին: Նրա համառ, զննող ու քննող ոգին ձգտում է քննել եւ հասկանալ հայկական կյանքում կատարվող ամեն բան, ամեն մի իրադարձություն, ամեն մի երեւույթ, ամեն մի միջադեպ ու մանրադեպ, թափանցել ու տեսնել երեւույթների խորքը, հասնել հայոց բախտի ու պատմական ճակատագրի քմայքների էությանը: Մեսրոպ վարդապետը, Աբգարդպիրի գրառումներից խրախուսվելով, գրում է իր կյանքի իմաստը բովանդակող Գիրՙ «Քննական պատմություն հայոց»-ը:

Իրերի տխուր բերումով Մեսրոպ վարդապետը թողնում է հոգեւորականի իր ծառայությունը եւ ընտանեկան հանգամանքների պարտադրանքով հայտնվում է աշխարհիկ կյանքի շրջապտույտի մեջ: Նա ձգտում է, հանուն Մեսրոպյան տոհմի ժառանգների, պահել-պահպանել «Տեր-Մեսրոպյան առեւտրական տունը»: Նա, իհարկե, դեռ չգիտի, թե ինչ ողբերգական ճակատագիր է սպասում ե՛ւ իրեն, ե՛ւ տոհմի ժառանգներին, ե՛ւ նշանավոր առեւտրական տանը, ե՛ւ, մանավանդ, ամբողջ երկրին ու ժողովրդին: Նրա աչքերի առջեւ ոչնչանում, ի չիք է դառնում «Տեր-Մեսրոպյան առեւտրական տունը»: Բայց դա ի՞նչ է մեծ ողբերգության համեմատությամբ. Արեւմտյան Հայաստանը այլեւս չկա, մի կերպ փրկված որբերն ու գաղթականները` անապահով Հայաստանում սարսափելի վիճակների եւ պայմանների մեջ, եւ, ավելի ահավորը, վերջնական կործանումի եզրին հասած ժողովուրդ... Եվ, այնուամենայնիվ, հայտնութենական հրաշք` Սարդարապատի հերոսամարտ ու Առաջին Հանրապետության ծնունդ: Հետո նորից վրա է հասնում ներքին մեծ ջլատումների ժամանակըՙ 1920 կործանարար թվականը: Իրականություն է դառնում հայության մեծագույն նոր չարիքըՙ հայ բոլշեւիկների համառ ջանքերով տապալվում է Առաջին Հանրապետությունը:

Մեսրոպ վարդապետը նաեւ անձնական մեծ ողբերգություն է ապրում. Բաքվում հազարավոր հայերի հետ վայրագ թուրք-թաթարների զոհ է դառնում իր ողջ ընտանիքըՙ մայրը, եղբայրը, եղբոր ողջ ընտանիքըՙ կինն ու զավակները: Փրկվում է միայն եղբոր մի որդինՙ ապագայում հայկական բանակի արժանավոր սպա Կարապետ Մեսրոպյանը :

Վահագն Գրիգորյանը սյուժե կառուցելու վարպետ է: Վեպի սյուժետային ընթացքը ճյուղավորվում է ըստ պատմական հանգամանքների թելադրանքի: Նոր եւ կարեւոր գործող անձինք են հայտնվում վիպական ընթացքի մեջՙ ընտիր հայ երիտասարդ Կարապետ Մեսրոպյանը, մոլագար բոլշեւիկ Սերգեյ-Սերգո Սնխչյանը , հասարակության տականք եւ բոլշեւիզմի կատարյալ տիպար Գաբրիել Փանոսյանը ...

Վեպի այս հատվածում հիմնական հերոսը, իհարկե, հայ բոլշեւիզմն է եւ, մանավանդ, իր պանծալի զավակըՙ Անաստաս Միկոյանը : Երբ ի մոտո ծանոթանում ես պատմական եղելությանը եւ 1918-20 թվականներին մեր ժողովրդի կյանքում բոլշեւիկ Միկոյանի խաղացած դերին, իրոք այն տպավորությունն ես ստանում, որ նա կարծես Աթաթուրքի կամ Քյազիմ Կարաբեքիրի գրասենյակի հավատարիմ աշխատողն է կամ սպասավորը:

Եվ դեռ «աչքերդ կապույտ եթերի նման եւ հոգիդ շուշան, ազնիվ, աննման ընկեր Շահումյանը » կա, իր զուտ բոլշեւիկյան նկարագրով, հայության հանդեպ իր դավաճանական պահվածքով, իր կասկածելի խմբով, Բաքվից իր ամոթալի փախուստով եւ անփառունակ վախճանով: Անկարելի է չհիշել Գեորգի Խոմիզուրիի «Հավասարում քսանվեց անհայտներով» փառահեղ երկասիրությունը:

Պանծալի լենինյան ընկեր Միկոյանի իսկական էությունը, կերպարն ու նկարագիրը հստակվում-գծագրվում է ըստ իր արարքների, Հայաստանի հանդեպ իր բռնած դիրքի, իր ուղղակի հակահայաստանյան գործունեության:

Ընկեր Միկոյանը 1919 թվականի դեկտեմբերին ընկեր Լենինի համար պատրաստում է Արեւմտյանի Հայաստանի հետ կապված թեզիսներ եւ այն համոզմունքն ունի, որ Արեւմտահայաստանի գաղափարը «անմարդկային է, սխալ եւ նույնիսկ շատ վնասակար, որովհետեւ հակասում է համաշխարհային հեղափոխության եւ իմպերիալիզմի դեմ պայքարի շահերին»:

Ավելին, նա խորապես համոզված է, որ «Հայկական հարցում մնալ նախկին դիրքերում, աջակցել անկախ Թուրքահայաստանի գաղափարին, կնշանակի միանալ «ազատագրված» Կովկասյան Հայաստանի շովինիստական հետադիմական կառավարությանն ու նրա հովանավոր «Ազգերի լիգային»ՙ ընդդեմ մահմեդական Անատոլիայի եւ բազմամիլիոն մահմեդական Արեւելքի, որոնք արդեն ապստամբության դրոշ են բարձրացրել Անտանտի թալանչիական պլանների եւ նրա գործակալ հայ շովինիստների դեմ...»:

Ու դեռ պնդում է, «որ Թուրքահայաստանի եւ ընդհանրապես «Մեծ, ազատ, անկախ միացյալ Հայաստանի» գաղափարը հանդիսանում է վնասակար, հանցավոր եւ հետադիմական ցնորք, որի դեմ պիտի պայքարի մեր կուսակցությունը»: Եվ ամենամեծ պայքարողը առաջին հերթին ինքն է` Անաստաս Միկոյանը:

Ընկեր Միկոյանը տեւականորեն եւ համառորեն պնդում է, որ Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը անպայման պետք է հանձնել Ադրբեջանին: Վկայությունները շատ են, ահա իր մի հեռագիրը Սերգո Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի դանդաղկոտությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով»:

Բայց ընկեր Միկոյանը մենակ չէ, նրա հետ են մյուս բոլոր պանծալի հայ բոլշեւիկները: Սարսափելի է այն «Հույժ գաղտնի» գրություն-կոչը, որ ստորագրել են Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության կոմիտեի անդամներ Ասքանազ Մռավյանը , Ավիս Նուրիջանյանը , Շավարշ Ամիրխանյանը , Իսահակ Դովլաթյանը եւ Աշոտ Հովհաննիսյանը 1920 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում եւ ուղղել Կարսի հայ զինվորներին: Ընդ որում, խիստ հրահանգ է տրվում նրանց, որոնց ուղղված է այս կոչը. «Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց հետո անմիջապես այրել»: Ժողովրդի դեմ ստոր դավադրություն են անում եւ ուզում են, որ ամեն ինչ գաղտնի մնա, ուզում են իրենց գիտակցված ստորությունն ու անարգ դավաճանությունը թաքցնել:

Հայ մարդու համար անհնարին է առանց սոսկումի եւ առանց խորշանքի կարդալ այդ կոչի տողերը: Մտածում եսՙ ի՞նչ ազգի տականքներ են ստորագրել այդ կոչը: Ահա միայն մի քանի տող այդ կոչից.

«Հայ բոլշեւիկ-կոմունիստների խնդիրը պետք է լինիՙ արագացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով եւ կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը:

Այս նպատակի համար պետք է.

1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.

ա. Կազմակերպել դասալքություն եւ ամեն կերպ խանգարել զորահավաքին:

բ. Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ, լքելով դիրքերը, վերադառնան թիկունք:

գ. Չենթարկվել սպաների հրամաններին եւ հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»:

Սա այդ ամոթալի ու նողկալի կոչի դեռ միայն մի հատվածն է:

Եվ այս ստոր թուղթը, իհարկե, իր ցավալի դերն է խաղացել Կարսը առանց մի կրակոցի թուրքին հանձնելու գործում:

Մի ուրիշ հայ բոլշեւիկ, Արմենակ Ղարագյոզյան անունով, Ղարաբաղի Հեղկոմի նախագահ թուրք Ասադ Կարաեւին խոստանում է «Զանգեզուրը յոթ օրում միացնել Ադրբեջանին»:

Իսկ մյուս արյունարբու բոլշեւիկնե՞րը: Բանտում ձեռքերը կապված բանտարկյալներին կացնահարող Ավիս Նուրիջանյանը, անմրցելի դահիճ Գեւորգ Աթարբեկյանը , մյուսները... Ապագայում, երկու-երեք տարի անց, 1924-ին սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս, պրավդիստ կոչված Արտաշես Կարինյանը գրելով պահանջում էր. «Պետք է վերջ տալ հայության հավաքմանը Հայաստանում եւ 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել Ռուսաստանում»: Սրանք բոլորը, այս հայ բոլշեւիկները իրենց վարքով ու գործով միահյուսված են գեղարվեստական մի համապատկերի մեջ, ուր մտացածին, հորինյալ հերոսներն ու պատմական անձինք ամբողջացնում են ողբերգական իրականության ճշմարտացի պատկերը:

Ի՜նչ խայտառակ, կեղծ ու պատիր վեպեր ու վիպակներ են գրվել այս տարիների մասին, բացարձակ գրական աղբ: Այդ գրքերի եւ դրանց հեղինակների անունները տալն անգամ չարժի. պատմությունը (ժամանակը) վաղուց արդեն դրանց նետել է խորշանքի աղբափոսը:

Վեպի այս հատվածի համապատկերում քննվում են կնճռոտ շատ խնդիրներ, մեր ժողովրդի կյանքի հետ կապված բարդ ու ճակատագրական շատ հարցեր, եւ բոլորովին նոր լույսի ներքո, նոր հայացքով: Դրանք այսօր էլ կարեւոր ու արդիական են, եւ պահանջում են շատ զգուշավոր ու նրբանկատ մոտեցում:

Վահագն Գրիգորյանի վեպի հերոսները խորապես համոզիչ են, իրենց վարքը` հոգեբանորեն մանրամասնաբար պատճառաբանված. նրանք ավելի իրականության ծնունդն են, քան գրողի երեւակայության:

Մեսրոպ վարդապետին ձերբակալում են, նա իր կյանքը ողբերգականորեն կավարտի բանտում:

Հրաշալի են գծված Կարապետ Մեսրոպյանի, Սերգո Սնխչյանի եւ, մանավանդ, Գաբրիել Փանոսյանի կերպարները:

Կարապետ Մեսրոպյանը անձնազոհ հայ երիտասարդ է, մեկը նրանցից, որոնք նախընտրեցին թողնել ապահով իրենց կյանքը եւ գնալ կյանքի ու մահվան կռվի Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում: Նա էլ, իր հերթին, Մեսրոպ վարդապետի այլացումն է, նրա կերպափոխությունը: Նա ինքնին նոր ժամանակներում Հայաստանի ազատագրության եւ ազատության գաղափարն է: Նրան կգնդակահարի իր գնդի բոլշեւիկ դարձած զինվորներից մեկըՙ ապագայում Բասարգեչարի գյուղերից մեկի նախագահ Բենիամին Կանդայանը :

Սերգո Սնխչյանին մենք դեռ կհանդիպենք վեպի երրորդ մասում:

Գրողի մեծ հաջողությունն է Գաբրիել Փանոսյանի կերպարը: Սա ուղղակի գտնված կերպար է, մեր գրականության մեջ իր նախորդը չունեցող: Իբրեւ գրական կերպար այն բացառիկ է: Ինչպես է հասարակության տականքը, ստոր, անարգ, գող, լկտի ու ցինիկ անբարո մարդը դառնում բոլշեւիկ, զինվորագրվում նոր իշխանությանը եւ դառնում ճակատագրեր որոշող: Նա խարդախության եւ մարդկային անչափելի ստորության լիարյուն կերպար է. մեր նոր ժամանակներում մենք հարյուրավոր այդպիսի իշխանավոր եւ աստիճանավոր տեսանք: Վահագն Գրիգորյանը այս կերպարով, կարելի է ասել, տվել է բոլշեւիկ դառնալու անատոմիան: Սրան էլ կհանդիպենք վեպի երրորդ մասում:

Վեպի երրորդ մասըՙ երրորդ կանգառը, կոչվում է «Խորհրդավոր ընթրիք» : Գործողությունները ծավալվում են արդեն 1932-38 թվականներին: Սա մեր կյանքի մեկ այլ սարսափելի ժամանակահատվածն է: Պաշտոնական թղթերից մեկը վկայում էՙ «միայն 1937-ի աշնանից մինչեւ 1938-ի մարտի վերջը պատիժներ են ստացել 6333 մարդ, 3639-ըՙ գնդակահարություն»: Այդ թվականներին Հայաստանում ինչքա՞ն հայ կար եւ այդքան քաղաքական հանցագործ կա՞ր... խե՜ղճ հայ ժողովուրդ:

Վեպի այս մասի խորագիրը անշուշտ երկիմաստ է. այս հատվածի գործողությունների շրջադարձային միջադեպը մի համեստ ընթրիք է, բայց մենք հասկանում ենք, թե ակնարկությունը մինչեւ ուր է հասնում:

Եթե վեպի երկրորդ մասը, ինչպես ասում են, խորքին մեջ պատմական վեպ է, պատմական հյուսվածք է, ապա այս երրորդ հատվածը խորապես հոգեբանական վեպ է, հոգեբանական հյուսվածքՙ պատմական ժամանակի ճշգրիտ խորապատկերում:

Մեսրոպյանների տոհմը շարունակվում է, այս անգամ նոր կեռման տալով: Հիմա տոհմական գիծը շարունակում է Մեսրոպ վարդապետ Մեսրոպյանի զարմիկըՙ լրագրող ու չկայացած բանաստեղծ Մովսես Տիրատուրյանը : Հիմա նա է, իհարկե յուրովի, Մեսրոպ վարդապետի ազնիվ մտքերի ու մտածումների կրողը: Եվ ուրեմն, նրա վրա պետք է ընկնի,- եւ ընկնում է,- վարդապետի ճակատագրի թեւի ստվերը: Վեպի այս հատվածում բուն հերոսը Սերգո Սնխչյանն է, Պենզայի ու Տամբովի նահանգների Ավիս Նուրիջանյանն ու Գեւորգ Աթարբեկյանըՙ միասին վերցրած: Հիմա նրան Լենինգրադից ուղարկել են Հայաստան, չեկիստական կարգուկանոն հաստատելու:

Սերգո Սնխչյանի կերպարը նորություն է մեր գրականության մեջ: Թերեւս առաջին անգամ է փորձ արվում պատկերելու հայ բոլշեւիկի եւ ապա չեկիստի հոգեբանական կերպարը, նրա վերելքն ու անկումը: Պատահական չէ, որ նրա Սերգեյ անունը վեպի ընթացքում դառնում է Սերգո, եւ նա ինքնասպանություն է գործում, ինչպես բոլշեւիկյան թակարդում հայտնված մեկ այլ նշանավոր Սերգո: Սերգո Սնխչյանի կենսագրությունը ողբերգական կենսագրություն է ամեն առումներով: Մորը Բաքվում կացնահարել են թուրքերը, քույրը թուրքերի ձեռքը չընկնելու համար դուրս է նետվել պատուհանից, բայց ինքը` Սերգոն Բաքվի թուրքերի հավատարիմ բարեկամն է: 1912-ին Պետերբուրգ իրավաբանություն ուսանելու մեկնած երիտասարդը, նախ, պտտվում է Պետերբուրգի գրական բոհեմի շուրջը, հետո բռնում է բոլշեւիզմի ուղին: Նման չկայացած ուսանողները բոլշեւիկների եւ, իհարկե, նաեւ հայ բոլշեւիկների մեջ, շատ էին: Եվ շատ շուտով նա վստահյալ չեկիստ է, մանավանդ Պենզայում գյուղացիական հուզումների ժամանակ հազարավոր գյուղացիներ հնձելուց հետո: Նրա կենսագրությունը իսկական մոլագարի եւ արյունարբու բոլշեւիկի կենսագրություն է, ինքըՙ անազգ, անհայրենիք եւ բացարձակորեն անբարո անձնավորություն: Իր եւ իր նմանների ուղեցույց աստղը մեծ մարդասեր ընկեր Լենինի իմաստուն դրույթն է. «Հավերժական բարոյականությանը մենք չենք հավատում: Եվ մերժում ենք բարոյականության ամեն մի դրսեւորում, որ դասակարգային հասկացողությունից դուրս է»:

Եվ մեր ժողովրդի կյանքի այս մղձավանջային ժամանակում, իհարկե, ներկա է ընկեր Անաստաս Միկոյանը (ի դեպ, նրա իսկական ազգանունը Մկոյան է, եւ քանի որ ռուսները, մահմեդական ժողովուրդների պես, չեն կարող բառասկզբին երկու բաղաձայն արտասանել, սարքել են Միկոյան): Նա գալիս է Հայաստան եւ գալիս է ոչ թե մենակ, այլ Ներքին գործերի ժողկոմատի մարդկանց եւ չեկիստների (կարդաՙ արյունարբու մարդասպանների) պատկառելի խմբով, որ գլխավորում է հայտնի չեկիստ Լիտվինը : Եվ, պարզվում է, որ հուլիսի 9-ի հրամանագրով Հայաստանին հատկացված 1-ին կատեգորիայի (գնդակահարության) լիմիտըՙ 500 հոգի, վաղուց սպառվել է: Եվ ընկեր Անաստաս Միկոյանը վատ է զգում, վիրավորվում էՙ այդքան քի՞չ: Նա աղերսանքով ու խնդրանքով դիմում է Մոսկվայինՙ հայցելով գոնե եւս 700 հոգու գնդակահարության լիմիտ: Եվ, Մոսկվան մեծահոգաբար, հայ ժողովրդի եւ ընկեր Միկոյանի հանդեպ առանձնակի սիրուց եւ հարգանքից դրդված, բավարարում է ընկեր Միկոյանի խնդրանքը ավելիովՙ 700-ի փոխարեն հատկացնելով 1000 հոգու գնդակահարության լիմիտ:

Սա է Անաստաս Միկոյանի հայրենասիրության եւ հայասիրության իսկական պատկերը: Դժվար է գտնել ավելի հակահայ մեկին, քան Անաստաս Միկոյանն է: Բայց այս է:

Մովսես Տիրատուրյանի տան համեստ ընթրիքին մասնակցում են չորս հոգիՙ Մովսեսն ու իր կինըՙ Արշալույսը , նույն տանը բնակվող Սերգո Սնխչյանը եւ իրերի եւ պատահմունքի բերումով այդ տան նկուղում ապաստան գտած Սիրուն Ժամհարյանը : Սիրունը, Մուշի ջարդերից հրաշքով փրկված որբուհի, հասել է Հայաստանի Արծվանիկ գյուղը, ուր նրան պատսպարել են բարի մարդիկ: Եվ երբ այդ ընտանիքը աքսորում են եւ Սիրունին հարկադրում են կեղծ ցուցմունք տալ իր բարերարների դեմ, Սիրունը երկրորդ անգամ է հրաշքով փրկվում, այս անգամ` չեկայի ճիրաններից, եւ հայտնվում է Երեւանի փողոցներում: Եվ հետո, վեպի սյուժետային գործողությունների ընթացքով հայտնվում է Տիրատուրյանների նկուղում:

Եվ այս խորհրդավոր ընթրիքի չորս մասնակիցն էլ ողբերգական վախճան է ունենում: Սերգո Սնխչյանը իր նմանների, իր գործակիցների ձեռքը չընկնելու համար փրկարար ինքնասպանություն է գործում, որովհետեւ շատ լավ գիտի, թե ինչ դահիճներ են նրանք, չէ որ ինքն էլ նրանցից մեկն է:

Մովսես Տիրատուրյանին ձերբակալում է այժմ արդեն կուսակցական գործի եւ աշխատանքի վաստակ ունեցող, ճանաչված բոլշեւիկ Գաբրիել Փանոսյանը: Մենք, իհարկե, լավ գիտենք, թե ինչ էր փանոսյանների նմանների «գործ»-ն ու «աշխատանք»-ը: Ուրեմն, հայ բոլշեւիկների երկու տեսակը կարՙ այս կամ այն չափով կրթություն ստացած եւ ուսանողական միջավայրից եկածները, ինչպես Սերգո Սնխչյանը, եւ տեղական հասարակության տականքը կազմող անձինք, ինչպես դուքանի գործակատար, գող, ավազակ, իր բարերար Մեսրոպ վարդապետին կողոպտած Գաբրիել Փանոսյանը: Հիմա նա ահարկու «տրոյկայի» անդամ է, բոլորը դողում են այս տգետ ու ստոր սրիկայի առաջ: Հիմա նա պատկառելի անձնավորության տեսք ու հանգամանք ունի: Հետագայում նա, հայության այդ ստոր դահիճը, իհարկե, կստանա իշխանության բոլոր պարգեւները, բոլոր շքանշաններն ու մեդալները, կբազմի բեմերին իբրեւ երկրի պատվավոր անձերից մեկը:

Ժամանակին նա ձերբակալել է Մեսրոպ վարդապետին, նրանից խլել է «Քննական պատմություն հայոց» երկասիրության ձեռագիրը եւ հետո բանտում կացնահարել նրան: Հիմա նա ձերբակալում է Մովսես Տիրատուրյանին, եւ «Տրոյկայի» զորավոր ուժով նրան անմիջապես դատապարտում գնդակահարության:

Գաբրիել Փանոսյանի կերպարը նույնպես երեւույթ է մեր գրականության մեջ: Սերգո Սնխչյանի եւ Գաբրիել Փանոսյանի կերպարները փաստորեն ներկայացնում են հայ բոլշեւիզմի ամբողջ, ինչպես ասում ենՙ անատոմիան եւ ֆիզիոլոգիան, հոգեբանական խորությամբ եւ համոզչականությամբ:

Սիրուն Ժամհարյանը, ծննդաբերությունից անմիջապես հետո, չեկիստների հարցաքննություններին եւ կտտանքներին չդիմանալով, մեռնում է հիվանդանոցում արնաքամությունից:

Ողբերգական է նաեւ Արշալույս Տիրատուրյանի ճակատագիրը: Մովսեսի ձերբակալությունից տառացիորեն մի քանի օր առաջ ամուսինները որդեգրել էին Սիրուն Ժամհարյանի եւ Սերգո Սնխչյանի որդուն, որ ծնվել էր նույն օրը, ինչ իրենց զավակը: Նրանք երեխաներին տալիս են Պողոս եւ Պետրոս անունները: Եվ կյանքի քմահաճույքով, կյանքի հորինած բարդ դրամաների տրամաբանությամբ, Արշալույսը մեծ տանջանքների գնով պահում-մեծացնում է երկուսին էլ նույն սիրով եւ նույն հոգատարությամբ այնպես, որ երբեք ոչ ոք, նույնիսկ իրենքՙ եղբայրները, չգիտեն եւ չեն իմանում, թե իրենցից որը ում զավակն է: Այսպես է: Մեր այսօրվա հանրությունը այս երկու եղբոր` Պողոսի եւ Պետրոսի ծագումնաբանական նախահիմքերն ունի:

Այսպես է ավարտվում այս ողբերգության երրորդ կանգառը, երրորդ արարը:

Հաջորդ կանգառը կոչվում է «Լույսը կգա, բարին հետը» : Վեպի այս մասը վերաբերում է մեր ժամանակներինՙ սկսած 1988 թվականից: Սա մեր սպասումների, մեր միամտության ու հավատի, մեր ընդվզումի ու ըմբոստության պատմությունն է: Պատումը ծավալվում է Մովսես Տիրատուրյանի որդիներիՙ Պողոսի եւ Պետրոսի եւ նրանց զավակների շուրջ: Արդեն մեր ժամանակներն են, մենք ականատեսն ենք շատ բաների, եւ ընթերցողը ինքը կարող է գնահատել շատ բան: Բայց գրողը տեսնում է շատ ավելին: Նա տեսնում է մանրամասներ, միջադեպեր եւ մանրադեպեր, որոնց հյուսվածքը գոյացնում է վերջին տասնամյակների մեր կյանքի ճշգրիտ պատկերը:

Այստեղ ամեն էջում խորհելու եւ մտորելու շատ բան կա: Սա վեպի թերեւս ամենաարդիական մասն էՙ ուղղակիորեն եւ անուղղակի արծարծված կամ ակնարկված հարցերի եւ խնդիրների առումով: Ժամանակի հոսքը կամ ընթացքը թվում է միասնականՙ Լիտվինենկոյի չեկիստական խմբիՙ թուրք ջարդարարներին չզիջող անասնականությունը Արծվանիկ գյուղում տասնամյակներ առաջ, 1920-ական թվականներին եւ ռուսական բանակիՙ օտար բանակի անպատժելի վայրագությունները Հաաստանում հայտարարված պարետային ռազմակարգի օրերին: Եվ նման հազար ու մի բան: Վեպի այս մասը նույնպես շատ խիտ եւ հարուստ տեքստ է:

Վերջինՙ հինգերորդ մասի խորագիրը հնչում է անզոր ու անհույս աղաղակի պեսՙ «Տե՛ր, դու մեզ փրկիր բարեկամից» : Այս մասի նյութը հարկադրված կամ թե կամավոր տարագրության գնացած հայերի կյանքն է հյուսիսի մեծ տերության մեջ: Շատ դառն էջեր են այս էջերը: Ճշմարտությունը միշտ մերկ է ու դաժան, եւ երբեմն, իրոք շատ լեղի ու դառն: Վեպի այս մասում շատ ուշագրավ է Գեորգի Կիռակասյանի կերպարը: Սա ոչ թե Գեւորգ Կիրակոսյան է, այլ Գեորգի Կիռակասյան: Սա այն հայերից է, որոնց երբ ասում են արմյաշկա, իրեն գոհ ու երջանիկ է զգում, որովհետեւ իրեն, այդ իրոք միջատին, իրենից ու իր ազգությունից անկասկած բարձր արարածները նկատել են, ուրեմնՙ ինքը կա:

Այս տիպը կա, եւ նա ամենեւին էլ միայնակ անհատ չէ. Գեորգի Կիռակասյանները, ցավոք սրտի՛, դժբախտաբա՛ր, հազարավոր են, եւ նրանք կան ոչ միայն հյուսիսի տերության մեջ, այլեւ Հայաստանում, եւ մանավանդ Երեւանում: Քաղաքը լիքն է նրանցով: Նրանք ծնվել են Երեւանում, ապրել են քաղաքի սրտումՙ Աբովյան, Տերյան եւ մյուս փողոցներում, ապրել են մի ողջ կյանք, հասել են թոշակի տարիքի եւ ծերության, եւ ոչ մի օր հայերեն չեն խոսել: Նրանք գոնե երկու տող հայերեն մանկական ոտանավոր չգիտեն, նրանց երբեք չի հետաքրքրել հայկական կյանքը, հայկական մշակույթի եւ գրականության որեւէ երեւույթ կամ իրադարձություն: Նրանք երջանիկ են, որ առնչվում են հյուսիսի ժողովրդի լեզվին եւ ամբոխի քիմքին պատշաճող ռուսական զանգվածային մշակույթին: Գեորգի Կիռակասյանի կերպարը ճշմարտացի կերպար է եւ ուղղակի գյուտ է մեր գրականության մեջ:

Վեպը ունի կարճառոտ վերջաբանՙ «Ինչպես մեզ փրկենք մեզնից» : Թվում էր, թե մեր ազգային հարցը Դանեմարքայի իշխանի հարցն էր միայնՙ լինե՞լ, թե՞ չլինել: Բայց ահա նոր ու անվերջ կրկնվող հարցՙ «Պողո՛ս, գտա՜՜ր: - Չէ՜՜: - Պետրո՛ս, գտա՜՜ր: - Չէ՜՜»: Մեր կյանքի, մեր ճակատագրի, մեր պատմության ողբերգականության մեջ բոլորը, օտարներն ու թշնամիները մեղավոր են, մենք մեղավոր չե՞նք: Ի՞նչ է որոնում հարյուրամյակների ընթացքում պատեպատ խփվող, անասելի փորձությունների, ջարդերի ու եղեռնի ու հազարումի այլ չարիքի ենթարկված այս ժողովուրդը: Ի՞նչ է որոնում ու չի գտնումՙ իր ճակատագրի առեղծվածի՞ բանալին, ճշմարիտ ապագայի ուղի՞ն, առհասարակ կյանքի եւ գոյության իմա՞ստը... Պատասխանը ոչ ոք չգիտի: Վեպն էլ չգիտի... Բայց վեպը ստիպում է մեզ գլուխներս առնել ափերի մեջ, նստել մեր կյանքի ճամփեզրի պատահած քարին եւ մտածել, մտածելՙ այն ամենի մասին, ինչի մասին խոսում է վեպը: Գեղարվեստական գրականությունը հարցարանի պատասխանների արձանագրություն չէ: Վեպը խոսք է, տաղանդավոր վեպը` կյանքը եւ իրականությունը լայնքով եւ խորքով ընդգրկող տաղանդավոր խոսք...

Վահագն Գրիգորյանի վեպը փայլուն գրված վեպ է: Գրողի լեզուն իսկական բարձր արձակի լեզու է, գրական լեզվի ամենահարուստ արտահայտչականությամբ: Դառն հեգնանքը, սուր գրոտեսկը, այրող սարկազմը եւ, ի տեղին, տողերի խորքից երեւացող նուրբ հումորը Վահագն Գրիգորյանի արձակի հատկանիշերն են եւ իր գրական վարպետության վավերական վկայությունները: Այս վեպը, ինչպես ամեն իսկական գրականություն, ի վերջո, մեծ առումով լեզվի երեւույթ է:

Արդեն ասել եմ եւ հիմա կրկնեմ, որ Վահագն Գրիգորյանի վեպը երկար սպասված վեպ է, վերջին երկու հարյուր տարում մեր ժողովրդի անցած ճանապարհի ու մեր կյանքի մասին ասված ճշմարիտ խոսք: Իրողությունն այն է, որ 1937 թվականից ի վեր եւ մանավանդ նոր ժամանակներում ստեղծված, իր մեծ մասով կեղծ, հորինյալ բացարձակապես անարժեք մեր գրականությունը որեւէ կապ չունի այս ժողովրդի կյանքի եւ իրականության հետ, այն ամենի հետ, ինչի մասին խոսվում է «Պողոս-Պետրոս» վեպում: Եվ պետք է խոստովանել, որ այս վեպը ծանր խոսք է, եւ դառն է, ինչպես որ դառն է ամենադառը, բայց անհրաժեշտ դեղահատը:

Մեսրոպ վարդապետ Մեսրոպյանի «Քննական պատմություն հայոց» երկասիրությունը անցնում է ծանր ու դաժան փորձությունների միջով, Գաբրիել Փանոսյաններն ու Գեորգի Կիռակասյանները ձգտում են ամեն գնով ոչնչացնել այն, թաքցնել-ծածկել-փակել իրականությունը, խաչ քաշել պատմության վրա:

Բայց ճշմարիտ գիրը միշտ զորավոր է, գիրը միշտ հաղթում է: Մեսրոպ վարդապետի փայփայած «Քննական պատմություն հայոց»-ը կա, այն այսօր ընթերցողի առջեւ է: Վահագն Գրիգորյանը գրել է այդ նույն «Քննական պատմություն հայոց»-ը. «Պողոս-Պետրոս» վեպը փաստորեն այդ պատմությունն է` գրված գեղարվեստական բարձր գրականության լեզվով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ