ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 2013-10-03

Մշակույթ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾ ՍԻՐԻԱՆՙ ՈՂՋ ՆԱԽԿԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀՄԱՅՔՈՎ

Ցուցահանդես-վաճառք

Պատերազմի եւ ավերածությունների մեջ հայտնված Սիրիան այսօր ներկայացվեց նախկին ողջ գեղեցկությամբ եւ հմայքով: Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության ծրագրերին:

Լուսանկարիչն իր լավատեսական շեշտադրումներով մերժում է պատերազմն ու հավատում Սիրիայի ապագային... որ խաղաղության աղավնին օր առաջ թեւածի Սիրիայի երկնքում:

Լուսանկարիչ Վահե Շահինյանն արդեն երեք տարի է լուսանկարչական ապարատը ձեռքը չի վերցրել, պատճառը Սիրիայի արյունահեղ վիճակն է: Այսօր ցուցահանդեսին ներկայացնում է մոտ երեսուն տարվա իր աշխատանքը: Որոշել է օգնել սիրիահայերին եւ ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց:

«Բոլոր լուսանկարներն էլ հարազատ են, բոլորի համար էլ սիրտս ցավում է»,- ասաց նա եւ հավելեց, որ ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում ապրող տասը հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններն արթնացնելը:

«Ուզում էի նաեւ, որ Հայաստանում ապրող հայն իմանա, որ Սիրիան պատերազմ չէ, պատերազմի երկիր չէ»,- լուսանկարիչը հուզվեց ու չկարողացավ շարունակել խոսքը... Հետո էլ ասաց. «Սիրիայում խաղաղություն էր, իսկ Եվրոպան, Ամերիկան ու Իսրայելը չեն ուզում Սիրիան բարգավաճի, զորանա...Հիմա Սիրիան հիսուն տարի հետ գնաց»:

Վահե Շահինյանն արդեն 15 օր է, ինչ Հայաստանում է: Ասում էՙ եթե առիթ լինի, կմնա: Եկել է ընտանիքի հետ: «Հայաստան տեղափոխված սիրիահայերը պետք է հարմարվեն ու ապրեն այստեղ, չկարողանալ չկա,- ասաց նա եւ ավելացրեց,- Մոտ 20-30 հազար հայեր դեռ այնտեղ են: Ապրելը հիմա Սիրիայում բախտ է, չգիտես` ինչ կլինի հաջորդ րոպեին, մեքենա՞ կպայթի կամ մեկ ուրիշ բան»: Հարցինՙ ինչու չեն գալիս Հայաստան, պատասխանեց. «Ինչպե՞ս գան: Երեք տարի է անգործ են, փող չունեն, ինչպե՞ս գան: Նույնիսկ տունը չեն կարող վաճառել»:

Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց եւ շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 11-ը` ժամը 11:00-ից 17:00-ն: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Լուսանկարների արժեքը 50-ից 180 հազար դրամի սահմաններում է տատանվում:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2013100311

© AZG Daily, 2008