ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 2016-01-15

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ ԿԱ, ԲԱՅՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ

Կառավարության երեկվա նիստի սկզբում Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ներկայացնելով նախարարության ձեռնարկած քայլերը: «Դեռեւս սեպտեմբեր ամսից կազմակերպել ենք H1N1 հարուցիչի դեմ պայքարի համապատասխան դասընթացներ բժիշկների համար, շուրջ 15000 մարդ պատվաստվել է կամավոր սկզբունքով, ներառյալ խոցելի խմբերըՙ մասնավորապես մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում գտնվող անձինք, ընդունարանների եւ առաջնային օղակի բուժանձնակազմը: Ուժեղացվել են, համապատասխանաբար, սահմանային անցումային կետերում գտնվող մեր ծառայությունները: Ամսի 8-ից հետաձգվել են դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների աշխատանքները: Սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը: Բուժական աշխատանքներից կազմակերպվել է շուրջօրյա պոլիկլինիկական ծառայությունների աշխատանք տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ, ներառյալ շաբաթ եւ կիրակի օրերը», հայտնեց Արմեն Մուրադյանը: Նրա տեղեկացմամբ, այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420 հիվանդՙ թոքաբորբերով, 114 հղի կին գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղի կանայք են, վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ: Նախարարի հավաստմամբ, հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը, բայց արձանագրվել են նաեւ մահվան դեպքեր. մինչեւ տարվա սկիզբՙ 3 դեպք, այս տարվա ընթացքումՙ 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը: Այս պահին 11 հիվանդի միացված է արհեստական շնչառության ապարատ, եւ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ Արմեն Մուրադյանի, ամբողջ գործընթացը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակումՙ անկախ սոցիալական կարգավիճակից եւ արտոնություններից: Համապատասխան դեղորայքով հագեցած է եղել հիվանդանոցային ցանցը, ներառյալ համապատասխան հարուցիչի դեմ պայքարի «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը տրվել է անվճար սկզբունքներով:

Միաժամանակ, առողջապահության նախարարը նշեց, որ առավոտյան տվյալներով, երեկվա երեկոյան տվյալների հետ համեմատած, հիվանդության դեպքերի քանակի նվազում կա, բայց հաշվի առնելով, որ հոսպիտալացված ընդհանուր հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, առաջարկել է դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների աշխատանքները հետաձգել եւս մեկ շաբաթով: Առաջարկը Հովիկ Աբրահամյանն ընդունել է, որից հետո նրա հանձնարարությամբ գիտության եւ կրթության նախարարությունը եւս մեկ շաբաթով երկարացրեց դպրոցական արձակուրդները:

Ա. Մ.


https://www.archive.azg.am/AM/2016011504

© AZG Daily, 2008