ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

«ՇԹԱՅՆՄԱՅԵՐԸ ՀԱՆԳՑՐԵՑ ՓԱՐՈՍԸ»

«Աղետը» Ստամբուլում չի կայանա

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգի» նախորդ համարներում անդրադարձել ենք Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» համերգային նախագծին, որ նոյեմբերի 5- ին Բելգրադում, 10- ին Երեւանում անցկացնելուց հետո, նոյեմբերի 13- իննախատեսված էր հնչեցնելնաեւ Ստամբուլումՙ Գերմանիայի հյուպատոսարանի դահլիճում: Հոկտեմբերի25- ին հայտնի դարձավ, որ ԳԴՀ արտգործնախարարությունը խոստացված դահլիճը չի տրամադրում:

«Փասսաուեր նոյեն փրեսսեի» հինգշաբթիՙ հոկտեմբերի 27- ին տպագրված հարցազրույցում Կանաչների նախագահ Ջեմ Էոզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ հյուպատոսարանի դահլիճում համերգը չեղարկվել էՙ մասնավորաբար հաղորդելով, թե նախագծի նպատակը հայերի եւ թուրքերի միջեւ հաշտությունն է, ինչը նաեւ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւում է շեշտադրվում, մյուս կողմիցՙիր տարակուսանքն է փոխանցելՙ խելամի՞տ է արդյոք Դրեզդենի սիմֆոնիկի ինքնուրույն որոշումըՙ նախագահ Էրդողանին, վարչապետ Յիլդիրիմին, թուրք մյուս պաշտոնյաներին «Աղետ»- ին մասնակցության հրավեր ուղարկելը: «Ինձ համար զարմանալի չէ, որ սա կարող է որպես սադրանք ընկալվել, երկու ժողովուրդների պատմական պատասխանատվության ճանաչման եւ հաշտության կողմնակիցները պիտի հաստատակամ, բայց նաեւ զգույշ գործեն», ասել է Էոզդեմիրը: Դրեզդենի սիմֆոնիկիՙ Թուրքիայի առաջին դեմքերին անձամբ հրավիրելու քայլը սադրիչ բառով որակումներ էլի գտավ գերմանական մեդիա դաշտում: Կար նաեւ այդ քայլի հասցեին «նաիվ» որակումը:

«Սադրանք»- ի հետ համաձայն չէ սոցիալ դեմոկրատ Լալե Աքգյունը: «Դոյչլանդֆունկ»ի հետ զրույցում Բունդեսթագի նախկին պատգամավորը քննադատում է արտգործնախարարության նման «փուչ» փոխզիջումը, իսկ գերմանական որոշ դիվանագիտական շրջանակներիՙ «անվտանգության նկատառումներից ելնելով» պատճառաբանությանն էլ հակադարձում ասելովՙ Թուրքիայում դա հավանական է ամեն վայրկյան, ամեն անկյունում: Փոխարենը Աքգյունը կարեւորում է արվեստի, մշակույթի ազատության խնդիրը Թուրքիայում, որ օրըստօրե ավելի է ճնշվում: Ու՞ր մնաց այդ մարդկանց մեր սատարումը, հարցնում է նա:

Սուր քննադատություն էլ գտա գերմանական մամուլի այս խնդրի առնչությամբ եռօրյա, տասնյակ էջերով անդրադարձներում: Դրանցից առանձնացնեմ «Ազգ»- ին 2015- ի մարտին հարցազրույց տված Յուրգեն Գոթթշլիխի հրապարակումներըՙ գերմանական taz- ում: Հոկտեմբերի 26- ին եւ 27- ին լույս տեսած հոդվածներում թերթի Ստամբուլի թղթակից Գոթթշլիխը գրում է.«Արտգործնախարարությանՙ սրահը զբաղված լինելու պատճառաբանությունը քաղաքական է: Այն չի կայանա, քանի որ Դաշնային կառավարությունը խուսափում է Թուրքիայի հետ նոր լարվածությունից: Մի քանի շաբաթ առաջ էր, որ կառավարությունը հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առնչությամբ հայտարարեց, թե այն պարտադիր իրավական ուժ չունիՙ բնութագրելով որպես կարծիքի արտահայտում: Այս հայտարարությունն էր, որ գերմանացի պատգամավորներին արտոնեց մուտք գործել Ինջիռլիք: Իսկ հիմա նոր լարվածություն չեն ուզում: Արտգործնախարարությունն իհարկե նշում է, որ նվագախումբը գործել է ինքնուրույնՙ հրավեր ուղարկելով Թուրքիայի նախագահին, վարչապետին, ինչը հրապարակավ են արել: Նվագախումբը որեւէ մեկի հետ չի համաձայնեցրել իր քայլը, եւ լիազորված էլ չէ հյուպատոսարան հյուրեր հրավիրելու: ԳԴՀ արտգործնախարարությունը, հավանական է, ցանկություն ուներ համերգն անցկացնելՙ որպես զուտ գերմանական միջոցառում, թուրքական հանրային խոշորացույցից հնարավորինս աննկատ, ինչը հրավերներ ուղարկելուց հետո անկարելի էր իրագործել: Արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ԵՄ- ի ֆինանսական հովանավորությամբ իրականացվող այս նախագծին ոչ միայն աջակցում, այլեւ խրախուսում էր: «Աղետը» փարոս է հաշտության արհետին», գնահատել էր ԳԴՀ արտգործնախարարը: «Այժմ Շթայնմայերը հանգցրեց այդ փարոսը», գրում է Յուրգեն Գոթթշլիխըՙ «ամոթալի» գնահատելով այդ վարքագիծը, համեմատելով 1915- ի հետ, երբ Գերմանիան «կարեւոր շահերի» համար զոհաբերեց հայերին: «Ազգ»- ի ընթերցողներին ծանոթ է, որ Գոթթշլիխը տարիներ ի վեր գրում է Հայոց ցեղասպանության թեմայով, 2015- ին լույս տեսավ նրա «Աջակցություն ցեղասպանությանը» գիրքը: Հղում անելով Բունդեսթագի բանաձեւին, գերմանացի լրագրողը հիշեցնում է, թե Դաշնային կառավարությունը հորդորում էր սատարել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտության գործընթացին, ինչը նաեւ իր սատարած համերգային այս նախագծի նպատակն էր:

Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչ Մարկուս Ռինդտը հուսախաբ է: Նա համաձայն չէ, թե սադրանք կա իրենց գործելաոճում, անկեղծ հրավիրել են թուրքական կողմին, երբ տեսել են, որ հյուպատոսարանը վարանում է հրավերների հարցում: Նրա հետ մեր հեռախոսային հարցազրույցների անկեղծ տոնայնությունն արտոնում է հավատալ, որ արվեստի մարդու ազատ մտածողությունն է դրդել նրան հրավեր ուղարկելՙ առանց երկմտելու: Նա տեղեկացրել էր, թե Ստամբուլում համերգից հետո մտադիր էին հիմնել թուրք- գերմանա- հայկական բարեկամական մի հարթակՙ համանուն ընկերակցությունՙ 3 ազգերի մտավորականների անդամակցությամբ: Հյուպատոսարանի մերժումից հետո բաց նամակով դիմել է Շթայնմայերինՙ այդ ընկերակցության հովանավորությունը ստանձնելու առաջարկով: Սպասում է ԳԴՀ արտգործնախարարի պատասխանին: Երկու շաբաթ առաջ մեր զրույցում նորից շեշտադրեցՙ հայերի հանդեպ 1915-ից շարունակվող Գերմանիայի քաղաքականությունն իրեն հանգիստ չի տալիս, մեղսակցության զգացումը ծանրանում է:

Մինչ այսու ներկայացվող մեր շարադրանքն ենք հյուսում, գերմանական քաղաքական շրջանակներից ԳԴՀ արտգործնախարարության հասցեին քննադատական բառակույտն աճում է, ինչը, որքան էլ կարեւոր, այդուհանդերձ չենք կարող փոխանացել տեղի սղության պատճառով: 2015- ից ի վեր ամեն օր տեղական լրահոսը շրջանառում է Գերմանիայի քաղաքական օրակարգում տեղ գտած հին ու նոր թեմանՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Բունդեսթագի բանաձեւը ստորակետ է դրել... Ինչպես գրել էինք մեր նախորդ հրապարակումներումՙ ճանաչման գործընթացն այլեւս անշրջելի է Գերմանիայումՙ գերմանացիներն ու թուրքերը ջրում են մեղքի իրենց ծառը, որի պտուղները դեռ դառն են ու թթու:


https://www.archive.azg.am/AM/2016102804

© AZG Daily, 2008