ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 2017-06-09ՀՐԵՇՏԱԿՆԵՐ` ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծն ու դրան հարակից փաթեթը: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները եւս միացան քվեարկությանը, քանի որ նրանց հնչեցրած առաջարկը, թե գոնե ընդդիմադիրները մասնակցեն այս հանձնաժողովի անդամների առջադրմանը, ըստ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի , քննարկումների արդյունքում ընդունելի էր համարվել: Մեր լրատվամիջոցները, սակայն, վերջին երկու օրը կենտրոնացել էին այս փաթեթում առկա ազդարարման համակարգի եւ ազդարարների ինստիտուտի վերաբերյալ մտահոգությունների վրա, մանավանդ` ՀՅԴ ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի` կաշառակերության կամ կոռուպցիայի վերաբերյալ հաղորդում տալը «գործ տալու» տերմինով կոչելու եւ ազդարարման գաղափարից հաժարվելու ու հայ մնալու հանրահայտ ելույթից հետո: Ըստ օրենքի` կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն ներգրավելու են ազդարարները, ընդ որում` նրանց վերաբերյալ տվյալների չհրապարակման եւ, առհասարակ, պաշտպանված լինելու պարագայով, անգամ` ծառայության դիմաց վարձատրվելու հնարավորությամբ մտահոգված է օրենքը: Մենք օրիգինալ չենք լինի, ինչպես մեր ԶԼՄ-ների շատ ներկայացուցիչներ` կուսակցության հետ չհամաձայնեցված կարծիքի համար այս պատգամավորին դատափետելու «սուրբ» գործին չմիանալով: Լրագրողներին առավել պիտի հետաքրքրեր ոչ թե դա, այլ այն, թե արդյոք մի նոր, անգործունակ կառույց չե՞նք ստեղծում, քանի որ այն, ինչ պետության մեջ լիարժեք չեն կարողանում անել կամ տարբեր շահադիտական պատճառներով չեն անում ոստիկանությունը, դատաքննական -նախաքննական մարմինները, այն է` չեն բացահայտում կոռուպցիան եւ կոռուպցիոներներին, ավելին, իրենք եւս միանում են կոռուպցիոն սխեմաներին, հիմա, 2018-ից իր վրա է վերցնելու հինգ հոգանոց, իսկ ավելի ստույգ, ընդդիմադիրների բնորոշմամբ`հրեշտակների ու սուրբ լինելու կանխավարկածով առաջնորդվող հինգ անձանցից կազմված- մեն միակ մի հանձնաժողով: Իհարկե, եթե սա հերթական ցուցափեղկն է` Սահմանադրության փոփոխությունների պահանջներին ի տրիտուր եւ եվրոպաների աչքին յուղ քսող` դե, հա, մի կերպ կհասկանանք ու մի կերպ կտանենք նոր, անարդյունավետ կառույցի ստեղծումը: Եթե, այնուամենայնիվ, այս փաթեթի ընդունման հույսին են մնացել` բյուջեի ծակերից եւս մեկ-երկուսը այս կառույցի շնորհիվ փակելու, քանի որ հենց նախագծում կա այսպիսի միտք, թե` «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, ապա, ուրեմն, ամեն ինչ շատ ավելի ողբերգական է, քան բոլորս պատկերացնում ենք: Քանի որ մարդկանց` միմյանց վերաբերյալ, կարելի է ասել անգամ, մատնագրեր գրելու պայմանով են ուզում բյուջե վերադարձնել կոռուպցիայի փողերը` անձնական ատելության սերմանման, անառողջ հարաբերությունների բուծման ֆոնին: Իսկ միթե ավելի հեշտ եւ ուղիղ ճանապարհ չէ՞ր պետության կառուցվածքներն ըստ էության աշխատեցնելը: Եթե ամեն ոք իրապես կատարեր իր պարտականությունները, եթե սարսափելի ուռճացված մեր պետական համակարգի համապատասխան թվախեղդ ստորաբաժանումները գործեին` միթե զանազան անարդյունավետ էթիկայի հանձնաժողովների, հիմա էլ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անհրաժեշտությունը կլինե՞ր: Որքան գիտեմ` Վրաստանում այդպիսի կառույցներ չեն ստեղծվել, մինչդեռ օրերս Վրաստանը պաշտոնապես զեկուցեց Եվրոպային, թե այդ երկրում կոռուպցիայի հարցը կարելի է լուծված համարել, կոռուպցիա չկա, քանի որ թափանցիկ եւ արդյունավետ են աշխատում ոստիկանությունը, դատական համակարգը, արդարադատությունը: Կամ միթե էն գլխից պարզ չէ, որ եթե վերեւից ուզենան կոռուպցիայի ու կաշառակերության հարցերը լուծել`դա մի քանի օրում եւ անիջապես տեղի կունենա, քանի որ պետական պաշտոնյան, համոզված լինելով, որ իր ձեռքը բռնելու են, եւ ոչ թե այդ ձեռքից փայ են ուզելու, կդողա իր աշխատավարձի վրա ու հազիվ թե գնա կոռուպցիոն սխեմայի: Ով չգիտե, կամ արդյոք Հայաստանում ընդհանրապես որեւէ մեկի համար գաղտնի՞ք է, որ կոռուպցիոն սխեմաները հովանավորվում են վերեւներից, գումարները հոսում են բրգաձեւ դեպի վեր, ամեն ինչ` բիզնես-քվոտա, պայմանագիր, պաշտոն դատարկ տեղը չի առաջանում, այլ որոշակի ծառայության կամ շահի դիմաց, հետագայում հենց այդ սխեմաներն իրականացնելու պատրաստակամության բանավոր պայմանագրով: Հիմա որեւէ բա՞ն է փոխվել, որ հանձնաժողով ստեղծելով հարց լուծելու պատրանք է առաջարկվում: Առաջ, որ համատարած կոռուպցիայից էինք խոսում, հատկապես լրագրողներիս կտրում էին, թե` անուն ասեք, կարծես թե անզեն աչքով չէր երեւում, որ 300 հազ. դրամ ստացող պաշտոնյան 100 հազ. դոլարանոց մեքենայով կամ 20 հազ. դոլարանոց կոստյումով շրջելով` ինքն է հենց անունը, հենց ինքն է ազդարարի համակարգը, ազդարարելով, որ բնական աշխատավարձով այդպիսի թանկարժեքություններով չէր կարող զարդարել իրեն, կամ չէր կարող ունենալ մի քանի միլիոն դոլարանոց դղյակ ու առանձնատուն: Է, ուսումնասիրեիք, պատժեիք, տեսնեմ` էլ ո՞վ կհամարձակվեր կաշառք վերցնել կամ կոռուպցիոն սխեմայի մասնակիցը դառնալ: Չեք արել, չէ՞, բա դե հիմա ինչ... գիտահետազոտակա~ն, ի՞նչ քաղաքական կամք, ասեք` հերթական իմիտացիան է, Եվրոպան թռչնակ կդնի, մի քանի հազար դոլար գրանտ էլ կտա, բայց հարցնող լինի`մարդկանց ինչո՞ւ եք իրար դեմ հանում, թշնամացնում: Ես բռադատվածի թոռ եմ, իմ պապին դատել ու գնդակահարել են կեղծ մատնագրով, ես դա չեմ մոռանա եւ մատնագիր գրողին չեմ ների երբեք, դա կփոխանցեմ իմ թոռներին: Հիմա ասում եք ` ազդարարի ինստիտուտ, վարձատրությա՛մբ, դրա դեմ խոսողին կուրծք ծեծելով դատափետում եք (ուրիշ բան, որ Ազգային ժողով չպետք է գան կասկածելի հայացքներով մարդիկ), բայց չէ որ ճիշտ էր Սամվել Ֆարմանյանը ` կլինեն շատերը, որոնք ոչ թե կոռուպցիայի դեմ ազնիվ պայքարի վեհ մղումներից ելնելով, այլ իր չսիրած հարեւանին կամ գործընկերոջը շարքից հանելու համար մատնագրեր կգրեն, ու մինչեւ տվյալ հարեւանին կամ պաշտոնյային արդարացնեն, տվյալ մարդկանց կոռուպցիոն նկարագրի մասին արտահոսքը մամուլում կանի իր սեւ գործը. դրա դեմ ի՞նչ եք անելու: Եթե իսկապես մտադիր եք կոռուպցիայի դեմ պայքարել` սկսեք ոչ թե հանձնաժողով ստեղծելուց, այլ` տարրական բաներից. հրաժարվեք ստվերային վարձատրությունների տխուր պրակտիկայից, որոնք շատ լավ գիտեք, որ տարբեր պետական կառույցներում կան, հրաժարվեք սեփական վարորդների կանանց կամ փեսաներին աշխատանքի նշանակելուց` որպես լավություն, հրաժարվեք քաղաքական լայն կոռուպցիայից` միայն սեփական կուսակիցներին պաշտոնների նշանակելով, հրաժարվեք նախարարությունների պահուստային ֆոնդերից` դրանք կոռուպցիայի բուն են, ուսումնասիրեք եւ պատժեք դատական համակարգի` կոռուպցիոն սակագների սանդղակներով աշխատող բոլոր մասնակիցներին, չէ՞ որ ամեն դատավորից կարող եք իմանալ այս կամ այն վճռի արժեքը, դա չի կարող ինքնագլուխ արվել, շրջանառվող գումարների հսկա թվերը կոտորակվում են դեպի վեր աստիճանահարթակի տարբեր մակարդակներում: Մի խոսքով` պետության կառուցվածքներն աշխատեցրեք: Երբ կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությունն ուղեկցվի կոնկրետ ամեն մեկին եւ յուրաքանչյուրին կարգի հրավիրելու գործնական, կրկնում ենք` գործնական միջամտությամբ, եւ ոչ թե հակառակը`դրանից մատ լիզելու ակնկալությամբ, հավատացած եմ, կոռուպցիոն սխեմաների հետքն անգամ չի մնա Հայաստանում: Բնականաբար` կոռուպցիոներների համար գրավիչ չեն լինի նաեւ պետական պաշտոնները, որոնց տիրապետողները կարճ ժամանակում դառնում են արտոնյալ խավ` քվոտային բիզնեսների եւ համապատասխան ահռելի ունեցվածքների տիրապետմամբ, որոնց հիմքում ամենեւին էլ աշխատավարձերը չեն: Կամ որ գրում եք` հանձնաժողովի անդամը պետք է քաղաքական չեզոքություն պահի, բացատրեք` ոնց պետք է պահի, երբ նրան քաղաքական մեծամասնությունն է նշանակում: Հենց քաղաքական չեզոքություն պահի` կհանեն -ռադ կանեն...հիվանդության պատճառով, ինչքան էլ հանձնաժողովի անդամը վեց տարով է ընտրվելու: Կամ` անկողմնակալ հանձնաժողով ո՞նց պետք է լինի`մեր կյանքում ուրիշ օրինա՞կ եք տեսել, բացի մրցակից եւ հակառակորդ շահեր ներկայացնող մարդկանց շարքից հանելը կենսակերպ դարձնելուց, էս մի հանձնաժողովը ինչու պիտի տարբեր լինի, հո լուսնի վրա չի գործելու, թարմ օրինակը դուք չտվեցի՞ք` Իշխան Զաքարյանի կնոջը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնից ազատելով: Իսկ այնպես` ԱԺ փոխնախագահ եւ կառավարության հետ համատեղ այս օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանին մենք էլ ենք հավան, նրա գիտելիքներին էլ չենք կասկածում, սակայն անձնական համակրանքը տվյալ դեպքում չի կարող հիմք լինել, որ թերահավատություն չհայտնենք հերթական անարդյունավետ հանձնաժողովի ստեղծման եւ կոռուպցիայի դեմ պայքարի հերթական իմիտացիայի վերաբերյալ: Հակառակը կլինի` պատրաստ ենք ընդունել մեր սխալը եւ ուրախանալ օրենքի հեղինակների հետ միասին: https://www.archive.azg.am/AM/2017060903 © AZG Daily, 2008 |