ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 2017-06-09

ՄԱՐԴԻԿ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԽԱԲՈՒՄ ԵՆ

Անցած կիրակի օրը երեք տարեկան դստերս հետ գնացինք Երեւանի կենդանաբանական այգի: Ու քանի որ դա փոքրիկիս երկրորդ այցն էր այգի, որոշել էինք նախօրոք պատրաստել նրան, որ այնտեղ տեսնելու է իր այդքան սիրած արջուկներին, առյուծներին, վագրին, փղին, գայլերին, եւ իհարկե կապիկներին, զեբրին եւ այլն: Անկեղծ ասած, նախքան գնալը չենք այցելել Երեւանի կենդանաբանական այգու կայքէջ, նախ քանի որ այգու հասցեն գիտենք, գիտենք նաեւ, որ աշխատում է, բացի այդ ո՞ՙվ է կենդանաբանական այգի գնալուց առաջ այցելում այգու կայքէջ:

Ինչեւէ: Հասանք մուտքին, որտեղ բարձրախոսը հայտարարում էր. «Հարգելի այցելուներ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, կենդանաբանական այգու որոշ հատվածներ փակ են այցելուների համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»: Ուշադրություն դարձրեցինք, իհարկե, հայտարարությանը, բայց չկարեւորեցինք այն, քանի որ ինչպես այնտեղ էր ասվումՙ այգու միայն որոշ հատվածներն էին փակ: Գնեցինք երկու տոմս (դուստրս առանց տոմսի է մտնում), վճարեցինք յուրաքանչյուրի համար 1200 դրամ եւ մտանք ներս: Տեսանք կարապներիՙ սեւ եւ սպիտակ, արջերի, կապիկներին, որոնք չնայած սովոր են շոգին, բայց երեւանյան շոգից մի տեսակ շատ խեղճ տեսք ունեին, եղնիկների, որոնց չնայած կերակրել չի կարելի, բայց այցելուներից մեկը դաժանաբար կերակրում էր: Դաժանաբար, քանի որ իրականում չէր կերակրում, այլ թխվածքաբլիթը մոտեցնում էր սոված կենդանու դնչին, ապա հեռու տանում... Տեսանք նաեւ անգղերին, մի ագռավ, գետաձիին եւ վերջ. կենդանաբանական այգու ոչ թե որոշ, այլ մեծ մասը, այնտեղ որտեղ գայլերն են, առյուծներն են, վագրը, եւ մյուս էկզոտիկ կենդանիները, փակ էին այցելուների համար:

Ու մինչ ես փորձում էի հասկանալ, թե հիմա խաբվե՞լ ենք արդյոք, թե՞ ոչ, դուստրս հանկարծ հարցրեց. «Բա գազանանոցը որտե՞ղ է»: Քանի որ չկարողացա նրան պատասխանել, հասկացա, որ խաբվել ենք: Մենքՙ ոչինչ, դուստրս:

Կարելի՞ էր արդյոք նախօրոք տեղյակ պահել այցելուներին, որ գազանանոցի մի մասը փակ է: Իհարկե կարելի էր: Մեզ հայտնեցին, որ իրենց կայքում գրել են, որ կենդանաբանական այգու մի մասում շինարարական աշխատանքներ են, որոնց պատճառով էլ այգու որոշ հատվածները փակ են: Բայց պարտավո՞ր է այցելուն կենդանաբանական այգի գալուց առաջ մտնել այգու կայքը, իմ կարծիքովՙ ոչ, հետեւաբար սա իրազեկման արդյունավե՞տ ձեւ է... Բացի այդ, այգու որո՞շ հատվածներն են փակ, թե՞ այգու մեծ մասը: Ըստ պաշտոնական տեղեկատվությանՙ որոշ հատվածները, ըստ ականատեսիսՙ մեծ մասը: Եւ, հնարավո՞ր չէր արդյոք այդ շինարարարական աշխատանքները սկսել ու ավարտել նախքան հունիսի 1-ը, որը համարվում է կենդանաբանական այգու բացման օր: Իսկ եթե հնարավոր չէր, ապա ինչո՞ւ է այգու փոքրիկ մասը միայն բացվել, այն պարագայում, երբ մեծ մասում շինարարարական աշխատանքներ են եւ այգին, մեծ հաշվով, փակ է:

Ու մի մանրուք եւս: Կենդանաբանական այգու մեկ տոմսն արժե 1200 դրամ: Թանկ է, թե՞ էժան, այլ հարց է, կարեւորն այն է, որ կենդանաբանական լիարժեք գործող այգի մտնելիս վճարում ես 1200 դրամ: Իսկ ինչո՞ւ է այգու տնօրենությունը նույն գինը պահպանել, երբ այգու մեծ մասը փակ է, որ խաբի՞...

Ի դեպ, կենդանաբանական այգու տարածքում տեղադրված անվճար մանկական սղարանները ցեխոտ են, այգու տնօրենությունն այդ մասին հատուկ հայտարարություն չի պատրաստել, բայց ես ասեմ. «Հարգելի այցելուներ, շինարարական աշխատանքների հետ կապվածՙ այգու մեծ մասը փակ է այցելուների համար: Բացի այդ, խնդրում ենք Ձեր երեխաներին այգի բերել ոչ սպիտակ կամ բաց գույնի հագուստով, քանի որ մեր տարածքում տեղադրված սղարանները ցեղոտ են եւ նրանց շորիկները կարող են սաստիկ կեղտոտվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Դրանից հետո մենք երեւի մեզ խաբված չզգայինք: Իսկ մեր երեխանե՞րը...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2017060917

© AZG Daily, 2008