ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2017-06-16

ՀԱՅԱՑՔ

ԱՂԵՏԱԼԻ ՄԻՋԱԴԵՊ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հարեւան Վրաստանոմ մի միջադեպ կապված ազերի լրագրողի առեւանգման հետ հրապարակ հանեց այդ երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամբողջ ցանցը, քանդեց ամբող կծիկը: Վերջին երկուսը պատերազմի մեջ են Հայաստանի դեմ եւ նրան պահում են շրջափակման մեջ: Վրաստանը երեւութապես չեզոք կամ նույնիսկ բարեկամական է թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում, սակայն, ինչպես վերջին զարգացումները ցույց տվեցին, նա գաղտնի համագործակցում է իր մահմեդական հարեւանների հետ, որոնք գործնականապես սպառնում են Հայաստանին:

Ազերի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի մայիսի 29-ին Թբիլիսիում առեւանգման պատմության մանրամասներն ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ Վրաստանի անվտանգության ծառայությունները նրան ավտոմեքենայի մեջ խցկելուց եւ որոշ ճանապարհ անցնելուց հետո Մուխտարլին լսել է առեւանգողների ադրբեջաներեն խոսակցությունը, մինչդեռ սկզբնական առեւանգողները խոսել են վրացերեն եւ ռուսերեն: Լրագրողի անձնագիրը տանն է եղել, կնոջըՙ Լեյլա Մուսթաֆաեւայի մոտ, ով նույնպես լրագրող է:

Եթե գաղտնի պայմանավորվածություն չլիներ երկու երկրների անվտանգության ծառայությունների միջեւ, անհնարին կլիներ առանց անձնագրի հատել միջազգային սահմանը:

Վրաստանը իրավական պետություն դառնալու հեղինակություն էր ձեռք բերել, փորձում էր անդամակցել ՆԱՏՕ-ին եւ երկրում կիրառել Եվրոմիության պարտավորությունները: Հակառակ անշրջահայաց եւ արկածախնդիր լինելուն, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողացել էր արմատախիլ անել կաշառակերությունը, եւ մեծ առաջընթաց կատարել ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարում:

Ի դեպ, արժե այստեղ նշել, որ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները մեծապես նպաստեցին, որ Վրաստանը զարգացնի իր տնտեսությունը եւ պատշաճ ապրուստի միջոցներ պարգեւի իր քաղաքացիներին, դարձնելով այն Կովկասում ցուցադրության արժանի մի երկիրՙ միեւնույն ժամանակ աշխարհին հստակ հասկացնել տալով, որ Արեւմուտքի հետ համագործակցությունն իր դրական արդյունքը տալիս է: Մինչդեռ Ռուսաստանի ղեկավարները դեռ պետք է հասկանան իրենց ռազմավարական դաշնակիցներին արժանապատվորեն վերաբերվելու արժեքը:

Այդուհանդերձ, աղմկարար առեւանգման միջադեպը զգալիորեն վնասեց Վրաստանի հեղինակությանը: Վրաստանի քաղաքագիտության ինստիտուտի թողարկած հաղորդագրության մեջ Մարիամ Գրիգալաշվիլին եւ Ջոզեֆ Լարսենը նշում են. «Ամեն դեպքում միջադեպը բացասական ազդեցություն է ունենալու Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության մակարդակի միջազգային ընկալումների վրա: Լավագույն դեպքում պետք է ենթադրել, որ իշխանություններին առնվազն չհաջողվեց սահմանին կանգնեցնել Մուխտարլիին եւ նրա առեւանգողներին (չխոսելով նրա անվտանգությունը ապահովելու մասին), իսկ վատագույն դեպքումՙ որ ներքին գործերի նախարարությունը ակտիվ համագործակցեց նրա առեւանգման գործի հետ: Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ Եվրոմիության հետ համագործակցության պայմանագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունները իրական են եւ չեն կարող ծաղր ու ծանակի ենթարկվել»:

Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողները պարսավել են Մուխտարլիի առեւանգումը որպես օրինակ Ադրբեջանի կառավարության կողմից անկախ լրագրողների դեմ գործադրված բռնարարքի:

Վրաստանի կառավարության պաշտոնյաները անակնկալի եկած ստիպված են իրենց հեղինակությունը փրկելու համար միջոցներ ձեռնարկել: Այսպես, ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հետաքննություն է սկսված անօրինական ազատազրկման» կապակցությամբ, իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել, որ լրագրողի «անհայտացումը Վրաստանի տարածքից լուրջ մարտահրավեր է նետված վրացական պետությանն ու ինքնիշխանությանը»:

Եթե իրոք կառավարության պաշտոնյաները անտեղյակ էին մայիսի 29-ին երկրի մայրաքաղաքի կենտրոնում կատարվածից, ապա նշանակում է, որ նրանք երկրի ինքնիշխանությունը հանձնել են Ադրբեջանին:

Հայտնի էր, որ Վրաստանը գաղտնի համաձայնության էր եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետՙ կառուցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որ Հայաստանը շրջանցելով իրար էր կապելու երեք երկրները: Այժմ էլ նա ռազմական համագործակցության մեջ է մտել այդ երկրների հետ: Վերջերս Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ջոկատները համատեղ զորավարժություններ անցկացրին «Կովկասյան արծիվ 2017» ծրագրի շրջանակներում, որն ավարտվեց հունիսի 14-ին:

Թբիլիսիում կառավարությունը քաջ գիտակցում է, որ այդ երկու երկրները Հայաստանի թշնամիներն են: Նրանց հետ ռազմական համագործակցության մեջ մտնելն ու ձեւացնելը, թե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ են զարգանում, երկու հակասական գործողություններ են, որոնք համատեղելի չեն:

Այդուհանդերձ, հակառակ Վրաստանի թշնամական գործելաոճին, Հայաստանի կառավարությունը պարտավոր է հարգանքով մոտենալ այդ երկրին` պահպանելու համար իր ելքը դեպի արտաքին շուկաներ:

Վրաստանը մեկ ուրիշ խնդիր էլ ունի Թուրքիայի հետ: Դա Վրաստանում ապրող թուրք ուսուցիչ Էմրե Չաբուքի հարցն է: Վերջինիս թուրքերը մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի պաշտպանը լինելու մեջ եւ պահանջում են նրա արտահանձնումը: Ներկայիս ուսուցիչը կալանավորված է: Նրան ձերբակալեցին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Թբիլիսի այցելությունից անմիջապես հետո: Մարդու իրավունքների պաշտպանները գտնում են, որ Թուրքիայում նրան տանջանքների կենթարկեն, ինչպես Մուխտարլիինՙ Բաքվում: Եթե Վրաստանը արտահանձնի նրան, մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է համարվելու եւ դա մի նոր քաղաքական սկանդալի դուռ է բացելու Վրաստանի առաջ: Այս եռանկյունին, բացի Հայաստանին վնաս հասցնելուց, նաեւ Վրաստանին է դնելու դժվարին ընտրության առաջ, կա՛մ դառնալ կամակատարը երկու հարեւան բռնատիրական վարչակարգերի, կա՛մ էլ ապրել Եվրոպայի հետ ժողովրդավարական պայմանավորվածությունների շրջանակներում:

Վրաստանը կամավոր զոհն է դարձել Ադրբեջանի եւ Թուրքիայի: Գինը, որ նա վճարում է մնալու համար այդ չարակամ մթնոլորտում, սահմանվում է երկրի ղեկավարների ընտրած գործելաոճով:

Թուրքիան, իր հերթին, պետականության դասեր է տալիս Բաքվի նորաթուխ առաջնորդներին: Բայց այդ դասերի շրջանակներում նա նաեւ հնարքներ է սովորեցնում, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել այլ պետությունների ինքնիշխանությունը: Այդ հնարքներից մեկը այլախոհների առեւանգումն է: Էրդողանի վարչակազմը քավության հրաշալի նոխազներ է մշակել, որոնք հիշեցնում են Ստալինյան դարաշրջանի մեթոդները, երբ խորհրդային բռնապետը «ժողովրդի թշնամիներին» պետք է հետապնդեր, որպեսզի ամրապնդեր իր իշխանությունը: Գյուլենն այժմ դարձել է այդ «թշնամին», որը պետք է իր ուսերին կրի Էրդողանի եւ իր կամակատարների գործած բոլոր չարաշահումների ծանր բեռը:

Թուրք պաշտոնական այրերի «ստեղծագործական» ներուժի մասին գաղափար կազմելու համար բավական է «McClatchy News-ում» կարդալ Գրեգ Գորդոնի եւ Փիթեր Սթոունի զեկուցագիրը. «(ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս) Վուլսին ասաց, որ ինքն ուշ հասավ հանդիպմանը եւ ականատես եղավ, թե ինչպես (ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ) Ֆլինը թուրքական կառավարության մի քանի պաշտոնյաների հետ ծրագիր է մշակում առեւանգելու եւ Թուրքիա տեղափոխելու երկրի գլխավոր այլախոհներից, մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է անցյալ ամռանը ձախողված պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ: Գյուլենը ապրում է Սեյլորզբուրգում խստորեն պաշտպանված մի թաղամասում»:

Պարզվում է, որ Վաշինգտոնին Գյուլենի արտաքսման վերաբերյալ պաշտոնական հայց ներկայացնելուց բացի, Թուրքիան, Էրդողանի կառավարությունը, անօրինական ծրագիր է մշակում նրան առեւանգելու ամերիկյան հողի վրա: Ծրագիրը եթե հաջողվեր, անկախ դրանից, թե Ֆլինն ինչքան փող էր վաստակելու, Մ. Նահանգների հեղինակությանը հասցված վնասը աղետալի էր լինելու:

Թուրքերն ու ազերիները նույն մտածելակերպն ունեն եւ նրանց համատեղ գործունեության սովորական զոհը միշտ Հայաստանն է: Այս անգամ, սակայն, վնասը հասցվել է նաեւ Վրաստանին: Առայժմ Վրաստանի կառավարությունը այդ վնասը վերահսկելի դարձնելու բեռն ունի իր ուսերին, մինչ Հայաստանի առաջնորդները պարտավոր են ճիշտ հաշվարկել, թե ինչպես շարունակեն ապրել մի տարածաշրջանում, որը հեղեղված է մութ դավադրություններով եւ բացահայտ թշնամանքով:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


https://www.archive.azg.am/AM/2017061608

© AZG Daily, 2008