ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23 ՀԱՅԱՑՔ ՔՐԴԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ «ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԵՐ» ԵՆ ՎԱՌՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Քրդական հարցը քաղաքական ամենախճճված գլուխկոտրուկներից մեկն է, որի ամբողջական ըմբռնումը, չասելու համար լուծումը, դժվար հասկանալի է: Քրդերը տարածված են Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածքում, բարդություններ առաջացնելով հյուրընկալ երկրներին եւ իրենց հերթին, անշուշտ, կրելով այդ երկրների կառավարությունների հակազդեցությունները: Մոտավոր հաշվարկներով 40 միլիոն քրդեր ներկայիս ապրում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում եւ Հայաստանում: Քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ մեկ երրորդը, 25 միլիոն ընդհանուր 80 միլիոնի մեջ: 8 միլիոնը ապրում է Իրանում, իսկ մնացյալըՙ նշված մյուս երկրներում: Ինչպես իրանցիներն ու հայերը, քրդերը նույնպես ունեն հնդեվրոպական ծագում, մինչ Թուրքիայի բնակչության մյուս մասը սերում է Կենտրոնական Ասիայից տարածաշրջան ներխուժած նվաճող ցեղերից: Ամբողջ անցյալ դարաշրջանի ընթացքում, Խորհրդային Միության կազմում գտնվելու ժամանակահատվածում թե անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը միակ երկիրն է եղել, որ ճանաչել է քրդերի էթնիկական եւ մշակութային իրավունքները: Իրենց պատմության ընթացքում քրդերը երբեք չեն ունեցել ինքնիշխան պետություն, չնայած ձգտել եւ պայքարել են դրա համար: Տարբեր վարչակարգերի տակ ապրելն ու աշխարհագրականորեն իրարից հեռավոր վայրերում գտնվելը իրենց ազդեցությունն են թողել քրդական ձգտումների վրա եւ տարաձայնություններ ստեղծել իրենց իսկ ընդհանուր նպատակներում: Հայոց ցեղասպանության ժամանակ նախ սուլթաններն ու հետագայում երիտթուրքերի իթթիհատական կառավարությունը քրդերին հրահրել են հայերի դեմ: Հայերի ամենավայրագ հալածողների «Համիդիե» միավորումները հիմնականում կազմված են եղել քրդերից: Թուրքական իրարահաջորդ կառավարություններ շահագործել են նրանց, մղել նրանց տիրանալու հայերի սեփականություններին, կալվածներին եւ հարստությանը: Նաեւ նրանց մեջ սերմանելու կրոնական մոլեռանդություն, հաշվի առնելով, որ Թուրքիան ու քրդերը պատկանում են իսլամի միեւնույն սուննի ճյուղին: Քեմալիստական շարժման առաջացումից հետո է, որ քուրդերը գիտակցեցին, թե պատմական սխալ են գործել հայերին դեմ գնալով եւ դառնալով կամավոր մեղսակիցըՙ էթնիկական զտումների թուրքական ծրագրերին: Թուրքական հանրապետության հռչակումից ի վեր քուրդերը 27 անգամ ապստամբել են, բայց նրանց ապստամբությունը ամեն անգամ վայրագորեն ճնշվել է, հատկապես 1930-ական թվերին Դերսիմի իրադարձությունների ժամանակ: Քուրդ քաղաքական առաջնորդներից ոմանք հնարավոր ամեն առիթ օգտագործել են ներողություն խնդրելու համար հայերից, բայց անշուշտ, համընդհանուր պատասխանատվության ընդունումը կարող է արտահայտվել միայն անկախություն կամ ինքնավարություն ձեռք բերելուց հետո: Անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը առաջին անգամ ճանաչվել է 1920 թվին կնքված Սեւրի պայմանագրի 64-րդ հոդվածում: Բայց ինչպես նույն պայմանագրի հայերի իրավունքը, այն մնացել է թղթի վրա, փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որն էլ հիմք է ծառայել ստեղծելու Թուրքիայի հանրապետությունը: Իրաքյան պատերազմի հետեւանքներից մեկն էր Քուրդիստանի շրջանային (ռեգիոնալ) կառավարության առաջացումը, որը տեխնիկապես դեռեւս համարվում է մասնատված Իրաքի մի մասնիկը: Պատերազմի ընթացքում իսրայելցիները սկսեցին գործարար կապեր հաստատել իրաքյան Քուրդիստանում, եւ տարածաշրջանային առաջնորդներից միայն Բենյամին Նաթանյահուն էր, որ կոչ էր անում պաշտոնապեսՙ հօգուտ Քուրդիստանի անկախության: Դա թույլ էր տալիս Իսրայելին դաշնակից ունենալ Իրանի սահմանին եւ թույլ չտալ, որ Սադդամ Հուսեյնի նման վրեժխնիդր մի կառավարություն ձեւավորվի Իրաքում: Հակառակ տարածաշրջանում քրդական ներկայությամբ մտահոգված լինելուն, Թուրքիան, համենայնդեպս, իր պայմանական աջակցությունն առաջարկեց Իրաքի քրդերին, օգտվելու համար քրդական շրջանից նավթի անօրինական արտահանմանը եւ միաժամանակ շրջանային կառավարությանը տրամադրելու PKK-ի դեմ, որն անցյալ երեք տասնամյակում Թուրքիայի ներսում ազգային ազատագրական պայքար է մղում հանուն անկախության: Քուրդիստանի շրջանային կառավարության քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ վերջերս կայացած բանակցություններից հետո, նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին անցկացվելու է անկախության հանրաքվե, որին մասնակցելու են նաեւ «շրջանային վարչությունից դուրս գտնվող տարածքների քրդերը»: Հայտարարությունը ահազանգ դարձավ ամբողջ տարածաշրջանի համար, որտեղ հակասական առաջնահերթություններ ունեցող երկրներ հանկարծ միասնական դիրքորոշում որդեգրեցին: Առաջին հակազդեցությունը հնչեցրեց Բաղդադի կենտրոնական կառավարությունը, որի կարծիքով Իրաքի ամբողջ բնակչությունը պետք է մասնակցի երկրի մի մասի ճակատագրի որոշմանն ուղղված հանրաքվեին: Այնքան ժամանակ, որ Քուրդիստանի ինքնավար շրջանը գործարար կապերով համագործակցում էր Անկարայի հետ եւ պայքարում ընդդեմ իր PKK-ի եղբայրների, թուրքական կառավարությունը նրան հնազանդ դաշնակից էր համարում: Բայց անկախության հանրաքվեի հայտարարությունը փոխեց ամեն ինչ եւ ցնցեց Անկարայի առաջնորդներին: Թուրքիան այդ ծրագիրն անվանեց «սարսափելի սխալ քայլ», նշելով, որ Իրաքի տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական միասնականությունը հիմնական սկզբունքային հարցեր են Անկարայի համար: Պատկերացում կազմելու համար, թե որքան երկդիմի է Թուրքիայի մտահոգությունը Իրաքի տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ, բավական է նշել, որ մինչեւ այս րոպեն Թուրքիան խախտում է իր հարեւան Իրաքի ինքնիշխանությունը այդ երկրում պահելով իր զինված ուժերին, հակառակ Բաղդադի կառավարական շրջանակների բազում բողոքների: Քրդական ձգտումների մասին սկզբունքային հայտարարություններից այն կողմ, Թուրքիան գլխավորապես մտահոգված է անկախության շարժման հետագա «դոմինո էֆեկտից», նաեւ այն սպառնալիքից, որ Քիրկուկը կներառվի Քուրդիստանի շրջանում: Քիրկուկում է գտնվում Իրաքի նավթային պաշարների մեծ մասը, եւ Թուրքիան արդեն երկար ժամանակ աչքը չի կտրում այդ շրջանից: Արդեն էթնիկ թուրքերի մի հինգերորդ շարասյուն է այնտեղ տեղավորվել, որն ակնկալում է Անկարայի պաշտպանությունը արտակարգ իրավիճակների պարագայում: Չնայած Անկարայի եւ Թեհրանի ջրերը մի առվով չեն գնում առհասարակ, սակայն քրդական հարցի վերաբերյալ կարծես շահերի ընդհանրություն գոյություն ունի: «Քուրդիստանի շրջանը Իրաքի հանրապետության մաս է կազմում եւ ազգային, իրավական եւ հատկապես սահմանադրական շրջանակներից դուրս որեւէ միակողմանի որոշում կարող է միայն նոր խնդիրներ առաջացնել», նշեց հունիսի 10-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին : Նախորդ վարչակարգի օրոք, Շահ Ռեզա Փահլավին ավելի բարեգթորեն չէր վերաբերվում քուրդ փոքրամասնությանը: Շահի տապալումից հետո, Այաթոլլահ Խոմեյնին շարունակեց քրդական ապստամությունները ճնշելու քաղաքականությունը: Թեհրանը Անկարայի նման մտահոգված է, որ հարեւան երկրում Քուրդիստանի անկախացումը կարող է բորբոքել քրդական ձգտումները երկրի ներսում: Բացի այդ, Իրանը ներկայիս փաստացի ազդեցություն ունի Իրաքի վրա, որտեղ նույնպես շիաներն են իշխանության ղեկին: Քուրդիստանի անկախությամբ տարածքի մի մասը դուրս է մնալու Իրանի ազդեցությունից եւ կարող է հարել հակառակ ճամբարին: Սաուդյան Արաբիան հազվադեպ է հրապարակային հայտարարություններ անում Քուրդիստանի անկախության վերաբերյալ, եւ զարմանալի է, որ թագավորությունը միացել է շարժմանը եւ ջատագովում է քուրդական անկախությունը: Այդուհանդերձ, պատճառը բավական թափանցիկ է. Սաուդյան Արաբիա-Քաթար հակամարտության ներկա փուլում, որն առաջացավ նախագահ Թրամփի տարածաշրջան այցելությունից հետո, Անկարան որոշեց դուրս գալ մահմեդական կոալիցիայից եւ պաշտպանել Քաթարին: Ռիադն, այսպիսով, հակադրվեց Անկարային, միեւնույն ժամանակ համագործակցելով նրա ռազմավարական դաշնակիցՙ Մ. Նահանգների եւ գաղտնի գործընկերՙ Իսրայելի հետ: Ամերիկայում այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մեկը մեկնաբանությամբ հանդես չի եկել: Որոշ աղբյուրներ միայն բացահայտել են, որ պետքարտուղարությունը որոշ կարեկցանք դրսեւորում է քրդերի ազգայնական ձգտումների նկատմամբ: Քրդերի երազած հանրաքվեի շուրջ տեսությունները բազմաթիվ են: Դրանցից մեկը ենթադրում է, որ Մերձավոր Արեւելքի ներկայի հեղհեղուկ քաղաքական իրավիճակում անկախության շարժումը հաջողության կարող է հասնել: Մյուսը պնդում է, որ հայտարարությունը սոսկ քրդերի կողմից քաղաքական լավ մշակված նախաբան է, որպեսզի Քիրկուկը ներառեն իրենց տարածքում Բաղդադի կենտրոնական կառավարության հետ կայանալիք հետագա բանակցությունների արդյունքում: Բայց տարածաշրջանային հարցերի գծով փորձագետ Նահուի Սայիդի կարծիքով, Քիրկուկի միացումը Քուրդիստանին այն «կարմիր գիծն» է, որն արաբներն ու թուրքերը թույլ չեն տա անցնել քրդերին: «Քուրդիստանի կողմից որեւէ միակողմանի փորձ հատելու այդ կարմիր գիծը բռնության դուռն է բացելու», նշել է Սայիդը: Եվ Թուրքիան նման պայմաններում «պասիվ դիտորդի» դերը չի ստանձնի: Այնպես որ իրաքյան Քուրդիստանը երկու տարբերակ ունի: Կա՛մ անկախություն ձեռք բերել առանց Քիրկուկի, որն ավելի անվտանգ տարբերակն է, կա՛մ էլ փորձել Քիրկուկը ներառել եւ փակել անկախության ճանապարհըՙ չկարողանալով դիմակայել միացյալ թշնամական ուժերին: Անկախ այն հանգամանքից իրաքյան Քուրդիստանը անկախություն ձեռք կբերի՞, թե՞ ոչ, Թուրքիայի քրդերը պայքարելու են իրենց իրավունքների համար: Իրաքի եւ Սիրիայի քրդերի անկախության շարժումը, որն արդեն իրական փաստ է, արագացնելու է այդ գործընթացը Թուրքիայում, մանավանդ եթե վերջինս դեռեւս շարունակի փայփայել Եվրոմիությանն անդամակցելու երազանքը: Իսկ ի՞նչ է վերապահված մեզՙ հայերիս: Դա մասամբ կախված է իրադարձությունների զարգացումից, բայց նաեւՙ թե գործողությունների ինչ ընթացք կընտրեն Հայաստանն ու աշխարհով մեկ ցրված հայությունը: Երբ Վերսալի բանակցություններում ակտիվ գործում էր Ազգային պատվիրակությունը, այն Եվրոպայում քուրդ առաջնորդների հետ կապի մեջ մտավ համաձայնեցնելու համար գործողությունները: Այդ նախաձեռնությունը նաեւ հովանավորվում էր Առաջին հանրապետության առաջնորդների կողմից: Նման գործընթաց որդեգրվել էր, հակառակ այն փաստին, որ մասնակիցների հիշողություններում դեռ շատ վառ էին քրդերի գործած վայրագություններն ընդդեմ հայերի: Երբ Սեւրի պայմանագիրը թղթի վրա մնաց, երկու կողմերը հրաժարվեցին շարունակել իրենց պաշտոնական համագործակցությունը: Այսօր, երբ քրդերը պայքարում են իրենց անկախության համար, հայկական կողմի պաշտպանությունը այդ պայքարին երկար ճանապարհ ունի անցնելու: Նախ եւ առաջ, անշուշտ, քաղաքական պաշտպանություն է անհրաժեշտ, հետո նաեւ այլ ձեւի ու չափի պաշտպանություն: Հենց նրանք կարողանան Թուրքիայում ձեռք բերել անկախություն կամ ինքնավարություն, համեմատաբար ավելի հեշտ է լինելու, մեր կարծիքով, գործ ունենալ նրանց հետ, քան թուրքերի, մանավանդ եթե մենք այսօր չզլանանք մեր օժանդակությունը ցուցաբերել նրանց: Ներկայիս քրդերն զբաղեցնում են պատմական Հայաստանի տարածքը: Իրատեսական չի լինելու ակնկալել, որ, հանուն մեզ, նրանք թողնեն այդ տարածքը, մանավանդ այդքան արյուն թափելուց հետո: Բայց տրամաբանական է ակնկալել, որ նրանց հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել եւ պահպանել մեր ժառանգությունը հանուն մեզ եւ մարդկության: Բայց մինչ այդ պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ հետագա զարգացումներ կունենան քրդական ձգտումները: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ https://www.archive.azg.am/AM/2017062310 © AZG Daily, 2008 |