ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 2017-07-14

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

STATUS QUO-Ն ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. , Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

(Սկիզբը նախորդ համարում եւ վերջ)

Հարավային Կովկասում անվտանգության գործուն համակարգի բացակայությունը, ինչպես արդեն նախորդ մասում նշել էինք, պայմանավորված է նախ եւ առաջ այդ հարցում կողմերի համագործակցության ցանկության բացակայությամբ: Անցած դարի 90-ական թվականներին Հարավային Կովկասում ընթացող բոլոր հակամարտությունները` թե՛ հարավօսեթականը, թե՛ աբխազականը ու ղարաբաղյանը ավարտվեցին հրադադարի մասին պայմանագրերի կնքմամբ: Այդ փաստաթղթերը չէին արտահայտում ուժերի դասավորությունը` այս կամ այն կողմի գերակշռությունը ռազմի դաշտում, այլ հավասարության հիմունքի վրա կողմերին կոչ էին անում դադարեցնել կրակը, որից հետո սկսել բանակցությունների գործընթաց: Ինչպես ցույց տվեց ժամանակը, կնքված բոլոր այդ փաստաթղթերը հետագայում այդպես էլ չվերածվեցին լիարժեք պայմանագրերի եւ խաղաղություն չբերեցին տարածաշրջանին:

Սակայն, հանուն ճշմարտության արժե շեշտել, որ ղարաբաղյան հակամարտությունը էականորեն տարբերվում էր հարավօսեթական կամ աբխազական հակամարտություններից նախ եւ առաջ նրանով, որ հայկական կողմը հաջողության էր հասել առանց երրորդ ուժի` Ռուսաստանի ռազմական միջամտության, որը նաեւ պետք է արտահայտվեր կնքված փաստաթղթերում, ինչը սակայն ցավոք տեղի չունեցավ: Պատերազմի ընթացքում ձեւավորված հայկական ռազմական մեքենան ստիպել էր Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանին, ինչի պատճառը այդ պահին ռազմաճակատում ստեղծված ուժերի հավասարակշռությունն էր:

Ռազմական գործողությունների շարունակման դեպքումՙ 1994թ. մայիսին, Ադրբեջանը վտանգում էր կորցնել Արցախի շուրջ ստեղծված ադրբեջանական ռազմական հենակետերից թերեւս վերջինը` Միրբաշիրը, ինչը կարող էր արտահայտվել նաեւ քաղաքական հերթական իշխանափոխությամբ Բաքվում: Այն կանխելու ու ռազմական այդ վերջին հենակետը փրկելու համար Ադրբեջանը սկսեց հրադադարի ակտիվ բանակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ` Ռուսաստանի միջնորդությամբ, զինադադարի հաստատման համար:

Նման իրավիճակը արդյունք էր նաեւ հայկական զինված ուժերի այն ժամանակվա ղեկավարության` հատկապես գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված ռազմավարական այն տեսլականին, որ հակառակորդին հարկավոր է ստիպել գնալ իրավիճակի վերագնահատմանն ու զիջումների ռազմաճակատի գծի փոփոխման հաշվին, այսինքն դրա նեղացման (կրճատման) եւ հարձակման համար անհրաժեշտ ուղղություններում հայկական ուժերի խտացման միջոցով: Սրան հնարավոր էր եղել հասնել հարավում դուրս գալով դեպի Արաքս` իրանական սահման, իսկ հյուսիսում դեպի Քարվաճառ (Քելբաջար)` Մռավի լեռներ: Այս պայմաններում հայկական զորքերը ստացել էին դիրքային առավելությունը եւ իրենց ուժերը կենտրոնացնում էին ավելի կրճատված ռազմաճակատային գծով, ինչը նրանց դուրս էր բերում մարտավարական նոր տարածության վրա եւ ռազմավարական հնարավորություն էր տալիս զարգացնելու առկա հաջողությունն ազատագրելով հայկական պատմական հողերի մի մասը եւս:

Ահա ստեղծված այս իրավիճակը ու դրա հնարավոր զարգացման վախն էր, որ ստիպեց պաշտոնական Բաքվին սկսելու բանակցությունները հայկական կողմի հետ զինադադարի կնքման շուրջ: Ադրբեջանին պետք էր ամեն գնով զինադադար կնքել, թույլ չտալու համար, որ հայկական ուժերը զարգացնեն իրենց հաջողությունն ու առաջ գնան: Խաղաղության պարտադրման այս մարտավարությունը հաջողությամբ իրականացրեցին հայկական ուժերը, որը սակայն, նկատենք, հետագայում չարտահայտվեց Բիշքեկյան կոչվող հրադադարի մասին փաստաթղթում: Սա իհարկե առաջին հերթին հայկական քաղաքական ղեկավարության անհեռատեսության, ռազմավարական մտածելակերպի բացակայության, հետագա զարգացումները ու միտումները գնահատելու անընդունակության հետեւանքն էր:

Բիշքեկյան կոչվող փաստաթուղթը միայն ապահովում էր կրակի լիակատար դադարեցում 1994թ. մայիսի 12-ից ժամը 00.01 րոպեից: Կողմերը նաեւ պետք է մինչեւ մայիսի 12-ը փոխանակեին հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը: Ըստ այդ փաստաթղթի, հակամարտող կողմերը Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ եւ ՀՀ, ԱՀ ու Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ պետք է հանդիպեին Մոսկվայում, «նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաեւ նախապատրաստելու միջազգային դիտորդների առաջավոր խմբերի տեղակայումը»:

Նկատենք, որ հրադադարի մասին այս համաձայնագիրը, չէր արտահայտում ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը, այն նույնիսկ զինադադարի մասին պայմանագիր չէր: Այսինքն խոսքը վերաբերում էր ոչ թե ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ ընդամենը ռազմաճակատի երկայնքով կրակի դադարեցմանը: Ինչն այդ պահին, ինչպես արդեն վերեւում նշեցինք, ավելի ձեռնտու էր ադրբեջանական կողմին, որին հարկավոր էր ամեն գնով կանգնեցնել հայկական ուժերի առաջացումը դեպի ռազմավարական խորություն: Այդ փաստաթղթում անգամ խոսք չկար ռազմաճակատային գծից զորքերի հետ քաշման մասին, ինչը թվում էր թե առաջին հերթին հենց հայկական կողմի պահանջը պետք է լիներ, քանի որ այդ պահին հենց ռազմական առավելություն ունեցող կողմը կարող էր որոշակի պայմաններ թելադրել, որն էլ հետագայի համար հիմք կհանդիսանար արդեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում:

Ինչեւէ, Բիշքեկյան կոչվող հրադադարի պայմանագրի նույնիսկ նշված կետերը չկատարվեցին: Հրադադարի խախտումները ժամանակի ընթացքում միայն ավելացան, իսկ 2016թ. ապրիլյան դեպքերը եկան ապացուցելու այդ համաձայնագրի սնանկությունը: Միակ առավելությունը, որը մնացել է 1994թ. հրադադարից հետո, դա Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված status quo-ն է, որ հակառակ կողմը ամեն կերպ ցանկանում է փոփոխել:

Status quo-ն ոչ միայն Արցախի շուրջ զինադադարի, այլ ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղության պահպանման միակ, սակայն փխրուն երաշխիքն է, հետեւաբար խոսակցությունները այն մասին, թե այն հարկավոր է փոխելՙ նշանակում է ճանապարհ հարթել դեպի լայնածավալ պատերազմ: Status quo-ն պահպանվում է շնորհիվ դիրքային այն առավելության, որը ստեղծվել էր 1994թ մայիսին, հետեւաբար դրա փոփոխությունը նշանակում է այդ առավելության կորուստ, այսինքն ռազմաճակատային գծի վերանայում, ինչը իր հերթին կարող է հանգեցնել դրա ընդլայնմանը ու կպահանջվի զորքերի ավելի մեծ թվաքանակն այն պահպանելու համար:

Սա հասկանում են նաեւ Բաքվում, ցանկանալով ռազմական արկածախնդրությամբ, շփման գծում լարվածության մշտական պահպանմամբ, ինչպես նաեւ դիվանագիտական ճանապարհովՙ համանախագահ պետությունների միջնորդությամբ հասնել դրա փոփոխության: Ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարությունները, թե ստեղծված status quo-ն ոչ մեկին ձեռնտու չէ, չի համապատասխանում իրականությանը, այն ձեռնտու է հայկական կողմինՙ թե՛ Հայաստանի Հանրապետությանը եւ թե Արցախին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գոնե հարաբերական խաղաղություն Հարավային Կովկասում: Իսկ ապրիլյան դեպքերը եկան ապացուցելու, որ ստեղծված status quo-ն միայն ամրացման ու ամրապնդման կարիք ունի:


https://www.archive.azg.am/AM/2017071415

© AZG Daily, 2008