ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 2017-07-14

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՆԿՈՆՖԼԻԿՏ ԳՈՏԻ

Կարծում է պատմաբան Ս. Տարասովը

Ռուսաստանցի հայտնի պատմաբան, Անդրովկասի եւ Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը վկայակոչելով «Ռեգնում» գործակալության կայքում նշում է, թե արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծագած հերթական լարվածության մեղավորների բացահայտումը դժվարին գործ է: Ցավոք, զոհեր կան երկու կողմերում: Զախարովան հակամարտ կողմերին կոչ է արել հանդես բերել զսպվածություն եւ ջանքեր գործադրել իրադրությունը կայունացնելու նպատակով: Ռուսաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը, որտեղ ընդգծվում է բռնությունը դադարեցնելու եւ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը:

Սակայն հակամարտող կողմերի Շփման գծի երկայնքով մշտական ռազմական բախումների գոյությունը ցույց է տալիս, որ տվյալ գործընթացը ունի քողարկված պատճառներ եւ շարժառիթներ: Այդպես եղավ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ: Ըստ Տարասովի, որոշ նշաններից երեւում է, որ այդպես է նաեւ հիմա: Ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ մշակվեցին եւ ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է տարածաշրջան բերել միջազգային դիտորդներ եւ ստեղծել մշտադիտարկման համակարգ: Այդ առաջարկությունների ընդունման դեպքում համաշխարհային ընկերակցությունը կկարողանար ի հայտ բերել հակամարտություն նախաձեռնողներին: Երեւանն ընդունեց այդ առաջարկությունները, իսկ Բաքուն հրաժարվեցՙ պնդելով, թե դա իբր սառեցնում է հակամարտությունը: Այդ պատճառով հիմա, երբ Ադրբեջանը միակողմանիորեն դիմում է միջազգային հանրությանը եւ կոչ է անում բացահայտել նախահարձակին, նրա պնդումները վստահություն չեն ներշնչում:

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, այն ունի որոշակի առանձնահատկություններ: Բանն այն է, որ նախօրեին տարածաշրջանում եղել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հակամարտող կողմերի հետ քննարկել էին նոր տվյալներ: Ռուսական եւ այլ դիվանագիտական շրջանակներում լուրեր էին պտտվում, թե նախատեսվում է փոխել բանակցությունների ձեւաչափըՙ դրանցում ընդգրկելով նաեւ Ստեփանակերտը: Այնուհետեւ հայտնվեցին հաղորդումներ այն մաին, թե Ավստրիայի Մաուերբախ քաղաքում հուլիսի 11-ին հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե միջադեպի ընթացքում հակամարտող կողմերից մեկը հայտարարեր երկխոսությունից հրաժարվելու մասին, ապա կարգավորման դիվանագիտական գործընթացը, ըստ երեւույթին, ավելորդ կդառնար:

Սակայն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի հրաժարվել ինչպես բարձր մակարդակի, այնպես էլ նախարարների հանդիպումներից: Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը ընդգծեց, որ Բաքուն եւս մտադիր չէ հրաժարվել ԱՀ եւ ՀՀ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից: Նա միաժամանակ մանրամասնեց, որ նախքան վերջնական պատասխան տալը տվյալ հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի: Նրա խոսքերով, Ադրբեջանը բանակցություններին մասնակցում է ոչ թե ձեւականորեն, այլ ձգտում է բովանդակալից խոսակցության: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ բովանդակալից խոսակցությունը ենթադրում է նոր պայմանների ստեղծմանը վերաբերող նոր բանակցությունների անցկացում: Սկզբունքորեն դրանք հնարավոր են, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտող կողմերը որոշեն փոխել բանակցությունների ձեւաչափըՙ դրանցում ընդգրկելով Ստեփանակերտի ներկայացուցչի: Սակայն նման պայմանավորվածություն դեռեւս գոյություն չունի, ուստի բանակցությունները հիմնվում են Մադրիդյան համաձայնությունների եւ այլ փաստաթղթերի վրա:

Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հուլիսի 4-ին շփման գծի վրա տեղի ունեցած միջադեպը գնահատում են իբրեւ սադրանք, որը կարող է սպառնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ սպառնալիքի տակ դնել բանակցությունները: «Կողմերին հիշեցնում ենք Ժնեւի միջազգագրով իրենց ստանձնած պարտավորությունները, որոնք ենթադրում են հրաժարում հնարավոր զոհերի հանգեցնող գործողություններից», ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրումից եւ անշեղորեն հետեւել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերին:

Ադրբեջանը նախընտրում է վկայակոչել ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձեւերը, այլ ոչ թե 1994-1995թթ. համաձայնագրերը, որոնք ամրագրում են Ղարաբաղյան պատերազմում իր կրած պարտությունը, ինչպես նաեւ պարունակում են Ստեփանակերտի ստորագրությունը: Սակայն տվյալ դեպքում Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը ձախողվել են թեպետեւ Ադրբեջանը Բաքվի սցենարով առաջընթացի բացակայության համար պարբերաբար քննադատում է ոչ թե իր ղեկավարությանը, այլ Մինսկի խմբի համանախագահներին: Ընդսմին սահմանային բախումների ծագման համար ամբաստանում է Երեւանի դիվանագիտությանը, մինչդեռ դա Բաքվի մասնակցությամբ անցկացված (թեպետեւ նրա կողմից չստորագված) Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի արդյունքն է: Նման համատեքստում նաեւ ակնհայտ է, որ 2016թ. ապրիլյան պատերազմը իբրեւ սեփական հաղթանակ բնութագրող Բաքուն չկարողացավ ամրագրել այն որպես արտաքին քաղաքական ձեռքբերում:

Տարածաշրջանի ապակայունացման վտանգը մեծ է, եւ կարող է ամեն ինչ զարգանալ անսպասելի սցենարով, կարծում է Ստանիսլավ Տարասովը: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեն օգտագործլ Ուկրաինայի, թերեւս նաեւ Սիրիայի հակամարտության կարգավորման փորձը, ապա կխոսեն Բաքվի ու Երեւանի միջեւ անկոնֆլիկտ գոտու ստեղծման անհրաժեշտության մասին: Եթե դա տեղի ունենա, ապա խոշոր իրադարձություն կդառնա ինչպես ամբողջ Անդրկովկասի, այնպես էլ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար:

Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2017071423

© AZG Daily, 2008