ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 2017-11-17ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՙ ՏԱՐԻՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել: Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել: 50 տարի առաջ կառուցված նրանց տունը ժամանակի ընթացքում խարխլվել եւ հիմնանորոգման կարիք ուներ: Ամիսներ առաջ, երբ կազմակերպությունների կամավորներն ընտանիքի հետ շինարարական աշխատանքներ էին կատարում, Սիմոնյաններիՙ տարիների երազանքի իրականացումն սկսվել էր: Այսօր արդեն ընտանիքի անդամները զգում են բարեկարգ տուն ունենալու բերկրանքը. անցյալում են կաթող տանիքն ու խոնավ պատերը, սանհանգույցի բացակայությունը եւ խոհանոցը փոխարինող բետոնապատ միջանցքը: «Երջանիկ օր է մեզ համար, երբ հնարավորություն ունենք հյուրընկալելու այն մարդկանց, ովքեր իրականացրեցին մեր վաղեմի ու անիրականանալի թվացող երազանքը: Շատ բան հարկավոր չէ երջանիկ լինելու համար, սակայն երբեմն այդ քիչն էլ անհասանելի է լինում: Տան հետ կապված դժվարություններն այսօր անցյալում են, առօրյա բարդություններն արդեն չեն վախեցնում: Ամուր տանիքով ու տաք օջախում ոչ մի ձմեռ ու առօրյա հոգս սարսափելի չեն: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Էդուարդը: Կազմակերպությունների վեց տարվա համատեղ ջանքերի շնորհիվՙ բարեկարգ բնակարաններ, առողջ միջավայր եւ ապագայի նկատմամբ հավատ է ստեղծվել 150 ընտանիքի համար: Նույն գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքիՙ Մկրտչյանների համար, օրը եւս տոնական էր. 10 հոգուց բաղկացած ընտանիքը երջանիկ էր իր հարկի տակ ընդունելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանինՙ ում անձնական ֆինանսավորմամբ վերջապես հնարավոր եղավ հիմնանորոգել կաթացող տանիքը: «Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը հարկավոր է գնահատել երկուՙ տեսանելի հաջողության եւ մարդու հոգում կատարված փոփոխության տեսանկյունից: Այս մարդիկ, տարիների սպասումից հետո ձեռք են բերում բնակարան, ինչի կարեւորությունը քննարկման ենթակա չէ: Առավել կարեւոր ձեռքբերում է սեփական ուժերին հավատալու եւ ոտքերի վրա ամուր կանգնելու զգացողությունը: Տուն կառուցելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ խնդիրները հաղթահարելու կամք եւ վճռականություն: Գործընկեր կառույցի հետ, տարիներ շարունակ ձգտում ենք մեր հայրենակիցներին փոխանցել այդ կամքն ու լավատեսությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Մեր այցելությունը զուտ մշտադիտարկում չէ, այլ մեր ընտանիքների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու հնարավորություն, ինչը, շատ դեպքերում, բավական կարեւոր հոգեբանական խնդիր է լուծում: Բնակարանաշինության մեջ ներդրում կատարելով, մենք ոչ միայն առողջ միջավայր, այլեւ ավելի լավ ապագայի հիմք ենք ստեղծում ընտանիքի անդամների համար»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 31 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբՙ մոտ 370 մլն ՀՀ դրամի ներդրում: https://www.archive.azg.am/AM/2017111727 © AZG Daily, 2008 |