ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 2018-04-13

«ԱԶԳ»Ի ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ԲԱՑՎԱԾ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԲՈՂՈՔՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

2017թ.-ի հունիսի 27-ին քաղաքացի Սեւակ Հաճի-Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանՙ ընդդեմ «Ազգ» օրաթերթ ՍՊԸ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանիՙ վիրավորանքը եւ զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու, ներողություն խնդրելու եւ փոխհատուցում տրամադրելու պահանջով: Հայցի առիթը մայիսի 25-ին «Azg.am» կայքում հրապարակված «Փորի հատվածի ճարպը եւ սոված ստամոքսը» վերտառությամբ հոդվածն է, որտեղ նշվել էր, որ Ս. Հաճի-Հակոբյանը «վավերական խարդախ» է:

Հունիսի 29-ին հայցն ընդունվել է վարույթ: Նախնական դատական նիստ է նշանակվել հոկտեմբերի 11-ին:

Երեկՙ ապրիլի 12-ին, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նշված գործով դատական երկրորդ նիստը, որի ընթացքում պատասխանող կողմի շահերը ներկայացնող փաստաբանըՙ Հայկ Պողոսյանը , նոր փաստթղթեր ներկայացրեց դատարանին, ըստ որոնցՙ Սեւակ Հաճի-Հակոբյանը Լիբանանի Հանրապետությունում մի քանի անգամ դատապարտվել է բանկային չեկերի կեղծման համար, որոնք վավերացվել են Լիբանանի պետական մարմինների կնիքներով եւ Լիբանանում ՀՀ հյուպատոսության հաստատագրով:

Ըստ այդ փաստաթղթերի, Լիբանանի քրեական օրենսգրքի 666-րդ հոդվածով սահմանված հանցակազմով Սեւակ Հաճի-Հակոբյանը 3 անգամ դատապարտված է եղել տարբեր տարիների կատարված վճիռների համաձայն եւ բանտում տարբեր ժամկետներով կրել իր պատիժը:

Ինչպես նշեց «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Պողոսյանը , վերոնշյալ դատավճիռները թարգմանվել են եւ հաստատվել Լիբանանում ՀՀ հյուպատոսության կողմից:

Հայցվոր կողմըՙ Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչը, պետք է ապացուցի հայցապահանջի հիմքում դրված պահանջները, պատասխանողը պետք է դատարանում ապացուցի առարկությունների հիմքում դրված բոլոր փաստարկները:

Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչ փաստաբանըՙ Արամ Խաչատրյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ուսումնասիրի եւ համապատասխան դիրքորոշում հայտնի նրան ներկայացված առարկության տեքստի եւ նոր ապացույցների վերաբերյալ: Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին:


https://www.archive.azg.am/AM/2018041308

© AZG Daily, 2008