ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 2019-03-29

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ 14 ՄԱՐՏ, 1962, ԵՐԵՎԱՆ

201901208.jpg

Ահավասիկ, ազգային մի քանի հարցերի շուրջ սովետական շրջանից փաստաթղթային արժեք ունեցող մի զրույցի սղագրություն, որը Սփյուռք է հասցվել հավանաբար հատուկ նպատակներովՙ ցույց տալու, որ սովետահայ պետական գործիչներն ու մտավորականությունը նույնպես մտահոգված են ազգային խնդիրներով եւ բնավ չեն վարանում դրանք որպես գանգատ ներկայացնել 60-ական թթ.ի Խ. Միության գերագույն ղեկավարության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկինՙ Անաստաս Միկոյանին, որի պատասխանները անսպասելիորեն համահունչ են, այսպես ասենքՙ հայաստանյան կողմի մտահոգություններին: «Հայաստանյան կողմ» ենք ասում, քանզի զրույցը կայացել է Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի գրասենյակում, նրա իսկ մասնակցությամբ, այսինքնՙ պետական ղեկավարության նախաձեռնությամբ, ազգային մտահոգությունները հնչեցնելով ոչ թե իր, այլ գրողների շուրթերից:

Պատմաբաններին եւ առհասարակ հիշյալ ժամանակների պատմությամբ հետաքրքրվողներին ներկայացվող այս զրույցը մեզ տրամադրել է Լոնդոնից դոկտ. Հրաչ Գույումճյանը, որ դասական ուղղագրությամբ մեքենագրված բնագիրը գտել է իր հորՙ ՌԱԿ Լիբանանի հայտնի գործիչներիցՙ ուսուցիչ եւ դասագրքերի հեղինակ Համբարձում Գումրույանի անձնական արխիվից:

«ԱԶԳ»


Գրողներ Վաղարշակ Նորենցը, Հրաչեա Քոչարը, Նայիրի Զարեանը, Գեղամ Սարեանը եւ Հ. Յովհաննիսեանը նախապէս հեռագրել էին Անաստաս Միկոյանինՙ խնդրելով, որ իրենց ընդունի «զրոյցի համար մի շարք հարցերի շուրջը, որոնք յուզում են մեր ստեղծագործական եւ գիտական մտաւորականութեանը»:

Հեռագիրը հաղորդուել էր ընկեր Միկոյեանին, նրա Երեւան ժամանելիսՙ Մարտի 11-ին: Մարտի 14-ին առաւօտեան յայտնի եղաւ, որ ժամը 12-ին, Կենտկոմի շէնքում տեղի է ունենալու այդ ընդունելութիւնը:

Ուղիղ ժամին մեզ ներս հրաւիրեցին Եակով Զարոբեանի առանձնասենեակ: Ներս մտան մեզ հետ միասին նաեւ Կենտկոմի գիտութեան բաժնի վարիչ Ռոբերտ Խաչատրեանը եւ ընկ. Զարոբեանի օգնական Մարատ Խարազեանը: Միկոյեանի հետ միասին ոտքի վրայ էին ընկերներ Եա. Զարոբեանը, Անտոն Քոչինեանը եւ Յովհ. Բաղդասարեանը:

Արագ քայլերով մօտեցաւ ու առաջինը բարեւեց ընկ. Միկոյեանին Ն. Զարեանը, ապա միւսները: Ամէն մէկին ներկայացնում էր ընկ. Զարոբեանը, որոնց ընկ. Միկոյեանն անձամբ ծանօթ չէր: Դեռ ոտքի վրայ սկսուեց քաղաքավարական խօսակցութիւնը:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Ձեր տեսքը շատ լաւ է, Անաստաս Իվանովիչ, առոյգ, կայտառ. հիանալի էք երեւում:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Կոմպլիմենտ էք անում, շնորհակալ եմ:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Չէ՛, Անաստաս Իվանովիչ, կոմպլիմենտ չեմ անում, ազնիւ խօսք, շատ լաւ էք: Ձեր գլխի մազերն էլ չեն սպիտակել, երիտասարդական տեսք ունէք:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- (Ուրախ տրամադրութեամբ) Շնորհակալ եմ, շնորհակալ եմ:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Շատ ուրախ ենք, Անաստաս Իվանովիչ, որ Ձեզ լաւ ենք տեսնում: Ամէն անգամ ձեր գալը Երեւան, Ձեզ տեսնելը մեզ համար տոն ու ուրախութիւն է: Սրտանց ուրախ ենք, որ կրկին տեսնում ենք Ձեզ այդպէս լաւ...

(Ընկեր Միկոյեանը լուռ շարժումով շնորհակալութիւն է յայտնում ու նստում է: Նստում ենք բոլորս: Դա նշան է, որ պիտի սկսել գործնական զրոյց: Մեզ նախազգուշացրել են, որ Միկոյեանի ժամանակը լեցուն է, մենք միայն 45 րոպէ կարող էինք զբաղեցնէինք նրան:

Եւ սկսում ենք զրոյցը):

Հր. ՔՈՉԱՐ.- Թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնելու, ընկեր Միկոյեան, որ ընդունեցիք մեզ այս զրոյցի համար: Կան բազմաթիւ հարցեր, որ յուզում են ոչ միայն այստեղ գտնուողներին, այլեւ մեր բոլոր գրողներին եւ մտաւորականութեանը, եւ մենք որոշեցինք հանդիպել Ձեզ, իմանալու Ձեր կարծիքն այդ կարեւոր հարցերի մասին: Դրանք վերաբերում են մեր ազգային կեանքի եւ նրա պատմութեան զանազան խնդիրներին: Առանց յստակ կողմնորոշման, գրողի համար դժուար կը լինէր գեղարուեստական երկի մէջ արտացոլել մեր պատմութեան այս կամ այն շրջանը: Թոյլ տուէք ուրեմն, անդրադառնալ այդ հարցերին:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Խնդրեմ, խնդրեմ:

Հր. ՔՈՉԱՐ.- Յատկապէս վերջին տասնամեակում, Թուրքիայի պատմագրութեան ու մամուլի մէջ խիստ յարձակումներ են սկսուել հայ ժողովրդի դէմ: Տպւում են մենագրութիւններ, ընդարձակ յօդուածներՙ աղաւաղելու պատմութիւնը, արդարարացնելու հայերի ջարդերը, փառաբանելու նշանաւոր դահիճներինՙ Էնվեր, Թալաաթ, Ջեւտէթ փաշաներին, Քեազիմ Կարաբեքիր փաշային: Իրենք ջարդել են հպատակ ու անզէն հայ ժողովրդին, խլել մեր երկիրը եւ այդ ամէնից յետոյ իրենք են յարձակումներ անում մեր դէմ, իսկ մենք լռում ենք: Մեծահատոր գիրք են գրել հայ ժողովուրդի պատմութեան մասինՙ հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը, աղաւաղուած քաղուածքներ բերելով հայ պատմաբաններիցՙ Խորենացուց սկսած մինչեւ Լէո, ապացուցելու համար, որ մենք ազգ ու պետական ժողովուրդ չենք եղել: Գրքեր են գրել Թալաաթ փաշայի մասին, գովաբանելով նրան, որ ջարդել է հայերին: Նրա գերեզմանը Բեռլինից փոխադրել Ստամբուլ, Էնվերի մասին նոյնպէս: Քեմալի յաղթանակից յետոյ, 1921 թուականին, նրանց հեռակայ կերպով մահուան դատապարտեցին, իսկ հիմա ազգային հերոսներ են յայտարարում, որպէսզի այդ միջոցով վարկաբեկեն հայ ժողովրդին: Գովաբանող գիրք են գրել Կարաբեքիր փաշայի մասին այսպիսի վերնագրովՙ «Թէ ինչպէս Քեազիմ Կարաբեքիր փաշան ոչնչացրեց Հայաստանը»: Ցինիկ ռասիստական պրոպագանդա է մղւում հայ ժողովրդի դէմ. բարոյապէս էլ ուզում են վարկաբեկել մեզ աշխարհի աչքում, թարգմանելով իրենց այդպիսի գրքերը նաեւ ուրիշ լեզուներով:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ի՞նչ լեզուներով:

Հր. ՔՈՉԱՐ- Անգլերէն, ֆրանսերէն: Իսկ մենք լռում ենք: Բարոյակա՞ն է արդեօք մեր դիրքը, մեր լռութիւնը:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ էք լռում:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Չեն տպագրում:

Հր. ՔՈՉԱՐ.- Գրաքննութիւնն ու Արտաքին Գործերի Մինիստրութեան ընկերները: Ես, օրինակ, կինոսցենար էի գրել «Հիւսիսային Ծիածան» վերնագրով: Հայաստանի միացման մասին Ռուսաստանին: Արտաքին Գործերի Մինիստրութիւնը հինգ ամիս կանգնեցրել էր նկարահանումները, թէ պարսիկները կը վիրաւորուեն: Պէտք եղաւ դիմել ՍՄԿԿ Կենտկոմին այդ արգելքը վերացնելու:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ինչո՞ւ համար. մենք ինքնե՛րս ենք շահին հայհոյում:

Հր. ՔՈՉԱՐ.- Այդպէս եղաւ: Եւ ի՞նչ է ստացւում, Անաստաս Իվանովիչ, մենք գրում ենք ամերիկեան ռասիստների դէմ, իսկ թուրքերի ամենամոլի ռասիստները մեզ վարկաբեկում են, եւ մենք չենք պատասխանում:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Պէտք է պատասխանել. գիտականօրէն մերկացնել. պատասխանել նրանցՙ գրքերով, ժուռնալային գիտական յօդուածներով: Ո՞վ ասաց, թէ լուռ մնանք: Մենք պէտք է հարուածենք ամէն տեսակ ռասիզմի, որտեղ էլ նա երեւայ:

Հր. ՔՈՉԱՐ.- Անաստաս Իվանովիչ, թուրքական ռասիզմը թափանցում է նոյնիսկ գեղարուեստական գրականութեան մէջ: Մի թուրք կին գրող կայ, որ վիպակ է գրել «Ֆոսֆորային Շեւրիէ» վերնագրով...

Ն. ԶԱՐԵԱՆ.- Սուադ Դերվիշը...

Հր. ՔՈՉԱՐ.- Այո, Սուադ Դերվիշը: Գիրքը չգիտես ինչո՛ւ թարգմանվել է նաեւ ռուսերէն: Նրա մէջ հեղինակը Թուրքիայում տարածուած անբարոյականութեան համար մեղաւորը հայ կանանց է համարում: Իբր թէ հայ կանայք են անբարոյականութիւն տարածում Թուրքիայում, անբարոյականացնում են թուրք աղջիկներին: Այդ մեր կրթուած կանայք են որ պրիտոններ են պահում, ըստ այդ վիպակի: Յայտնի է, որ հայերն են Թուրքիայում թատրոն ստեղծել: Եւ այդ հայ կանայք հին թատրոնի դերասանուհիներն են...

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- (Որ ուշադիր լսում էր) Դրանք բամբասանքներ են. կարիք կա՞յ միթէ ամէն բամբասանքի պատասխանել կրկնել այդ բամբասանքները: Ինչո՞ւ յիշեցնել, թէ ինչ ստոր բաներ են ասում ժողովրդի հասցէին: Այդպիսի բաներին պատասխանելու համար պիտի յիշեցնես, թէ ինչ են ասել, որպէսզի հերքես զրպարտութիւնը, պէտք է ասես, թէ զրպարտողն ի՛նչ է ասել, միթէ կարիք կա՞յ...

Ն. ԶԱՐԵԱՆ.- Կարիք չկայ, ի հարկէ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ենթադրենք, թէ մէկն ասել է թէ ես գող եմ. կարիք կա՞յ, որ վեր կենամ ու հասարակութեան առաջ ասեմ, թէ ես գող չեմ, զրպարտութիւնները տարածեմ: Ես կարծում եմ, որ կարիք չկայ: Չպէտք է վիճաբանելՙ հայ կինը բարոյական է, թէ՞ չէ:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Չէ՛, ի հարկէ:

Հր. ՔՈՉԱՐ.- Պատասխանողը չպէտք է կրկնի բամբասանքները:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Այո՛: Բայց ամէն բանի կարիք չկայ պատասխանելու: Պատմաբաններին թող պատասխանեն գիտնականները գիտական գրքերով, ոչ թէ ամէնօրեայ թերթերում, այլ գիտական ժուռնալներումՙ յօդուածներով: Մեր խնդիրը պէտք է լինի գիտականօրէն մերկացնել ռասիզմին եւ նրա պրոպականդանՙ փաստերով, փաստերի վերլուծումով: Եւ բարձր դիրքերից, չիջնել նրանց մակարդակին:

Հր. ՔՈՉԱՐ.- Երկրորդ հարցը վերաբերում է մեր ազատագրական կռիւներին 1890-ական թուականներից մինչեւ 1920 թուականը: Այդ երեսուն տարիները մեր ժողովուրդի պատմութեան ամենածանր, դժբախտ դէպքերով եւ միաժամանակ հերոսական մաքառումներով լի երեսունամեակն են: Իսկ մեր մարքսիստ պատմաբանները չեն մեկնաբանում այդ շրջանը. վախենում են զբաղուել այդ տարիների լուսաբանութեամբ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ինչո՞ւ:

Հր. ՔՈՉԱՐ.- Որովհետեւ այդ երսունամեակին գործել է դաշնակցական կուսակցութիւնը եւ բոլոր մաքառումներն ու հերոսական դրուագները իրեն է համարել, իսկ մենք լռել ենք:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Սխալ կը լինէր այդպէս մտածել:

Հր. ՔՈՉԱՐ.- Անաստաս Իվանովիչ, կ՛ուզէինք Ձեր կարծիքն իմանալ յատկապէս 1918-1920 թթ. հայ ժողովրդի մղած կռիւների մասին թուրքական ներխուժման դէմ: Ճիշդ է, Դաշնակցութիւնն էր քաղաքական տիրող կուսակցութիւնը, բայց չէ որ ժողովուրդն էր կռւում: Շատ ճակատամարտեր նոյնիսկ տարերային են եղել, առանց դաշնակների ղեկավարութեան, ինչպէս Սարդարապատի ճակատամարտը, երբ ժողովուրդը կանգնեց ու ետ շպրտեց թուրքական բանակը: Իսկ այդ բանակը Երեւանը գրաւելով պիտի արշաւէր դէպի Բաքու, ուր Բաքուի կոմունան էր: Ինչո՞ւ լռենք, եւ դաշնակներն այդ ճակատամարտի փառքն իրենց համարեն: Բաքուի կոմունայի թերթերը ժամանակին ողջունել են այդ յաղթանակը:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ճիշտ են արել: Իսկ մենք ո՞ւմ դէմ էինք կռւում Բաքուի կոմունայի ժամանակՙ նոյնպէս թուրքական ներխուժման դէմ: Հայ ժողովուրդն այդ կռւում պաշտպանելով իրեն թուրքական ներխուժման դէմ, օբյեկտիւօրէն պաշտպանում էր ռեւոլիւցիան Անդրկովկասում, Բաքուի կոմունային:

Ա. ՔՈՉԻՆԵԱՆ.- Անդրանիկ Ծառուկեանի գրքի մէջ էլ կա այդ մասին: Անընդունելի շատ բաներ կան այդ գրքի մէջ, ճիշտ է, բայց կան էջեր, ուր նա ցաւ է յայտնում, որ չենք յիշում ժողովրդի թափած արիւնը Հայաստանը պաշտպանելու հարցում, Սարդարապատի եւ այլ կռիւների ժամանակ:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Ծառուկեանն էլ մի բան չի...

Վ. ՆՈՐԵՆՑ.- Նա գրում է դաշնակների դէմ:

Շարունակելի

Նկար 1. Անաստաս Միկոյան

Նկար 2. Յակով Զարոբյան


https://www.archive.azg.am/AM/2019032914

© AZG Daily, 2008