ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2020-06-05

CORONA

ԿԱՐՄԻՐ ՄԵՔԵՆԱՆ

Թաքցնե՞լ մտքերը

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այս փողոցը քաղաքի ետ ընկած մի տեղ է, ոչ մայթ կա, ոչ ապահովություն, մի ժամանակ լույս էլ չկար, մթին լապտերով էինք դուրս գալիս: Այս փողոցի վրա մեծ, խոշոր տներ կան, դղյակներ հիշեցնող անգամ, ամուր պարսպապատված, դրանք իրար հավասար չեն ու չունեն միանման տանիքներ: Դրանք բոլորովին գեղեցիկ չեն, ու փողոցը անտեր է ու խեղճ...

Սա բանուկ տեղ չէ, մի 10 -15 անցորդ հազիվ տեսնես օրվա մեջ, հանրային տրանսպորտ չկա ու չի էլ եղել, մեկ ու մեջ մեքենաներ են անցնում: Իսկ վարար անձրեւներին ցեխոտ լիճ է գոյանում:

Արդեն երկու շաբաթ աշխուժություն էՙ կարմիր մեքենան հայտնվում է առավոտ վաղ, գույնը տպավորիչ է, չափսն ու ձեւըՙ նույնպես: Մեր փողոցի լռությունը խախտված է: Կարմիր մեքենան մեզ հիշեցնում է կորոնավարակի մասին ու կոչ անում պահպանել հիգիենայի կանոններն ու կրել դիմակներ, դրանք կարող են նաեւ տնային պայմաններում պատրաստվել եւ պետք է օրը երեք անգամ փոխել: Իսկ երեկ ուկրաինացի հայտնի բժիշկը, որ առաջին օրվանից ակտիվ է իր խորհուրդներով, բացատրում էր, թե դիմակներ առողջները պետք է չկրեն: Բայց մարդիկ ի՞նչ գիտենՙ թե առողջ են. չէ՞ որ սա նաեւ թաքնված է, անսիմպտոմ, ինչպես ասում են: Ու ահա դեռ կեսօր է, բայցՙ 515 նոր վարակվածներ: Մեկ ու կես ամիս առաջ մենք կարեկցում էինք իտալացիներին, իսկ նրանք արդեն բացում են թանգարաններն իրենց, երեկ Պիզան ընդունեց առաջին զբոսաշրջիկին, իսկ մենք նոր- նոր հիվանդների մեծաքանակ աճ ենք արձանագրում:

Բարձրահարկերի մյուս երեսին, բակային տարածքում շինարարություն է, մեծ տուն են սարքում: Այս կողմերում հատկապես ամռանը տարիներ շարունակ կենցաղային աղբ էր կուտակվում, հիմա բնակիչներն ինքնակենտրոնացել ու զգուշավոր են դարձել, նրանք նույնիսկ այրել են եղածի հետքերը, հիմա տեղում մոխրակույտեր են:

Համավարակի ահագնացմանը զուգահեռ կարմիր մեքենայի հայտնվելը կարծես ոչ այնքան զգուշացնում, որքան վախ է տարածում: Ֆեյսբուքյան տարածքում հայտնվում են մարդիկ, ովքեր արտակարգ իրավիճակի նոր կարգուկանոններ են առաջարկումՙ բավական խստացրած ու հեռուն գնացող: Դե մարդիկ ավտոբուսներից կախված դեռ երթեւեկում են, որովհետեւ տրանսպորտային միջոցները չեն բավարարում, աշխատանքից ուշանում են, ամեն օր տաքսու ծառայությունից օգտվելու հնարավորություն չունեն: Անկարգապահ ենք, չլսող, չենթարկվող,- ասում են,- ջինը շշից դուրս է եկել, բանը բանից անցել:

Վարակվածներն ավելի բաց են սկսել խոսել, առաջվա պարսավողները հիմա կարեկցում են: Նրանք նկարագրում են հիվանդության ընթացքի ամենայն մանրամասներ, ընդհուպ օգտագործած թեյի գույն ու որակ: Նրանց մեջ կան նույնիսկ այնպիսիք, որոնք պահպանել են սանիտարական նորմերն ավելիով անգամ, դիմակ են կրել, սոցհեռավորություն են պահպանել, բայց վարակվել են, կան էլ մարդիկ, որ ասում ենՙ ապրել են առաջվա ակտիվ կյանքով, ոչինչ էլ չեն արել, ու չեն էլ հիվանդացել: Դե վիրուս է, ում ուզումՙ նրան ընտրում է: Ոչ մեկն ապահովագրված չէ, եւ ոչ մեկը հիվանդությունից ապահովագրված չէ՛:

Մեր վարչապետն առավոտյան զրուցում էր մեզ հետ, հանդարտ, մտերիմ ասում. «Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաեւ կառավարությունը: Սա այն կառավարությունը չի, որ անմասն մնա ժողովրդի մեղքից: Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության ու այս կանոններով: Մենք մի օրգանիզմ ենք, մի մարմին ենք, մի ամբողջություն ենք, մեզ հնարավոր չի տարանջատել, ասելՙ այս կառավարությունն է, այս ժողովուրդն է: Մենք մի ամբողջություն ենք. լավ ենք, վատ ենք, էս ենք»:

Հիմա մենք ինչպե՞ս անենք, մնացել ենք մոլորված: Մեղավորներ ինչպե՞ս, ինչո՞ւ փնտրել:

...Կարմիր մեքենան խլացնում է վաղ առավոտյան մեր փողոցում ձայները գլուխները գցած աքաղաղներին, որոնց աղաղակը ոչ մի օգուտ չէր տալիս, իսկ մեքենայից լսվող ձայնը զգուշացնում է, որ հոգ տանենք մեր առողջությանը ու այդպեսՙ օրը երեք- չորս անգամ, մինչեւ գիշեր: Ու դա լավ է: Ես կուզենայիՙ օրվա մեջ գոնե մեկ անգամ ախտահանիչ հատուկ նյութերով մեքենաներ էլ անցնեին մեր փողոցով, եւ ոչ միայնՙ մեր: Թբիլիսիում, օրինակ, դա արվում էր համավարակի առաջին իսկ օրերից, ու եթե համեմատում ենք, դա չի նշանակումՙ Վրաստանին առավելություն ենք տալիս կամ գերադասում: Ու հիմա էլ մի նորՙ մտային վարակ է տարածվում: Կարծես արգելվում է ունենալ տարբերվող կարծիք: Չէ՜, տարբերվողներին միշտ էլ վանել է սոցիումը, ու հատկապես դժվար է եղել բարձր մտածողությամբ մարդկանց համակեցությունն այդտեղ, երբ հենց նրանք են առաջ տանում միտք ու մտածողություն, ժամանակ կերտում, ստեղծում արժեքներ: Բայցՙ տարբերվող վերաբերմունք, սեփական դիրքորոշում հայտնելը որակվի՞ որպես թշնամություն, նույնիսկ ազգադավություն, այլակարծությունըՙ այսչափ մերժելի լինի՞: Չէ՜, սա ամբողջովին հիվանդացնելու է մեզ: Եվՙ առողջների՛ն: Գուցե զուր չէր մեր ընկերներից մեկի կատակըՙ մտքով իշխանության զգացմունքները վիրավորելու օրինագծի մասին...

Հիմա խաղը կարծես կանգնել է սիրել - չսիրելու սահմանագծին:

Մտքեր թաքցնելու ժամանա՞կը:

...Լավ է, որ կարմիր մեքենան հսկում է մեր զգոնությունը:


https://www.archive.azg.am/AM/2020060510

© AZG Daily, 2008