ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 2020-11-27ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՀԱՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հայաստանի մասին լուրեր լսելը, լինի Երեւանից, թե այլ վայրերից, իսկական մղձավանջ է դարձել աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի համար: Որպես պետություն Հայաստանը պատմական հողատարածք կորցրեց ղարաբաղյան այս վերջին պատերազմում, մինչ բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց 19-22 տարեկան որդիներին եւ դուստրերին: Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայկական կողմի զոհվածների թիվը չորս հազար է, իսկ վիրավորվածների թիվըՙ մի քանի հազար: Միջազգային Կարմիր խաչի ընկերությանն է հանձնարարված վերահսկել գերիների եւ դիակների փոխանակման գործողությունները, բայց ադրբեջանական կողմը խոչընդոտում է այդ կառույցի առաքելությունը, հավանաբար թաքցնելու համար Բաքվի գործած պատերազմական ոճիրները: Ադրբեջանցի զինվորները հպարտությամբ տեսաժապավեններ են շրջանառում, որոնցում պատկերված է, թե ինչպես են դիմահար սպանում կամ խեղում հայ զինվորներին: Ռուսաստանի նախագահը ինքն էլ անդրադարձավ այդ անդամահատումներին, ինչպես նաեւ ֆոսֆորային եւ կասետային ռումբերի պատճառով զոհված անմեղ քաղաքացիների հարցին: Հասկանալի է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած խայտառակ համաձայնագիրը քաղաքական դժվարին կացություն ստեղծեց Հայաստանում, որին գումարվեց վերահսկողությունից դուրս եկած համավարակի սաստկացումը: Պատահական չէր, որ ադրբեջանական առաջին ագրեսիան տեղի ունեցավ Գյումրու սարսափելի երկրաշարժի օրերին, որն ավերեց քաղաքը եւ պատճառ դարձավ 25 հազար քաղաքացիների մահվան: Ներկա պատերազմը սանձազերծվեց բնական մեկ այլ աղետիՙ covid-19-ի օրերին, երբ Արցախն ու Հայաստանը թուլացել էին համավարակից, եւ պատշաճ հակահարված չկարողացան տալ Ադրբեջանին, որի թիկունքում կանգնած էր Թուրքիան: Պարտության առաջացրած վհատությունն ու կորսված երիտասարդ կյանքերի ցնցող թիվը դժվար հաղթահարելի են դարձրել Հայաստանի վերականգման մարտահրավերը: Նույնիսկ, եթե ամենաթունդ հայրենասերն անգամ որոշի լքել հայրենիքը, ապա նրա արարքը հասկանալի է դառնալու, եթե ոչՙ արդարացված: Վիճաբանությունները, հանրահավաքներն ու քննարկումները որպես կատարսիս են ծառայելու, մինչեւ որ ուրվագծվի ցանկալի վերականգման ճանպարահը: Բայց նախքան այդ, առողջ եւ սառը դատող անձնավորություններ պետք է հանդես գանՙ փրկելու համար այն ինչ դեռ հնարավոր է փրկել այդ հապճեպ ստորագրված խաղաղության հայտարարությունից: Ղարաբաղի շուրջ որպես անվտանգության գոտի համարվող յոթ շրջանների ռազմական դոկտրինը սխալ դուրս եկավ, տարածաշրջանում հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ առաջացած ուժերի նոր վերակազմավորման պայմաններում: Համաձայնության արդյունքում ոչ միայն այդ տարածքները զիջեցինք, այլեւ Ղարաբաղի ճակատագիրը դրվեց հարցականի տակ: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածքի հարավային հատվածը, Բաքու-Նախիջեւան ճանապարհի շինարարությամբ փոխզիջման առարկա դարձավ: Ի դեպ, դեպի Նախիջեւան ճանապարհը առաջին անգամ առաջարկել էր Ադրբեջանի թունդ պաշտպան, ԿՀՎ-ի երբեմնի աշխատակից Պոլ Գոբլը : Այդ ժամանակ գաղափարը անարգական ու վրդովեցնող էր որակվել, չնայած առաջ էր քաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածնքերի փոխանակման շրջանակներում: Հայաստանը պետք է վերստանար Ղարաբաղը եւ փոխարենը Ադրբեջանին տրամադրեր միջանցք Հայաստանի տարածքով: Ներկա համաձայնությամբ Ադրբեջանը մերժում է նույնիսկ քննարկել Ղարաբաղի կարգավիճակը: Պոլ Գոբլն է հանկարծ վերստին հայտնվել երկար լռությունից հետո: «Eurasia Review» հանդեսի նոյեմբերի 24-ի համարում նա ցնծագին ողջունում է Ադրբեջանի հաղթանակը եւ քննարկելով կարգավիճակի հարցը նշում. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հստակ արտահայտել է, որ ոչ մի հատուկ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին ընդունելի չէ: Այս դիրքորոշումը պաշտպանում են ոչ միայն երկրի բնակչության 90 տոկոսը, որոնք էթնիկ ադրբեջանցի են, այլեւ մյուսները, որոնք պատկանում են տարբեր խմբավորումների»: Գոբլը այնուհետեւ այս խմբավորումների (լեզգիներ, ավարներ, ցախուրներ, թալիշներ, քրդեր) անդամներին մեջբերելով հանգում է հետեւյալ եզրակացության. «Ինչպե՞ս կարող են Ղարաբաղի հայերը, որոնք զանգվածաբար կռվեցին Հայաստանի կողքին, որպեսզի մասնատեն Ադրբեջանը, ստանալ հատուկ կարգավիճակ»: Այս եզրակացությանը հանգելու համար Գոբլը, իհարկե, հիմնվում է իր ընթերցողների հնարավոր տգիտության վրա, որոնք վստահաբար չգիտեն, որ այդ խմբավորումների առաջնորդներից շատերը հյուծվում են ալիեւյան բանտախցերում եւ զրկված են իրենց տեսակետը արտահայտող հայտարարություններ անելու իրավունքից: Այժմ, երբ Ռուսաստանն է խրախուսում հայերի վերադարձը Ղարաբաղ, անկլավի հետագա կարգավիճակի հարցը շատ ավելի հրատապ է դարձել: Ներկա համաձայնությունը հինգ տարվա ժամկետով է կնքված, եւ ակներեւ է, որ Բաքուն առաջինն է լինելու վերջ դնելու ռուսական զորքերի տեղակայմանը նախքան, որ այդ ժամկետը ավարտվի: Եվ դա լինելու է Թուրքիայի դրդմամբ, որը նույնպես մասնակցում է խաղաղապահման ծրագրին, հակառակ Մոսկվայի հավաստիացումներին: Նոյեմբերի 17-ի երկար հարցազրույցի ժամանակ նախագահ Պուտինը անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինչ վերաբերում է խաղաղապահների առաքելությանը, ճիշտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, բայց վստահ եմ կարողացել եմ համոզել Ադրբեջանի իմ գործընկերներին, որ չպետք է այնպիսի պայմաններ կամ շարժառիթներ ստեղծենք, որ նսեմացնի ձեռք բերված պայմանավորվածությունը, քանի որ այն կարող է կողմերին դրդել ծայրահեղ միջոցների կամ գործողությունների դիմելու: Ես ի նկատի ունեմ անցյալի դառը փորձը, այն ողբերգական եւ արյունալի դեպքերը, որոնք տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, ցեղասպանությունը»: Ինչպես տեսնում ենք, Պուտինը գիտակցում է ցեղասպանության հարցի քաղաքական ուժը եւ շատ լավ կիրառում է այն իր դիվանագիտության մեջ, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչները շատ անգամներ չեն կարողացել այն օգտագործել իրենց դիվանագիտական բանավեճերում: Ինչեւէ, անկախ այդ հարցից, նախագահ Էրդողանն արդեն իսկ իր զորքերը տեղակայել է Ադրբեջանում, գումարած դրան Հայաստանի սահմանին, Իգդիրի մոտակայքում կենտրոնացրել է իր զինված ուժերը: Սիրիայում եւ Լիբիայում Ռուսաստանի նախկին պահվածքն ունենալով որպես ուղեցույց, կարող ենք վստահորեն ենթադրել, որ Մոսկվան ի վերջո է ընդառաջ գնալու թուրքական պահանջներին: Մոսկվան հսկայական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին, հրապուրելու համար հայերին, որ վերադառնան իրենց տները: Սակայն, ժամանակավոր երաշխիքները բավարար չեն կարող լինել Ղարաբաղի հայերի վստահությունը ձեռք բերելու համար: Նախորդ բոլոր բանակցությունների ընթացքում, երբ փաթեթային կամ քայլ առ քայլ լուծումներ էին դրված սեղանին, Ադրբեջանը միշտ էլ շրջանցել էր կարգավիճակի հարցը, կամ հետաձգել այն անորոշ ժամանակով, մինչդեռ Հայաստանը առաջնային կարեւորության խնդիր էր համարել այն, գիտակցելով, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել հարցը քննարկելուց, երբ հասնի իր նպատակին: Պուտինն ու Լավրովը նշել են, որ կարգավիճակի հարցը չի որոշվել դեռ, եւ դրան հնարավոր կլինի անդրադառնալ, երբ վերականգնվեն բնականոն հարաբերությունները երկու երկրների միջեւ: Սա իհարկե երկար գործընթաց է: Ռուսաստանը շտապեց սույն համաձայնագիրը ստորագրված տեսնել ԵԱՀԿ ձեւաչափից դուրս: Վերջինս առաջարկում էր, որ խաղաղապահպանի պարտականությունները վստահվեն սկանդինավյան զորքերին: Ռուսաստանը մոտ ութ տարի առաջ կորցրել էր (պահանջված խիստ բարձր վարձագնի պատճառով) Գաբալայի (Ադրբեջանում) ռադիո-տեղորոշիչ կայանից օգտվելու հնարավորությունը եւ սա առիթ էր ամբողջ ուժով վերադառնալու Սովետական Ադրբեջանի տարածք: Արեւմուտքն, իհարկե, ձեռքերը ծալած չի հետեւելու, թե ինչպես է Մոսկվան իր դիրքերն է՛լ ավելի ամրապնդում Հարավային Կովկասումՙ Հայաստանից եւ Վրաստանից (Աբխազիա եւ Հարավային Օսեթիա) հետո, անցնելով նաեւ Ադրբեջան: ԱՄՆ-ն երկու ձեւով կարող է հակադարձել. (ա) խրախուսելով Թուրքիային, որ դիմակայի Ռուսաստանին եւ (բ) վերաիմաստավորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որտեղ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որպես համանախագահներ, դեռ կարող են իրենց խոսքն ասել: Առաջին տարբերակը դեմ է հայկական կողմի շահերին, մինչդեռ երկրորդը պետք է, որ ողջունելի լինի Հայաստանի համար, հատկապես Լավրովի այն խոսքերից հետո, թե խաղաղության համաձայնագիրը սոսկ մի փաստաթուղթ է, որը վերջնական տեսքի պետք է բերվի Մինսկի խմբի հետ բանակցելուց հետո միայն: Հիշենք, որ ԵԱՀԿ-ի բանակցությունները հիմնվում էին երեք սկզբունքների վրա. (ա) հակամարտության կարգավորում առանց ուժի գործադրման, (բ) տարածքային ամբողջականություն եւ (գ) ինքնորոշման իրավունք: Ադրբեջանը խախտեց առաջին սկզբունքը նախահարձակ լինելով եւ ձեռք բերեց այսպես կոչված տարածքային ամբողջականություն: Այժմ մերժում է հաշվի առնել երրորդ սկզբունքը: Նախագահ Մակրոնն ու Ֆրանսիան ընդհանրապես շատ ավելի հաստատակամ դիրքորոշում որդեգրեցին, քան ուրիշները, նույնիսկ Ղարաբաղի ճանաչման հարցը Սենատի օրակարգ բերելով եւ միաձայն ընդունելով: Մ. Նահանգները ընտրությունների կրկեսի վերջին փուլն է թեւակոխում եւ ուրեմն կարող է հասցնել միանալու մյուս համանախագահներին: Հենց համանախագահները հանդիպեն, տեսնելու են, որ իրենց կամքից անկախ, երկու սկզբունքների հարցն արդեն լուծված է, եւ իրենք պետք է կենտրոնանան երրորդՙ այսինքն ինքնորոշման հարցի վրա: Հայաստանը ցավալի պարտություն կրեց, բայց բացարձակ հաղթողը Ադրբեջանը չեղավ: Առաջին հաղթողը Ռուսաստանն է, որ թեկուզ ժամանակավոր, իր զորքերը մտցրեց Սովետական Ադրբեջանի տարածք: Երկրորդ հաղթողը Թուրքիան է, որն ամբողջ թափով Ադրբեջանում է: Կա նաեւ երրորդ հաղթողըՙ որն Իսրայելն է: Իսրայելցի մտավորականների եւ մարդու իրավունքների ակտիվ գործունեություն ծավալողների բարեխիղճ կոչերը հօդս ցնդեցին ռեալպոլիտիկի շահերի ճնշման ներքո: Իսրայելը ոչ միայն կարողացավ հինգ միլիարդ դոլարի արժողությամբ զենք վաճառել Ադրբեջանին, այլեւ Իրանին ավելի մոտիկ լինելու հնարավորություն ստացավ հայկական զորքերի Ղարաբաղից դուրս բերման հետեւանքում: Այժմ Իսրայելը կարող է իր մշտադիտարկման գործունեություններն ու հարձակողական կանխարգելիչ ծրագրերը շատ ավելի պատշաճ ձեւով իրականացնել: Այստեղ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են համընկնում Իսրայելի եւ Թուրքիայի ռազմական շահերը, մինչ Էրդողանը ճոռոմախոսելով իբր պաշտպանում է պաղեստինցիների շահերը: Երբ ամեն ինչ հանդարտվի եւ Ադրբեջանի հասարակությունը իմանա պատերազմում իր կորուստների իսկական չափերի մասին, Ալիեւի ամբարտավան կեցվածքից ոչինչ չի մնալու: Ադրբեջանցիները նաեւ հայտնաբերելու են, որ ռուսական զորքերն են տեղաբաշխված իրենց երկրում, եւ որ Թուրքիան Ադրբեջանը դարձրել է «մարիոնետային մի պետություն»: Այդ բնորոշումը «National Interest» հանդեսում վերջերս հրատարակված իր հոդվածում Մայքլ Ռուբինն էր տվելՙ խոսելով Հյուսիսային Կիպրոսի մարիոնետային ռեժիմի մասին: Թուրքիայի օսմանյան փառասիրություններն ու Ռուսաստանի ծավալապաշտական քայլերն իր անմիջականորեն հարեւան երկրների նկատմամբ թույլ են տալիս ենթադրելու, որ տարածաշրջանում խլրտումները շուտ չեն ավարտվելու: Հայաստանը չի կարողանալու դիմանալ այդ ամենին մինչեւ ձեռք չբերի գերհզոր մի զենք, կամ դրա միջուկային կանխարգելիչ տարբերակը: Լուրերը հավաստիացնում են, որ Իսրայելն իր միջուկային փորձարկումները գաղտնաբար իրականացրել է Հարավային Աֆրիկայում, իսկ Պակիստանն իր միջուկային զինանոցի համար նախագծեր է գնել Հյուսիսային Կորեայից: Հայաստանը պարզապես չի կարող այլեւս հանդես գալ որպես աշխարհի հասարակության «ամենաազնիվ քաղաքացու» կարգավիճակով, երբ իր ֆիզիկական գոյությունն է վտանգված: Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator) https://www.archive.azg.am/AM/2020112710 © AZG Daily, 2008 |