ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 2021-03-12

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԻՄ ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՕՐԻՆԱԿՈՎՙ ՊԻՏԻ ՆՈՐԻՑ ՇԵՆԱՆԱ ԵՎ ՀԶՈՐԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ գործունեություն ծավալող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը թուրքական յաթաղանից մազապուրծ եւ եղեռնի սարսափները վերապրած մեր տարաբախտ հայրենակիցների շառավիղներից է: Մոխիրներից վերստին հառնելու, վերածնվելու եւ հայի արյան շարունակականությունն ապահովելու ձգտումը նրա պապերին ավելի քան 100 տարի առաջ ստիպեց նոր շունչ ու կյանք տալ ներկայիս Արագածոտնի մարզի հնամենի Ագարակ գյուղին: Վանից, Բիթլիսից, Գավաշից, Որիզից հատուկենտ ընտանիքներ հիմնավորվեցին ու շենացրին այդ հողը: Այդ ժամանակներից ի վերՙ պապերի վառած կանթեղը երբեք չհանգավ գյուղում. արհավիրքներ եղանՙ կռիվ, սով, այլեւայլ աղետներ, բայց գյուղը երբեք չծնկեց ու չխեղճացավ: Երախտագետ սերունդները շենացրին եւ այսօր էլ շենացնում են Ագարակը: Երախտավորների այդ ցանկում գյուղի համար կա մի լուսավոր անունՙ Հրաչյա Միսակի Պողոսյանըՙ որիզցի Խապոյի Պողոսի թոռը, որ երկար ու ձիգ տարիներ թեեւ ապրելով հեռուներումՙ ջանք ու եռանդ չի խնայում իր պապերի գյուղն ավելի լավը դարձնելու համար (Որիզը Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի գյուղերից էր, 1895-ին թուրքերը կողոպուտի են ենթարկել այն եւ մի քանի բնակչի սպանել: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ):

Հրաչյա Պողոսյանը սփյուռքի մեր այն արժանապատիվ հայրենակիցներից է, որն արդեն երեք տասնամյակից ավելի ապրելով եւ աշխատելով Հայրենիքից հեռուՙ ոչ միայն նշանակալի ձեռքբերումների է հասել ու բարձր է պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է: Մեծ եռանդի, աշխատասիրության եւ նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում էՙ պատրաստ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը նա արել եւ անում է երկար տարիներ: Իսկ հայրենիքում էլ մի թանկ ու նվիրական անկյուն ունիՙ հայրենի գյուղը:

Արագածի ստորոտին փռված Ագարակը հազարամյակների պատմություն ունի: Գյուղի տարածքում պեղված բնակատեղիները, քարանձավներն ու դամբարանները վկայում են այն մասին, որ մեր նախահայրերը բնակության համար նախընտրել են այս տարածքը: Կատարված հնագիտական պեղումների արդյունքումՙ այստեղ բացվել է ուրարտական ժամանակաշրջանի դամբարանադաշտ, հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի բնակատեղիներ եւ գտածոներ: Գյուղով մեկ սփռված եկեղեցիներն ու քրիստոնեական սրբատեղիները ապացուցում են, որ հին ագարակցիներն ամուր կառչած են եղել մեր հավատքին, Հայ առաքելական եկեղեցուն եւ քրիստոնեական ավանդույթներին: Հազարամյակների պատմամշակութային բազում շերտերի մեջ, սակայն, անփոփոխ է մնացել մարդըՙ պարզ գյուղացին, որ պատմության ողջ ընթացքում եղել է լավատես, գալիք օրվա հանդեպ լցված հույսով, հավատով եւ իր լավատեսությամբ ոչ միայն ապրել է ինքը, այլեւ վարակել իր շրջապատին:

- Ժամանակի տարեգիրները մեր գյուղի մասին գրել ենՙ Ագարակը եղել է նախակենտրոններից մեկը հայոց աշխարհի եւ քաղաքակիրթ մշակույթով ներծծված մի վայր,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Եվ հենց այս եզերքի ձգողական ուժն ու վաղվա պայծառ օրվա հույսն էր, որ թուրքական յաթաղանից մազապուրծ մեր պապերին ստիպեց նոր շունչ ու կյանք տալ հնամենի Ագարակին: Երեխաներ ծնվեցին, գյուղը վերածնվեց, սերունդների հերթափոխը շարունակվում է, եւ ես մեծ խորհուրդ եմ տեսնում այս ամենումՙ վերածննդի խորհուրդը: Այսօր էլ ագարակցին ապրում էՙ իր պապերի հավատամքն իր շուրթերին. սիրել հայրենի հողը, պաշտել Քրիստոսի եկեղեցին, շենացնել հայրենական օջախը, բարին կամենալ մարդկանց:

Ագարակն այսօր Արագածոտնի մարզի ծաղկուն գյուղերից էՙ շնորհիվ իր հնամենի գյուղը սիրող եւ արմատներին խոնարհվող, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Հրաչյա Պողոսյանի:

- Իմ առաջին բարեգործությունը Ագարակում էր,-հիշում է Հրաչյա Պողոսյանը: Ես ամեն անգամ ցավով նկատում էի, թե ինչպիսի դժվարությամբ են գյուղից քաղաք մեկնում երեխաներն ու ուսանողները. կանգառում սպասելիսՙ պատսպարվելու տեղ չունեին: 2004 թվականին իմ նախաձեռնությամբ կառուցվեց մի կանգառՙ քաղաք մեկնողներն արդեն պաշտպանվում էին անձրեւից, քամուց եւ ձյունից: Հետո գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց մանկությունը: Ագարակը չուներ նաեւ որեւէ հոգեւոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի եւ օծվեց նույն թվականի հոկտեմբերի 4-ինՙ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2010 թ.-ին եկեղեցու կողքին կառուցվել է զանգակատունՙ նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին:

Արդեն երկար տարիներ է, ինչ հոկտեմբերի 4-ը համարվում է Ագարակ համայնքի Վերածննդի օրը (այն վավերացվել է նաեւ Ագարակ համայնքի ղեկավարի եւ ավագանու համատեղ որոշմամբ), որը նշվում է ամեն տարի: Եվ 2008-ի հոկտեմբերի 4-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողության ժամանակ, առաջին անգամ հնչեց իմ նախաձեռնությամբ եւ հատուկ այդ օրվա համար ստեղծված երգըՙ «Վերածնունդ» անվամբ, որը կատարեց ճանաչված երգիչ Արթուր Հակոբյանը (Միստր Իքս):

Խոսքերի հեղինակն Հայկ Բլբուլյանն է, երաժշտությունը գրել է Արտակ Հակոբյանը: Համատեղ քննարկելուց հետո ստեղծվեց համանուն տեսահոլովակը: Այդ տեսահոլովակը անչափ թանկ է ինձ համար: Այնտեղ մեր գյուղն է, մեր գյուղի մարդիկ, հայրս, մեր սրբավայրերը...

< i f r a m e width="500" height="375" src="https://www.youtube.com/embed/W8lj3oPQAVM" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen>

Համագյուղացիները երախտագիտությամբ հիշում են, որ Հրաչյա Պողոսյանի ջանքերով Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակը մաքրվեց պատմության փոշուց, եւ այսօր Ագարակի կենտրոնում վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթող, որն անմահացնում է զոհված 43 նահատակների հիշատակը:

Ապրելով եւ գործելով հայրենի գյուղից հեռուՙ Հրաչյա Պողոսյանն այն եզակի մարդկանցից է, որն իր բազմազբաղ գործունությանը զուգահեռՙ ամբողջովին ապրում է գյուղի հոգսերով, համագյուղացիների դարդուցավովՙ փորձելով թեթեւացնել դրանք իր բարի գործերով, խորհուրդներով ու ջերմ խոսքով: Արդեն շատ վաղուցՙ գյուղն ու Հրաչյա Պողոսյանը չափազանց ներդաշնակ են իրարՙ շաղկապված արյան եւ հողի կանչով, եւ պատահական չէր, որ համայնքն իր արժանի զավակին պատվեց Ագարակի պատվավոր քաղաքացու կոչումով:

Կարեւորելով վաղվա ագարակցու կրթությունն ու առողջ ապրելակերպըՙ պարոն Պողոսյանը վերանորոգել է դպրոցը, կահավորել ռոբոտոտեխնիկայի եւ այլ առարկայական դասարաններ, համալրել գույքով եւ տեխնիկայով եւ ամեն կերպ աջակցում է հարազատ դպրոցին: Ի դեպ, որպես նախկին շրջանավարտի երախտագիտության խոսք դպրոցի նախկին տնօրենինՙ քիմիայի սիրելի ուսուցչինՙ Հրաչյան ամբողջովին վերանորոգել եւ կահավորել է քիմիայի դասասենյակը: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ, նույնպես վերանորոգված եւ կահավորված, կրում է Հրաչյա Պողոսյանի անունը: Կրթօջախում իր առանձնակի տեղն է զբաղեցնում Պատվո հարթակը, որը լուսանկարներով եւ տեքստերով ամփոփում է հարգարժան հայրենակցի, ճանաչված բարերարի, հասարակական գործչի եւ արժանավոր հայիՙ Հրաչյա Պողոսյանի գործունեության բազմաթիվ գեղեցիկ էջերը:

Անհանգիստ այս մարդը մի գերբնական զորություն ունիՙ իր շուրջը բարիք ու բարություն սփռելու, եւ շնորհն այդ, իրոք, աստվածատուր է: Ի պատիվ վերին աստիճանի իր հավատացյալ պապիՙ նա գյուղում մատուռ է կառուցել, բարեկարգել է խաղահրապարակը: Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ խաղահրապարակում տեղադրվել է մեծադիր ցուցատախտակ-քարտեզ, որտեղ նշված են Ագարակի հիմնադիրները եւ Արեւմտյան Հայաստանի այն քաղաքներն ու գյուղերը, որտեղից նրանք գաղթել են:

Համագյուղացիները Հրաչյա Պողոսյանին բնութագրում են որպես վերին աստիճանի ծնողասեր մարդ, եւ պատմում են, որ նա Մոսկվաՙ Պետդումայի իր ցուցահանդեսին գնացել էր իր մայրիկի հետ:

Արժե հիշատակել, որ 2018-ի հոկտեմբերի 7-ին ռուսաստանյան մի շարք հայտնի լրատվամիջոցներ գրեցին Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող Ագարակ համայնքի մասին: Այդ օրը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունների նախաշեմին հայկական փոքր Ագարակ գյուղը ոչ պակաս հանդիսավորությամբ նշեց իր վերածննդի 10-ամյակը. տոնակատարություններին մասնակցելու համար անձամբ գյուղ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական կայքերը շեշտեցին, որ այդ հրաշքն իր համագյուղացիներին կարողացավ նվիրել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը:

Իսկ այդ օրը կրկնակի տոն էր Ագարակ համայնքում. մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը: Այդ օրը Ագարակի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան նաեւ ութ կարեւորագույն եւ աննախադեպ միջոցառումներ.

1. Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի պատվերով եւ պետերբուրգյան «Տավր» բաց բաժնետիրական ընկերության վարպետների կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծման արարողություն: Նման մեծամասշտաբ աշխատանք առաջին անգամ է տեղադրվում Հայաստանի տարածքում, եւ ըստ մասնագետներիՙ նախադեպը չունի ամբողջ աշխարհում:

2. Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարանի բացումը: Դասարանի անվանումը նախապես համաձայնեցվել է Յուրի Գագարինի դստերՙ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ: Այն դարձավ շատ հայտնի վայր, եւ տեխնոլոգիական ցուցահանդեսների եւ անգամ WCIT ՏՏ համաշխարհային կոնգրեսի ժամանակ բազմաթիվ պատվիրակություններ են այցելել այստեղ Մարոկկոյից, Բանգլադեշից, Հնդկաստանից, Աֆղանստանից եւ անգամ Նիդերլանդներից:

3. Նորաբաց դասարանում տեղի ունեցավ բարերար Հրաչյա Պողոսյանի պատվերով պատրաստված Յուրի Գագարինի կիսանդրու բացումը: Բացման արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը եւ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը:

4. Նույն օրը Ագարակի կենտրոնում տեղի ունեցավ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի պատվին անվանակոչված նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությունը: Բացումը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողությանը հաջորդեց ծառատունկ. «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի եւ Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ Ագարակում առաջին անգամ տնկվեց հավերժության եղեւնի:

5. Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի ունցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ հուլիսին Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ արված առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունը: Հրաչյա Պողոսյանն առաջինն էր, որ արձագանքեց այդ կոչին եւ իր համագյուղացիներին աշխատանքով ապահովելու նպատակով արդեն իսկ գործում է ավելի քան 20 աշխատատեղ: Կառուցվող կցաշենքի հիմքում զետեղվեց հիշողության պատիճ: Կառուցվող մասնաշենքը թույլ կտա արտադրամասի աշխատակիցների թիվը հասցնել շուրջ հարյուրի:

6. Այդ օրը տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի ինքնատիպ ու յուրօրինակ մտահղացման շնորհիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ «Ռոսկոսմոսի»ՙ հանձին Սերգեյ Կրիկալեւի աջակցությամբ տիեզերք տարված Հայաստանի դրոշի հանդիսավոր հանձնման արարողությունը: 195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմեւը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել մեր երկիր եւ տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում:

7. Նույն օրը, Հայաստանում առաջին անգամ, Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորիՙ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Վիգեն Քհն. Մանուկյանին:

8. Դպրոցի բակում տնկվեց դեռեւս Պետրոս Առաջինի կողմից տնկված եւ խնամված դարավոր կաղնու շիվ, որը Հրաչյա Պողոսյանն էր բերել հայրենի գյուղ: Շիվը, որ հայազգի բարերարին նվիրել էին Սանկտ Պետերգուրգի ռուսական թանգարանիցՙ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած ակտիվ եւ նվիրված գործունեության համար, տնկեցին Սանկտ Պետերբուրգից եւ Մոսկվայից ժամանած հյուրերը:

Անցնող տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու պատրիարք Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է կառավարական, գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով: Կարեւորագույններից ենՙ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհված պետական պարգեւըՙ «Բարեգործության համար» շքանշանը, Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւըՙ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալըՙ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, «Ուղղափառ եւ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու շքանշանը», «Պատվո III աստիճանի», «Սբ. Արքայազն Ալեքսանդր Նեւսկու անվան II աստիճանի» շքանշանը, «Ռուսաստանի զարգացման գործում ունեցած վաստակի եւ անձնական մեծ ներդրման համար», ՌԴ Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանը, «Մարշալ Բաղրամյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Հավատքի եւ հայրենիքի համար» I աստիճանի մեդալները եւ այլն:

Արժե նաեւ հիշեցնել, որ անցյալ տարի ՌԴ ՊՆ հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփված «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներովՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի:

Ընդհանրապես, Հրաչյային ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, մարդասեր ու արժանապատիվ հայորդու: Նա ներդրում է կատարել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքի վերանորոգման աշխատանքներում, կորոնավիրուսի համավարակի բռնկման հենց սկզբնական շրջանում Պողոսյանը շտապել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հայրենակիցներին ուղարկել իր աջակցությունըՙ թոքերի արհեստական օդափոխության սարք, որը տրամադրվել է Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ Արցախյան վերջին պատերազմի օրերին քաջ գիտակցելով, որ առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է համազգային համախմբվածությունՙ իր անշահախնդիր օգնությունն է ցուցաբերել Հայրենիքին:

Իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակցին ամենուր ընդունում են գրկաբաց, ջերմությամբ ու հավատովՙ լինի դա պետական բարձրաստիճան պաշտոնյա, հոգեւոր առաջնորդ, թե սովորական քաղաքացի: Մեր ժողովրդի առջեւ վերջին ամիսներին ծառացած ծանր ու դժվարին իրավիճակը մեծապես մտահոգում է նաեւ Հրաչյա Պողոսյանին: Բայց մեր հայրենակիցն անսահման լավատես է եւ համոզված է, որ ամեն մի դժվարություն պետք է հաղթահարել լավատեսությամբ, աննկուն կամքով եւ բարություն սփռելով: Իսկ այդ ամենի շարժիչ ուժը ամենօրյա աշխատանքն է, նպատակադրված եւ նվիրված աշխատանքը:

- Պետք է ազգովին համախմբվենք եւ միավորվենք, իմ վերածնված հայրենի գյուղի օրինակովՙ պիտի նորից շենանա եւ հզորանա Հայաստանը...

Տա Աստված, շուտափույթ իրականություն դառնան մեր հայրենակցի այս ցանկությունները: Այնպես, ինչպես իրականանում եւ կյանքի են կոչվում նրա բոլոր գեղեցիկ ծրագրերը...


https://www.archive.azg.am/AM/2021031221

© AZG Daily, 2008