ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2021-06-18ԱՊԱԳԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է: Այս դարձվածքը բացարձակ ճշմարիտ է գլխավոր խնդրում. «Ամբոխի առջեւում կանգնած մարդիկ արտահայտում են այդ ամբոխի թաքնված ձգտումները» (Александр Лауга, «В плену скорбей», С.-П. 2001): Այսպես կոչված թավշյա հեղափոխության ընթացքում իսկ դա իբր այնքան էլ հիմնավորված չի պարտությունը, որը մեծագույն մեղքերից մեկն է, դարձավ հայ ժողովրդի հեղափոխական դրոշակ: Երկրի ղեկավարը ժողովրդին հայրենասեր, քաջ, ուժեղ, կիրթ եւ խելացի հորջորջելու փոխարեն, նրան անվանեց ՀՊԱՐՏ, հայտարարեց, որ բոլորը վարչապետ են, այսինքնՙ երեք միլիոն վարչապետ ունենք.... ու բոլորը հավատացին: Իսկ երբ դրանք այնքան էլ հիմնավորված չեն, ուղիղ ճանապարհ է դեպի կործանում: Դրանից հետո էլ ԱԺ-ն եւ կառավարությունը զբաղված էին Լանզարոտի կոնվենցիա, Գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիք եւ նմանաբովանդակ այլ օրենքներ ընդունելով, որոնք որեւէ կապ չունեին ճգնաժամի կամ ժողովրդի հոգսը թեթեւացնելու հետ...: Եվ ինչպես զարմուհիս է բնութագրումՙ Հայաստանը հիմա ոնց որ անգլուխ ձիավորը լինի եւ մինչեւ ազգը չհասունանա, չինքնակրթվի, սրանից լավին արժանի չի լինելու... Երկիրն իսկապես ծանր իրավիճակում է: Առանց գույները խտացնելու էլ ակներեւ է, որ ճգնաժամ ենք ապրում: Իսկ թե այն քաղաքակա՞ն է, ռազմակա՞ն, տնտեսակա՞ն, իրավակա՞ն թե՞ հոգեբանական, դժվար է առանձնացնել: Ճշմարիտն այն է, որ դրանք բոլորն էլ առկա են եւ հենց դա էլ դժվարացնում, գրեթե անհնարին է դարձնում դրանց հաղթահարումը: Սակայն ամենադժվարինն իմ կարծիքով տեւական ժամանակ երկրում տիրող պետականության ճգնաժամն է, որն արդյունք է ժողովրդի, պետական ու քաղաքական համակարգերի եւ քաղաքական էլիտայի ոչ պետական մտածողության: Վիճակն այնքան է հսկողությունից դուրս եկել, որ վախենամ սպասվող ընտրություններն ու տարբեր գրավիչ անուններովՙ համաձայնության, ժամանակավոր եւ այլն, կազմվելիք կառավարություններն էլ հիմնահարցին լուծումը չգտնեն ու դարձյալ չապահովվի առաջընթացի ռեսուրսը: Ամենացավալին այն է, որ մեր պետության այս աստիճանի ու աննախադեպ անպետականությունը կարող է դառնալ հակապետականության ու պետականու-թյունը կորցնելու դասական, դասագրքային օրինակ: Կրկին մեր թշնամիները կշրջանառեն, որ հայերը թափառական, որոշակի մշակութակենցաղային սովորույթներով միավորված կրոնական աղանդ եւ պետության ոչ ընդունակ ժողովուրդ են: Որ եթե պատմության այս կամ այն կեռմանում հայերի մոտ պետականության որեւէ մակարդակի դրսեւորումներ էլ եղել են, ապա դա միայն հարեւան հզորներն են իրենց շահերից ելնելով ստեղծել: Ժամանակին Ավետիս Ահարոնյանը դառնացած գրում էր. «Ազատությունըՙ այդ հրաշքը, թակեց մեր դուռը, բայց մենք հայ չէինքՙ մենք ռուսահայ էինք, պարսկահայ, ամերիկահայ, միաժամանակՙ վանեցի, կարսեցի, ղարաբաղցի ու երեւանցի, եւ այդ ազատությունը թակեց մեր դուռը, լացեց, մղկտաց ու հեռացավ»: Հիմա էլ, ցավոք, շատ բան չի փոխվել: Մենք դարձյալ ղարաբաղցի ենք, սյունեցի ու գյումրեցի, ամերիկահայ ենք, իրանահայ, ավստրալահայ ու ֆրանսահայ, հիմա էլ կարծես ի վիճակի չենք գնահատելու պետականությունը որպես մեծագույն արժեք, որպես կարեւոր առհավատչյա քաղաքակիրթ ազգերի շարքում գտնվելու կարեւոր գործոն ու ամեն ինչ թողած ընտրություններ ենք անցկացնում: Աստված իմ, եթե պետականությունը վտանգված է ու թշնամին օրեցօր սողոսկում ու ներծծվում է մեր տարածք, ընտրում ու ընտրվում ենք որ ի՞նչ անենք: Պակաս ցավալի չէ նաեւ այն, որ այս ամենին ակնդետ հետեւող մեր դաշնակիցները, որ վերլուծում են կատարվող իրադարձությունները, իրենց կարող են հարց տալՙ վերջապես հայ ժողովուրդը սեփական պետությունն ունենալուն ունա՞կ է, թեՙ ոչ: Վստահ եմ, եթե համոզվեն, որ իրապես ունակ ենք, ապա կաշխատեն մեզ հետ, կօգնեն, եթե ոչՙ քայլ առ քայլ կզիջեն: Իսկ մեր հասարակությունը, որ այդպես էլ չհասկացավ ու չի ընկալում աղետի ողջ ծավալը, որ օտարները մյուսներին օգնում են բացառապես իրենց շահերից ելնելով եւ բացառապես իր ինքնասիրությանը տեր կանգնողին, չի ընկալում, որ անվտանգության խնդիրները գնալով սրվում են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանություններից ոչ պակաս զգացմունքային ու աղմկաշատ են նաեւ ընդդիմադիրները, որն էլ իր հերթին է բարդացնում վիճակը: Ընդունում ենք, որ պատերազմում պարտությունը, հազարավոր զոհերն ու խեղված ճակատագրերն ազդում են, գերիշխող դարձնում էմոցիաները, այնինչ քաղաքական հարթակում պետք է բոլոր դեպքերում զուսպ ու սառնասիրտ լինել, գրագետ ու անսխալական, որ հնարավոր դառնան ցանկալի սպասելիքներն իրակացնելը: Հարկավոր է հասարակության հետ մաքսիմալ անկեղծ լինել, չխաղալ հանրության հույզերի վրա: Արտաքին աշխարհին հասկանալի ցույց տալ, որ իշխանության հավակնողներն արկածախնիրներ ու առիթից օգտվողներ չեն եւ օգտագործելով հասարակության կարող ուժերինՙ բացառապես նոր իրականությանը համարժեք աշխատանքային օրակարգ կձեւավորվեն ու կղեկավարվեն դրանով: Որ նախընտրական դրույթները պետք է լինեն ոչ թե գրավիչ ու քաղցր, այլ իրատեսական եւ հիմնավոր խոստումներ, թույլ չտալ անհեթեթ եւ աններելի սխալներ, որպիսիք հանդուրժվեցին վերջին տարիներին: Հարկավոր է հասարակության հետ դժվարին երկխոսության մեջ մտնել, լսել նրան եւ հիմնավոր կառուցել ապագայի տեսլականը: Ձերբազատվել պետական մտածողության այս համատարած դիֆիցիտից, երկրում կատարվող բոլոր անօրինակություններից, դրամաշնորհների ու հավելավճարների տեսքով ֆինանսապես մոտիվացված ամլությունից: Գաղտնիք չէ, մեր հասարակությունը համատարած համացանցի ու բջջային կապի ժամանակաշրջանում լուռ ու մունջ հանդուրժեց, որ պատերազմի ողջ ընթացքում իրեն խաբեն, որ իր կազմակերպվածության եւ անլրջության առումով երկիրն իջեցնեն չճանաչված պետության կարգավիճակի, իսկ այսօր բարձր ամբիոններից հորդորեն կրկին իրենց արտոնեն երկրի կառավարումը: Այսօր իսկապես սթափվել է պետք, մանր-մունր օրախնդիրներից վեր կանգնել, որպեսզի հնարավոր լինի փրկել նախ եւ առաջ մեր պատիվը, խիղճն ու հայրենիքը: Որպեսզի գալիք սերունդների առջեւ ամոթով չմնանք, նրան փոխանցենք ոչ միայն եռաբլուրներ, ոչ թե զոհի, պարտվածի, այլ հաղթողի ու քաղաքակիրթ լինելու գոյի հոգեկերտվածքը: Գզվռտոցի ու իրար թերություններն ի ցույց դնելու ժամանակ չունենք, քանի որ շատ վտանգավոր է դրանով պետություն չունեցող որակներով վարակված հասարակությանը ուշքի բերել: Հարկավոր է անմիջապես բոլոր ԶԼՄ-ներն ու մեդիակոմինիկացիաները օգտագործել եւ հասարակությանը պարզ ասել, որ կան անշրջելի իրողություններ, որ պետական մտածողության խնդիրը նոր իրական պայմաններից ելքեր եւ զարգացման հեռանկար ձեւավորելն է: Ամենասեղմ ժամկետում բացառապես գործ անելու ընդունակ հայրենաբնակ եւ սփյուռքահայ մասնագետներից ձեւավորել կառավարություն եւ սկսել քաղաքական դաշտի մաքրումը պատահաբար այնտեղ հայտնված «ամենագետ» կերպարներից: Այդ կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացումը, համահայկական նոր օրակարգի հիման վրա նոր քաղաքական հոսանքի ձեւավորումը, որում ներառնված կլինի պետական մտածողության եւ պրոֆեսիոնալիզմի սերուցքը: Հակառակ դեպքում ոչ մի բարեկամ երկիր ու խաղապահ ոչ կցանկանա եւ ոչ էլ կկարողանա փրկել պետություն ունենալու անընդունակ զանգվածին եւ չի հաջողվի ձեւավորել հետպատերազմյան վերնախավ, որը կառաջնորդի ազգին: Ասելիք շատ կա, բավարարվենք այսքանով: Միայն ավելացնենք, որ չափից ավելի սահմանադրասեր մեր հասարակությունը, չնայած օրենքի հստակ արգելքին, հիմա էլ հանդուրժում ու շատ հանգիստ է վերաբերում այն իրողությանը, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր թեւերը դեռ շատ վաղուց սկսել են նախընտրական քարոզարշավն ու կրակոտ ելույթներով ինչքան կեղտոտ լվացք ունենք պարզում են աշխարհին ու անչափ մեծ հաճույք պատճառում հատկապես մեր ոչ բարեկամներին: Օրինական հարց է առաջանումՙ իսկ ո՞րն է ելքը ապագայում այստեսակ իրավիճակներ չունենալու համար: Իհարկե, ես ամենագետ չեմ, սակայն համոզված եմ, որ ներկա աշխարհն ու դրա ապագան գիտությանն է պատկանում: Ավելի քան վստահ եմՙ կգոյատեւեն այն ժողովուրդները, որոնք ոչինչ չեն խնայի գիտությունը զարգացնելու գործում: Մի բան, որը մեզանում խիստ կաղում է: Դրանում համոզվելու համար բավական է դիտարկել ընդամենը ամենապարզ մի իրողություն. Այսօր մեզանում գիտության բնագավառում աշխատողի միջին աշխատավարձը կազմում է հանրապետությունում առկա միջին աշխատավարձի կեսից էլ պակաս մասը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում գիտության բնագավառի աշխատողի միջին աշխատավարձը երկրում առկա միջինին գերազանցում է չորս, Չինաստանում եւ Հնդկաստանումՙ վեց, իսկ Իսրայելում տասն անգամ: Կարծում եմ, այս օրերի նախընտրական եռուզեռն ու այն տխուր պատկերը, որ ներկա վարչակարգի հետեւից քայլում, նրա յուրաքանչյուր ասածը հալած յուղի տեղ ընդունում են համեմատաբար ցածր ինտելեկտի կրողները: Անկասկածՙ սպասելիքներն էլ ապագայում նույն համամասնությամբ կարձանագրվեն: Կարճ ասածՙ ովքեր էլ գան իշխանության, այս իրավիճակը պետք է հստակ պատկերացնեն եւ ժամ առաջ քայլեր կատարեն հենց այս ուղղությամբ, քանի որ դա կուժեղացնի երկիրն ու բանակը, կամրապնդի մեր պաշտպանունակությունն ու միջազգային հեղինակությունը եւ վերջապես հնարավորություն կընձեռի քայլելու քաղաքակիրթ ազգերի շարքում եւ ամենամոտ ապագայում կապահովի անխուսափելի հաղթանակներ կյանքի բոլոր ասպարեզներում: 15-30.05.2021 https://www.archive.azg.am/AM/2021061820 © AZG Daily, 2008 |