ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 2021-09-17

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՄԱԼՐՎԵՑ ԳՈՂԹՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ, Բան. գիտ. թեկնածու

Օրերս ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կայքում (http://language.sci.am) տեղադրվել է ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի «Հյուսիսային Գողթնի միջբարբառը» մենագրության էլեկտրոնային տաբերակը:

Աշխատության մեջ քննության են ենթարկված անցյալ դարում հայաթափված Նախիջեւանի Գողթն գավառի հյուսիսային Բիստ, Խուրստ (Խուրց), Մեսրոպավան (Նասրվազ), Ողոհի (Ալահի), Ռամիս, Փառակա տեղաբնիկ գյուղերի չուսումնասիրված խոսվածքները: Գիրքը հեղինակիՙտարիների հետազոտական ու հավաքչական աշխատանքի արդյունքն է:

Ագուլիսի բարբառը կամ զոկերենը ընդգրկում էր պատմական Գողթն գավառի հարավային մասում տեղադրված Վերին Ագուլիս ավանը, Ներքին Ագուլիս, Տանակերտ, Ցղնա, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ գյուղերը: Լինելով հայերենի տարածքային ամենաառանձնահատուկ տարբերակներից մեկըՙ այս բարբառը ժամանակին պատշաճ կերպով ուսումնասիրվել է ինչպես հայ, այնպես էլ օտար լեզվաբանների կողմից, սակայն գավառի հյուսիսային մասում գտնվող վերոհիշյալ գյուղերի խոսվածքները առանձին չեն ուսումնասիրվել: Այս խոսվածքներին Ագուլիսի բարբառին նվիրված իրենց բարբառագիտական ուսումնասիրություններում թռուցիկ անդրադարձել են Հրաչյա Աճառյանը, Սարգիս Սարգսյանցը եւ Մարի Զաքարյանըՙ այս կամ այն խոսվածքը մասամբ ընդգրկելով կամ չընդգրկելով Ագուլիսի բարբառի մեջ:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի աշխատակիցների կողմից Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով 1970-80-ականներին գրանցվել են Փառակայի, Մեսրոպավանի եւ Բիստի խոսվածքները: Հաշվի առնելով, որ տառացիորեն վերջին բարբառակիրներն են մեր օրերում ապրում Ռամիս եւ Ողոհի գյուղերի նախկին բնակիչներիցՙ Ա. Վարդանյանը անհապաղ ձեռնամուխ է եղել այս բնակավայրերի խոսվածքների գրանցմանը: Բարբառագետին, անշուշտ, օգնել է այն հանգամանքը, որ ծնունդով Նախիջեւանից է, եղել է «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահը եւ անձամբ է ճանաչել իր հայրենակից բարբառախոսներին:

Հետազոտողը, կատարելով նշված գյուղերի խոսվածքների հատկանիշների համեմատական քննություն եւ կիրառելով բարբառների բազմահատկանիշ դասակարգման սկզբունքըՙ բացահայտել է խնդրո առարկա խոսվածքների հնչյունաբանական ու ձեւաբանական հատկանիշների բավական սերտ մերձավորություն եւ հանգել այն եզրակացության, որ այդ խոսվածքները կարող են դիտվել որպես միեւնույն բարբառի կամ միջբարբառի խոսվածքներ: Խոսվածքախմբի միջինացված հատկանիշները համեմատելով հարեւան բարբառային միավորների հատկանիշների հետՙ բարբառագետը եզրակացրել է, որ հիշյալ խոսվածքները ներկայացնում են բարբառային այնպիսի միավոր, որը մերձավոր առնչություններ ունի շրջակա մեկից ավելի բարբառների հետ (Արցախ-Սյունիքի, Մեղրու, Ագուլիսի), ինչի հիման վրա էլ այդ միավորն անվանել է Հյուսիսային Գողթնի միջբարբառ: Հեղինակը գիտականորեն հիմնավորել է իր դիտարկումներն ու եզրահանգումները:

Աշխատության մեջ զետեղված են նաեւ բնակավայրերի խոսվածքների բառացանկերը եւ այդ խոսվածքներով բանահյուսական նմուշներ:

Ա. Վարդանյանը մենագրությունը երախտագիտությամբ նվիրել է իր գործընկերոջ եւ թեկնածուական ատենախոսության ղեկավար, ճանաչված բարբառագետ Անի Հանեյանի հիշատակին:

Հայոց պատմական հայրենիքի նվիրական հատվածներից մեկըՙ Գողթն-Նախիջեւանը, թուրք-բոլշեւիկյան խարդավանքով Ադրբեջան անունով նորաբույս պետությանը նվիրաբերվելուց հետո ոչ միայն իսպառ հայաթափվեց, այլեւ ենթարկվեց մշակութային ու լեզվական եղեռնի. ամբողջովին ոչնչացվեցին տարածքի հայ մշակույթի հազարավոր հուշարձաններ եւ հայերենի ամբողջ խումբ բարբառներ:

Արժեքավոր այս աշխատանքով հեղինակը մոռացությունից փրկել է Գողթնի տեղաբնիկ գյուղերի չուսումնասիրված խոսվածքախումբը: Մենագրությունը ամբողջացնում է երկրամասի ութ բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքըՙ համալրելով նաեւ Գողթն-Նախիջեւանին նվիրված հետազոտությունների շարքը. երկրամաս, որի պատմական հուշարձանների վիրավոր բեկորները այսօր էլ սպասում են հայոց նվիրական այս եզերքի նոր արշալույսին եւ իրենց օրինական տերերի վերադարձին...


https://www.archive.azg.am/AM/2021091734

© AZG Daily, 2008