ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 2014-10-24

ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հոկտեմբերի 18-ի կեսօրին Գյումրիումՙ Աբովյան փողոցի «Կարս» առանձնատան տարածքում տեղի ունեցավ խեցեգործության ու գորգագործության արվեստանոցի բացման արարողությունը:

Տվյալ արվեստանոցի ստեղծման նախաձեռնողը Անտոնիո Մոնտալտոն էՙ ֆրանսահայ բարերար Մանվել Մանուկ Պամոկջյանի աջակցությամբ:

Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն իր ոչ կառավարական կազմակերպությանՙ Family Care-ի հետ Հայաստան եկավ 1988 թ. երկրաշարժից հետո եւ այդ պահից ի վեր ուժերի մեծ ներդրումով աշխատել է մասնավորապես որբերի հետ: Նա կիրառում է փոքր քայլերի, այսինքնՙ կոնկրետ գործողությունների ռազմավարությունՙ պարզ, բայց հասանելի եւ նամանավանդ հեռահար նպատակներով:

Արվեստանոցը պարփակող «Կարս» առանձնատունը հմայիչ վայր է, որի ճարտարապետությունը ցանկալի կլիներ ավելի հաճախ տեսնել Երեւանում:

Բացման արարողությունը սկսվեց երաժշտական միջերգանքով, որին հաջորդեց Ա. Մոնտալտոյի ելույթը:

Կիսաառեւտրային եղանակով արդեն գործող արվեստանոցի նպատակն է դառնալ իսկական արտադրական կենտրոնՙ օգտագործելով Քյոթահիայի հայերի հազարամյա արվեստը: Առայժմ այնտեղ աշխատում են մեկ տասնյակ անձինք: Նպատակ կա նրանց թիվը հասցնել 20-ի եւ արտադրանքն արտահանել Իտալիա եւ եվրոպական այլ երկրներ:

Պարոն Պամոկջյանն իր ելույթում բացատրեց աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը տեղաբնակների մի շարք ընտանիքների կայուն եկամտի ապահովման առումով:

Գյումրիի քաղաքապետը, Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչը եւ պարոն Մոնտալտոն այնուհետեւ դիտեցին հմուտ վարպետների անթերի աշխատանքի արդյունքները, որոնք նախատեսված են վաճառքի, մոտ ապագայումՙ նաեւ արտահանության համար:

Կեցցե՛ն այդ գեղեցկ նախաձեռնության հեղինակները:

ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզի Չոպանյան ինստիտուտ, Թարգմ. Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2014102402

© AZG Daily, 2008