ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 2015-08-21

ԳՐԱԿԱՆ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏԵԱՆԻ «ՏԱՆԻՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ» ԳԻՐՔԸ

Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Հալեպահայ հանրաճանաչ գրող եւ հրապարակագիր, 120-ից ավելի գրքերի ու գրքույկների հեղինակ եւ հրատարակիչ Թորոս Թորանյանը օրերս մշտական բնակության համար վերադարձավ Հայաստան: Վերադարձավ ենք ասում, քանզի նա 8 թե՞ 9 տարի սովորել է Հայաստանում եւ ավարտել Բժշկական ինստիտուտը, ապա, Հալեպում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ աշխատելուն զուգընթաց կամ նախընթաց, տարին մի քանի եղել է Հայաստանում: Թորոսը վերադարձել է ընտանյոք հանդերձ, ավելի ճիշտՙ նրա ողջ ընտանիքըՙ դուստրը եւ որդին իրենց ընտանիքներով արդեն բնակվում են Երեւանում:

Ուրեմն բարի վերադարձ ասենք սիրված մտավորականին եւ ընթերցենք իր առաջին հոդվածը տունդարձից հետո:

Կէսօրն անցած էր, երբ ելայ Գրողներու տունէն ու Բաղրամեանով բարձրանալու պահուն ծառի մը շուքին տակ նստարան մը տեսնելովՙ նստայ ու կարդալ սկսայ:

Քովէս անցան հարիւրաւոր հայեր: Այդքան շա՜տ էին հայերը... այո՛, շատ էին: Միտքս գիրքին էր, երբ յանկարծ մանկամարդ աղջիկ մը ստորակէտ մը դրաւ ընթերցումիս տողին ու խնդրեց ինծմէ 200 դրամ:

Ունէի: Տուի: Ցաւ մը խոցեց սիրտս: Կա՞ն այդպիսիք... Չանցած հինգ վայրկեան, երբ աչքերս գիրքին տողերուն էին, բացականչութիւն մը բարի ցնցում մը առաջացուց հոգիէս ներս.- Թորանեան, դուք այստե՞ղ, այս ի՞նչ բարի անակնկալ: Խօսողը բանաստեղծուհի Գոհար Գալստեանն էր, իր կողքինՙ քոյրն ու աղջնակը:

Երեքով արգելք եղան կանգնելուս ու բարի խօսքեր շռայլեցին հասցէիս: Ժամանակ մը առաջ ես գրախօսած էի բանաստեղծուհիին գիրքերէն երկուքը:

Ես նստած, իրենքՙ ոտքի, երբ հազիւ հինգ վայրկեան ետք, երկու ծրար ի ձեռին մեզի մօտեցաւ մարդ մըՙ Գոհարին ճարտարապետ ամուսինը:

Չորս հոգիՙ բանակ մը: Հանեցին զիս նստարանէն, որ տանին տուն: Մօտ էր տունը:

- Ի՞նչ կը փափաքիք, սիրելի բարեկամ, դուք հազար բարով եկած եք Հայաստան...

- Կէս բաժակ ջուր, ծարաւ եմ...

- Կէս բաժակ ջուր հայաստանցու տան մէ՞ջ...

Սեղանը բարիքներով լեցուեցաւՙ եղանակի պտուղներով, բլրացած ծիրանով: Եկ ու դիմացիր, Թորանեան, երբ այս բլուրին վրայ աւելցաւ բանաստեղծուհիին վեցերորդ գիրքըՙ «Տանիքի դարպասներ» :

Խոստովանիմ, որ մեր այս հանդիպումը կարճ չտեւեց:

Խել մը պատմութիւններ Սփիւռքէն, մանաւանդ Հալէպէն ու ողջ հայութենէն եղան մեր նիւթերը: Սակայն հոս այդ մասին չէ, որ պիտի խօսիմ:

Հիմա նիւթս Գոհար Գալստեանի «Տանիքի դարպասներ» բանաստեղծական հատորին բովանդակութիւնն է: Գիրքՙ զոր կարդացի երկու անգամ- դուք պիտի ըսէքՙ հասցրի կարդալ, էջ 5-էն 217-րդը:

Կարծէք ինքնակենսագրութիւն ըլլար ամբողջ գիրքը, աւելինՙ խոհագրութիւն, հագած բեհեզ ու ծիրանի, քանի այդ էջերը հեղինակութիւններ էին հայ կնոջ մը նրբահիւս միտքերուն ու մատներուն:

Քիչ մը շատ էր վերին ուժերու հանդէպ հաւատքը բանաստեղծուհիին, որ ինծի յիշել տուաւ Մարաշի հայոց Ս. Աստուածածին եկեղեցին երկու հազար հոգիով խռնուիլը խնդրանք-աղաղակով մը.- Տէ՜ր, օգնէ մեզի, որ ազատինք թուրքին եաթաղանէն: Տէրը չօգնեց այդ 2000 հոգիին: Տէրը օգնեց թուրքին, որ բարձրացաւ Ս. Աստուածածին եկեղեցիին տանիքը ու գմբէթը քանդելով կրակ թափեց ներքեւիններուն գլխուն, որոնք դիւրավառ մոմի պէս այրեցան ողջ-ողջ:

Ի՞նչ ընեմ, այդ պատկերը եկաւ, այդ հրդեհին բոցերը եկան աչքերուս դիմաց: Միթէ յանցաւ՞որ եմ: Չեմ կարծեր, գիտեմ նաեւ, որ Գոհարն ալ յանցաւոր չէ:

Կը շարունակեմ կարդալ գողտիկ բանաստեղծութիւնները բանաստեղծուհիին: Գիրքՙ որ վեցերորդն է իր գրածներուն, բաժնուած եօթը գլուխներու:

Եօթը գլուխ, բայց մէկ նիւթՙ մարդն ու հայրենիքը:

Բոլորը կնոջական զեղուն գրիչով մը, մերթ օրհնութիւն այս մաղուող ընթերցողի յուզաշխարհին վրայ:

Վարպետացեր է հեղինակուհին, երբեմն չկարենալով զսպել իր վարար յուզումները:

Ահա այսպէս, կեանքի կեռմանին վրայ է հեղինակը, երբ կը գրէ.

«Եւ հիմա ո՛չ թէ այրիր, այլՙ շողա~,

Արդար Արեգակ, Արդար հատուցիր...»

Թէեւ հեղինակը գիտէ, թէ արդարութիւնը երէկ եւ այսօր, գուցէ եւ դարեր, կալանքի մէջ է:

Բայց բանաստեղծին համար թթուածինն անգամ եթէ պակսի, իր դաւանած աստղին պիտի դիմէ: Իսկ այդ աստղը այսօր ու միշտ մեր մշակոյթի գաղտնագրերը պահող հայրենիքն է:

Նաեւՙ

«Մտաբերելով դադարը շարժմանՙ

Ճանապարհ անցիր,

Ու ամեն անգամ դիմավորելովՙ

Ճանապարհ դիր քեզ...»

Տակաւինՙ հոգի՜ս, հոգիս է առաջնորդ դառնում երամի համար... Այսինքն անանձնականօրէն բոլորին համար: Բանաստեղծուհին գիտէ, որ որբին մայրական ձայն է պէտք: Թող աննկատ առնեն իր որբութիւնը եւ այլ որբերուն օգնեն: Գրողը գիտէ նաեւ, որՙ «ցավ պատճառելու ժամանակները չեն անցնի երբեք, ինչպես չեն անցել քոՙ ցավը զգալու ժամանակները» :

Աւելցնեմ, որ գրողը գրած է յստակ ու ջինջ,-

«Եւ սա երկիրն է իմ ու հողը իմ,

Որի համարՙ էլ ի՜նչ երազ, կյանքս կտամ:

Թե նոր մի զոհ փնտռեն ու ողջը կրկնուիՙ

Ես կամ ու կա՛մ, գիտցե՛ք, ես կամ ու կամ...»

Հեղինակը արեւի թեւերով կը գրկէ իր երկիրը, որ երկիրը չմրսի: Քանի այդպէս է երկրին մէջ. - Ուրեմն մերն է չապրա՛ծն անգամ :

Գոհարին երգերուն մէջ միշտ «աւետիս» մը կա, եւ «Թիթեռի համաստեղութիւն» եւ «Հիշողությունն է Պենելոպեի ծանրացած նժարին» : Խենթութիւններ եւս կան իր երգերուն մէջ, չար աշխարհին դէմ խենթութիւններ զսպաշապիկ որպէս... Մերթ ջղաձիգ է ինք եւ մերթ կեանքը միջնարար, ուրեմն, շարունակելի է իր գործը: Ուրեմն հեղինակը.-

Ելքի դուռ չէ, որ կուզեմ տաս , (այլ)ՙ Պայծա՜ռ, պայծա՛ռ Արեւագալ:

Կուզէ նաեւ. - Ապրե՜լ, արարե՜լ, ամբողջը բաշխե՛լ, ոչինչ չափսոսալ... Եւ, եւ Ես ամէն անգամ սերըս փրկելիսՙ քո քունն եմ հսկում... «Տիեզերքի փոստով». Եսՙ բովանդակ սիրո նամակ, մենքՙ հասցէ... Մեղրահաց չէ՞ միթէ այս մէկը: Հեղինակին սիրոյ բաժակը լեցուն է. - «Բույլը աստղերիս, երկինքը հոգուս քոնն են, իմ արքա...»

Իսկ իր մօրը ձօնուած բանաստեղծութեան մեջՙ երկնքից երկիրՙ մեզ բարի աչքով նայող այգեպան, մենքՙ յոյսը ծառիդ...» : Հեղինակին մայրական փայլքը եւս հմայք ունի իր դստեր նկատմամբ, իր սէրն անհատնում է բոլոր հարազատներուն համար: Տակաւինՙ օգնեմ քայլել, ինքըս քայլել չմոռանամ :

Գոհարն ունի սէրեր, բոլոր, բոլորին համար, որոնք մեր մշակոյթի անմար կանթեղին նոյնիսկ մէկ կաթիլ ձէթ տուած են, քանի որ. - Ամեն մեկը իր աշխարհն է փրկում... Եզակիներըՙ իրենց աշխարհի փրկությամբՙ ամբո՜ղջ աշխարհն են փրկում...

Ահա թէ ինչո՛ւ, մենք եւս սիրեցինք Գոհար Գալստեանի երգերու այս աշխարհը:

Երեւան, 17 Յուլիս 2015


https://www.archive.azg.am/AM/2015082104

© AZG Daily, 2008